XI
Փոթորիկ
Այդ դեպքին հաջորդող շաբաթվա ընթացքում, փետրվարի 14-ից մինև 21-ը, առագաստանավի վրա ոչ մի առանձին բան տեղի չունեցավ։ Հյուսիս-արևմտյան քամին ուժեղանում էր հետզհետե, և «Պիլիգրիմը» սլանում էր արագորեն, միջին հաշվով քսանչորս ժամում հարյուր վաթսուն մղոն առաջանալով։ Դրանից ավելի պահանջել չէր կարելի այդպիսի մեծությամբ առագաստանավից։
Դիկ Սենդի հաշիվներով, առագաստանավը պետք է մոտեցած լիներ այն ափերին, որոնց մոտով հաճախակի անցնում են մարդատար շոգենավերը, որոնք մի կիսագնդից մյուսն են գնում։ Պատանին շարունակում էր հուսալ, որ կպատահեր այդ նավերից մեկին, և հատկապես որոշել էր կամ նրա վրա տեղավորել իր ուղևորներին, կամ նավապետից փոխարինաբար խնդրել մի քանի օգնական նավաստիներ, գուցե և նավապետի մի օգնական։ Բայց թեև ուշի-ուշով դիտում էին հորիզոնը, այնուամենայնիվ, ոչ մի նավ չերևաց, և ծովն առաջվա նման ամայի էր։
Այդ բանը չէր կարող չզարմացնել Դիկ Սենդին։ Նա մի քանի անգամ անցել էր Խաղաղ օվկիանոսի այս մասով կետորսության ընթացքում։ Հիմա լայնության և երկարության այն աստիճանների տակ, որտեղ իր հաշիվներով գտնվում է «Պիլիգրիմը», չեր կարող պատահել, որ չհայտնվեր որևէ անգլիական կամ ամերիկյան նավ, որը գնում էր Հորն հրվանդանից դեպի հասարակած կամ դեպի հարավային Ամերիկայի ամենահեռավոր կետը։
Բայց մի բան, որ չգիտեր և չէր կարող գիտենալ Դիկ Սենդը, այն էր, որ «Պիլիգրիմը» արդեն գտնվում էր ավելի բարձր լայնության տակ, այսինքն՝ ավելի հարավ, քան թե ինքը ենթադրում էր։
Այդ շեղումը կատարվել էր երկու պատճառով։
Առաջին պատճառն այն էր, որ այս շրջանների հոսանքները, որոնց արագության մասին պատանին միայն աղոտ գաղափար ուներ, աննկատելիորեն նավը դուրս էին բերել իր ճանապարհից։
Երկրորդ պատճառն այն էր, որ Նեգորոյի չարագործ ձեռքով խանգարված կողմնացույցը տալիս էր սխալ ցուցումներ, որոնք երկրորդ կողմնացույցի ջարդվելուց հետո Դիկ Սենդը չէր կարող ստուգել։ Այդպիսով, կարծելով (ուրիշ կերպ էլ չէր կարող լինել), թե նավը դեպի արևելք է գնում, իրականում դեպի հարավ-արևելք էր ընթանում։ Կողմնացույցը միշտ իր աչքի առաջ էր։ Լագը կանոնավոր կերպով ծովն էին գցում։
Այդ երկու գործիքները նրան հնարավորություն էին տալիս որոշ չափով ուղղություն տալ «Պիլիգրիմին» և հաշվել անցած ճանապարհը։ Բայց այդքանը մի՞թե բավական էր։
Սակայն Դիկ Սենդը, ըստ հնարավորության, հանգստացնում էր տիկին Ուելդոնին, որը այս ուղևորության դեպքերից երբեմն շատ էր անհանգստանում։
— Կհասնենք, կհասնենք,— կրկնում էր նա։— Կմոտենանք ամերիկյան ափին, այս կամ այնտեղ, միևնույնն է թե որտեղ կլինի, բայց անպայման կհասնենք։
— Ես այդ մասին չեմ կասկածում, Դիկ։
— Հասկանալի է, տիկին Ուելդոն, որ ես շատ ավելի հանգիստ կլինեի, եթե դուք չլինեիք այստեղ, եթե մենք պատասխանատու լինեինք միայն մեզ համար, բայց․․․
— Բայց եթե ես չլինեի այստեղ,— պատասխանեց տիկին Ուելդոնը,— եթե կուզեն Բենեդիկտը, Ջեկը, Նանը և ես «Պիլիգրիմի» ուղևորերը չլինեինք, և եթե մյուս կողմից Թոմը և նրա ընկերները վերցված չլինեին «Պիլիգրիմի» վրա, Դիկ, այժմ նավի վրա միայն երկու հոգի կլինեիք՝ դու և Նեգորոն․․․ Ի՞նչ կանեիր դու այդ չար մարդու հետ, որին չես կարող վստահել։ Այո, տղա՛ս, ի՞նչ կանեիր։
— Իմ առաջին գործը կլիներ,— պատասխանեց Դիկ Սենդը վճռականորեն,— Նեգորոյին զրկել ինձ վնասելու հնարավորությունից։
― Եվ դու միայնա՞կ կմանևրեիր։
— Այո, միայնակ․․․ աստծո օգնությամբ։
Այդ խոսքերի վստահ շեշտը բավական էր հույս ներշնչելու տիկին Ուելդոնին։ Այնուամենայնիվ, երբ նա նայում էր փոքրիկ Ջեկին, մի տեսակ անհանգստություն էր զգում։ Եթե նա չէր ուզում արտահայտել, թե ինչ է զգում մոր սիրտը, սակայն միշտ չէ, որ կարողանում էր զսպել սիրտը ճմլող գաղտնի մտահոգությունը։
Սակայն, եթե պատանին բավականաչափ չէր ուսումնասիրել ծովագնացության գիտությունը աշխարհագրական դիրքը որոշելու համար, ապա նա օժտված էր իսկական ծովայինի բնազդով՝ եղանակը գուշակելու գործում։ Մի կողմից երկնքի տեսքը, մյուս կողմից ծանրաչափի ցուցումները նրան հնարավորություն էին տալիս ձեռք առնել անհրաժեշտ նախազգուշական միջոցները։ Նավապետ Հուլը, որը լավ օդերևութաբան էր, նրան սովորեցրել էր հասկանալ ծանրաչափի ցուցումները, որի գուշակումները նշանակալիորեն ճիշտ են։
Ահա մի քանի խոսքով այն համառոտ տեղեկությունները, որոնցից կարելի է օգտվել, դիտելու համար ծանրաչափի ցուցումները։
1․ Երբ բավական երկարատև լավ եղանակից հետո ծանրաչափը սկսում է միանգամից և շարունակաբար ընկնել, անպայման անձրև կգա, իսկ եթե լավ եղանակը երկար է տևել, սնդիկը կարող է երկու կամ երեք օր իջնել ծանրաչափի խողովակում՝ նախքան մթնոլորտում որևէ փոփոխություն կատարվելը։ Այդ դեպքում ինչքան երկար լինի սնդիկի սյան անկման և անձրևը սկսելու միջև ընկած ժամանակամիջոցը, այնքան երկարատև կլինի անձրևային եղանակը։
2․ Եթե, ընդհակառակն, անձրևային երկար ժամանակաշրջանում ծանրաչափը սկսի բարձրանալ դանդաղորեն և կանոնավոր կերպով, հաստատապես կարելի է ասել, որ լավ եղանակ կլինի և այնքան երկար կտևի, ինչքան ավելի ժամանակ է անցել սնդիկի սյան բարձրացման և անձրևը սկսելու ժամանակի միջև։
3․ Երկու դեպքերում էլ, եթե եղանակի փոփոխությունը հաջորդում է անմիջապես ծանրաչափի սնդիկի սյան շարժմանը, ապա փոփոխությունը շատ կարճատև կլինի։
4․ Եթե ծանրաչափը բարձրանում է դանդաղ և շարունակաբար երկու-երեք օր կամ ավելի երկար ժամանակ, ցույց է տալիս լավ եղանակ, եթե նույնիսկ անձրևը շարունակում է տեղալ այդ երեք օրերին։ Բայց եթե ծանրաչափը բարձրանում է երկու կամ ավելի օր անձրևի ժամանակ, այնուհետև լավ եղանակի հետ սնդիկի սյունն սկսում է իջնել, այդ դեպքում լավ եղանակը շատ կարճատև կլինի։
5․ Գարնանը և աշնանը ծանրաչափի միանգամից անկումը նախատեսում է քամի։ Ամառը, եթե եղանակը շատ տաք է, փոթորիկ է նախատեսում։ Ձմեռը, մի քիչ երկարատև սառնամանիքներից հետո, ծանրաչափի սնդիկի սյան արագ անկումը քամու փոփոխություն է նշանակում, ձնհալի և անձրևի հետ միասին, բայց բավական երկար տևող սառնամանիքին հաջորդող սնդիկի սյան բարձրացումը ձյուն է նախատեսում։
6․ Ծանրաչափի արագ տատանումները երբեք չպետք է նկատել որպես երկարատև չոր կամ անձրևային եղանակի նախատեսում։ Այս ցուցումները տրված են բացառապես դանդաղ և հարատև կատարվող բարձրացման կամ իջեցման դեպքում։
7․ Աշնան վերջերին, եթե երկարատև անձրևային և հողմային եղանակից հետո ծանրաչափը բարձրանում է, այդ բարձրանալը նշան է հյուսիսային քամու և մոտալուտ սառնամանիքի։
Ահա այդ թանկագին գործիքի ցուցումներից արվող ընդհանուր հետևությունները։
Այս բոլորին կատարելապես ծանոթ էր Դիկ Սենդը, և ծովային կյանքի տարբեր շրջաններում հաստատել էր իր իսկ վարձով և այդպիսով ընդունակ էր դարձել կանխելու ամեն մի անակնկալ։
Եվ ահա փետրվարի 20-ին ծանրաչափի սնդիկի սյան տատանումները սկսեցին անհանգստացնել պատանուն, որ օրական մի քանի անգամ մեծ ուշադրությամբ դիտումներ էր անում։ Բանն այն էր, որ ծանրաչափը սկսել էր ընկնել դանդաղ և հարատև, ինչ-որ անձրև էր նախատեսում, բայց որովհետև անձրև չէր գալիս, Դիկ Սենդը դրանից եզրակացրեց, որ վատ եղանակը տևական կլիներ։ Այդպես էլ եղավ։
Սակայն անձրևը քամի էր նշանակում, և, իսկապես, տարվա այդ ժամանակ քամին այնքան ուժգին էր լինում, որ օդի հոսանքների տեղաշարժը մեկ ժամում գրեթե վաթսուն կիլոմետրի էր հասնում։
Դիկ Սենդը ստիպված եղավ ձեռք առնել մի շարք միջոցառումներ, որպեսզի չվտանգի «Պիլիգրիմի» կայմերն ու առագաստները։
Նա արդեն ամփոփել էր տվել մանրակայմը, թեք առագաստն ու կլենֆոկը, այժմ որոշեց հավաքել նաև բրամստենգան, ինչպես նաև ամփոփել երկու առագաստ կայմահարթակից։
Այս վերջին գործողությունը որոշ դժվարությունների հետ էր կապված, քանի որ անձնակազմը դեռևս անփորձ էր։ Սակայն վարանելու ժամանակ չէր, և ոչ ոք չվարանեց։
Դիկ Սենդը Բաթի և Օստինի ուղեկցությամբ բարձրացավ առաջակայմի առագաստակալի վրա և ոչ առանց դժվարության հավաքեց առագաստը։ Եթե եղանակը այդքան սպառնալի չլիներ, երկու առագաստ կթողներ կայմի վրա, բայց նախատեսելով, որ գուցե ստիպված կլինի ոչ միայն հավաքել առագաստները, այլև թեթևացնել կայմերի սարքը, քանդեց երկու առագաստակալները և իջեցրեց ցած։ Արդարև, հասկանալի է, որ երբ քամին շատ ուժեղ է լինում, պետք է ոչ միայն նվազեցնել առագաստների ծավալը, այլև կայմերը։ Այդպիսով, փոթորիկի դեպքում նավը բավական թեթևացած լինելով կայմերի ծայրերում, ավելի քիչ է տուժում ալեկոծության պատճառած տատանումներից։
Այդ առաջին աշխատանքը վերջացնելով (աշխատանք, որը երկու ժամ պահանջեց), Դիկ Սենդը և նրա օգնականները սկսեցին նվազեցնել կայմահարթակի առագաստակազմը, որը կրկնակի չէր, ինչպես ժամանակակից նավերի մեծ մասի վրա, մի բան, որը հեշտացնում է աշխատանքը։ Պետք էր, ուրեմն, գործողությունը կատարել առաջվա նման, այսինքն՝ վազել առագաստակալների վրայով, դեպի իրեն քաշել քամուց տատանվող առագաստը և ապա պինդ կապել պարանով։ Աշխատանքը դժվար էր, երկարատև և վտանգավոր, բայց, ի վերջո, կայմահարթակի առագաստի ծավալը փոքրանալով՝ ավելի քիչ էր ենթարկվում քամու ազդեցության, և առագաստանավը զգալիորեն թեթևացավ։
Դիկ Սենդը իջավ Բաթի և Օստինի հետ։ «Պիլիգրիմը» այժմ ի վիճակի էր նավարկելու փոթորկոտ եղանակով։
Հաջորդ երեք օբերին՝ փետրվարի 20-ի, 21-ի, 22-ի ընթացքում քամու ուժն ու ուղղությունը ոչ մի զգալի փոփոխության չենթարկվեցին։ Բայց և այնպես ծանրաչափի սնդիկը շարունակում էր իջնել, և վերջին օրվա ընթացքում պատանին նշեց, որ սնդիկը անշեղորեն կանգնած էր 728 միլիմետրից ցածր աստիճանի վրա։ Ոչ մի նշան չկար, թե ծանրաչափը կարող էր բարձրանալ մոտակա օրերում։ Երկնքի տեսքը վատ էր։ Բացի այդ, մշուշն այնքան խիտ էր, որ արևը բոլորովին չէր երևում, այնպես որ դժվար էր որոշել նրա ծագելու և մայր մտնելու տեղերը։
Դիկ Սենդը սկսեց անհանգստանալ, բոլորովին չէր հեռանում կամրջակից և շատ քիչ էր քնում։ Սակայն իր բարոյական ուժի շնորհիվ նա կարողանում էր ներսը խեղդել իր մտահոգությունները։
Հաջորդ օրը, փետրվարի 23-ի առավոտյան, քամին կարծես մի քիչ մեղմացավ, սակայն Դիկ Սենդը չխաբվեց և իրավացի էր, որովհետև կեսօրից հետո քամին ուժեղացավ, և ծովի ալեկոծությունն ավելացավ։
Ժամը չորսի մոտ Նեգորոն, որին շատ քիչ էին տեսնում, դուրս եկավ խոհանոցից և բարձրացավ նավաքիթ։ Դինգոն անկասկած քնած կլիներ որևէ անկյունում, քանի որ այս անգամ չհաչեց սովորականի նման։
Լռակյաց, ինչպես միշտ, Նեգորոն կես ժամի չափ դիտեց հորիզոնը։
Օվկիանոսի երեսին երկար ալիքներ միմյանց էին հաջորդում՝ առանց դեռևս իրար խփվելու, բայց և այնպես ավելի բարձր էին, քան թե քամու ուժը կարող էր առաջացնել։
Դրանից կարելի էր եզրակացնել, որ շատ վատ եղանակներ էին արևմուտքում, գուցե բավական մոտ շրջանում և չէին ուշանա հասնելու այդ ծովափերը։
Նեգորոն նայեց ծովի այդ ընդարձակ տարածությանը, որ սաստիկ հուզվում էր «Պիլիգրիմի» շուրջը և ապա սառն ու խիստ հայացքը ուղղեց դեպի երկինք։
Երկնքի տեսքը վրդովեցուցիչ էր։ Ամպերը տեղաշարժվում էին շատ տարբեր արագությամբ։ Մթնոլորտի վերին շերտերի ամպերը վազում էին ավելի արագ, քան ստորին շերտերի ամպերը։ Պետք էր ուրեմն նախատեսել, որ բավական մոտիկ ապագայում այդ ծանր զանգվածները կիջնեն ցած և կփոխվեն փոթորկի, գուցե և մրրկի, մինչդեռ ներկայումս քամին դեռևս այնքան ուժեղ չէր, այսինքն՝ փչում էր ժամում քառասուներեք մղոն արագությամբ։
Ըստ երևույթին Նեգորոն կամ վախեցող մարդ չէր, կամ եղանակի սպառնալիքներից ոչինչ չէր հասկանում, քանի որ բոլորովին վրդովված չէր երևում։ Սակայն մի չար ժպիտ խաղաց նրա շրթունքներին։ Վերջապես կարելի էր կարծել, թե իրերի այդ դրությունը նրան ավելի շատ հաճույք էր պատճառում, քան թե տհաճություն։ Մի րոպե նա բարձրացավ քթակայմի վրա և սողալով հասավ մինչև ծայրը ավելի հեռուն տեսնելու համար, կարծես փորձելով ինչ-որ նշան նկատել հորիզոնում։ Հետո ցած իջավ, շատ հանգիստ և ոչ մի խոսք չասելով, ոչ մի շարժում չանելով՝ վերադարձավ նավաստիների սրահը։
Սակայն բոլոր այս սպառնալի իրադարձությունների մեջ մի նպաստավոր հանգամանք կար, որը բոլոր ուղևորները պետք է նկատի ունենային՝ այն, որ քամին, ինչքան էլ ուժգին էր կամ ինչքան էլ ուժեղանար, նպաստավոր ուղղությամբ էր փչում և «Պիլիգրիմը» կարծես արագորեն մոտենում էր ամերիկյան ծովափին։ Եթե նույնիսկ փոթորիկ բարձրանար, նավագնացությունը կշարունակվեր առանց մեծ վտանգի, և իսկապես վտանգները կհայտնվեին միայն այն ժամանակ, երբ հարկ լիներ մոտենալ որևէ անծանոթ ափի։
Այդ մասին էր մտածում Դիկ Սենդը։ Ինչպե՞ս պետք է մանևրեր, եթե որևէ ցամաք հայտնվեր նավի առաջ, ի՞նչ պիտի աներ, եթե որևէ ուղեցույց, ափին ծանոթ որևէ մեկին չպատահեր։ Ի՞նչ կաներ այն դեպքում, եթե վատ եղանակը նրան ստիպեր որևէ նավահանգիստ մտնել․ չէ որ այդ շրջանը նրան միանգամայն անծանոթ էր։ Իհարկե, դեռևս ոչ մի պատճառ չկար այդպիսի պատահականությամբ զբաղվելու, սակայն վաղ թե ուշ պետք կլիներ որևէ որոշում ընդունել։ Ի՞նչ արած․ Դիկ Սենդը այդպես էլ կաներ։
Հաջորդ տասներեք օրերին՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 9-ը, մթնոլորտը ոչ մի զգալի փոփոխության չենթարկվեց։ Երկինքը առաջվա նման ծածկված էր սև ամպերով։ Մի քանի ժամ քամին նվազում էր, բայց հետո վերսկսում ավելի մեծ ուժով։ Երկու կամ երեք անգամ ծանրաչափը բարձրացավ, բայց նրա տատանումը, որ մի տասնյակ գիծ էր ընդգրկում, այնքան հանկարծակի էր, որ եղանակի ոչ մի փոփոխում կամ չափավոր քամի չէր նախատեսում։ Բացի դրանից, ծանրաչափի սնդիկը համարյա անմիջապես իջնում էր, և ոչ մի հույս չկար, թե վատ եղանակը կվերջանար մոտիկ ապագայում։
Մի քանի անգամ ամպրոպը ուժգին որոտաց, որը խիստ անհանգստացրեց Դիկ Սենդին։ Երկու կամ երեք անգամ կայծակը խփեց ալիքներին՝ առագաստանավից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Քիչ հետո տեղատարափ անձրև սկսվեց, և խիտ մշուշը շրջապատեց «Պիլիգրիմը»։ Նավաքթին կանգնած նավաստին ժամերով ոչինչ չէր տեսնում, և նավը գնում էր կուրորեն։
Թեև առագաստանավը, հենված բարձր ալիքների վրա, ահռելիորեն ճոճվում էր, բարեբախտաբար, տիկին Ուելդոնը դիմանում էր այդ տատանումներին՝ առանց իրեն վատ զգալու։ Բայց նրա փոքրիկ տղան շատ էր տանջվում, և մայրը անհրաժեշտ խնամք էր տանում։
Ինչ վերաբերում է կուզեն Բենեդիկտին, նա այնքան հիվանդ էր, ինչքան ամերիկյան ուտիճները, որոնց հետ էր անցկացնում իր ժամանակը, ուսումնասիրելով նրանց այնպես, ինչպես անում էր Սան Ֆրանցիսկոյի իր կաբինետում։
Բարեբախտություն էր նաև, որ Թոմը և նրա ընկերները շատ քիչ էին ենթարկվում ծովախտին և առաջվա նման շարունակում էին օգնության հասնել պատանուն, որը միանգամայն սովոր էր փոթորկից փախչող նավի անկանոն շարժումներին։
«Պիլիգրիմը» արագ վազում էր իր ամփոփված առագաստներով, և արդեն Դիկ Սենդը նախատեսում էր, որ պետք է դարձյալ փոքրացնել առագաստների ծավալը։ Սակայն ուզում էր դիմանալ, քանի դեռ անմիջական վտանգ չկար։ Ըստ նրա հաշիվների՝ ափը չպետք է հեռու լիներ։ Ուստի մեծ ուշադրությամբ դիտում էին հորիզոնը։ Սակայն պատանին չէր կարող վստահել իր ընկերների աչքերին ցամաքի առաջին նշանները հայտաբերելու հարցում։ Արդարև, որևէ մեկը, ինչքան էլ լավ տեսողություն ունենա, եթե վարժված չէ զննել ծովի հորիզոնը, չի կարող որոշել ծովափի առաջին շրջադծերը, մանավանդ մշուշի միջից։ Ուստի, Դիկ Սենդը ստիպված էր անձամբ հսկել և հաճախ բարձրանում էր մինչև կայմաձողերը՝ ավելի լավ տեսնելու համար։ Սակայն դեռևս ոչինչ չէր երևում ամերիկյան ծովափից։
Այդ բանը զարմացնում էր նրան, և տիկին Ուելդոնը նրա բերնից թռած մի քանի խոսքերից հասկացավ նրա զարմանքը։
Մարտի 9-ն էր, պատանին կանգնած էր նավաքթում, մեկ ծովն ու երկինքն էր դիտում, մեկ «Պիլիգրիմի» կայմերին նայում, որոնք թեքվում էին քամու ուժի տակ։
— Դեռևս ոչինչ չի՞ երևում, Դի՛կ,— հարցրեց նրան տիկին Ուելդոնը այն րոպեին, երբ պատանին աչքից հեռացրեց հեռադիտակը։
— Ոչինչ, տիկի՛ն Ուելդոն, ոչի՛նչ,— պատասխանեց պատանին,— մինչդեռ հորիզոնը կարծես մի քիչ պարզվում է նորից ուժեղացող քամուց։
— Եվ քո կարծիքով, Դիկ, ամերիկյան ափը հեռու չպե՞տք է լինի։
— Չի կարող հեռու լինել, տիկի՛ն Ուելդոն, և շատ զարմանալի է, որ դեռևս ցամաքը չի երևում։
— Սակայն,— շարունակեց տիկին Ուելդոնը,— առագաստանավը շարունակ լավ է ընթացել։
— Շարունակ, այն ժամանակից սկսած, երբ քամին հյուսիս-արևմտյան դարձավ,— պատասխանեց Դիկ Սենդը,— այսինքն՝ այն օրից, երբ մենք կորցրինք մեր դժբախտ նավապետին և նրա անձնակազմը։ Փետրվարի 10-ն էր այդ օրը․ այսօր մարտի 9-ն է։ Ուրեմն քսանյոթ օր է անցել։
— Իսկ այդ միջոցին ցամաքից ինչքա՞ն հեռու էինք գտնվում,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Մոտավորապես չորս հազար հինգ հարյուր մղոն, տիկին Ուելդոն։ Եթե կան այնպիսի բաներ, որոնց մասին ես կասկածում եմ, այս թիվը, սակայն կարող եմ երաշխավորել, գուցե քսան մղոնի սխալով։
— Իսկ ի՞նչ արագությամբ է ընթացել նավը։
— Միջին հաշվով օրական հարյուր ութսուն մղոն, սկսած այն րոպեից, երբ քամին ուժեղացավ,— պատասխանեց պատանին։— Ահա թե ինչու ես զարմանում եմ, որ ցամաքը դեռևս չի երևում։ Եվ ավելի տարօրինակն այն է, որ մենք չենք պատահում այն նավերից որևէ մեկին, որոնք սովորաբար երթևեկում են այս շրջաններում։
— Մի՞թե սխալված չես կարող լինել «Պիլիգրիմի» արագությունը հաշվելիս, Դի՛կ,— հարցրեց տիկին Ուելդոնը։
— Ոչ, տիկին Ուելդոն․ այդ կետում չեմ կարող սխալված լինել։ Լագը ծովը ձգել ենք յուրաքանչյուր կես ժամը մեկ, և ես ճշտությամբ նշել եմ բոլոր ցուցումները։ Տեսեք, ես նորից ծովը նետել կտամ լագը, և դուք կտեսնեք, որ այս րոպեին մենք առաջ ենք գնում ժամը տասը մղոն արագությամբ, այսինքն՝ օրական երկու հարյուր մղոնից ավելի։
Դիկ Սենդը կանչեց Թոմին և կարգադրեց ծովը նետել լագը, այդ գործողությունը ծերունի Նեգրը արդեն շատ վարժ էր կատարում։
Թոմը բերեց պարանի ծայրին պինդ կապված լագը և նետեց ծովը, բայց հազիվ քսանհինգ գրկաչափ էր քանդվել, երբ հանկարծ պարանը թուլացավ Թոմի ձեռքում։
— Ա՜հ, պարոն Դիկ,— բացականչեց նեգրը։
— Ի՞նչ կա, Թոմ,
— Պարանը կտրվեց։
— Կտրվե՜ց,— բացականչեց Դիկ Սենդը,— ուրեմն լագը կորա՞վ։
Ծերունի Թոմը պատասխանի փոխարեն ցույց ավեց ձեռքում բռնած պարանի կտորը։
Թոմը ճիշտ էր ասում։ Լագը չէր պոկվել պարանից, վերջինս կտրվել էր մեջտեղից, այնինչ այդ պարանը հյուսված էր ամենալավ մանրաթելից, և կարող էր կտրվել միայն այն դեպքում, եթե կտրված տեղում մանրաթելերը մաշված լինեին։ Եվ, իսկապես, այդպես էլ կար, ինչ որ հաստատեց Դիկ Սենդը, երբ պարանի ծայրն իր ձեռքն առավ։ Բայց արդյո՞ք կտրվածքը առաջացել էր մաշումից․ այդ մասին պատանին կասկածամտորեն հարց էր տալիս իրեն։
Այսպես թե այնպես, լագը կորած էր անվերադարձ, և Դիկ Սենդը այլևս ոչ մի միջոց չուներ ճշտորեն հաշվելու նավի արագությունը։ Որպես գործիք այժմ նրան մնում էր միայն կողմնացույցը, իսկ նա չգիտեր, որ ցուցումները սխալ էին։
Տիկին Ուելդոնը նկատելով, թե ինչքան էր վրդովված Դիկ Սենդը այդ դեպքից, այլևս չշարունակեց խոսակցությունը և ճնշված տրամադրությամբ իր խցիկը քաշվեց։
Բայց եթե այդ դեպքի հետևանքով «Պիլիգրիմի» արագությունը, հետևապես և անցած ճանապարհը, այլևս չէր կարելի հաշվել, ապա՝ հեշտ էր նկատել, որ նավի հետևից առաջացած հետքը չէր նվազում։
Հաջորդ օրը, մարտի 10-ին, ծանրաչափը իջավ մինչև 716 միլիմետրի, դա նշան էր այնպիսի ուժեղ քամու, որի արագությունը մեկ ժամում հասնում է մինչև վաթսուն մղոնի։
Անհրաժեշտ էր շտապ մի անգամ ևս կրճատել առագաստները, նավի ապահովությունը չվտանգելու համար։
Դիկ Սենդը որոշեց հավաքել առաջակայմի առագաստները և բավականանալ միայն միջնակայմի թեք առագաստով։
Պատանին կանչեց Թոմին և նրա ընկերներին այդ դժվար գործողությունը կատարելու համար, որը, դժբախտաբար, չէր կարելի արագ կատարել, մինչդեռ պետք էր շտապել, որովհետև փոթորիկը հետզհետե ավելի էր ուժեղանում։
Դիկ Սենդը, Օստինը, Ակտեոնը և Բաթը բարձրացան կայմի վրա, Թոմը մնաց ղեկանիվի մոտ, իսկ Հերկուլեսը՝ տախտակամածի վրա, որպեսզի պարանը քաշի, երբ այդ մասին հրաման ստանա։
Երկար ջանքերից հետո կայմերը ազատվեցին առագաստներից, մի գործողություն, որը կատարեցին այդ հանդուգն նեգրերը հարյուր անգամ ծովը թափվելու վտանգի տակ, այնքան որ կայմերը ցնցվում էին։ Այդպիսով, առագաստանավն այժմ առաջ էր գնում միայն երկու կրճատված առագաստներով։
Այժմ առագաստները թեև չափազանց կրճատված էին, սակայն «Պիլիգրիմը» շարունակում էր առաջանալ ծայրահեղ արագությամբ։
Ամսի 12-ին եղանակը ավելի վատացավ։ Այդ օրը, առավոտը վաղ, Դիկ Սենդը սարսափով նկատեց, որ ծանրաչափը ընկել էր մինչև 709 միլիմետր։
Այնպիսի ահռելի փոթորիկ էր սպասվում, որ «Պիլիգրիմը» չէր կարող իր վրա կրել մնացած մի քանի առագաստները։
Դիկ Սենդը տեսնելով, որ թեք կայմի առագաստը պատառոտվելու վտանգի տակ է, կարգադրեց հավաքել։
Սակայն արդեն ուշ էր։ Ահռելի մրրիկն ամբողջ թափով ընկավ նավի վրա և պոկեց առագաստը։ Օստինը, որ այդ միջոցին փոքր առագաստակալի վրա էր, խփվեց կայմին և, աննշան վերք ստանալով, կարողացավ ցած իջնել։
Դիկ Սենդը, չափազանց վրդովված, միայն մի բանի մասին էր մտածում, թե առագաստանավը այդ անդիմադրելի ուժից քշվելով, ամեն րոպե կարող էր ջարդվել, քանի որ, ըստ իր հաշիվների, ծովափի ժայռերը հեռու չպետք է լինեին։ Նա իսկույն գնաց նավաքիթ, սակայն ցամաքի ոչ մի նշան չտեսնելով՝ վերադարձավ ղեկի մոտ։
Մի րոպե հետո Նեգորոն բարձրացավ տախտակամած և հանկարծ, կարծես հակառակ իր կամքի, նրա ձեռքը ուղղվեց դեպի հորիզոնի ինչ-որ կետը։ Թվում էր, թե մշուշի մեջ որևէ բարձր ցամաք էր տեսնում․․․
Մի անգամ ևս չար ժպիտը խաղաց նրա շրթունքներին, առանց մի խոսք արտասանելու՝ նա վերադարձավ իր տեղը։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
