Տասնհինգամյա նավապետը

XIV

 

Ի՞նչ անել

 

Այսպես ուրեմն, այդ նավագնացությունը, որին երկար ժամանակ խանգարում էր անհողմ եղանակը, իսկ այնուհետև՝ քամիներն ու փոթորիկը, և որը յոթանասունչորս օր էր տևել, վերջացավ նրանով, որ «Պիլիգրիմը» ջարդվեց՝ ափամերձ խութերին զարկվելով։

Սակայն տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները շնորհակալ եղան նախախնամությունից, որ ապահով վիճակում էին։ Արդարև, ցամաքի և ոչ թե Խաղաղ օվկիանոսի ինչ-որ դաժան կղզու վրա էր փոթորիկը նետել նրանց։ Հարավային Ամերիկայի որ մասում էլ դուրս եկած լինեին, այնտեղից դժվար չէր լինի հայրենիք վերադառնալ։

Ինչ վերաբերում է «Պիլիգրիմին», նա կորած էր ընդմիշտ։ Առագաստանավն այլևս մի անարժեք կմախք էր, և ալեկոծությունը մի քանի ժամում կցրեր նրա բեկորները։ Անկարելի էր նրանից որևէ բան փրկել։ Բայց եթե Դիկ Սենդին չհաջողվեց նավատիրոջը վերադարձնել առագաստանավը անվնաս վիճակում, այնուամենայնիվ, նրա շնորհիվ նավի վրա գտնվողները ողջ և առողջ գտնվում էին որևէ հյուրընկալ ցամաքի վրա, և նրանց մեջ էին Ջեյմս Ուելդոնի կինն ու զավակը։

Իսկ թե ամերիկյան մայրցամաքի ո՛ր շրջանն էր ընկել առագաստանավը, այդ մասին կարելի էր երկար վիճել։ Պերուի ծովա՞փը, ինչպես ենթադրում էր Դիկ Սենդը։ Գուցե, քանի որ Զատկի կղզին անցնելուց հետո նա գիտեր, որ «Պիլիգրիմը» քշվեց դեպի հյուսիս-արևելք, քամու, ինչպես նաև հասարակածային հոսանքների ազդեցությամբ։ Այդ պայմաններում, շատ հասկանալի է, որ առագաստանավը, հարավային լայնության քառասուներեք աստիճանից շեղված կլիներ մինչև տասնհինգերորդ աստիճանը։

Շատ կարևոր էր ինչքան կարելի է շուտ ու ճշգրիտ գաղափար ունենալ, թե որտեղ տեղի ունեցավ աղետը։ Ընդունելով, որ Պերուի ծովափն էր այդ, հետևապես այդ շրջանում հազվադեպ չպետք է լինեն նավահանգիստները, ավանները, գյուղերը, ուրեմն հեշտ կլիներ հասնել մի որևէ բնակավայրի։ Մինչդեռ ծովափի այդ մասը ամայի էր երևում։

Սև ժայռերով մի նեղ ավազաշերտ էր այդ, և միջակ բարձրությամբ մի սարալանջ, այս ու այնտեղ բացված լայն, ձագարաձև խոռոչներով, որոնք ժայռերի ճեղքումից էին առաջացել։ Մի շարք ոչ շատ թեք զառիվայրերը տանում էին դեպի ժայռի կատարը։

Դեպի հյուսիս, աղետի վայրից քառորդ մղոն հեռու, երևում էր մի փոքրիկ գետաբերան, որը նկատելի չէր հեռվից։ Այդ գետակի ափերին թեքվել էին բազմաթիվ ռիզոֆորներ։

Սարալանջի գագաթը ծածկված էր խիտ անտառով, որի կանաչ զանգվածը դուրեկան տեսք էր ներկայացնում և տարածվում էր մինչև հեռավոր լեռները։ Այդ անտառում, եթե կուզեն Բենեդիկտը բուսաբան լիներ, ինչքա՜ն նոր տեսակի ծառեր կգրավեին նրա ուշադրությունը։

Այդտեղ կային բարձր բաոբաբներ, որոնց սխալմամբ արտակարգ երկար կյանք էին վերագրում, և որոնց կեղևը նման էր եգիպտական սիենիտ քարին, հովհարաբույսեր, սպիտակ սոճի, հնդկարմավ, հատուկ տեսակի պղպեղենի և այլ հարյուրավոր բույսեր, որոնք ամերիկացին վարժված չէ տեսնել Նոր աշխարհի հյուսիսային մասում։

Ծովափի վրա ճախրում էին մեծ թվով ճղճղան թռչուններ, մեծ մասամբ ծիծեռնակների տարբեր տեսակներ՝ սևակապտավուն փետուրներով, բաց գույնի գլուխներով։ Այսուայնտեղ թռչում էին նաև կաքավներ՝ մոխրագույն պարանոցով։

Տիկին Ուելդոնը և Դիկ Սենդը նկատեցին, որ այս տարբեր տեսակի թռչունները մարդկանցից չէին վախենում, առանց խրտնելու թողնում էին մոտենալ իրենց։ Մի՞թե դեռևս մարդկանց ներկայությունը նրանց չէր սպառնացել, մի՞թե այս ծովափն այնքան լքված էր, որ հրազենի պայթյունը երբեք չէր լսվել այստեղ։

Ծովի խութերի շուրջը թռչում էին մի քանի հավալուսներ, որոնք մանր ձկներ էին լցնում կտուցի տակ կախված տոպրակի մեջ։ Ծովից եկած ուրուրները սկսում էին պտույտ գալ «Պիլիգրիմի» շուրջը։

Երևում է՝ թռչունները ցամաքի այս շրջանի միակ կենդանի էակներն էին, չհաշված, իհարկե, այն բազմաթիվ հետաքրքիր միջատները, որ անշուշտ կգտներ կուզեն Բենեդիկտը։ Թեև պստիկ Ջեկը ունեցավ այդ թռչուններից, սակայն նրանց չէր կարելի հարցնել այդ երկրի անունը, որն իմանալու համար պետք էր դիմել որևէ բնիկի։

Բայց ոչ մի բնիկ չկար կամ գոնե չէր երևում։ Ոչ մի բնակարան, խրճիթ կամ հյուղակ՝ ոչ հյուսիսում, փոքր գետակից այն կողմ, ոչ հարավում, ոչ վերջապես այդ սարալանջից այն կողմը, խիտ անտառի ծառերի մեջ։ Ծխի ոչ մի քուլա չէր բարձրանում։ Ոչ մի նշան կամ հետք չկար, որը ցույց տար, թե ծովափի այս մասին երբևիցե մարդկային ոտք է դիպել։

Այս երևույթը շատ էր զարմացնում Դիկ Սենդին։

«Որտե՞ղ ենք մենք, որտե՞ղ կարող ենք լինել,— հարց էր տալիս իրեն,— մի՞թե ոչ ոք չկա, որի հետ կարելի լիներ խոսել»։

Իսկապես ոչ ոք չկար և, անտարակույս, եթե որևէ բնիկ մոտենար, Դինգոն կզգար և կսկսեր հաչել։ Շունը գնում էր, գալիս ավազի վրա՝ քիթն ու պոչը կախ, խուլ գռմռալով։ Նրա վարքը տարօրինակ էր, սակայն ո՛չ մարդու, ո՛չ էլ որևէ կենդանու ներկայություն չէր արտահայտում։

― Դի՛կ, նայիր, թե ինչ է անում Դինգոն,— ասաց տիկին Ուելդոնը։

— Այո, տարօրինակ է,— պատասխանեց Դիկ Սենդը։— Կարծես որևէ հետք է փնտրում։

— Իսկապես շատ տարօրինակ է,— ասաց տիկին Ուելդոնը և իսկույն ավելացրեց,— իսկ ի՞նչ է անում Նեգորոն։

— Անում է այն, ինչ որ անում է Դինգոն,— պատասխանեց Դիկ Սենդը։— Գնում է, գալիս․․․ Ասենք, նա ազատ է այստեղ․ ես այլևս իրավունք չունեմ նրան հրամայելու։ «Պիլիգրիմի» խորտակումով նրա ծառայությունը վերջացավ։

Իսկապես, Նեգորոն քայլում էր ավազի վրա, ետ էր դառնում, դիտում էր ափն ու սարալանջը այն մարդու նման, որը փորձում է ամփոփել մտքերը և վերհիշել։ Մի՞թե նրան ծանոթ էր այս ծովափը։ Հավանական է, որ կմերժեր պատասխան տալ, եթե այդպիսի հարց տային նրան։ Ավելի լավ կլիներ չհետաքրքրվել այդ մարդով։ Քիչ հետո Դիկ Սենդը տեսավ, որ նա գնաց փոքր գետակի կողմը, և երբ Նեգորոն անհետացավ սարալանջի հետևը, այլևս չմտածեց նրա մասին։

Այժմ պետք է զբաղվել ամենակարևոր խնդրով․ գտնել մի ապաստան, որևէ ծածկած տեղ, որտեղ կարելի լիներ տեղավորվել ժամանակավորապես և մի քիչ բան ուտել։ Այնուհետև կխորհրդակցեին և կորոշեին, թե ինչ պետք էր անել։

Ուտելիքի մասին կարիք չկար մտածել։ Բացի այն մթերքից, որ պետք է մատակարարեր այդ երկիրը, նավի մթերանոցում բավականաչափ մթերք կար։ Ալեկոծությունը այս ու այն կողմն էր նետել մեծ թվով իրեր, որոնք մնացել էին ժայռերի արանքներում, սակայն այժմ տեղատվության հետևանքով դուրս էին գալիս։ Թոմը և նրա ընկերները արդեն հավաքել էին մի քանի տակառ չորացրած հաց, պահածոյի տուփեր, աղ դրած մսի արկղեր։ Ծովի ջուրը դեռևս դրանք չէր փչացրել, ուստի փոքր խմբի ուտելիքն ապահովված էր ավելի ժամանակի համար, քան անհրաժեշտ էր մինչև որևէ ավան կամ բնակավայր գտնելը։ Այդ տեսակետից անհանգստանալու բան չկար։ Այդ զանազան տեսակի պարենամթերքը փոխադրվելով ապահով տեղ մակընթացության վտանգից ազատ էր։

Խմելու ջուրը նույնպես առատ էր։ Նախ և առաջ Դիկ Սենդը Հերկուլեսին ուղարկել էր գետակից ջուր բերելու, և հսկա նեգրը իր ուսի վրա մի ամբողջ տակառ սառը, մաքուր ջուր բերեց։

Ինչ վերաբերում է կրակին, եթե պետք լիներ փայտն անպակաս էր շրջակայքում։ Ծերուկ Թոմը, որ մոլի ծխող էր, իր հետ վերցրել էր պինդ փակված տուփի մեջ դրված որոշ քանակությամբ աբեթ և, կարիքի դեպքում, կարող էր կայծ առաջացնել թեկուզ ծովափից վերցրած կայծքարերով։

Մնում էր ուրեմն մի քարայր գտնել, որտեղ կարողանար ապաստանել փոքր խումբը, մեկնելուց առաջ մի գիշեր հանգստանալ։

Փոքրիկ Ջեկը գտավ այդ «հանգստավայրը»։ Սարահարթի ստորոտին խաղալու միջոցին, մի ժայռի հետևը, երեխան հայտնաբերեց մի քարայր, խոր, հարթ, այն քարայրներից մեկը, որ փորում է ծովը մակընթացության պահին ափ նետված ալիքներով։

Երեխան հիացել էր և ուրախ կանչելով մորը՝ հաղթականորեն ցույց տվեց գտած քարայրը։

— Ապրես, տղաս,— պատասխանեց տիկին Ուելդոնը։— Եթե մենք ռոբինզոններ լինեինք և երկար ապրեինք այս ծովափում, այս քարայրը քո անունով կկոչեինք։

Քարայրը մեծ չէր՝ տասից տասներկու ոտնաչափ խորությամբ և նույնքան լայնությամբ, բայց փոքրիկ Ջեկի աչքին դա մի ահագին անձավ էր երևում։ Համենայն դեպս, քարայրում կարող էին տեղավորվել աղետյալները և, ինչպես տիկին Ուելդոնը և Նանը բավականությամբ նկատեցին, քարայրը շատ չոր էր։ Լուսինն այդ միջոցին իր առաջին քառորդում էր, ուրեմն վտանգ չկար, որ մակընթացությունը կհասներ սարալանջի ստորոտը, հետևապես՝ և մինչև քարայրը։ Այդպիսով, կարելի էր մի քանի ժամ հանգստանալ։

Տասը րոպե հետո բոլորը պառկել էին չոր ջրիմուռների գորգի վրա։ Նեգորոն ևս ցանկացավ միանալ փոքր խմբին և մասնակից լինել ընդհանուր նախաճաշին։ Անտարակույս, խոհեմություն չէր համարել միայնակ թափառել խիտ անտառում, որի միջով անցնում էր ոլորապտույտ գետը։

Կեսօրվա ժամը մեկն էր։ Նախաճաշը բաղկացած էր պահածո մսից, պաքսիմատից, ինչպես նաև խմելու ջրից, որին խառնել էին մի քանի կաթիլ Բաթի ծովից դուրս բերած ռոմից։

Բայց եթե Նեգորոն մասնակցեց նախաճաշին, ապա բոլորովին չխառնվեց այն խոսակցությանը, որտեղ քննվում էին ներկա դրության հետ կապված միջոցառումները։ Այնուամենայնիվ, առանց ցույց տալու, ուշադրությամբ լսեց խոսակցությունը և հետևություններ արեց իր համար։

Այդ միջոցին Դինգոն, որին չէին մոռացել, հսկում էր քարայրի մուտքի մոտ։ Կարելի էր հանգիստ լինել, որ եթե որևէ կենդանի էակ երևար ծովափին, հավատարիմ կենդանին իսկույն կահազանգեր։

Տիկին Ուելդոնը համարյա քնած Ջեկին գիրկն առած, սկսեց խոսակցությունը․

— Դի՛կ, բարեկամս, բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում այն անձնվիրության համար, որը դու ցուցաբերեցիր մինչև այժմ, բայց մենք դեռ քեզ ազատել չենք կարող։ Դու մեր առաջնորդը կլինես ցամաքի վրա, ինչպես որ մեր նավապետը եղար նավի վրա։ Դու վայելում ես մեր բոլորի վստահությունը։ Խոսի՛ր, ի՞նչ պետք է անել։

Տիկին Ուելդոնը, ծեր Նանը, Թոմը և նրա ընկերները իրենց հայացքն ուղղել էին պատանու դեմքին։ Նեգորոն ևս նրան էր նայում լարված ուշադրությամբ։ Պարզ էր, որ Դիկ Սենդի պատասխանը չափազանց հետաքրքրում էր նրան։

Դիկ Սենդը մի քանի րոպե մտածեց և ասաց․

— Տիկին Ուելդոն, նախ և առաջ պետք է իմանալ, թե որտեղ ենք գտնվում։ Իմ կարծիքով, մեր նավը ծովափ կարող է նետված լինել ամերիկյան այն ցամաքամասի վրա, որը Պերուի ծովափն է կազմում։ Քամին և հոսանքները նրան բերած կլինեն մինչև այդ լայնությունը։ Բայց արդյո՞ք գտնվում ենք Պերուի հարավային նահանգներից մեկում, այսինքն՝ պամպասներին սահմանակից ամենից ավելի քիչ մարդաբնակ շրջանում։ Գուցե։ Ես նույնիսկ այդպես եմ ենթադրում, տեսնելով այս ամայի ծովափը, որտեղ նավերը շատ քիչ պետք է հանդիպեն։ Ուրեմն կարող է պատահել, որ մենք բավական հեռու ենք գտնվում ամենամոտ բնակավայրից, որ շատ վատ է մեզ համար։

— Լավ, ուրեմն ի՞նչ պետք է անենք։

— Իմ կարծիքով,— շարունակեց Դիկ Սենդը,— չպետք է հեռանալ քարայրից, մինչև չպարզենք, թե որտեղ ենք գտնվում։ Վաղը, մի գիշեր հանգստանալուց հետո, մեզանից երկուսը կգնան հետախուզության։ Նրանք կփորձեն, առանց շատ հեռանալու, հանդիպել բնիկների, տեղեկություններ ստանալ և վերադառնալ քարայր։ Չի կարող պատահել, որ տասը կամ տասներկու մղոն շառավիղով՝ ոչ ոք չլինի։

— Մի՞թե պետք է բաժանվենք,— ասաց տիկին Ուելդոնը։

— Այդ անհրաժեշտ է թվում ինձ,— պատասխանեց պատանին։— Եթե ոչ մի տեղեկություն չստացվի, եթե, հակառակ մեր ակնկալության, այս շրջանը բոլորովին ամայի է, ինչ արած, այդ դեպքում ուրիշ միջոցի կդիմենք:

— Իսկ մեզնից ո՞վ կգնա հետախուզության,— հարցրեց տիկին Ուելդոնը՝ մի րոպե մտածելուց հետո։

— Կորոշենք,— պատասխանեց Դիկ Սենդը։— Համենայն դեպս, իմ կարծիքով դուք, տիկի՛ն Ուելդոն, կուզեն Բենեդիկտը, Ջեկը և Նանը չեք հեռանա քարայրից։ Բաթը, Հերկուլեսը, Ակտեոնը և Օստինը կմնան ձեզ մոտ, իսկ Թոմը և ես կգնանք առաջ, Նեգորոն, անկասկած, կցանկանա մնալ այստեղ,— ավելացրեց Դիկ Սենդը՝ խոհարարին նայելով։

— Հավանական է,— պատասխանեց Նեգորոն, որ դրանից ավելին խոստացողը չէր։

— Մեզ հետ կտանենք Դինգոյին,— շարունակեց պատանին,— օգտակար կլինի մեր հետախուզության միջոցին։

Դինգոն, լսելով իր անունը, երևաց քարայրի մուտքի մոտ և մի կարճ հաչոցով կարծես հաստատեց Դիկ Սենդի առաջարկը։

Պատանու առաջարկից հետո տիկին Ուելդոնը մտածմունքի մեջ ընկավ։ Բաժանումը, ինչքան էլ որ կարճատև լիներ, շատ էր անհանգստացնում նրան։ Չէ՞ր կարող պատահել, որ «Պիլիգրիմի» խորտակումը իմացած լինեն այդ ծովափում թափառող բնիկները, և եթե թալանողներ հայտնվեին, ավելի լավ չէ՞ր լինի, որ բոլորը միատեղ լինեին։

Պատանու առաջարկի առթիվ տիկին Ուելդոնի այդ առարկությունը իսկապես արժեր նկատի ունենալ։

Սակայն Դիկ Սենդը կարողացավ փարատել նրա այդ կասկածը՝ դիտել տալով, որ հնդկացիներին չպետք է համեմատել Աֆրիկայի կամ Պոլինեզիայի վայրենիների հետ, և որևէ ավազակային հարձակում նրանց կողմից սպասելի չէ։ Բայց խորանալ այդ երկրում, առանց նույնիսկ գաղափար ունենալու, թե Հարավային Ամերիկայի որ շրջանին է պատկանում կամ այս շրջանի ամենամոտ բնակավայրը ի՞նչ հեռավորության վրա էր գտնվում, այդ կնշանակեր ծանր հոգնածության ենթարկվել։ Միմյանցից բաժանվելը, իհարկե, կարող էր ունենալ իր անպատեհությունները, սակայն ավելի քիչ, քան թե ամբողջ ջոկատով կուրորեն թափառելը անտառում, որը հավանական է շարունակվում էր մինչև լեռների ստորոտը։

— Բացի դրանից,— կրկնեց Դիկ Սենդը՝ պնդելով իր ասածի վրա,— չեմ կարծում, թե մեր բաժանումը երկարատև կլինի։ Ամենաուշը երկու օրից հետո, եթե Թոմը և ես չպատահեցինք ո՛չ բնակավայրի, ո՛չ բնակչի, կվերադառնանք քարայր։ Բայց դա խիստ անհավանական է, և, քսան մղոն էլ երկրի խորքը չառաջացած, հավանորեն գաղափար կկազմենք նրա աշխարհագրական դիրքի մասին։ Ես կարող եմ սխալված լինել իմ հաշիվներում, քանի որ աստղագիտական դիտումներ անելու հնարավորություն չունեմ, և կարող է պատահել, որ հասել ենք լայնության կամ ավելի բարձր, կամ ավելի ցածր աստիճանի։

— Այո․․․ դու անշուշտ իրավացի ես, տղաս,— պատասխանեց տիկին Ուելդոնը խիստ մտահոգ։

— Իսկ դուք, պարո՛ն Բենեդիկտ,— հարցրեց Դիկ Սենդը,— ի՞նչ եք մտածում իմ առաջարկի մասին։

— Ե՞ս․․․— պատասխանեց կուզեն Բենեդիկտը։

— Այո, ի՞նչ է ձեր կարծիքը։

— Ես որևէ կարծիք չունեմ,— պատասխանեց կուզեն Բենեդիկտը։— Ինձ համար բոլոր առաջարկները լավ են, և կանեմ ինչ որ կորոշվի։ Եթե որոշեք մի երկու օր մնալ այստեղ, դա ինձ դուր կգա, կուսումնասիրեմ այս ծովափը զուտ միջատաբանական տեսակետից։

— Արա՛ ուրեմն այնպես, ինչպես ցանկանում ես,— ասաց տիկին Ուելդոնը Դիկ Սենդին,— մենք կմնանք այստեղ, իսկ դու կգնաս Թոմի հետ։

— Որոշված է ուրեմն,— ասաց կուզեն Բենեդիկտը․ ամենահանգիստ ձայնով․— իսկ ես կծանոթանամ այս շրջանի միջատներին։

— Պատվիրում եմ շատ չհեռանալ, պարոն Բենեդիկտ,— ասաց պատանին։

— Չանհանգստանաս, տղաս։

— Եվ մանավանդ շատ մոծակ չբերեք մեզ,— ավելացրեց ծերունի Թոմը։

Մի քանի րոպե հետո միջատաբանը, թիթեղյա թանկագին տուփը վերցրեց, հեռացավ քարայրից։

Գրեթե միաժամանակ Նեգորոն էլ հեռացավ։ Այդ մարդու համար շատ բնական բան էր, որ միայն իր մասին մտածեր, բայց այն միջոցին, երբ կուզեն Բենեդիկտը բարձրանում էր թեք սարալանջը անտառի շուրջը թափառելու համար, Նեգորոն, դեպի գետը շուռ գալով՝ դանդաղ քայլերով հեռացավ և երկրորդ անգամ անհետացավ բարձրանալով սարալանջը։

Ջեկը շարունակում էր քնել։ Տիկին Ուելդոնը նրան թողնելով Նանի ծնկների վրա, գնաց ծովափի կողմը։ Դիկ Սենդն ու ընկերները հետևեցին նրան։ Նրանց նպատակն էր ստուգել, թե արդյոք ծովի դրությունը թույլ չէ՞ր տալիս գնալ մինչև «Պիլիգրիմի» իրանը, որտեղ դեռևս այնպիսի իրեր էին մնացել, որոնք կարող էին օգտակար լինել փոքր խմբին։

Այն խութերը, որոնց խփվել էր առագաստանավը, այժմ ջրից դուրս էին եկել։ Զանազան տեսակի բեկորների մեջ ցցվել էր նավի կմախքը, որը տեղատվության հետևանքով մասամբ ջրից դուրս էր մնացել։

Այդ երևույթը շատ զարմացրեց Դիկ Սենդին, քանի որ նրան հայտնի էր, թե մակընթացությունը և տեղատվությունը շատ հազվադեպ են Խաղաղ օվկիանոսի ամերիկյան ափին։ Բայց ի վերջո այդ երևույթը կարելի էր բացատրել դեպի ափը փչող մոլեգին քամիներով։

Վերստին տեսնելով առագաստանավը՝ տիկին Ուելդոնը և նրա ընկերները վատ զգացին։ Այնտեղ նրանք ապրել էին երկար օրեր և այնքան տանջվել էին։ Կիսով չափ ջարդված, առանց կայմի և առանց առագաստի, կյանքից զրկված էակի նման մի կողքի պառկած նավի տեսքը ցավալիորեն ճմլեց նրանց սիրտը։

Բայց պետք էր այցելել այդ պատյանը, քանի դեռ ծովը նրան բոլորովին չէր քայքայել։

Դիկ Սենգը և նեգրերը հեշտությամբ կարողացան տախտակամածի վրա բարձրանալ՝ նավի կողքին կախված պարաններին կառչելով։ Այն միջոցին, երբ Թոմը, Հերկուլեսը, Բաթը և Օստինը նավի մթերանոցից դուրս էին բերում այն ամենը, ինչ որ օգտակար կարող էր լինել թե՛ ուտելիք, թե՛ խմելիք, պատանին մտավ անձնակազմի սրահը։ Բարեբախտաբար ջուրը չէր ողողել նավի այդ մասը, չնայած որ նավախելն ընկղմվել էր ջրի մեջ։

Պատանին այստեղ գտավ չորս հրացան լավ վիճակում՝ «Պուրդեյ և Ընկ․» գործարանի հիանալի ռեմինգտոններ, ինչպես նաև մի հարյուրյակ փամփուշտ՝ իրենց փամփշտակալով։ Փոքր խումբը այդպիսով կկարողանար զինվել և պաշտպանվել, եթե հնդկացիները ճանապարհին հարձակվեին նրա վրա։

Պատանին չմոռացավ վերցնել գրպանի մի լապտեր։ Ցավոք նավաքթի խցիկում պահված քարտեզները թրջվել և փչացել էին։

Նավի զինապահեստում կար նաև կետի մարմինը անդամահատելու մի քանի խոշոր դանակ․ Դիկ Սենդը դրանցից վերցրեց վեց հատ՝ լրացնելու համար իր ընկերների զինումը, չմոռացավ վերցնել նաև փոքրիկ Ջեկի մանկական անվնաս հրացանը։

Նավի վրա մնացած մյուս իրերը կամ ցիրուցան էին եղել և կամ անպետքացել։ Բացի դրանից, անօգուտ էր ծանրաբեռնվել չափից ավելի, ուղևորության մի քանի օրերի համար։

Ուտելիքով, զենքով, ռազմամթերքով ավելի քան ապահովված էին։ Սակայն Դիկ Սենդը, տիկին Ուելդոնի խորհրդով, չմոռացավ վերցնել նավի վրա գտնվող ամբողջ դրամը՝ մոտավորապես հինգ հարյուր դոլլար։

Ճիշտն ասած՝ այդ գումարը քիչ էր։ Տիկին Ուելդոնը իր հետ ավելի մեծ գումար էր վերցրել, որը սակայն անհետացել էր։

Ո՞վ, բացի Նեգորոյից, կարող էր կանխած լինել նրանց և գողանալ նավապետ Հուլին ու տիկին Ուելդոնին պատկանող դրամը։ Բացի նրանից, ոչ ոքի վրա չէր կարելի կասկածել։ Բայց և այնպես Դիկ Սենդը վարանեց մի րոպե։ Նա գիտեր, որ ամեն ինչ սպասելի էր այդ ինքնամփոփ մարդուց, մի մարդ, որին ուրիշի վիշտը ուրախություն էր պատճառում։ Այո, Նեգորոն չար մարդ էր, բայց պե՞տք էր եզրակացնել, որ նա չարագործ էր։ Դիկ Սենդը դժվարանում էր հավատալ դրան։ Սակայն մի՞թե կարելի էր կասկածել մի ուրիշին։ Ոչ։ Այդ պատվավոր նեգրերը ոչ մի րոպե չէին հեռացել քարայրից, մինչդեռ Նեգորոն թափառում էր ծովափում։ Միայն նա կլիներ մեղավորը։ Դիկ Սենդը որոշեց հարցաքննել Նեգորոյին և, եթե կարիք լիներ, խուզարկել հենց որ վերադառնար։ Պատանին որոշել էր իմանալ ամբողջ ճշմարտությունը։

Արևն այդ միջոցին իջնում էր հորիզոնից։ Տարվա այդ ժամանակ արևը դեռևս հասարակածը չէր անցել, որպեսզի կարողանար ջերմություն և լույս տալ հյուսիսային կիսագնդին, սակայն մոտենում էր նրան, ուստի գրեթե ուղղահայաց ընկավ այն գծի վրա, որտեղ միանում են ծովն ու երկինքը։ Վերջալույսը կարճատև եղավ, և խավարը միանգամից վրա հասավ, որը հաստատեց պատանու այն կարծիքը, թե առագաստանավը հասել էր Այծեղջեր արևադարձի և հասարակածի միջև ընկած շրջանին։

Քիչ հետո տիկին Ուելդոնը, Դիկ Սենդը և նեգրերը վերադարձան քարայր մի քանի ժամ հանգստանալու համար։

— Գիշերը դարձյալ փոթորիկ կլինի,— ասաց ծերունի Թոմը՝ ցույց տալով խիտ ամպերով ծածկված հորիզոնը։

— Այո,— պատասխանեց Դիկ Սենդը,— ուժեղ քամի կլինի։ Բայց մեզ ի՞նչ, մեր խեղճ նավը խորտակվեց, և փոթորիկը այլևս մեզ չի կարող վնասել։

— Թող աստծո կամքը լինի,— ասաց տիկին Ուելդոնը։

Որոշվեց, որ այդ գիշեր, իսկ դա շատ մութ կլիներ, նեգրերից յուրաքանչյուրը հերթով պիտի հսկեր քարայրի մուտքը։ Բացի նրանցից, չպետք էր մոռանալ Դինգոյին, որի լավ պահակությունը կասկածից դուրս էր։

Այդ միջոցին նկատեցին, որ կուզեն Բենեդիկտը չէր վերադարձել։

Հերկուլեսը նրան ձայն տվեց իր հուժկու թոքերի ամբողջ ուժով, և գրեթե անմիջապես հետո միջատաբանը սկսեց իջնել սարալանջից՝ գլուխը ջարդելու վտանգի տակ։

Կուզեն Բենեդիկտը սաստիկ զայրացել էր այն պատճառով, որ անտառում ոչ մի միջատ չէր գտել, ոչ մի հատ, որը արժանի լիներ մտնել իր հավաքածուի մեջ։ Կարիճներ, օձասանդրեր և այլ բազմոտանիներ ինչքան ուզեք, նույնիսկ պետք եղածից ավելի, իսկ մեզ հայտնի է, որ կուզեն Բենեդիկտը չուներ բազմոտանիների հետ։

— Արժե՞ր միթե,— ավելացրեց նա,— հինգ-վեց հազար մղոն ճանապարհ գնալ, փոթորկի դիմանալ, ծովափ նետվել և չգտնել մի հատ ամերիկյան վեցոտանի, որը միջատաբանական թանգարանի զարդն է կազմում։ Ոչ։ Ոչ, իսկապես որ չարժեր։

Ի վերջո կուզեն Բենեդիկտը պահանջեց մեկնել, չուզենալով մի ժամ ավելի մնալ այդ ատելի վայրում։

Տիկին Ուելդոնը հանգստացրեց այդ մեծ երեխային՝ հուսադրելով նրան, որ հաջորդ օրն ավելի բախտավոր կլինի, որից հետո բոլորը միասին գնացին խցկվելու քարայրը և քնելու մինչև արևածագ, երբ Թոմը հիշեցրեց, որ Նեգորոն դեռ չէր վերադարձել, թեև արդեն գիշեր էր։

— Որտե՞ղ կարող է լինել,— հարցրեց տիկին Ուելդոնը։

— Մեր ի՜նչ գործն է,— ասաց Բաթը։

— Ընդհակառակն,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— ավելի լավ կլիներ, որ այդ մարդը մեզ մոտ լիներ։

— Անկասկած, տիկին Ուելդոն,— պատասխանեց Դիկ Սենդը,— բայց նա իր հոժար կամքով գնաց մեզանից․ չգիտեմ, թե ինչպես կարելի էր ստիպել նրան վերադառնալ։ Ով գիտե, թե ինչ պատճառով է մեզանից ընդմիշտ հեռանում։

Պատանին տիկին Ուելդոնին մի կողմ տանելով՝ հայտնեց իր կասկածները և չզարմացավ, որ նա էլ միևնույն կարծիքին էր։ Միայն մի կետում էին նրանք տարակարծիք։

— Եթե Նեգորոն հայտնվի,— ասաց տիկին Ուելդոնը,— նշանակում է, որ գողացածը ապահով տեղ է պահել։ Իմ կարծիքով, ավելի լավ կլինի, քանի որ չենք կարող նրա գողությունն ապացուցել, չհայտնենք մեր կասկածները և այնպես ցույց տանք, որ նա մեզ խաբել է, և մենք չգիտենք։

Տիկին Ուելդոնը իրավացի էր, և Դիկ Սենդը համաձայնեց նրա հետ։

Այնուամենայնիվ, մի քանի անգամ ձայն տվին Նեգորոյին․․․ Ոչ մի պատասխան չստացվեց։ Կամ նա շատ հեռու էր գտնվում և չէր կարող նրանց լսել և կամ չէր ուզում վերադառնալ։

Նեգրերը չափսոսացին, որ ազատվեցին այդ մարդուց, սակայն, ինչպես ասել էր տիկին Ուելդոնը, գուցե նա ավելի վտանգավոր էր հեռվից, քան թե մոտիկից։ Բացի դրանից, ինչպե՞ս բացատրել այն հանգամանքը, որ Նեգորոն համարձակվել էր մենակ թափառել այդ անծանոթ շրջանում։ Չէ՞ր մոլորվել արդյոք և իզուր խավարի մեջ քարայրի ճանապարհն էր փնտրում։ Տիկին Ուելդոնը և Դիկ Սենդը ոչինչ չէին հասկանում։ Ինչ էլ որ լիներ, չէր կարելի Նեգորոյին սպասելու համար զրկվել անհրաժեշտ հանգստից։

Այդ միջոցին շունը, որ վազում էր ծովափի ավազի վրա, սկսեց սաստիկ հաչել։

— Ինչո՞ւ է հաչում շունը,— հարցրեց տիկին Ուելդոնը։

— Պետք է անպայման իմանալ պատճառը,— պատասխանեց Դիկ Սենդը։— Գուցե Նեգորոն է վերադառնում։

Անմիջապես Հերկուլեսը, Բաթը, Օստինը և Դիկ Սենդը դեպի գետաբերան գնացին։

Սակայն գետի ափին հասնելով ոչ ոքի չտեսան և ոչինչ չլսեցին։ Դինգոն ևս լռել էր։

Դիկ Սենդն ու նեգրերը քարայր վերադարձան։

Քնելու պատրաստություն տեսան։ Նեգրերից յուրաքանչյուրը հանձն առավ հերթով հսկել դրսում։

Սակայն տիկին Ուելդոնը վրդովմունքից չկարողացավ քնել։ Նրան թվում էր, թե այդքան ցանկալի երկիրը չէր արդարացնում նրա հույսերը՝ հարազատների ապահովությունը և իր հանգիստը։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն