Տասնհինգամյա նավապետը

XII

 

Հորիզոնում

 

Այդ օրերին փոթորիկը ստացավ իր ամենասոսկալի ձևը՝ փոխվեց մրրիկի։ Քամին փչում էր հարավ արևմուտքից, օդի հոսանքները տեղափոխվում էին ժամում հարյուր կիլոմետր արագությամբ։

Իսկական մրրիկ էր, մեկն այն ահռելի քամիներից, որոնք ափ են նետում նավահանգստում խարսխված նավերը և որոնց չեն դիմանում նույնիսկ ցամաքի ամենահաստատուն շինվածքները։ Այդպիսին էր այն մրրիկը, որը 1825 թ․ հուլիսի 23-ին ամայացրեց Գվադելուպան։ Եթե քամին հրետասայլից ցած է գցում քսանչորս սանտիմետր տրամաչափի թնդանոթները, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի նավը, որի հենարանը փոթորկալի ծովն է միայն։ Սակայն հենց ծովի շարժողականության մեջ է նրա փրկությունը։ Նավը տեղի է տալիս քամու մղումին և, եթե հաստատուն կառուցվածք ունի, կարող է դիմադրել ծովի ամենաուժեղ հարվածներին։ Այդպես էր նաև «Պիլիգրիմի» դրությունը։

Թեք կայմի առագաստը պատռվելուց հետո հերթը եռանկյունի առագաստին հասավ, որը քշեց-տարավ քամին։ Դիկ Սենդը ստիպված եղավ հրաժարվել նույնիսկ թեք առագաստը պարզելուց, պինդ կտավից պատրաստված մի փոքր առագաստ, որը շատ կհեշտացներ նավին ուղղություն տալը։

Այդպիսով, «Պիլիգրիմը» առաջ էր սլանում առանց առագաստի, բայց քամին ընդգրկել էր նրա պատյանը, կայմերը, ամբղջ սարքը, և այդքանը բավական էր, որ ծայրահեղ արագությամբ առաջ շարժվեր։ Երբեմն նույնիսկ թվում էր, թե նավը ալիքներից դուրս էր եկել և հազիվ էր շփվում նրանց։

Այդպիսի պայմաններում առագաստանավը ահռելիորեն ճոճվում էր փոթորկից ծառացած ալիքների վրա։ Ամեն րոպե կարելի էր սպասել, թե որևէ ահարկու հարված է ստանալու հետևից։ Ջրի այդ լեռներն առագաստանավից ավելի արագ էին վազում, սպառնում էին հետևի կողմից խփել և խորտակել նավը, եթե այն բավականաչափ արագությամբ չբարձրանար ալիքների վրա։ Փոթորկից սլացող նավի համար այդ էր ամենամեծ վտանգը։

Բայց ինչպե՞ս խուսափել այդ վտանգից։ Նավի արագությունը հնարավոր չէր ավելի ուժեղացնել, քանի որ ոչ մի առագաստ չէր դիմանա։ Պետք էր, ուրեմն, նրան պահել ղեկի միջոցով, որի ազդեցությունը հաճախ անզոր էր։

Դիկ Սենդը այլևս չէր հեռանում ղեկի մոտից, պարանով կապվել էր նավին, որպեսզի որևէ ուժեղ ալիք ծովը չնետեր նրան։ Թոմը և Բաթը նույնպես կապված՝ կանգնած էին նրա կողքին, օգնության հասնելու համար։ Հերկուլեսն ու Ակտեոնը, կառչած խարսխի հեծանին՝ հսկում էին նավաքթում։

Ինչ վերաբերում է տիկին Ուելդոնին, փոքրիկ Ջեկին, կուզեն Բենեդիկտին, Նանին՝ պատանու կարգադրությամբ նրանք մնում էին նավախելի խցիկում։ Տիկին Ուելդոնի համար ցանկալի էր մնալ տախտակամածի վրա, սակայն Դիկ Սենդը վճռականապես դեմ էր դրան։

Բոլոր անցքերը և կափարիչները ամուր փակել էին, և հույս կար, որ նրանք կդիմանային, եթե որևէ վիթխարի ալիք թափվեր նավի վրա։ Իսկ եթե, դժբախտաբար, տեղի տային ալիքների ծանրությանը՝ այդ դեպքում նավը կարող էր ջրով լցվել և ընկղմվել։ Բարեբախտաբար, նավը բավականաչափ ճիշտ էր բեռնավորված, որի հետևանքով, հակառակ սոսկալի ճոճումներին, ամբարներում գտնվող բեռը չէր շարժվում։

Դիկ Սենդը դարձյալ կրճատել էր քնի ժամերը, և տիկին Ուելդոնը վախենում էր, որ պատանին կարող է հիվանդանալ, ուստի, նրան համոզեց, որ մի քիչ հանգստանա։

Եվ ահա, մարտի 13-ի լույս 14-ի գիշերը, այն ժամերին, երբ Դիկ Սենդը քնած էր, մի նոր դեպք պատահեց։

Թոմը և Բաթը նավախելում էին, երբ Նեգորոն, որ շատ քիչ էր երևում նավի այդ մասում, մոտեցավ և նույնիսկ կարծես ուզում էր խոսակցել նրանց հետ․ սակայն Թոմը և որդին չպատասխանեցին։

Հանկարծ, նավի ուժեղ թեքվելու հետևանքով, Նեգորոն ընկավ և անկասկած ծովը կշպրտվեր, եթե չկառչեր կողմնացույցի արկղին։

Թոմը ճչաց՝ վախենալով, թե կողմնացույցը կջարդվի։

Դիկ Սենդը վայրկենական նինջի պահին լսեց այդ ձայնը և, դուրս վազելով սրահից, շտապեց դեպի այն կողմը։ Նեգորոն արդեն ոտքի վրա էր, բայց ձեռքում բռնած էր կողմնացույցի պահարանից դուրս բերած երկաթի կտորը, որն իսկույն թաքցրեց՝ նախքան Դիկ Սենդը կնկատեր այդ։

Մի՞թե Նեգորոն շահագրգռված էր, որպեսզի մագնիսական սլաքը վերադառնա իր իսկական ուղղությանը։ Այո, որովհետև հարավարևմտյան քամիները այժմ նպաստավոր էին նրա համար․․․

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց պատանին։

— Այս անիծյալ խոհարարն ընկավ կողմնացույցի վրա,— պատասխանեց Թոմը։

Ահաբեկված այդ խոսքերից՝ Դիկ Սենդը կռացավ արկղի վրա․․․ Արկղը լավ վիճակում էր, իսկ կողմնացույցը, լապտերների լույսով լուսավորված, առաջվա նման դրված էր երկու համակենտրոն օղակների վրա։

Պատանին հանգիստ շունչ քաշեց։ Վերջին կողմնացույցի ջարդվելը անդարմանելի դժբախտություն կլիներ։

Սակայն Դիկ Սենդը չէր կարող նկատել, թե երկաթի կտորի վերանալուց հետո սլաքը վերստացել էր նորմալ ուղղություն և ուղիղ հյուսիսն էր ցույց տալիս, այնպես, ինչպես պետք է լիներ այս միջօրեականի տակ։

Բայց և այնպես, եթե չէր կարելի Նեգորոյին մեղադրել, որ նա վայր էր ընկել, ըստ երևույթին ակամա, ապա Դիկ Սենդը իրավունք ուներ զարմանալու, որ նա այդ ժամին նավախելում էր գտնվում։

— Ի՞նչ եք անում այստեղ,— հարցրեց նրան։

— Ինչ որ ինձ հաճելի է,— պատասխանեց Նեգորոն։

— Ինչ ասացի՞ք․․․— բացականչեց Դիկ Սենդը, չկարողանալով զսպել զայրույթը։

— Ասում եմ,— պատասխանեց խոհարարը,— որ ոչ մի այնպիսի կանոն չկա, որն ինձ արգելի զբոսնել այստեղ։

— Եթե այդպես է, այդ կանոնը ես սահմանում եմ,— ասաց Դիկ Սենդը,— և ձեզ արգելում եմ գալ նավախել։

— Իսկապե՞ս,— բացականչեց Նեգորոն։

Այդ մարդը, որ այնքան սառնարյուն էր, սպառնական շարժում գործեց։

Պատանին գրպանից հանելով ատրճանակը, ուղղեց խոհարարի վրա՝ ասելով․

— Նեգո՛րո, դուք լավ գիտեք, որ երբեք չեմ բաժանվում այս ատրճանակից և առաջին իսկ անհնազանդության դեպքում կջարդեմ ձեր գլուխը։

Այդ միջոցին Նեգորոն զգաց, որ մի անդիմադրելի ուժ նրան գետին էր տապալում։

Հերկուլեսն էր պարզապես իր ծանր ձեռքը դրել նրա ուսին։

— Նավապե՛տ Սենդ,— ասաց հսկան,— Ուզո՞ւմ եք, որ ծովը նետեմ այդ սրիկային։ Ձկները խրախճանք կանեն, նրանք զզվել չգիտեն։

— Դեռ ոչ,— պատասխանեց Դիկ Սենդը։

Նեգորոն ոտքի կանգնեց, երբ հսկան ձեռքը վերցրեց նրա ուսից։ Բայց երբ անցնում էր Հերկուլեսի կողքից, քթի տակ մրթմրթաց․

— Սպասիր, անիծյալ նեգր, ես քեզ ցույց կտամ։

Այդ միջոցին քամու ուղղությունը փոխվել էր, կամ այդպես էր թվում, քառասունհինգ աստիճանով։ Եվ, սակայն, պատանին շատ զարմացավ, նկատելով, որ այդ փոփոխությունը բոլորովին չէր անդրադարձել ծովի վիճակի վրա։ Նավը շարունակում էր գնալ միևնույն ուղղությամբ, սակայն քամին և ալիքները, փոխանակ նրան խփելու հետևից, այժմ խփում էին ձախ կողին։ Նավը ենթարկվում էր ծովի ալիքների ուղղակի հարվածներին։ Ուստի, Դիկ Սենդը ստիպված եղավ նավի ուղին փոխել չորս կողմնաստիճանով, որպեսզի կարողանա խուսափել փոթորկի հարվածներից։

Բայց մյուս կողմից՝ կասկածը արթնացել էր նրա մեջ։ Նա իրեն հարց էր տալիս, թե արդյո՞ք որևէ կապ չկար Նեգորոյի վայր ընկնելու և առաջին կողմնացույցի ջարդվելու միջև։ Ինչո՞ւ էր այդտեղ եկել խոհարարը։ Արդյոք նա շահագրգռված չէ՞ր, որ երկրորդ կողմնացույցը ևս անպետքանա։ Ի՞նչ շահ ուներ նա դրանից։ Ոչնչով չէր կարելի բացատրել։ Մի՞թե Նեգորոն չէր ցանկանում, ինչպես բոլորը, ինչքան կարելի է շուտ հասնել ամերիկյան ափին։

Երբ Դիկ Սենդը տեղի ունեցածը հայտնեց տիկին Ուելդոնին, վերջինս, թեև որոշ չափով համամիտ էր նրա անվստահությանը, բայց և այնպես որևէ ընդունելի պատճառ չէր գտնում մեղադրելու խոհարարին որևէ կանխամտածված ոճրագործության մեջ։

Սակայն զգուշության համար Նեգորոն խիստ հսկողության տակ առնվեց։ Ասենք, նա նկատի ունեցավ պատանու կարգադրությունը և այլևս չերևաց նավախելում, որտեղ ոչ մի գործ չուներ․ բացի դրանից, Դինգոյին այնտեղ մշտական պահակ դրեցին, իսկ խոհարարը զգուշացավ մոտենալ նրան։

Ամբողջ շաբաթվա ընթացքում փոթորիկը չմեղմացավ։ Ծանրաչափը դարձյալ իջավ։ Մարտի 14-ից մինչև 26-ը ոչ մի րոպե քամին չթուլացավ, որպեսզի կարելի լիներ մի քանի առագաստ պարզել։ «Պիլիգրիմը» դեպի հյուսիս-արևելք էր սլանում այնպիսի արագությամբ, որ քսանչորս ժամում հավանաբար երկու հարյուր մղոնից պակաս չէր անցնի, իսկ ցամաքը չէր երևում։ Ի միջի այլոց, այդ երկիրը՝ ամերիկյան մայրցամաքը, որպես մի ընդարձակ պատվար, ընկած է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների միջև, հարյուր քսան աստիճանով։

Դիկ Սենդը մտածում էր, թե արդյոք ինքը չէ՞ր խելագարվել, չէ՞ր կորցրել առողջ դատողությունը և միթե այդքան օրեր անընդհատ սխալ ճանապարհի էր հետևում։ Ո՛չ, այդքան սխալված չէր կարող լինել։ Արևը թեև նկատելի չէր ամպերի միջից, միշտ ծագում էր նավի առաջակողմից և մայր մտնում նրա հետևը։ Ուրեմն մի՞թե անհայտ կորել էր այդ երկիրը։ Այդ Ամերիկան, որին զարնվելով, նավը գուցե կջախջախվեր, որտե՞ղ էր, եթե չէր ետևում։ Թող լիներ Հարավայինը կամ Հյուսիսայինը, ամեն ինչ հնարավոր էր այս քաոսի մեջ, «Պիլիգրիմը» չէր կարող չհասնել մեկնումեկին։ Ի՞նչ էր պատահել այդ ահռելի փոթորիկը սկսելուց ի վեր։ Ի՞նչ էր շարունակում կատարվել, քանի որ այդ ափը, որ փրկություն կամ կորուստ էր, չէր երևում։ Դիկ Սենդը պե՞տք է ենթադրեր, թե կողմնացույցը սխալ ցուցումներ էր տվել, որոնք չէր կարելի ստուգել, քանի որ առաջին կողմնացույցը ջարդվել էր։ Արդարև, նա այդ կասկածն ուներ, որ արդարանում էր ցամաքի բացակայությամբ։

Ուստի, երբ հեռանում էր ղեկանիվի մոտից, Դիկ Սենդը մեծ ուշադրությամբ դիտում էր քարտեզը։ Սակայն իզուր էին նրա ջանքերը, քարտեզը նրան չէր կարող տալ այն գաղտնիքի բանալին, որը Նեգորոյի ստեղծած դրության հետևանքով, անհասկանալի էր մնում ինչպես պատանու, այնպես էլ որևէ մեկի համար։

Այդ օրը, սակայն, մարտի 26-ին, առավոտյան ժամը ութին մոտ, մի շատ կարևոր դեպք պատահեց։

Նավաքթում կանգնած հերկուլեսը բացականչեց․

— Ցամա՜ք, ցամա՜ք։

Դիկ Սենդը վազեց նավաքիթ։ Հերկուլեսը թեև ծովայինի տեսողություն չուներ, բայց և այնպես չէր սխալվում։

— Ցամա՜ք,— ասաց Դիկ Սենդը։

— Այո, այնտեղ,— պատասխանեց Հերկուլեսը՝ ցույց տալով հորիզոնի հյուսիս-արևելքում հազիվ նշմարելի մի կետ։

Նրա ձայնը հազիվ էր լսվում ծովի և երկնքի մռնչյունի մեջ։

— Դուք տեսա՞ք ցամաքը․․․— հարցրեց պատանին։

— Այո,— պատասխանեց Հերկուլեսը՝ գլխով հաստատական նշան անելով։

Եվ նորից ձեռքը երկարեց դեպի նավի ձախակողմը։

Պատանին նայում էր․․․ բայց ոչինչ չէր տեսնում։

Այդ միջոցին տիկին Ուելդոնը, լսելով Հերկուլեսի ձայնը, բարձրացավ կամրջակի վրա, հակառակ տված խոստումին։

— Տիկի՛ն․․․— բացականչեց Դիկ Սենդը։

Տիկին Ուելդոնը, որի ձայնը չէր կարող լսվել, ինքը ևս փորձեց տեսնել նեգրի ցույց տված երկիրը, և թվում էր, թե ամբողջ էությունը կենտրոնացրել էր հայացքի մեջ։

Պետք էր կարծել, որ Հերկուլեսի ձեռքը սխալ ուղղություն էր ցույց տալիս, քանի որ ո՛չ տիկին Ուելդոնը, ո՛չ պատանին ոչինչ չտեսան հորիզոնում։

Բայց հանկարծ Դիկ Սենդը իր հերթին ձեռքը պարզեց և ասաց․

— Այո, այո, ցամա՛ք։

Ինչ-որ մի գագաթ երևաց մշուշի մեջ բացվող լույսի շողի տակ։ Պատանու ծովայինի աչքը չէր կարող խաբվել։

— Վերջապե՜ս, վերջապե՜ս,— բացականչեց պատանին՝ ջղաձգորեն կառչելով նավեզրին։

Տիկին Ուելդոնը կռթնած Հերկուլեսին, աչքը չէր հեռացնում այդ ցամաքից, որը տեսնելու հույս չուներ։

Այդ բարձր գագաթից կազմված ափը երևում էր նավի ձախակողմում, տասը մղոն հեռավորության վրա։ Ամպերի արանքից դուրս պրծնող լույսի շողի ուժեղանալուն համապատասխան՝ ցամաքը ավելի պարզ երևաց։ Անկասկած ամերիկյան մայրցամաքի որևէ հրվանդանը կլիներ։ Առագաստներից զուրկ «Պիլիգրիմը» ի վիճակի չէր ուղղվել դեպի այդ ափը, սակայն չէր կարող չմոտենալ նրան։

Խնդիրն այժմ մի քանի ժամ համբերություն ունենալն էր։ Դեռևս առավոտյան ժամը ութն էր։

Անկասկած կեսօրից առաջ «Պիլիգրիմը» կմոտենար ցամաքին։

Դիկ Սենդի նշանով՝ Հերկուլեսը տիկին Ուելդոնին տարավ իր նավասենյակը, որովհետև նա չէր կարող դիմադրել տատանման սաստկությանը։

Պատանին որոշ ժամանակ ևս մնաց նավաքթում, այնուհետև վերադարձավ ղեկի մոտ, որտեղ կանգնած էր ծերունի Թոմը։

Ուրեմն, վերջապես, նա տեսնում էր այնքան անհամբերությամբ սպասված ափը, բայց այժմ սարսափով էր նայում նրան։

Արդարև՝ այդպիսի պայմաններում, այսինքն՝ փոթորկից քշվելով, քամին հետևից, իսկ ցամաքը առջևը, դա նշանակում էր անխուսափելի աղետ իր բոլոր ահռելի հետևանքներով։

Անցավ երկու ժամ։ Լեռնային հրվանդանն այժմ երևում էր նավի կողքից։

Այդ միջոցին Նեգորոն երևաց տախտակամածի վրա։ Այս անգամ նա մեծ ուշադրությամբ նայեց ափին, գլուխը շարժեց այն մարդու նման, որը հասկացել էր ամեն ինչ, և խոհանոց վերադարձավ ինչ-որ անուն արտասանելով, որը ոչ ոք չկարողացավ լսել։

Իսկ Դիկ Սենդը աշխատում էր տեսնել ցամաքը, որը ձգվում էր հրվանդանի հետևը։

Երկու ժամ անցավ։ Հրվանդանը մնաց նավի ձախ կողմը, իսկ ափը դեռևս չէր երևում։

Այդ միջոցին երկինքը պարզվում էր հորիզոնում, և Անդերի բարձր լեռնաշղթայով եզերված ամերիկյան ափը պետք է երևար քսան մղոն հեռավորությունից։

Դիկ Սենդը վեցրեց հեռադիտակը և դանդաղ սկսեց դիտել ամբողջ հորիզոնը։

Ոչի՜նչ․ այլևս ոչի՜նչ չէր երևում։

Միջօրեի ժամը երկուսին ցամաքի բոլոր նշանները անհետացել էին «Պիլիգրիմի» հետևը։ Առջևում հեռադիտակը ոչ մի բարձր կամ ցածր ափ ցույց չէր տալիս։

Դիկ Սենդը մի հառաչ արձակեց և, անմիջապես կամրջակից հեռանալով, շտապ իջավ այն խցիկը, որտեղ էին տիկին Ուելդոնը՝ փոքրիկ Ջեկի, Նանի և կուզեն Բենեդիկտի հետ։

— Կղզի, պարզապես կղզի էր,— ասաց պատանին։

— Կղզի՞, Դիկ, բայց ի՞նչ կղզի,— հարցրեց տիկին Ուելդոնը։

— Քարտեզից կիմանանք,— պատասխանեց պատանին։

Եվ վազելով նավաստիների սրահը՝ բերեց նավի քարտեզը։

— Ահա, տիկի՛ն Ուելդոն,— ասաց նա:— Այն ցամաքը, որը մենք տեսանք, կարող է լինել միայն Խաղաղ օվկիանոսում կորած այս կետը՝ միայն Զատկի կղզին կարող է լինել։ Այս վայրերում ուրիշ ոչ մի կղզի չկա։

— Եվ մեր հետևո՞ւմ թողեցինք այն,— հարցրեց տիկին Ուելդոնը։

— Այո, մեզնից բավական ետ։

Տիկին Ուելդոնը ուշադրությամբ նայում էր Զատկի կղզուն, որը մի փոքր կետ էր քարտեզի վրա։

— Իսկ ի՞նչ հեռավորության վրա է գտնվում ամերիկյան ծովափից։

— Երեսունհինգ աստիճանի վրա։

— Այսի՞նքն․․․

— Մոտավորապես երկու հազար մղոն։

— Ուրեմն «Պիլիգրիմը» տեղից չի շարժվել, քանի որ դեռևս այդքան հեռու ենք ցամաքից։

— Տիկին Ուելդոն,— պատասխանեց Դիկ Սենդը՝ մի րոպե ձեռքը ճակատին տանելով, կարծես մտքերը կենտրոնացնելու համար,— չգիտեմ․․․ չեմ կարողանում բացատրել այս անհավատալի ուշացումը․․․ Ոչ, չեմ կարող․․․ եթե միայն կողմնացույցի ցուցումները խեղաթյուրված չեն եղել․․․ Սակայն այդ կղզին միայն Զատկի կղզին կարող է լինել, քանի որ քամին մեզ շարունակ դեպի հյուսիս-արևելք է քշում։ Այո, Զատկի կղզին է այդ։ Այո, և այդ կղզին ափից դեռևս երկու հազար մղոն հեռու է։ Վերջապես ես գիտեմ, թե ուր է տարել մեզ փոթորիկը և, եթե փոթորիկը հանդարտվի, առանց մեծ վտանգի կարող ենք մոտենալ ամերիկյան մայրցամաքին։ Այժմ գոնե մեր նավը կորած չէ Խաղաղ օվկիանոսի անհունության մեջ։

Պատանու այդ հավատը փոխանցվեց բոլոր նրան լսողներին։ Տիկին Ուելդոնը նույնպես համոզվեց։ Եվ իսկապես, թվում էր, թե այդ խեղճ մարդկանց դժբախտ օրերը վերջացել էին, որ «Պիլիգրիմը» հասել էր արդեն իր նավահանգստին, և մնում էր սպասել ծովի բարձրանալուն՝ ներս մտնելու համար։

Զատկի կղզին, իսկական անունը Վայ-Հու, հայտնաբերել էր Դավիդը 1722 թվին, որից հետո այնտեղ այցելել էին Կուկը և Լապերուսը։ Այդ կղզին գտնվում է հարավային լայնության 27°-ի և արևելյան երկարության 112°-ի վրա։ Եթե առագաստանավը դեպի հյուսիս էր շեղվել ամբողջ 15°-ով, այդ բանը պետք էր վերագրել հյուսիս-արևմտյան քամուն, որը նրան քշել էր այդ ուղղությամբ։

Ուրեմն «Պիլիգրիմը» դեռևս երկու հազար մղոն հեռու էր ափից։ Սակայն կայծակի արագությամբ փչող այդ քամու տակ առագաստանավը տասն օրից պակաս ժամանակում կարող էր հասնել հարավ-ամերիկյան ծովափը։

Բայց մի՞թե հույս չկար, ինչպես ասել էր պատանին, որ եղանակը լավանար, և հնարավոր լիներ պարզել մի քանի առագաստ այն միջոցին, երբ ցամաքը երևար։

Դիկ Սենդը դեռևս այդ հույսն ուներ։ Նա ինքն իրեն ասում էր, թե այդ փոթորիկը, որն արդեն այնքան երկար էր տևել, գուցե ի վերջո կհանդարտվեր։ Եվ այժմ, երբ, շնորհիվ Զատկի կղզու հայտնվելու, պատանին ճշգրիտ գաղափար ուներ աշխարհագրական դիրքի մասին, նա հիմք ուներ կարծելու, թե վերստին տիրապետելով իր նավին՝ կարող կլիներ այն տանել ապահով տեղ։

«Պիլիգրիմը» ունենալով հաստատուն կառուցվածք և լավ սարքավորում, քիչ էր տուժել փոթորկի այդ կատաղի ճնշումներից։ Նավը ընդամենը կորցրել էր թեք կայմը և եռանկյունի առագաստը։ Ոչ մի կաթիլ ջուր չէր թափանցել նավի պատյանի և տախտակամածի լավ ծեփված անցքերից։ Ջրհանները կատարելապես սարքին էին։ Այդ կողմից երկյուղ չկար։

Մնում էր այս անվերջանալի մրրիկը, որի կատաղությունը կարծես բոլորովին չէր չափավորվում։ Եթե Դիկ Սենդը կարող էր իր նավը դնել մրրիկի դեմ պայքարելու վիճակում, այնուամենայնիվ չէր կարող կարգադրել, որ քամին մեղմանա, ալիքները հանդարտվեն, երկինքը պարզվի։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն