XV
Հարրիս
Հաջորդ օրը, ապրիլի 7-ին, Օստինը, որ հսկում էր, վաղ առավոտյան տեսավ, թե ինչպես Դինգոն հաչելով վազեց դեպի գետակը։ Գրեթե միաժամանակ տիկին Ուելդոնը, Դիկ Սենդը և նեգրերը քարայրից դուրս եկան։
Կասկած չկար, որ մի բան էր պատահել։
— Դինգոն մարդու կամ կենդանու հոտ է առել,— ասաց պատանին։
— Համենայն դեպս Նեգորոն չէ,— պատասխանեց Թոմը,— նրա վրա Դինգոն կատաղությամբ կհաչեր։
— Եթե Նեգորոն չէ, ապա որտե՞ղ կարող է լինել նա,— հարցրեց տիկին Ուելդոնը՝ հայացքը Դիկին ուղղելով, որը միայն պատանին հասկացավ,— և եթե նա չէ, ո՞վ է ուրեմն։
— Հիմա կիմանանք, տիկին Ուելդոն,— պատասխանեց պատանին և, դիմելով Բաթին, Օստինին և Հերկուլեսին, ասաց․— Զինվեցե՛ք, բարեկամներս, և եկե՛ք։
Հետևելով Դիկ Սենդի օրինակին՝ նեգրերից յուրաքանչյուրը վերցրեց հրացանը և դանակը։ Մի-մի փամփուշտ դրեցին հրացանի փողի մեջ և այդպես զինված չորսը միասին գնացին դեպի գետափ։
Տիկին Ուելդոնը, Թոմը և Ակտեոնը մնացին քարայրի մուտքի առաջ, իսկ փոքրիկ Ջեկը և Նանը քարայրի ներսում էին։
Արևը ծագում էր այդ միջոցին, նրա ճառագայթները, խափանվելով արևելքի բարձր լեռներից, ուղղակի չէին հասնում սարալանջին, սակայն ծովը շողշողում էր օրվա առաջին լույսի տակ մինչև արևմտյան հորիզոնը։
Դիկ Սենդն ու նրա ընկերները հետևում էին ծովափին, որի ոլորանը միանում էր գետաբերանին։
Այնտեղ Դինգոն, որսի առաջ կանգնածի նման, շարունակում էր հաչել։ Պարզ էր, որ շունը որևէ բնիկի հոտ էր առել։
Իսկապես, նավի իր թշնամու Նեգորոյի վրա չէր, որ այս անգամ հաչում էր շունը։
Մի մարդ այդ միջոցին իջնում էր սարալանջի զառիվայրից։ Անծանոթը զգուշությամբ առաջանում էր ժայռի վրայով և բարեկամական շարժումներով աշխատում էր հանգստացնել Դինգոյին։ Հասկանալի է, որ չէր ուզում հուժկու շան բարկությունը գրգռել։
— Նեգորոն չէ,— ասաց Հերկուլեսը։
— Ոչինչ չենք կորցնի այս փոխանակությունից,— պատասխանեց Բաթը։
— Ոչ,— ասաց պատանին։— Հավանական է, որ տեղացի է և մեզ կազատի բաժանվելու անախորժությունից։ Վերջապես կարելի է ճիշտ տեղեկություն ստանալ, թե որտեղ ենք գտնվում։
Եվ չորսը միասին, հրացանները ուսից կախած, արագ քայլերով դեպի անծանոթը գնացին։
Վերջինս տեսնելով նրանց մոտենալը՝ ամենից առաջ մեծ զարմանք հայտնեց։ Շատ որոշ էր, որ անծանոթը չէր սպասում օտարականների պատահել ծովափի այս մասում։ Հավանական է նաև, որ դեռևս չէր նկատել «Պիլիգրիմի» բեկորները, այլապես աղետյալների ներկայությունը շատ բնական կլիներ նրա համար։ Արդեն գիշերը ալեկոծությունը բոլորովին քայքայել էր նավի կմախքը, և այժմ նրանից մնում էին միայն բեկորները, որոնք լողում էին ծովի երեսին։
Առաջին րոպեին անծանոթը, տեսնելով իր կողմն առաջացող այդ չորս հոգուն, ուզեց ետ դառնալ։ Արագ շարժումով նա վերցրեց փոկից կախ արած հրացանը և դրեց ուսին։
Պարզ էր, որ ապահով չէր զգում իրեն։
Դիկ Սենդը ձեռքով ողջունեց, և անծանոթը անշուշտ հասկացավ, քանի որ մի րոպե վարանումից հետո շարունակեց առաջանալ։ Դիկ Սենդն այժմ կարող էր ուշադրությամբ դիտել նրան։
Անծանոթը ուժեղ, ամենաշատը քառասուն տարեկան մարդ էր՝ կայտառ հայացքով, ալեխառն մազերով և մորուքով, արևակեզ դեմքով, ինչպես լինում է անտառում կամ տափաստանում թափառող քոչվորը։ Անծանոթը հագել էր կաշվե բաճկոն, լայնեզր գլխարկ, երկարաճիտ կոշիկները հասնում էին մինչև ծնկները, և լայն բամբերով խթանները զրնգում էին նրա բարձր կրունկների վրա։
Դիկ Սենդն իսկույն գուշակեց (և իսկապես այդպես էր), որ իր առջև կանգնած էր ոչ թե պամպասների թափառաշրջիկ մի հնդկացի, այլ այն օտարական արկածախնդիրներից մեկը, որոնք շատ կասկածելի մարդիկ են և հաճախակի են պատահում այս հեռավոր վայրերում։ Նրա բավական արագ շարժումներից, մորուքի մի քանի կարմրավուն մազերից կարելի էր նույնիսկ ենթագրել, որ անծանոթը անգլո-սաքսոնական ցեղին էր պատկանում։ Համենայն դեպս նա ոչ հնդկացի էր, ոչ իսպանացի։
Այդ կարծիքը հաստատվեց, երբ Դիկ Սենդի անգլերեն լեզվով «բարի գալուստ» ողջույնին անծանոթը նույն լեզվով պատասխանեց՝ առանց որևէ տարաշեշտման։
— Ձեզ ևս բարի գալուստ, պատանի՛ բարեկամս,— ասաց անծանոթը՝ մոտենալով պատանուն և նրա ձեռքը սեղմելով։
Իսկ նեգրերին նա միայն գլխով արեց, առանց խոսքը նրանց ուղղելու։
— Դուք անգլիացի՞ եք,— հարցրեց նա պատանուն։
— Ամերիկացի,— պատասխանեց Դիկ Սենդը։
— Հարավի՞ց։
— Ոչ, հյուսիսից։
Այղ պատասխանը կարծես դուր եկավ անծանոթին, որը ավելի ուժեղ սեղմեց պատանու ձեռքը և այս անգամ զուտ ամերիկյան ձևով։
— Իսկ կարո՞ղ եմ իմանալ, երիտասարդ բարեկամս, թե ինչպես եղավ, որ գտնվում եք այս ծովափում։
Սակայն այդ րոպեին, առանց սպասելու պատանու պատասխանին, անծանոթը գլխարկը հանեց և բարևեց։
Տիկին Ուելդոնը առաջացել էր գետափով և, կանգնելով անծանոթի առջև, պատասխանեց անծանոթի հարցումին։
― Պարոն,— ասաց տիկին Ուելդոնը,— մենք նավաբեկյալներ ենք, մեր նավը երեկ խորտակվեց այս խութերի վրա։
Վշտի զգացում արտահայտվեց անծանոթի դեմքի վրա, և նրա հայացքը ուղղվեց դեպի ծովը խորտակված նավը տեսնելու համար։
— Մեր նավից այլևս ոչինչ չի մնացել,— ավելացրեց պատանին։— Այս գիշեր ալեկոծությունը նրան ամբողջովին քայքայեց։
— Եվ մեր առաջին հարցը,— շարոլնակեց տիկին Ուելդոնը,— կլինի, թե որտե՞ղ ենք մենք։
— Դուք գտնվում եք Հարավային Ամերիկայի ծովափում,— պատասխանեց անծանոթը՝ զարմանք արտահայտելով։ — Մի՞թե կասկածում էիք այդ մասին։
— Այո, պարոն, որովհետև փոթորիկը կարող էր մեզ շեղած լինել մեր ճանապարհից, իսկ ես չէի կարող ճիշտ ուղղությունը որոշել,— պատասխանեց Դիկ Սենդը։— Բայց կխնդրեի ավելի ստույգ մեզ ասել, թե որտեղ ենք գտնվում, Պերուի ծովափու՞մ, ինչպես ինձ թվում է։
— Ոչ, պատանի բարեկամս, ոչ։ Մի քիչ ավելի հարավ, ձեր նավը խորտակվել է Բոլիվիայի ծովափում։
— Ա՛հ,— բացականչեց Դիկ Սենդը։
— Եվ դուք գտնվում եք հենց Բոլիվիայի հարավային մասում, որը սահմանակից է Չիլիին։
— Իսկ ո՞րն է այս հրվանդանը,— հարցրեց Դիկ Սենդը՝ ցույց տալով հյուսիսային հրվանդանը։
— Չեմ կարող նրա անունը տալ,— պատասխանեց անծանոթը,— որովհետև եթե ես բավական լավ ծանոթ եմ այս երկրի ներքին շրջաններին, որտեղ հաճախ եղել եմ, բայց առաջին անգամն է, որ լինում եմ ծովափում։
Դիկ Սենդը խորհում էր իր լսածի մասին, որը նրան մասամբ էր զարմացնում, քանի որ նա կարող էր նույնիսկ սխալված լինել հոսանքների նկատմամբ, սակայն սխալը շատ մեծ չէր։ Արդարև, նա ենթադրում էր, թե գտնվում է քսան յոթերորդ և երեսուներորդ զուգահեռականների միջև, ըստ այն հաշվի, որը նա արել է Զատկի կղզու առաջ, և ահա «Պիլիգրիմը» խորտակվել էր հարավային լայնության քսանհինգերորդ զուգահեռականի մոտ։ Ոչ մի անկարելի բան չկա, որ առագաստանավը մի քիչ շեղված լիներ այդքան երկար ճանապարհի ընթացքում։
Պետք է ասել, որ ոչ մի հիմք չկար կասկածելու անծանոթի խոսքերի ճշմարտությանը, և քանի որ սա ստորին Բոլիվիայի ծովափն էր, բոլորովին տարօրինակ չէր, որ այդքան ամայի էր։
— Պարո՛ն,— ասաց Դիկ Սենդը,— համաձայն ձեր պատասխանի, պետք է եզրակացնել, թե մենք բավական հեռու ենք Լիմայից։
— Օ՜հ, Լիման հեռու է․․․ ահա այնտեղ, հյուսիսում։
Տիկին Ուելդոնը, որ Նեգորոյի անհետանալու հետևանքով սկզբում կասկածամիտ էր դարձել, նորեկին դիտում էր ծայրահեղ ուշադրությամբ, սակայն ոչ մի կասկածելի բան չնկատեց ոչ նրա վերաբերմունքի և ոչ էլ արտահայտության մեջ։
— Պարոն,— ասաց տիկին Ուելդոնը,— գուցե իմ հարցը անտեղի է․․․ դուք այս երկրի բնիկ չեք երևում։
— Ես ամերիկացի եմ, ինչպես դուք, տիկին․․․— ասաց անծանոթը, մի րոպե սպասելով, որ ամերիկուհին հայտնի իր անունը։
— Տիկին Ուելդոն,— պատասխանեց վերջինս։
— Իսկ իմ անունը Հարրիս է, ես ծնվել եմ հարավային Կարոլինայում։ Բայց արդեն քսան տարի է, որ հեռացել եմ հայրենիքից և ապրում եմ Բոլիվիայի պամպասներում և ինձ շատ հաճելի է տեսնել իմ հայրենակիցներին։
— Դուք ապրում եք շրջանի այս մասու՞մ, պարոն Հարրիս,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ոչ, տիկին Ուելդոն,— պատասխանեց Հարրիսը,— ես ապրում եմ հարավում, Չիլիի սահմանագլխում, բայց ներկայումս գնում եմ Ատակամա, հյուսիս-արևելք։
— Ուրեմն մենք գտնվում ենք այդ անունով անապատի սահմանագծի վրա՞,— հարցրեց Դիկ Սենդը։
— Շատ ճիշտ է, պատանի բարեկամս, և այդ անապատը տարածվում է հորիզոնը փակող լեռներից շատ հեռու։
— Ատակամա անապա՞տը,— կրկնեց Դիկ Սենդը։
— Այո,— պատասխանեց Հարրիսը։— Այս անապատը մի առանձին երկիր է ընդարձակ Հարավային Ամերիկայի մեջ և նրանից տարբերվում է շատ տեսակետներից։ Դա միաժամանակ այս ցամաքամասի ամենահետաքրքիր և քիչ ծանոթ մասն է։
— Եվ դուք մենա՞կ եք ճամփորդում,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Օ՜, առաջին անգամը չէ, որ կատարում եմ այս ուղևորությունը,— պատասխանեց ամերիկացին։— Այստեղից երկու հարյուր մղոն հեռու մի կարևոր ֆերմա կա՝ Սան Ֆելիչեի հացիենտան, որը պատկանում է իմ եղբայրներից մեկին, և ես այնտեղ եմ գնում առևտրական գործով։ Եթե դուք կուզեք ուղեկցել ինձ, այնտեղ լավ ընդունելության կարժանանաք և փոխադրության միջոցներ կգտնեք Ատակամա քաղաքը հասնելու համար։ Եղբայրս ուրախությամբ փոխադրական միջոցներ կտա ձեզ։
Ինքնաբերաբար արված այս առաջարկը խոսում էր ամերիկացու օգտին, և նա անմիջապես շարունակեց՝ տիկին Ուելդոնին ուղղելով խոսքը։
― Այս նեգրերը ձեր ստրուկնե՞րն են,— միաժամանակ ձեռքով ցույց տվեց Թոմին և նրա ընկերներին։
— Միացյալ նահանգներում այլևս ստրուկներ չկան,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— հյուսիսը վաղուց վերացրել է ստրկությունը, իսկ հարավը պետք է հետևի հյուսիսի օրինակին։
— Ճիշտ է,— պատասխանեց Հարրիսը։— Ես մոռացել էի, որ 1862 թ․ պատերազմը լուծել էր այս լուրջ հարցը։ Ես ներողություն եմ խնդրում այս ազնիվ մարդկանցից,— ավելացրեց Հարրիսը այն հեգնական շեշտով, որը հատուկ է հարավային ամերիկացուն, երբ նա խոսում է նեգրերի մասին։— Տեսնելով այս ջենտլմեններին ձեզ ծառայելիս, կարծեցի թե․․․
— Նրանք իմ ծառան չեն և երբեք չեն եղել, պարոն,— պատասխանեց խստորեն տիկին Ուելդոնը։
— Մեզ համար պատիվ կլիներ ձեզ ծառայել, տիկին Ուելդոն,— ասաց ծերունի Թոմը։— Բայց պարոն Հարրիսը թող լավ իմանա, որ մենք ոչ ոքի չենք պատկանում։ Ճիշտ է, ես եղել եմ ստրուկ և որպես այդպիսին վաճառվել եմ Աֆրիկայում, վեց տարեկան հասակում, սակայն իմ որդին՝ Բաթը, որը այստեղ է, ազատագրված հոր զավակ է, իսկ մեր ընկերները նույնպես ազատ ծնողներ ունեն։
— Ինձ մնում է շնորհավորել ձեզ,— պատասխանեց Հարրիսը այնպիսի շեշտով, որը տիկին Ուելդոնին այնքան լուրջ չթվաց։— Արդարև, ինչպես հայտնի է, Բոլիվիայում ստրուկներ չկան, այնպես որ ձեզ ոչինչ չի սպառնում, և դուք այստեղ կարող եք նույնքան ազատ զգալ ձեզ, ինչքան Նոր Անգլիայի նահանգներում։
Այդ միջոցին փոքրիկ Ջեկը, Նանի ուղեկցությամբ քարայրից դուրս եկավ աչքերը տրորելով, և նկատելով մորը՝ վազեց նրա մոտ։ Տիկին Ուելդոնը գրկեց և քնքշորեն համբուրեց նրան։

— Ի՜նչ հիանալի տղա է,— ասաց ամերիկացին՝ մոտենալով Ջեկին։
— Իմ որդին է,― պատասխանեց տիկին Ուելդոնը։
— Օ՜, տիկին Ուելդոն, դուք անկասկած կրկնակի տանջվել եք, քանի որ ձեր երեխան այնքան փորձությունների է ենթարկվել։
— Բայց նա այդ բոլոր փորձություններից ազատվեց ողջ և առողջ, ինչպես և մենք բոլորս, պարոն Հարրիս։
— Թույլ կտա՞ք համբուրել նրա սիրուն թշիկները,— հարցրեց Հարրիսը։
— Հոժարությամբ,— պատասխանեց տիկին Ուելդոնը։
Բայց ինչպես երևում է՝ «պարոն Հարրիսի» դեմքը դուր չեկավ փոքրիկ Ջեկին, քանի որ երեխան ավելի պինդ կպավ մորը։
— Ահա՜ թե ինչ,— ասաց Հարրիսը,— չե՞ք ուզում, որ համբուրեմ, մի՞թե վախենում եք ինձանից, փոքրիկս։
— Ներողամիտ եղեք, պարոն,— շտապեց ասել տիկին Ուելդոնը,— շատ ամաչկոտ տղա է։
— Լավ․ հետագայում ավելի մոտիկից կծանոթանանք միմյանց,— պատասխանեց Հարրիսը։— Երբ հացիենտա հասնենք, այնտեղ մի հիանալի պոնի կգտնի, որը կբարեկամացնի մեզ։
Սակայն «հիանալի պոնին» նույնպես չփափկացրեց Ջեկին։
Տիկին Ուելդոնը անհարմար դրության մեջ ընկնելով, շտապեց փոխել խոսակցության նյութը։ Չպետք է թույլ տալ, որ վիրավորվի այդ մարդը, որը այնքան ազնվորեն իր ծառայությունն էր առաջարկել։
Դիկ Սենդը այդ միջոցին մտածում էր Սան-Ֆելիչեի հացիենտան գնալու առաջարկի մասին, որն այնքան պատեհ ժամանակին էր արվել։ Ինչպես Հարրիսն ասել էր, պետք էր գնալ երկու հարյուր մղոն, մերթ անտառի, մերթ դաշտերի միջով, ճանապարհ, որն անկասկած շատ հոգնեցուցիչ կլիներ, քանի որ փոխադրական միջոցներ բոլորովին չկային։
Ուստի, Դիկ Սենդը մի քանի առարկություն արեց այդ մասին և սպասեց ամերիկացու պատասխանին։
— Իսկապես, ուղևորությունը մի քիչ երկար կլինի,— պատասխանեց Հարրիսը,— ծովեզերքից մի քանի հարյուր քայլ հեռավորության վրա ես մի ձի ունեմ, որը հոժարությամբ կտրամադրեմ տիկին Ուելդոնին և նրա որդուն։ Մեզ համար ոչ մի դժվարություն չկա, և հոգնեցուցիչ չի լինի ոտքով գնալ։ Բացի դրանից, եթե ես երկու հարյուր մղոնի խոսքն արեցի, նկատի ունեի գետի ընթացքին հետևող ճանապարհը, որը ես ինքս անցա։ Բայց եթե մենք անտառի միջով գնանք, մեր ճանապարհը կրճատվի առնվազն ութսուն մղոնով։ Արդ, օրական տասը մղոն գնալով, ինձ թվում է, թե առանց մեծ դժվարության կհասնենք հացիենտա։
Տիկին Ուելդոնը շնորհակալություն հայտնեց ամերիկացուն։
— Դուք ինձանից ավելի շնորհակալ կլինեք, եթե ընդունեք իմ առաջարկը,— պատասխանեց Հարրիսը։— Թեև ես ոչ մի անգամ չեմ անցել այս անտառով, բայց ինձ թվում է, թե առանց դժվարության կգտնեմ ճանապարհը, քանի որ սովոր եմ այդպիսի ճանապարհորդության։ Եթե մի լուրջ խնդիր կա՝ ուտելիքի հարցն է։ Ինձ մոտ միայն այնքան ուտելիք կա, ինչքան ինձ հարկավոր էր մինչև հացիենտա հասնելու համար․․․
— Պարո՛ն Հարրիս,— պատասխանեց, տիկին Ուելդոնը,— մեզ մոտ, բարեբախտաբար, պետք եղածից ավելի ուտելիք կա, և մենք սիրով կբաժանենք ձեզ հետ։
— Եթե այդպես է, տիկին Ուելդոն, ինձ թվում է, թե ամեն ինչ լավ է դասավորվում և մնում է միայն մեկնել։
Հարրիսը դեպի անտառ ուղղվեց ձին բերելու համար, որը թողել էր այնտեղ, երբ Դիկ Սենդը նրան կանգնեցրեց մի հարց տալու համար։
Նրան այնքան էլ դուր չէր գալիս ծովափից հեռանալը և երկրի խորքը գնալը այդ անվերջ անտառի միջով։ Նրա մեջ ծովայինի ոգին էր արթնանում և ավելի լավ էր համարում ծովափից չհեռանալ։
— Պարո՛ն Հարրիս,— ասաց պատանին,— փոխանակ հարյուր քսան մղոն ճանապարհ գնալու Ատակամայի անապատով, ավելի լավ չի՞ լինի ծովափին հետևել։ Այդքան ճանապարհ գնալուց հետո ավելի լավ չէ՞ փորձել հասնելու ամենամոտ քաղաքը, դեպի հյուսիս կամ դեպի հարավ։
— Բայց, պատանի բարեկամս,— պատասխանեց Հարրիսը՝ հոնքերը թեթևակի կիտելով,— ինձ թվում է, թե երեք-չորս հարյուր մղոնից պակաս հեռավորության վրա քաղաք չկա այս ծովափին, որին ես բավական չափ ծանոթ չեմ։
— Դեպի հյուսիս, այո,— պատասխանեց Դիկ Սենդը,— Բայց դեպի հարա՞վ։
— Դեպի հարավ,— առարկեց ամերիկացին,— պետք կլիներ իջնել մինչև Չիլի, մինչդեռ այդ ճանապարհը գրեթե նույնքան երկար է, և եթե ձեր տեղը լինեի, ավելի լավ կհամարեի չմոտենալ Արգենտինայի հանրապետության պամպասներին։ Ինչ վերաբերում է ինձ, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ չեմ կարող ձեզ ընկերանալ այդ ուղղությամբ։
— Չիլիից դեպի Պերու գնացող նավերը մի՞թե այս ծովափի մոտով չեն անցնում,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ոչ,— պատասխանեց Հարրիսը։— Շատ ավելի հեռվից են անցնում, և դուք նրանց պատահած չեք լինի անշուշտ։
— Ճիշտ է,— պատասխանեց տիկին Ուելդոնը։— Ասա։ Դիկ, ուրիշ որևէ հարց չունե՞ս պարոն Հարրիսին տալու։
— Միայն մի հարց, տիկին Ուելդոն,— պատասխանեց պատանին, որը դժվարանում էր համաձայնել։— Ես կուզեի հարցնել պարոն Հարրիսին, թե, իր կարծիքով, ո՞ր նավահանգստում շոգենավ կարող ենք գտնել Սան Ֆրանցիսկո վերադառնալու համար։
— Ճիշտն ասած, պատանի՛ բարեկամս, ես դժվարանում եմ պատասխանել ձեզ,— ասաց ամերիկացին,— միայն այնքանը գիտեմ, որ Սան-Ֆելիչեի հացիենտայում մենք ձեզ միջոցներ կտանք Ատակամա քաղաքը հասնելու համար, իսկ այնտեղից․․․
— Պարո՛ն Հարրիս,— ասաց տիկին Ուելդոնը,— չկարծեք, թե Դիկ Սենդը դժվարանում է ընդունել ձեր առաջարկը։
— Ոչ, տիկի՛ն Ուելդոն, ոչ, ճիշտ է, որ ես չեմ դժվարանում,— պատասխանեց պատանին,— սակայն ես ափսոսում եմ, որ չկարողացա ծովափին հասնել մի քանի աստիճան կամ դեպի հյուսիս կամ դեպի հարավ։ Եթե այդպես լիներ, մենք որևէ նավահանգստի կողքին կլինեինք, այդ հանգամանքը կհեշտացներ հայրենիք վերադառնալը, և մենք ստիպված չէինք լինի նեղություն պատճառել պարոն Հարրիսին։
— Չկարծեք, թե ինձ նեղություն կպատճառեք, տիկին Ուելդոն,— ասաց Հարրիսը։— Ես կրկնում եմ, որ քիչ անգամ եմ առիթ ունենում լինել հայրենակիցների հետ, ինձ համար մեծ հաճույք է ձեզ օգտակար լինել։
— Ընդունում ենք ձեր առաջարկը, պարոն Հարրիս,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— սակայն չէի ցանկանալ զրկել ձեզ ձիուց, ես լավ քայլող եմ․․․
— Ես ևս շատ լավ քայլող եմ,— պատասխանեց Հարրիսը՝ գլուխ տալով։— Սովորած լինելով երկար թափառել պամպասներում՝ ես չեմ ուշացնի ձեր քարավանը։ Ոչ, տիկին Ուելդոն, դուք և փոքրիկ Ջեկը կվերցնեք իմ ձին։ Հավանական է նաև, որ ճանապարհին կպատահեք հացիենտայի ծառայողներին, որոնք, ձիավոր լինելով՝ իրենց ձիերը սիրով մեզ կտան։
Դիկ Սենդը հասկացավ, որ եթե նոր առարկություն աներ, կվշացներ տիկին Ուելդոնին։
— Պարոն Հարրիս,— ասաց նա,— ե՞րբ կմեկնենք։
— Այսօր ևեթ, պատանի՛ բարեկամս,— պատասխանեց Հարրիսը։— Վատ եղանակն սկսում է ապրիլի սկզբներին, պետք է, ուրեմն, ըստ հնարավորության, մինչև այդ հասնել Սան-Ֆելիչե։ Մի խոսքով, անտառի ճանապարհը ամենից կարճ և գուցե ամենից ավելի ապահովն է և ավելի քիչ է ենթակա թափառաշրջիկ բնիկների հարձակման, որոնք համառ թալանչիներ են։
— Թո՛մ, և դուք, բարեկամնե՛րս,— պատասխանեց Դիկ Սենդը՝ դառնալով նեգրերին,— մեզ մնում է միայն պատրաստվել մեկնելու։ Ուտելիքի պաշարից վերցնենք ամենից ավելի հեշտ փոխադրվողները և, հակեր կազմելով, մեզանից ամեն մեկը կվերցնի իր մասը։
— Պարոն Դիկ,— ասաց Հերկուլեսը,— եթե կուզեք, ես մենակ կվեցնեմ ամբողջ բեռը։
— Ոչ, իմ լավ բարեկամ,— պատասխանեց պատանին,— ավելի լավ է մեր մեջ բաժանել բեռը։
— Դուք ուժեղ ուղեկից եք, Հերկուլե՛ս,— ասաց Հարրիսը՝ նեգրին այնպես նայելով, կարծես նա ծախու ապրանք լիներ։— Աֆրիկայի շուկաներում ձեզ թանկ կգնահատեին։
— Ոչ ավելի, քան ինչ որ արժեմ,— պատասխանեց Հերկուլեսը ծիծաղելով,— իսկ գնորդները ստիպված կլինեին երկար վազել ինձ բռնելու համար։
Ամեն ինչ որոշված էր, և մեկնումը շտապեցնելու համար ամեն մեկը իր գործին անցավ։ Երկար պատրաստվելու կարիք էլ չկար, քանի որ ուտելիք պետք էը վերցնել միայն ծովեզերքից մինչև հացիենտա հասնելու համար, այսինքն՝ մոտավորապես տասն օրվա համար։
— Բայց մեկնելուց առաջ, պարոն Հարրիս,— ասաց տիկին Ուելդոնը,— նախքան ձեզ մոտ հյուր լինելը, խնդրում եմ լինել մեր հյուրը։
— Ընդունում եմ, տիկին Ուելդոն, մեծ հաճույքով ընդունում եմ, — ուրախ դեմքով պատասխանեց Հարրիսը։
— Մի քանի րոպեից նախաճաշը պատրաստ կլինի։
— Լավ, տիկի՛ն Ուելդոն, իսկ ես այդ ժամանակամիջոցում կգնամ ձին կբերեմ այստեղ․ ա՛յ, նա արդեն փորը կշտացրած կլինի։
— Թույլ կտա՞ք ընկերանալ ձեզ, պարոն,— հարցրեց Դիկ Սենդը ամերիկացուն։
— Ինչպես ցանկանում եք, պատանի բարեկամս,— պատասխանեց Հարրիսը։— Եկեք, ես ձեզ ցույց կտամ գետի ստորին հոսանքը։
Նրանք երկուսով գնացին։
Այդ միջոցին Հերկուլեսը գնաց փնտրելու միջատաբանին։ Իսկ կուզեն Բենեդիկտը ամենևին չէր հետաքրքրվում, թե ինչ էր կատարվում շուրջը։ Նա թափառում էր սարալանջի գագաթին՝ «անգտանելի» մի միջատ որոնելով, սակայն չէր գտնում։
Հերկուլեսը նրան բերեց ուժով։ Տիկին Ուելդոնը նրան հայտնեց, թե որոշված է մեկնել, և որ մոտավորապես տասը օր ոտքով պետք է գնային անտառով։
Կուզեն Բենեդիկտը պատասխանեց, թե պատրաստ է մեկնելու և թե շատ գոհ կլիներ նույնիսկ անցնել ամբողջ Ամերիկան, եթե միայն թույլ տրվի միջատներ հավաքել ճանապարհին։
Այնուհետև կազդուրիչ նախաճաշ պատրաստվեց, որն այնքան անհրաժեշտ էր ճանապարհ ընկնելուց առաջ։
Այդ միջոցին Հարրիսը, Դիկ Սենդի ուղեկցությամբ, շրջանցեց սարալանջը և երեք հարյուր քայլի չափ առաջ գնաց։ Այնտեղ ծառին կապած ձին ուրախ խրխինջով դիմավորեց իր տիոոջը։

Դա մի պնդակազմ ձի էր, որի ինչ ցեղի լինելը Դիկ Սենդը չկարողացավ իմանալ․ երկար պարանոց, կարճ կողեր և երկարավուն գավակ, տափակ ուսեր։ Բոլոր այս արտաքին նշաններով կարելի էր ենթադրել, թե այդ ձին արաբական ցեղին էր պատկանում։
— Տեսնում եք, պատանի բարեկամս,— ասաց Հարրիսը,— ինչպիսի ամրակազմ ձի է, և կարող եք վստահ լինել, որ ձեզ ճանապարհին չի թողնի։
Հարրիսը արձակեց ձին, սանձից բռնեց և առաջ անցնելով՝ ետ դարձավ։ Դիկ Սենդը արագ հայացք նետեց գետի և անտառի վրա, որը տարածվում էր գետի երկու ափերին, բայց կասկածելի ոչ մի բան չտեսավ։
Այնուամենայնիվ, երբ մոտեցավ ամերիկացուն, անսպասելիորեն հետևյալ հարցը տվեց նրան․
— Պարո՛ն Հարրիս, արդյոք այս գիշեր դուք չե՞ք պատահել Նեգորո անունով մի պորտուգալացու։
— Նեգորո՞,— պատասխանեց Հարրիսը այնպիսի մարդու շեշտով, որը չի հասկանում, թե ինչ են ուզում ասել։— Ո՞վ է այդ Նեգորոն։
— Նավի խոհարարն էր, պատասխանեց Դիկ Սենդը,— և անհետացել է։
— Գուցե խեղդվել է․․․— ասաց Հարրիսը։
— Ոչ, ոչ,— պատասխանեց Դիկ Սենդը։— Երեկ երեկո նա դեռևս մեզ հետ էր․ սակայն գիշերը մեզանից հեռացավ և հավանական է գետի ընթացքով վեր բարձրացավ։ Այդ պատճառով էլ հարցնում եմ ձեզ, որ այդ կողմից եք եկել, գուցե տեսա՞ծ կլինեք նրան։
— Ես ոչ ոքի չպատահեցի,— ասաց ամերիկացին,— և եթե ձեր խոհարարը խորացավ անտառի մեջ, կարող է մոլորվել։ Գուցե կհասնենք նրան։
— Այո․․․ գուցե,— պատասխանեց Դիկ Սենդը։
Երբ նրանք վերադարձան քարայր, նախաճաշը պատրաստ էր։ Նախորդ օրվա ընթրիքի նման, նախաճաշը բաղկացած էր մսի պահածոյից և պաքսիմատից։ Հարրիսը լավ կերավ, բնականից մեծ ախորժակ ունեցողի նման։
— Ինչպես տեսնում եմ, ճանապարհին քաղցից չենք մեռնի,— ասաց նա։— Նույն բանը չի կարելի ասել խեղճ պորտուգալացու համար, որի մասին պատմեց ինձ մեր պատանի բարեկամը։
— Ա՜հ,— ասաց տիկին Ուելդոնը,— Դիկ Սենդը ձեզ ասե՞լ է, թե երեկվանից ի վեր նրան չենք տեսել։
— Այո, տիկին Ուելդոն,— պատասխանեց պատանին,— ես ուզում էի իմանալ, թե արդյոք Նեգորոյին չի՞ հանդիպել պարոն Հարրիսը։
— Ոչ,— պատասխանեց Հարրիսը,— չեմ պատահել, բայց թողնենք այդ դասալիքին իր տեղում և մեր մեկնումով զբաղվենք։ Կարող ենք մեկնել, երբ դուք կցանկանաք, տիկին Ուելդոն։
Այնուհետև ամեն մեկը վերցրեց իրեն հատկացված կապոցը։ Տիկին Ուելդոնը Հերկուլեսի օգնությամբ ձի նստեց, և ապերախտ փոքրիկ Ջեկը, հրացանը ուսից կախած, նստեց իր հերթին, չմտածելով նույնիսկ շնորհակալություն հայտնել այն մարդուն, որը նրան տրամադրել էր այդ հիանալի ձին։
Ջեկը տեղավորվելով մոր առջևը՝ նրան ասաց, թե ինքը կկարողանա ղեկավարել «պարոնի ձին»։
Եվ այդպես, թույլ տվին նրան, որ բռնի սանձը, և նա չէր կասկածում, որ ինքը քարավանի իսկական պետն էր։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
