XIII
Ցամա՜ք, ցամա՜ք
Դիկ Սենդի հույսերը մասամբ պետք է արդարանային։
Հաջորդ օրը, մարտի 27-ին, սնդիկը բարձրացավ ծանրաչափի խողովակում։ Բարձրացումը կատարվեց ո՛չ միանգամից և մի քանի գիծ միայն, բայց թվում էր, թե հարատև կլինի։ Փոթորիկը հավանորեն կմտներ մեղմացման շրջանը, և եթե ծովը շարունակում էր չափազանց ալեկոծ լինել, ապա նկատվեց, որ քամին նվազում էր՝ մի քիչ դեպի արևմուտք թեքվելով։
Դիկ Սենդը դեռևս չէր կարող մտածել առագաստ պարզելու մասին։ Ամենափոքր առագաստն էլ քամին կպոկեր, կտաներ։ Բայց և այնպես նա հույս ուներ, որ մի քսանչորս ժամ էլ չանցած հնարավոր կլիներ պարզել առագաստներից մեկնումեկը։
Իսկապես, գիշերը քամին զգալիորեն մեղմացավ՝ համեմատած նախորդ օրերի հետ, նավը սկսեց ավելի քիչ տատանվել այն ուժեղ շարժումներից, որոնք սպառնում էին ջարդուփշուր անել նավը։
Ուղևորներն սկսեցին երևալ տախտակամածի վրա։ Նրանք այլևս չէին վախենում, թե որևէ խոշոր ալիք կարող էր իրենց ծովը նետել։
Նախ տիկին Ուելդոնը դուրս եկավ խցիկից, որտեղ, Դիկ Սենդը նրան ստիպել էր փակված մնալ այդ երկարատև փոթորկի ժամանակ։ Նա եկավ խոսակցելու պատանու հետ, որը իսկական գերմարդկային կամքի ուժով կարողացել էր դիմադրել այնքան դժվարությունների։ Նիհարած, դժգույն, հողմահար դեմքով, նա կարող էր ընկճվել քնազրկությունից, քունը այնքան անհրաժեշտ է նրա տարիքում։ Ոչ․ նրա առողջ կազմվածքը դիմանում էր ամեն զրկանքի։ Գուցե մի օր կտուժեր փորձության այս շրջանի համար։ Բայց այժմ ժամանակը չէր ընկճվելու։ Այդպես էր մտածում Դիկ Սենդը, և տիկին Ուելդոնը նրան գտավ նույնքան կայտառ և եռանդուն, որքան եղել էր։
Բացի դրանից, քաջասիրտ Սենդը վստահ էր ապագայի նկատմամբ, իսկ վստահությունը ուժ է տալիս։
— Դիկ, սիրելի՛ զավակս, սիրելի նավապետ,— ասաց տիկին Ուելդոնը՝ ձեռքը պատանուն պարզելով։
― Ա՛հ, տիկին Ուելդոն,— բացականչեց Դիկ Սենդը ժպտալով,— դուք չեք լսում ձեր նավապետին։— Դուք տախտակամած եք բարձրանում, խցիկից դուրս եք գալիս հակառակ նրա․․․ խնդրանքին։
— Այո, ես քեզ չեմ հնազանդվում,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— բայց մի տեսակ նախազգացում ունեմ, որ փոթորիկը հանդարտվում է կամ կհանդարտվի։
— Իսկապես հանդարտվում է, տիկի՛ն Ուելդոն,— պատասխանեց պատանին։— Դուք չեք սխալվում, ծանրաչափը չի իջել երեկվանից ի վեր։ Քամին մեղմացավ, և ես իրավունք ունեմ կարծելու, որ մեր ամենածանր փորձություններն անցան։
— Օ՜հ, երանի այդպես լիներ, Դիկ։ Բայց դու այնքան տանջվեցիր, խեղճ տղա։ Դու արեցիր․․․
— Սոսկ իմ պարտականությունը։
— Բայց մի՞թե մի քիչ չես հանգստանա։
— Հանգստանա՞լ,— պատասխանեց պատանին։— Ես կարիք չունեմ հանգստանալու, տիկին Ուելդոն։ Ինձ լավ եմ զգում և պետք է դիմանամ մենչև վերջ։ Դուք ինձ նավապետ նշանակեցիք, և նավապետ կմնամ մինչև այն րոպեն, երբ «Պիլիգրիմի» ուղևորները ապահով վիճակում կլինեն։
― Դիկ,― ասաց տիկին Ուելդոնը,— ամուսինս և ես երբեք չենք մոռանա քո արածը։

— Ես առանձնապես ոչինչ չարեցի,— պատասխանեց Դիկ Սենդը,— աստված արեց ամեն ինչ։
— Տղաս, կրկնում եմ, որ քո բարոյական և ֆիզիկական եռանդով դու իսկական տղամարդ դարձար, տղամարդ, որ արժանի է հրամայելու, և շատ չանցած, երբ քո ուսումը կվերջանա, ես վստահ եմ, ամուսինս դեմ չի լինի, որ դու Ջեյմս Ուելդոնի առևարական տան նավապետը լինես։
— Ես․․․ ես․․․— բացականչեց Դիկ Սենդը՝ աչքերը արցունքով լցված։
— Դի՛կ,— շարունակեց տիկին Ուելդոնը,— դու արդեն մեր որդեգիրն էիր, իսկ այժմ դու մեր զավակն ես, քո մոր և փոքր եղբոր՝ Ջեկի ազատարարը։ Սիրելի Դի՛կ, թույլ տուր քեզ համբուրել ամուսնուս և իմ կողմից։
Դեռատի կինը աշխատում էր չհուզվել, երբ իր կրծքին էր սեղմում պատանուն, սակայն կուրծքն ուռչում էր։ Իսկ թե ինչ էր զգում Դիկ Սենդը՝ դժվար է նկարագրել։
Նա իրեն հարց էր տալիս, թե արդյոք չէ՞ր կարող իր կյանքը զոհելուց ավելին անել իր բարերարների համար, և նախապես ընդունում էր այն բոլոր փորձությունները, որոնք կարող էին նրան ներկայանալ ապագայում։
Այս խոսակցությունից հետո Դիկ Սենդն իրեն ավելի ուժեղ զգաց։ Բավական էր, որ քամին մի քիչ մեղմանար, բավական էր, որ ինքը կարողանար մի քանի առագաստ պարզել, ապա չէր կասկածում, որ կկարողանար նավն առաջնորդել դեպի մի նավահանգիստ, որտեղ բոլոր ուղևորները վերջապես կգտնեին իրենց փրկությունը։
Ամսի 29-ին քամին մի քիչ նվազեց, և Դիկ Սենդը մտածեց պարզել միջնակայմի մեծ առագաստն ու առաջակայմի մի առագաստը և այդպիսով ավելացնել «Պիլիգրիմի» արագությունը և միաժամանակ ապահովել նրա ուղղությունը։
— Դե՛, Թո՛մ, դե, բարեկամներս,— բացականչեց պատանին, երբ տախտակամած բարձրացավ առավոտ վաղ։— Եկե՛ք․ ձեր օգնությունը պետք է ինձ։
— Մենք պատրաստ ենք, նավապե՛տ Սենդ,— պատասխանեց ծերունի Թոմը։
— Պատրաստ ենք ամեն բանի,— ավելացրեց Հերկուլեսը։— Մենք ոչինչ չէինք անում փոթորկի պահին, և ես սկսել էի ժանգոտվել։
— Պետք է փչեիր քո լայն բերանով,— ասաց փոքրիկ Ջեկը։— Գրազ կգամ, որ քո շունչը քամու չափ ուժեղ կլիներ։
— Հրաշալի միտք է, Ջե՛կ,— պատասխանեց Դիկ Սենդը ծիծաղելով։— Երբ հանդարտ եղանակ լինի, Հերկուլեսին փչել կտանք առագաստների մեջ։
— Ես պատրաստ եմ, պարո՛ն Դիկ,— պատասխանեց խիզախ նեգրը, Բորեասի նման թշերը ուռցնելով։
— Այժմ, բարեկամնե՛րս,— շարունակեց պատանին,— մենք պետք է նորով փոխարինենք փոթորկի պոկած կայմահարթակի առագաստը, դա մի քիչ դժվար գործ կլինի, բայց պետք է անել։
— Կանենք,— պատասխանեց Ակտեոնը։
— Կարո՞ղ եմ ձեզ օգնել,— հարցրեց փոքրիկ Ջեկը, որ միշտ տրամադիր էր աշխատելու։
— Այո, Ջեկ,— պատասխանեց պատանին։— Դու ղեկի մոտ կկանգնես մեր Բաթ բարեկամի հետ և կօգնես նավին ուղղություն տալուն։
Ավելորդ է ասել, թե ինչքան հպարտացավ Ջեկը՝ «Պիլիգրիմի» ղեկակալի օգնականը դառնալով։
— Այժմ գործի անցնենք,— շարունակեց Դիկ Սենդը,— և ինչքան կարելի է զգույշ շարժվենք։
Նեգրերը, պատանու առաջնորդությամբ, իսկույն գործի անցան։ Առաջադրված աշխատանքը՝ պարզել կայմահարթակի առագաստը, որոշ դժվարություն էր ներկայացնում Թոմի և նրա ընկերների համար։ Պետք էր բարձրացնել կախ ընկած առագաստը և ապա կապել առագաստակալին։
Սակայն Դիկ Սենդը այնքան լավ ղեկավարեց գործը, նրա օգնականները այնքան լավ կատարեցին նրա ցուցումները, որ մի ժամից հետո առագաստը իր տեղում էր՝ պատշաճորեն ամրացված երկու առագաստակալների վրա։
Ինչ վերաբերում է մյուս երկու առագաստներին՝ առաջակայմի առագաստին և երկրորդ ֆոքին, որոնք հավաքել էին փոթորկից առաջ, այժմ հավաքվեցին առանց մեծ դժվարության, հակառակ ուժեղ քամուն։
Վերջապես, այդ օրը առավոտյան ժամը տասին «Պիլիգրիմը» ճանապարհը շարունակում էր՝ երեք առագաստ պարզած։
Դիկ Սենդը զգուշացել էր դրանից ավելի առագաստ պարզել, արդեն պարզված առագաստները բավական էին, քանի քամին չէր թուլացել, ապահովելու առնվազն երկու հարյուր մղոն՝ քսանչորս ժամվա ընթացքում և ավելին պետք չէր տասն օրում ամերիկյան ափին հասնելու համար։
Պատանին շատ գոհ էր այդ պահին, երբ վերադառնալով ղեկի մոտ, անցավ իր գործին, շնորհակալություն հայտնելով «Պիլիգրիմի» ղեկակալի օգնական Ջեկին։ Նավը այլևս ալիքների խաղալիքը չէր լինի, լավ էր առաջ գնում։ Պատանու ուրախությունը հասկանալի կլիներ բոլոր նրանց համար, ովքեր քիչ թե շատ ընտելացած են ծովի գործերին։
Հաջորդ օրը ամպերը շարունակում էին վազել միևնույն արագությամբ, սակայն նրանց միջև գոյանում էին մեծ բացվածքներ, որոնց արանքից արևի ճառագայթները թափանցում էին մինչև ծովի մակերեսը։ «Պիլիգրիմը» երբեմն ուղղվում էր այդ լույսով։ Որքա՜ն լավ էր այդ կենդանացնող լույսը։ Երբեմն լույսի այդ շողը հանգչում էր որևէ ամպի հետևը, որը սլանում էր դեպի արևելք, կրկին երևում, նորից անհետանում, բայց եղանակը լավանում էր։
Նավի բոլոր անցքերը բաց արին՝ ներքին մասերի օդը մաքրելու համար։ Աղով հագեցած օդը ներխուժում էր նավամբարը, խցիկները, անձնակազմի սրահը։ Թրջված առագաստները փռեցին կայմերի ձողերի վրա չորացնելու համար։ Տախտակամածը նույնպես մաքրեցին։ Դիկ Սենդն ուզում էր, որ իր նավը նավահանգիստ հասներ մաքուր և սարքին։ Առանց նավի անձնակազմին ծանրաբեռնելու, օրական մի քանի ժամ այդ գործին նվիրելով, առագաստանավը կարգին կլիներ։
Թեև պատանին չէր կարող լագը նետել ծովը, սակայն բավական փորձ ուներ նավի արագությունն իմանալու՝ հետևից թողած հետքից։ Այդպիսով, նա չէր կասկածում, որ յոթ օրից առաջ կտեսներ ցամաքը, և այդ համոզմունքը ներշնչեց նաև տիկին Ուելդոնին՝ քարտեզի վրա նավի հավանական դիրքը ցույց տալով։
— Լավ, իսկ ափի ո՞ր կետին կհասնենք, սիրելի՛ Դիկ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ահա այստեղ, տիկին Ուելդոն,— պատասխանեց պատանին՝ ցույց տալով ծովափի այն երկար շերտը, որը ձգվում էր Պերուից մինչև Չիլի։— Ավելի ճշգրիտ լինել չեմ կարող։ Ահա Զատկի կղզին, որը մենք թողեցինք արևմուտքում, և քանի որ քամու ուղղությունը միօրինակ է եղել, դրանով եզրակացնում եմ, որ ցամաքը արևելքում կտեսնենք։ Նավահանգիստներ բավական կան այս ծովափին, սակայն չի կարելի ասել, թե դրանցից որի՞ն կպատահենք ցամաքին մոտենալիս։
— Դե լավ, Դի՛կ, ո՛ր նավահանգիստն էլ որ լինի, սիրով կողջունենք։
— Ճիշտ է, տիկի՛ն Ուելդոն, և այնտեղ դուք անկասկած միջոցներ կգտնեք անմիջապես Սան Ֆրանցիսկո վերադառնալու համար։ Խաղաղօվկիանոսյան նավագնացության ընկերությունը շատ լավ կազմակերպված երթևեկություն ունի այդ ափին։ Նրա շոգենավերը հանդիպում են ափի գլխավոր կետերը, և ձեզ համար դժվար չի լինի Կալիֆոռնիա մեկնել։
— Ուրեմն դու մտադիր չե՞ս «Պիլիդրիմը» Սան Ֆրանցիսկո տանել,— հարցրեց տիկին Ուելդոնը ։
— Ինչպես չէ, ձեզ նավից ցամաք փոխադրելուց հետո, տիկին Ուելդոն։ Եթե մեզ հաջողվի գտնել նավապետի օգնական և նավաստիներ, մենք Վալպարեզո կգնանք բեռնաթափվելու համար, ինչպես այդ կաներ նավապետ Հուլը։ Այնուհետև կվերադառնանք մեր հիմնական նավահանգիստը։ Բայց այդպիսով դուք շատ կուշանայիք, թեև շատ տխուր է ինձ համար ձեզանից բաժանվել․․․
— Լավ, Դիկ,― պատասխանեց տիկին Ուելդոնը,— հետո կտեսնենք, թե ինչ կանենք։ Ասա՛ ինձ, դու վախենու՞մ ես ցամաքին մոտենալու վտանգներից։
— Վախենալու առիթ կա, իսկապես,— պատասխանեց պատանին,— բայց ես միշտ հույս ունեմ, որ կպատահեմ որևէ նավի և նույնիսկ շատ եմ զարմանում, որ ոչ մեկը չի երևում։ Գոնե մի նավի պատահեինք, մենք հարաբերության մեջ կմտնեինք նրա հետ, նա մեզ ցույց կտար մեր աշխարհագրական ճիշտ տեղը, և այդպիսով շատ հեշտությամբ կմոտենայինք ցամաքին։
— Մի՞թե այս ծովափերում ուղեցույցներ չկան,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Պետք է, որ լինի,— պատասխանեց Դիկ Սենդը,— բայց ցամաքին ավելի մոտ վայրերում, պետք է ուրեմն ավելի մոտենալ ցամաքին։
— Իսկ եթե ուղեցույցի չպատահե՞նք,―— հարցրեց տիկին Ուելդոնը պնդելով, որպեսզի իմանա, թե ինչպես պատանին կխուսափեր այդ դժվարություններից։
— Այդ դեպքում, տիկի՛ն Ուելդոն, կամ եղանակը լավ կլինի, քամին չափավոր, և ես կփորձեմ նավը տանել ծովափի մոտիկ ուղղությամբ, որպեսզի կարողանամ որևէ ապաստարան գտնել, և կամ քամին ուժեղ կլինի, և այդ դեպքում․․․
— Այդ դեպքում․․․ Ի՞նչ կանես, Դի՛կ,
— Այդ դեպքում, այն պայմաններում, որոնց մեջ գտնվում է «Պիլիգրիմը»,— պատասխանեց Դիկ Սենդը,— մի անգամ, եթե խրվեց ցամաքի մեջ, դժվար կլինի այնտեղից դուրս բերել։
— Ի՞նչ կանես,— կրկին հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ստիպված կլինեմ նավը ափ նետել,— պատասխանեց պատանին, որի դեմքը մթագնեց մի րոպե։— Բայց դա կլինի ծայրահեղ դեպքում, և աստված չանի այդ դրության հասնենք։ Բայց, կրկնում եմ, տիկին Ուելդոն, եղանակը վստահեցնող է, և անկարելի է, որ մի որևէ նավ կամ ուղեցույցնավ չպատահի մեզ։ Ուրեմն, հույսներս չկորցնենք։ Նավը դեպի ցամաք է գնում և շուտով կտեսնենք այն։
Այո, նավը ցամաք նետելը վերջին միջոցն էր, որը ամենահանդուգն ծովայինն իսկ առանց սարսափի չի իրագործի։ Ուստի Դիկ Սենդը չէր ուզում այդ պարագան նախատեսել, քանի դեռևս հույս ուներ խուսափել դրանից։
Հաջորդ մի քանի օրերին եղանակը մի քանի անգամ փոխվեց, և այդ կրկին չափազանց վրդովեց Դիկ Սենդին։ Քամին շարունակում էր փչել չթուլացող ուժով, և ծանրաչափի տատանումները ցույց էին տալիս, որ կրկին պիտի ուժեղանար։ Դիկ Սենդը իրեն հարց էր տալիս, որոշ անհանգստությամբ, թե արդյոք ստիպված չէ՞ր լինի դարձյալ առանց առագաստի առաջ գնալ։ Սակայն նա այնքան շահագրգռված էր պահել գոնե մեկ առագաստ, որ չհավաքեց թեք առագաստը, մինչև որ փոթորիկը կսպառնար տանել այն։ Բայց կայմերը պնդացնելու համար նա ձգել տվեց պարանները։ Նախ և առաջ պետք էր չվտանգել դրությունը, որը ավելի ևս կծանրանար, եթե «Պիլիգրիմը» զրկվեր կայմերից։
Բայց ծանրաչափի մի երկու անգամվա բարձրանալը ցույց տվեց, որ քամին միանգամից բոլորովին փոխվելու էր, այսինքն՝ դեպի արևելք էր դառնալու։
Այդ երևույթը նորից մտատանջեց Դիկ Սենդին։ Ի՞նչ անել հակառակ քամու դեպքում։ Դեսուդե՞ն ընկնել։ Բայց եթե ստիպված լիներ այդ միջոցին դիմել, ինչքա՜ն կուշանար․ նորից և նորից բաց ծովը քշվելու վտանգի տակ կընկներ։
Բարեբախտաբար այդ վախը չիրականացավ։ Քամին, մի քանի օր փոփոխվելուց հետո, մեկ դեպի հյուսիս, մեկ դեպի հարավ փչելով, վերջնականապես արևմտյան ուղղությունն ստացավ։ Բայց շարունակում էր շատ ուժեղ փչել և ցնցել կայմերը։
Ապրիլի 5-ն էր։ Արդեն երկու ամսից ավելի էր, ինչ «Պիլիգրիմը» մեկնել էր Նոր Զելանդիայից։ Քսան օր շարունակ հակառակ քամին և անհողմությունը ուշացրել էին նրան։ Այնուհետև նպաստավոր պայմաններում էր եղել և կարող էր արագորեն մոտենալ ցամաքին։ Նավի արագությունը չափազանց մեծ էր փոթորկի միջոցին։ Դիկ Սենդի հաշվով միջին արագությունը օրական երկու հարյուր մղոնից պակաս չէր։ Իսկ ինչո՞ւ ցամաք չէր երևում․ փախչո՞ւմ էր «Պիլիգրիմի» առջևից։ Միանգամայն անբացատրելի էր։
Այսպես թե այնպես, ոչ մի ցամաք չէր երևում, թեև նեգրերից մեկը շարունակ հորիզոնն էր դիտում։
Հաճախ Դիկ Սենդը ինքն էր բարձրանում կայմի վրա դիտելու համար, և այնտեղ, հեռադիտակը ձեռքին, որևէ լեռան նմանություն էր փնտրում։ Անդյան լեռնաշղթան, ինչպես հայտնի է, շատ բարձր է։ Ուրեմն ամպերի մեջ պետք էր փնտրել հորիզոնի մշուշի մեջ կորած որևէ գագաթ։
Մի քանի անգամ Թոմը և նրա ընկերները խաբվեցին՝ ցամաքի տեղ ընդունելով տարօրինակ ձևի որևէ հեռավոր ամպ, որ ցցվում էր հետին պլանում։ Պատահել էր նույնիսկ, որ նրանք համառել էին, պնդելով, թե իսկապես ցամաք են տեսել, բայց որոշ ժամանակ հետո նրանք ստիպված էին եղել ընդունել, որ տեսողական պատրանքի մեջ են ընկել։ Ենթադրյալ ցամաքը տեղաշարժվում էր, ձևը փոխում և վերջն էլ բոլորովին անհետանում։
Սակայն ապրիլի 6-ին այլևս չէր կարելի կասկածել։
Առավոտյան ժամը ութն էր։ Դիկ Սենդը բարձրացել էր կայմի վրա։ Այդ միջոցին արևի առաջին ճառագայթները ցրել էին մշուշը, և հորիզոնը բոլորովին պարզվել էր։
Դիկ Սենդի բերանից վերջապես դուրս եկավ այնքան սպասված բառը։
— Ցամա՜ք, ցամա՜ք է մեր առջև։
Այդ բացականչության վրա բոլորը վազեցին տախտակամած՝ փոքրիկ Ջեկը, իր տարիքին հատուկ հետաքրքրությամբ, տիկին Ուելդոնը, որի փորձությունները վերջ կգտնեին, Թոմը և նրա ընկերները, որոնք վերջապես պիտի կարողանային ոտք դնել ամերիկյան հողի վրա, կուզեն Բենեդիկտը ևս, որը հույս ուներ միջատների նոր և հարուստ հավաքածու ստեղծել։
Միայն Նեգորոն չհայտնվեց։
Այժմ բոլորը տեսան Դիկ Սենդի նկատածը, ոմանք շատ որոշ, մյուսները՝ իրենց հավատի հայացքով։ Բայց պատանին, որ այնքան սովոր էր դիտել հորիզոնը, չէր կարող սխալվել, և մի ժամ հետո պետք եղավ ընդունել, որ սխալված չէր։
Մոտավորապես չորս մղոն դեպի արևելք ուրվագծվում էր բավական ցածր մի ափ, որը գոնե այդտեղից այդպես էր թվում։ Ծովափից ոչ հեռու պետք է բարձրանար Անդյան լեռնաշղթան, սակայն ամպերի ցածր շերտը թույլ չէր տալիս նկատել նրա գագաթները։
«Պիլիգրիմը» ուղիղ և արագ սլանում էր դեպի այդ ծովափը, որը հետզհետե մեծանում էր աչքի առաջ։
Երկու ժամ հետո առագաստանավը ցամաքից միայն երեք մղոն էր հեռու։
Ծովափի այդ մասը վերջանում էր հյուսիս-արևելքում բավական բարձր հրվանդանով, որի տակ կարծես ծածկվում էր մի ինչ-որ ծովախորշ։ Հարավ-արևելքում, ընդհակառակն, ծովափը ձգվում էր որպես մի երկար ու նեղ ցամաքալեզու։
Մի քանի ծառ բարձրանում էին ցածր ելուստների շարանի վրա։ Նկատի ունենալով տեղի աշխարհագրական դիրքը, պետք էր ենթադրել, որ դրանք Անդյան բարձր լեռնաշղթայի նախալեռներն են։
Բայց չկար ո՛չ մի բնակավայր, ո՛չ մի նավահանգիստ, ո՛չ մի գետաբերան, որը ապաստան լիներ որևէ նավի։
Այդ միջոցին «Պիլիգրիմը» ուղիղ գեպի ցամաք էր գնում։ Պակասեցված առագաստներով, կողքից խփող քամիների առկայությամբ պարզ էր, որ Դիկ Սենդը չէր կարող նրան բաց ծովում պահել։
Առագաստանավի առաջ երևում էր ծովափնյա խութերի մի երկար շարան, որոնց խփվելով՝ փրփրում էր սպիտակած ծովը։ Ալիքները հասնում էին մինչև ցամաք։ Ըստ երևույթին, ահռելի ալեկոծություն էր այնտեղ։
Դիկ Սենդը, որոշ ժամանակ կանգնեց նավաքթում։ Ափը դիտելուց հետո վերադարձավ և, ոչ մի խոսք չասելով, անցավ ղեկի առաջ։
Քամին անընդհատ սաստկանում էր։ Քիչ հետո առագաստանավը միայն մի մղոն էր հեռու ափից։
Այդ միջոցին Դիկ Սենդը նկատեց մի փոքր ծովախորշ և որոշեց ներս մտնել, սակայն այնտեղ հասնելուց առաջ պետք էր անցնել ստորջրյա ժայռերի արանքով, որոնց միջից դժվար էր ճանապարհ բաց անել։ Ուժեղ ծփանքը ցույց էր տալիս, որ ծովը ծանծաղ էր այդտեղ։
Այդ միջոցին Դինգոն, որ ետուառաջ էր գնում տախտակամածի վրա, դեպի նավաքիթը վազեց և ցամաքին նայելով՝ սկսեց ողբագին հաչել։ Թվում էր, թե շունը ճանաչում էր այդ ափը, և բնազդը նրա մեջ արթնացնում էր որևէ տխուր հիշողություն։
Նեգորոն, անկասկած, լսեց շան հաչոցը, մի անդիմադրելի զգացում նրան խցիկից դուրս հրեց, և ուշադրություն չդարձնելով շան ներկայությանը՝ շտապ առաջացավ և հենվեց նավեզրին։
Նրա բախտից Դինգոն, շարունակելով տխուր հաչել, չնկատեց խոհարարին։
Նեգորոն դիտում էր այդ կատաղի ծփանքը առանց սարսափի։ Տիկին Ուելդոնը, որ այդ միջոցին ուշադրությամբ նրան էր նայում, նկատեց, որ Նեգորոյի դեմքը թեթևակի կարմրեց, և մի րոպե դիմագծերը պրկվեցին։ Մի՞թե նրան ծանոթ էր ցամաքի այս մասը, դեպի ուր քամին քշում, տանում էր «Պիլիգրիմը»։
Այդ րոպեին Դիկ Սենդը թողեց ղեկը՝ հանձնելով այն Թոմին։ Մի վերջին անգամ նայեց ծովախորշի անցքին, որը հետզհետե ավելի էր բացվում, և ապա վճռական ձայնով ասաց․
— Տիկի՛ն Ուելդոն, ես այլևս ապաստան գտնելու հույս չունեմ։ Կես ժամ չի տևի, և «Պիլիգրիմը» ժայռերի վրա կընկնի՝ հակառակ իմ բոլոր ճիգերին։ Պետք է, որ ծովափ դուրս գանք։ Ինձ չի հաջողվի նավը նավահանգիստ տանել։ Ես ստիպված եմ «Պիլիգրիմը» զոհել ձեզ փրկելու համար։ Ձեր փրկության և առագաստանավի պահպանման երկընտրանքի մեջ ես տատանվել չեմ կարող։
— Դու արե՞լ ես այն բոլորը, ինչ որ կախված էր քեզանից, Դի՛կ, հարցրեց տիկին Ուելդոնը։
— Բոլորը,— պատասխանեց պատանին։
Եվ անմիջապես պատրաստվեց նավը ցամաք նետելու գործողության։
Նախ և առաջ տիկին Ուելդոնը, Ջեկը, կուզեն Բենեդիկտը և Նանը պետք է փրկագոտիներ հագնեին։ Դիկ Սենդը, Թոմը և մյուս նեգրերը վարժ լողորդներ էին, բայց նույնպես միջոցներ ձեռք առան ծովն ընկնելու դեպքում լողալով ափ հասնելու համար։
Հերկուլեսը պետք է հատկապես զբաղվեր տիկին Ուելդոնով։ Պատանին իր վրա վերցրեց Ջեկին։ Կուզեն Բենեդիկտը, որ շատ հանգիստ էր, տախտակամած բարձրացավ հավաքածուի տուփը ուսին գցած։ Դիկը նրան հանձնարարեց Բաթին և Ակտեոնին։ Ինչ վերաբերում է Նեգորոյին, նրա զարմանալի հանդարտությունը բավականաչափ ցույց էր տալիս, որ ոչ ոքի օգնության կարիքը չունի։
Դիկ Սենդը, որպես ծայրահեղ զգուշություն, նավաքիթ բարձրացնել տվեց տասը տակառ կետի յուղ, որպեսզի «Պիլիգրիմը» ծփանքի մեջ լինելու րոպեին, ծովը թափեին և այդպիսով մի րոպե ծովը հանգստացնեին ջրի մոլեկուլները այսպես ասած՝ յուղելով։ Այդ մանևրը գուցե հեշտացներ նավի անցումը ժայռերի միջով։
Դիկ Սենդը չէր ուզում աչքաթող անել ոչ մի միջոց, որը կարող էր ընդհանուրի փրկությանը ծառայել։
Բոլոր այդ զգուշությունները ձեռք առնելով՝ պատանին վերադարձավ ղեկանիվի մոտ։
«Պիլիգրիմը» այժմ ցամաքից ընդամենը մի քանի տասնյակ մետր էր հեռու, այսինքն՝ գրեթե շփման մեջ էր խութերի հետ։ Նրա աջ եզրը լողում էր արդեն ծփանքի սպիտակ փրփուրի մեջ։ Ամեն րոպե պատանին կարծում էր, թե նավի ողնուցը կխփվեր որևէ ժայռի։

Հանկարծ Դիկ Սենդը ջրի գույնից նկատեց, որ խութերի միջև անցում կա։ Պետք էր առանց վարանելու մտնել այդտեղ, ինչքան կարելի է ափին մոտիկ ավազի մեջ խրվելու համար։
Պատանին չվարանեց։ Ղեկի մի շարժումով առագաստանավը մտցրեց նեղ, ծուռումուռ անցումը։
Այդ կետում ծովը շատ ավելի կատաղի էր, ալիքները թռչում էին տախտակամածի վրա։
Նեգրերը նավաքթում՝ կանգնած էին, տակառների մոտ, սպասելով պատանու կարգադրության։
— Թափեցե՛ք յուղը, թափեցե՛ք,— գոչեց Դիկ Սենդը։
Թափված յուղի ազդեցությամբ ծովը կարծես կախարդանքով հանդարտվեց, մի րոպե հետո ավելի ահռելի լինելու համար։
«Պիլիգրիմը» արագորեն սլացավ այդ լպրծուն ջրերի վրայով և ուղիղ դեպի ծովափ դիմեց։
Հանկարծ մի բախյուն տեղի ունեցավ։ Հսկայական ալիքի վրա բարձրացած նավը խրվեց ավազուտի մեջ, կայմասարքը թափվեց՝ առանց ոչ ոքի վիրավորելու։
Բախման հետևանքով «Պիլիգրիմի» պատյանը բացվեց, և ջուրը ներս խուժեց ծայրահեղ արագությամբ։ Սակայն ափը կես պարանաչափ էր հեռու և, շնորհիվ փոքր, սև ժայռերի շարանի, հեշտությամբ կարելի էր այնտեղ հասնել։
Այսպես, տասը րոպե հետո «Պիլիգրիմի» վրա գտնվողները միասին դուրս եկան առափնյա սարալանջի ստորոտը։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
