X
Հաջորդ չորս օրերը
Այսպիսով, Դիկ Սենդը դարձավ «Պիլիգրիմի» նավապետը և, առանց ժամանակ կորցնելու, ձեռք առավ բոլոր անհրաժեշտ միջոցները նավի առագաստները պարզելու համար։
Պարզ էր, որ ուղևորները միայն մի բան էին ցանկանում, հասնել ամերիկյան ցամաքի որևէ նավահանգիստ, թեկուզ Վալպարեզոն չլիներ։ Դիկ Սենդը նախ և առաջ որոշել էր ծանոթանալ, թե ինչ ուղղությամբ և ինչ արագությամբ էր դնում «Պիլիգրիմը», որպեսզի հաշվի միջինը։ Դրա համար բավական էր ամեն օր քարտեզի վրա նշանակել անցած ճանապարհը, որը հնարավոր էր լագի և կողմնացույցի միջոցով։ Բարեբախտաբար նավի վրա կար սլաքավոր և պտուտակավոր մի լագ, որը մեծ ճշտությամբ ցույց էր տալիս նավի արագությունը որոշ ժամանակի համար։ Այդ օգտակար գործիքը, որի գործածությունը շատ հեշտ է, մեծ ծառայություն կարող էր մատուցել, և նեգրերը կարող էին կատարելապես այն գործածել։
Միայն հոսանքները կարող էին սխալներ առաջացնել։ Մոտավոր հաշիվը բավական չէր այդ սխալից խուսափելու համար, միայն աստղագիտական դիտումները կարող էին այդ մասին ճշգրիտ գաղափար տալ։ Դժբախտաբար պատանին դեռևս չէր սովորել այդպիսի դիտումներ անել։
Սկզբում Դիկ Սենդը մի րոպե մտածեց «Պիլիգրիմը» տանել Նոր Զելանդիա։ Այդ ճանապարհը ավելի կարճ կլիներ, և նա այդպես էլ կաներ, բայց քամին, որ մինչ այդ հակառակ ուղղությամբ էր փչում, այժմ փոխվեց և նպաստավոր դարձավ։ Այդպիսով, ավելի լավ էր դեպի Ամերիկա ուղղվել։
Իսկապես, քամու ուղղությունն ամբողջապես փոխվել էր և փչում էր հյուսիս-արևմուտքից՝ ուժեղանալու հակումներ ցույց տալով։ Պետք էր ուրեմն առիթից օգտվել և, ինչքան կարելի է, ավելի շատ առաջ գնալ։
Դիկ Սենդը որոշեց պարզել «Պիլիգրիմի» բոլոր առագաստները։
Երկկայմ առագաստանավի առաջակայմի վրա կա չորս քառակուսի առագաստ, իսկ մեծ կայմը, ընդհակառակն, ավելի քիչ առագաստ ունի, ընդամենը երկուսը։
Այդ երկու կայմերի միջև, առջևից նրանց պահող ձողերի վրա, կարելի է ավելացնել եռանկյունաձև առագաստների երեք շարք։
Վերջապես՝ առաջամասում, թեք կայմի վրա հաստատված են երեք առագաստներ։
Միջնակայմի և թեք կայմի առագաստները հեշտ է պարզել և հավաքել տախտակամածից, առանց ձողերի վրա բարձբանալու։
Ընդհակառակն, առաջակայմի առագաստների պարզելն ու հավաքելը ծովային արհեստի ավելի մեծ փորձառություն է պահանջում։ Դրանք պարզելու համար անհրաժեշտ է բարձրանալ կայմի ձողերի և պարանների վրա, և ոչ միայն բարձրացնելու, այլև նրանց ծավալը փոքրացնելու համար։ Այդ գործողության համար պետք է վազել պերտպարանների վրայով (դրանք ձողերի տակ կապված շարժական պարաններ են), աշխատել մեկ ձեռքով, մյուսով պարանին կառչելով, այս մանևրը դժվար և վտանգավոր է անվարժ մարդկանց համար։ Չխոսելով կողերի և ողնուցի ցնցումների մասին, որոնք այնքան ավելի ուժեղ են լինում, ինչքան ավելի վեր է նավաստին բարձրանում կայմի վրա, մի քիչ ուժեղ քամու տակ թրթռացող առագաստները կարող են ծովը նետել նավաստուն։ Այդպիսով, Թոմի և նրա ընկերների համար վտանգավոր գործողություն էր այդ։
Բարեբախտաբար, քամին չափավոր էր․ ծովը դեռևս չէր ալեկոծվել․ նավի ցնցումներն ու տատանումները չափավոր էին։
Այն միջոցին, երբ Դիկ Սենդը, նավապետ Հուլի ազդանշանով, ուղղվել էր դեպի աղետի վայրը, «Պիլիգրիմի» առագաստներից պարզված էին միայն եռանկյունի առագաստը, առաջակայմի առագաստը և կայմահարթակի առագաստը։ Որպեսզի կարողանար ավելի մոտիկից դրեյֆել, պատանուն մնում էր օգտագործել առաջակայմի առագաստը։ Նեգրերը առանց դժվարանալու օգնել էին նրան՝ կատարելու այդ գործը։
Այժմ պետք էր առագաստները դասավորել քամու ուղղությամբ և, առագաստները լրացնելու համար, բարձրացնել հարթակայմի, մանրակայմի նետաձև առագաստները, կայմակալների առագաստները։
— Բարեկամներս,— ասաց պատանին հինգ նեգրերին,― կատարեցեք իմ հրամանները, և ամեն ինչ լավ կգնա։
Դիկ Սենդը մնացել էր ղեկի մոտ։
— Սկսե՛ք,— բացականչեց պատանին,— արձակե՛ք անկյունապարանը։
— Արձակե՞լ․․․— ասաց Թոմը, ոչինչ չհասկանալով այդ խոսքից։
― Այո, քանդեք, դուք ևս, Բա՛թ․․․ արեք նույնը․․․ ձգե՛ք․․․ պնդացրե՛ք․․․ դե՛, քաշե՛ք։
— Այսպե՞ս,— հարցրեց Բաթը։
— Այո, այդպես։ Շատ լավ․․․ դե՛, Հերկուլես․․․ աշխուժացի՛ր։
Գուցե անխոհեմություն էր Հերկուլեսին ասել «աշխուժացի՛ր»։ Հսկան, առանց զգալու, այնպես ուժգին քաշեց, որ քիչ էր մնացել կտրեր պարանը։
— Չէ՛, ոչ այդքան ուժեղ,— բացականչեց Դիկ Սենդը՝ ծիծաղելով։— Քիչ էր մնում կայմը տապալեիք։
— Իսկ ես թեթև քաշեցի,— պատասխանեց Հերկուլեսը։
— Լավ, ուրեմն այնպես արեք, իբր թե քաշում եք, այդքանն էլ բավական է․․․ Լավ, թուլացրեք․․․ Ձգե՛ք․․․ Բաց թողեք ձեռքը․․․ պնդացրեք․․․ կապեք․․․ այդպես․․․ լավ․․․
Եվ առաջակայմի, որի ձախակողմյան թևերը թուլացրել էին, առագաստը դանդաղորեն շրջվեց։
Քամին ուռեցնելով առագաստները՝ մասամբ ավելացրեց նավի արագությունը։
Դիկ Սենդը մի քիչ թուլացրեց եռանկյունի առագաստների պարանները ու իր մոտ կանչելով նեգրերին՝ ասաց․
— Այս գործը կատարվեց, բարեկամներս, և լավ կատարվեց։ Այժմ զբաղվենք մեծ կայմով։ Բայց ոչինչ չջարդեք, Հերկուլես։
— Կաշխատեմ,— պատասխանեց հսկան՝ առանց դրանից ավելին խոստանալու։
Այս երկրորդ մանևրը բավական հեշտ եղավ։ Առագաստաձողի պարանը մեղմորեն թուլացնելով՝ ետևի կողմի առագաստը քամին ավելի նորմալ ընդունեց իր մեջ և նրա հզոր ազդեցությունը ավելացավ առջևի առագաստների ուժի վրա։
Այնուհետև նետաձև առագաստը բարձրացրին բրիգանդենի վրա, և քանի որ նա պարզապես իջեցված էր, ապա մնում էր միայն քաշել առագաստաձիգ պարանը և ամրացնել։ Բայց Հերկուլեսը, ինչպես նաև նրա բարեկամ Ակտեոնը, չհաշված փոքրիկ Ջեկին, որը միացել էր նրանց, այնպիսի ուժով քաշեցին պարանը, որ ճախարակը միանգամից կոտրվեց։
Երեքը միասին գետին տապալվեցին՝ բարեբախտաբար, առանց վնասվելու։ Ջեկը հիացել էր։
— Ոչինչ, ոչինչ,— բացականչեց պատանին,— ժամանակավորապես կապեք երկու ծայրերը և նորից քաշեք, բայց ավելի կամաց։
Այս անգամ գործողությունը կատարվեց Դիկ Սենդի անմիջական հսկողությամբ։ «Պիլիգրիմը» արդեն արագ ընթանում էր արևելքի ուղղությամբ, մնում էր միայն պահել այդ ուղղությունը։ Դրանից հեշտ բան չկար, որովհետև քամին չափավոր էր, իսկ շեղումները երկյուղալի չէին։
— Լավ է, բարեկամներս,— ասաց պատանին։— Դուք լավ նավաստիներ կդառնաք՝ մինչև ուղևորության վերջանալը։
— Մենք հնարավորը կանենք, նավապետ Սենդ,— պատասխանեց Թոմը։
Փոքրիկ Ջեկն էլ մասնակից եղավ գովասանքին, քանի որ այնքան լավ էր աշխատել։
Տիկին Ուելդոնը նույնպես գովաբանեց այդ հիանալի մարդկանց։
— Ինձ թվում է նույնիսկ, պարո՛ն Ջեկ,— ասաց Հերկուլեսը ծիծաղելով,— որ դուք ջարդեցիք ճախարակը, ինչպիսի՜ գեղեցիկ, փոքրիկ բռունցք ունեք դուք․ առանց ձեզ մենք ոչինչ չէինք կարող անել։
Փոքրիկ Ջեկը, խիստ հպարտ զգալով իրեն, պինդ սեղմեց իր բարեկամի՝ Հերկուլեսի ձեռքը։
Սակայն «Պիլիգրիմի» առագաստները լրիվ չէին պարզված, դեռևս մնում էին բարձրի առագաստները, որոնց նշանակությունը չէր կարելի աչքաթող անել կողմնակի ուժեղ քամու դեպքում։ Հորիզոնակայմերը, մանրակայմերը, նեցուկային առագաստները, այդ բոլորը զգալիորեն կավելացնեին նավի արագությունը, ուստի Դիկ Սենդը որոշեց դրանք ևս բարձրացնել։
Այդ մանևրն ավելի դժվար կլիներ, քան նախորդները․ եթե ներքևի առագաստները կարելի էր պարզել նավի տախտակամածից, ապա միևնույնը չէր կարելի անել վերևի առագաստների համար․ դրանց պարզելը պահանջում էր բարձրանալ կայմի ծայրը, և Դիկ Սենդը, չցանկանալով վտանգի ենթարկել անփորձ անձնակազմին, ինքն զբաղվեց այդ գործով։
Կանչելով Թոմին իր մոտ՝ նրան հանձնեց ղեկանիվը, ցույց տալով, թե ինչպես պետք է պահել նավի ուղղությունը։ Այնուհետև Հերկուլեսին, Բաթին, Ակտեոնին և Օստինին կանգնեցնելով իրենց տեղերը, երկուսին առագաստաձիգ պարանների մոտ, մյուսներին՝ բռամառագաստների մոտ, ինքը բարձրացավ կայմի վրա։ Պատանին շատ հեշտությամբ մագլցեց առաջակայմի կայմակների պարանե աստիճաններով, կայմահարթակի պարանե աստիճաններով և հասավ կայմաձողերին։ Մի րոպեում նա հասավ բռամառագաստաձողի պատվանդանին և թուլացրեց առագաստը ամրացնող կապերը։
Այնուհետև կրկին բարձրացավ ձողերի վրա, մագլցեց առագաստաձիգ պարաններով և արագորեն թուլացրեց առագաստը։
Դիկ Սենդը ավարտել էր իր գործը, ուստի, բռնելով ձախակողմի երկար պարաններից մեկը, սահեց և իջավ տախտակամածի վրա։
Այնտեղ նրա հրահանգներով երկու առագաստները լավ ամրացրին, այնուհետև երկու առագաստակալները բարձրացրին միանգամից։ Որից հետո կայմակողերի առագաստները պարզելով մեծ կայմի և առաջակայմի միջև՝ այդ գործողությունն էլ ավարտվեց։
Հերկուլեսը ոչինչ չէր ջարդել այս անգամ։
«Պիլիգրիմի» բոլոր առագաստներն այժմ պարզվել էին կայմերի վրա։ Կասկած չկա, որ Դիկ Սենդը կարող էր բարձրացնել նաև աջակողմյան կայմակողերի առագաստները, սակայն այդ գործողությունն ավելի դժվար կլիներ ներկա պայմաններում, և եթե կարիք լիներ հավաքել եղանակի վատանալու դեպքում, ապա՝ դժվար կլիներ կատարել պահանջված արագությամբ։ Ուստի պատանին այդքանով բավարարվեց։
Դրանից հետո Թոմը իրավունք ստացավ հեռանալ ղեկի մոտից, և Դիկ Սենդը գրավեց իր տեղը։
Քամին ուժեղանում էր։ «Պիլիգրիմը» մի քիչ թեքված աջ կողին՝ արագ լողում էր, հետևից թողնելով հարթ հետք, որը վկայում էր առագաստանավի սահուն ընթացքը։
— Ահա այժմ լավ առաջ ենք գնում, տիկին Ուելդոն,— ասաց Դիկ Սենդը,— թող միայն աստված տևական դարձնի այս բարեհաջող քամին։
Տիկին Ուելդոնը սեղմեց պատանու ձեռքը։ Այնուհետև վերջին ժամերի հուզումնալի ապրումներից հոգնած՝ քաշվեց իր խցիկը և թաղվեց մի տեսակ ծանր թմրության մեջ, որը չէր կարելի քուն անվանել։
Առագաստանավի նոր անձնակազմը մնաց տախտակամածի վրա, հսկելով նավի առաջամասում, պատրատ լինելով կատարել Դիկ Սենդի հրամանները, այսինքն՝ փոխել առագաստների դիրքը՝ ըստ քամու փոփոխությունների։ Բայց քանի դեռ քամին պահում էր միևնույն ուժն ու ուղղություն, ոչինչ չէր մնում անել։
Ինչ էր անում այդ միջոցին կուզեն Բենեդիկտը։
Կուզեն Բենեդիկտը զբաղված էր խոշորացույցի տակ ուսումնասիրելով մի հոդավոր, որը կաողացել էր, վերջապես, գտնել նավի վրա, մի հասարակ ուղղաթև, որի գլուխը կորչում էր նախակրծքի տակ, տափակ վերնաթևերով, կլոր որովայնով, բավական երկար թևերով, և պատկանում էր ամերիկյան ուտիճների տեսակին։
Նեգորոյի խոհանոցը տակնուվրա էր արել կուզեն Բենեդիկտը, մինչև որ գտել էր այդ թանկագին միջատը այն միջոցին, երբ խոհորարը պատրաստվում էր անխնա ճզմել դրան։ Այդ բանը սաստիկ զայրացրել էր միջատաբանին, բայց Նեգորոն անուշադրության էր մտանել նրա զայրույթը։
Իսկ կուզեն Բենեդիկտը գիտե՞ր արդյոք, թե ինչպիսի փոփոխություն էր տեղի ունեցել նավի վրա՝ սկսած այն րոպեից, երբ նավապետ Հուլը և նրա նավաստիները սկսել էին զոլավորի չարաբաստիկ որսը։ Իհարկե գիտեր։ Նա նույնիսկ տախտակամածի վրա էր, երբ «Պիլիգրիմը» հասել էր կետորս մակույկի բեկորների մոտ։ Ուրեմն առագաստանավի անձնակազմը կորել էր նրա աչքի առաջ։
Ենթադրել, թե այդ աղետը նրա վրա չէր ազդել, կնշանակեր նրան մեղադրել անսրտության մեջ։ Ուրիշի հանդեպ առաջացող գութը, որն ամեն մարդ զգում է, նա ևս անպայման զգացել էր։ Նա նույնպես վշտանում էր այն ծանր դրության համար, որի մեջ ընկել էր իր զարմուհին։ Նա մոտեցել և սեղմել էր տիկին Ուելդոնի ձեռքը, կարծես նրան ասելու համար․ «Չվախենա՛ք, ես այստեղ եմ և միշտ էլ կմնամ ձեզ մոտ»։
Այնուհետև կուզեն Բենեդիկտը վերադարձել էր իր խցիկը՝ անտարակույս, խորհելու այդ դժբախտ դեպքի հետևանքների և վճռական միջոցներ ձեռք առնելու մասին։
Սակայն ճանապարհին պատահել էր վերոհիշյալ ուտիճը։ Եվ որովհետև նա հավակնություն ուներ հակառակ մի շարք միջատաբանների կարծիքին ապացուցել, թե ֆորասպեների տեսակին պատկանող և իրենց գույնով նշանավոր ուտիճները բոլորովին տարբերվում են իսկական ուտիճներից իրենց սովորություններով, ուստի, ուտիճը ամրողջովին կլանեց նրա ուշադրությունը, և կուզեն Բենեդիկտը րոպեապես մոռացավ, որ գոյություն ուներ «Պիլիգրիմի» նավապետ Հուլը, և որ այդ գժբախտ մարդը կորել էր իր անձնակազմի հետ միասին։
Նա տարվել էր միայն ուտիճով և այնպես էր տարվել, որ կարծես այդ զզվելի միջատը հազվագյուտ ոսկեբզեզ լիներ։
Առագաստանավի վրա կյանքը նորից ստացել էր իր սովորական ընթացքը, թեև ուղևորներից յուրաքանչյուրը դեռ երկար ժամանակ կմնար այնքան կսկծալի և անսպասելի հարվածի ազդեցության տակ։
Այդ օրը Դիկ Սենդը ուղղակի հազար կտոր եղավ, որպեսզի ամեն ինչ իր տեղը լինի, և կարողանա կանխել բոլոր անակնկալները։ Նեգրերը նրան հնազանդվում էին մեծ ոգևորությամբ։ Ամենակատարյալ կարգ ու կանոն էր տիրում «Պիլիգրիմի» վրա։ Կարելի էր, ուրեմն, հուսալ, որ ամեն ինչ կընթանար անխափան։
Նեգորոն էլ իր հերթին այլևս չփորձեց խուսափել Դիկ Սենդի իշխանությունից։ Թվում էր, թե նա լռելյայն ընդունել էր նրա հեղինակությունը։ Առաջվա նման զբաղված լինելով իր նեղ խոհանոցում՝ շատ քիչ էր դուրս գալիս այնտեղից։ Ի դեպ ասած՝ ամենափոքր օրինազանցության դեպքում, անհնազանդության առաջին իսկ նշանին, Դիկ Սենդը որոշել էր նրան բանտարկել նավամբարում մինչև նավագնացության վերջը։ Պատանու առաջին իսկ նշանով Հերկուլեսը կբռներ խոհարարի վզակոթից։ Երկար չէր տևի այդ գործողությունը։ Այդ դեպքում Նանը, որ լավ խոհարար էր, կարող էր փոխարինել նրան։ Ուրեմն Նեգորոն հասկացած պետք է լիներ, որ իր ներկայությունը անհրաժեշտ չէր, և, տեսնելով, որ իր վրա հսկողություն կար, այնպես արեց, որ դժգոհության ոչ մի առիթ չտա։
Քամին թեև շարունակում էր ուժեղանալ, սակայն մինչև մթնելը կարիք չեղավ որևէ փոփոխություն մտցնել «Պիլիգրիմի» առագաստների դասավորության մեջ։ Առագաստանավի ամրապինդ նավասարքը, ինչպես նաև երկաթե սարքը, որը լավ վիճակում էր, թույլ էին տալիս նրան այդքան շատ առագաստներով դիմանալ ավելի ուժեղ քամուն իսկ։
Գիշերվա ընթացքում սովորաբար կրճատում են առագաստների ծավալը, հատկապես բարձրի առագաստներինը։ Այդ արվում է որպես նախազգուշություն որևէ անսպասելի հողմ բարձրանալու դեպքում։ Սակայն Դիկը չդիմեց այդ միջոցառմանը։ Մթնոլորտային վիճակը ոչ մի վատ անակնկալ չէր նախագուշակում, բացի դրանից, պատանին որոշած լինելով այդ առաջին գիշերն անցկացնել նավի կամրջակի վրա, ցանկանում էր մոտիկից հետևել բոլոր իրադարձություններին։ Եվ որովհետև առագաստանավը շատ արագ էր ընթանում, պատանին շտապում էր հասնել ավելի քիչ ամայի ափի։
Վերը ասվեց, որ լագը և կողմնացույցը միակ գործիքներն էին, որոնք կարող էր օգտագործել Դիկ Սենդը՝ մոտավորապես իմանալու համար «Պիլիգրիմի» անցած ճանապարհի երկարությունը։
Այդ օրվա ընթացքում պատանին լագը ծովը նետել տվեց յուրաքանչյուր կես ժամը մեկ և գրանցեց գործիքի ցուցումները։
Ինչ վերաբերում է կողմնացույցին, այդպիսիք երկու հատ էին նավի վրա․ մեկը դրված էր կողմնացույցի արկղիկի մեջ, ղեկը վարողի աչքի առաջ։ Նրա նշատախտակը, ցերեկը լուսավորվելով օրվա լույսով, իսկ գիշերը երկու կողմնային ճրագների լույսով, ամեն րոպե ցույց էր տալիս նավի ուղղությունը։
Մյուս կողմնացույցը ամրացված էր այն խցիկի պատին, որտեղ առաջ ապրում էր նավապետ Հուլը։ Այդպիսով, առանց սենյակից դուրս գալու, նա կարող էր միշտ հետևել, թե արդյոք տվյալ ուղղությունը ճշտությամբ պահվում է, թե ղեկի առաջ կանգնողը անփորձության կամ անհոգության հետևանքով շեղումներ չի՞ առաջացնում։
Հեռավոր նավագնացության պատկանող բոլոր նավերը գրեթե միշտ առնվազն երկու կողմնացույց ունեն, ինչպես նաև երկու քրոնոմետր։ Անհրաժեշտ է համեմատել այդ երկու գործիքները միմյանց հետ, հետևապես՝ ստուգել նրանց ցուցումները։
Այդպիսով՝ «Պիլիգրիմը» բավականաչափ ապահովված էր այդ տեսակետից, և Դիկ Սենդը պատվիրեց իր մարդկանց հոգատարությամբ հետևել երկու կողմնացույցներին, որոնք իրեն այնքան անհրաժեշտ էին։
Եվ ահա, դժբախտաբար, փետրվարի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ պատանին հերթապահ էր և ղեկանիվի առաջ էր կանգնել, մի անախորժ դեպք պատահեց։ Նավապետի խցիկում պղնձե կեռիկից կախված կողմնացույցը պոկվելով ընկավ հատակին։ Այդ նկատեցին միայն հաջորդ օրը։
Ինչպե՞ս պատահեց, որ կեռիկը պոկվեց, անբացատրելի էր։ Կարող է պատահել, որ կեռիկը ժանգոտվել էր և առագաստանավի ուժեղ շարժումների հետևանքով պոկ գալով վայր ընկավ։ Իսկապես ծովը ավելի ալեկոծ էր եղել այդ գիշեր։ Այսպես թե այնպես, կողմնացույցը ջարդվել էր և նորոգել հնարավոր չէր։
Դիկ Սենդը խիստ վրդովվեց։ Այժմ նա ստիպված էր դիմել արկղիկի միակ կողմնացույցին։ Ըստ երևույթին, երկրորդ կողմնացույցը ջարդվելու գործում ոչ ոք պատասխանատու չէր, սակայն այդ կորուստը կարող էր վատ հետևանքներ ունենալ։ Ուստի պատանին բոլոր միջոցները ձեռք առավ, որպեսզի երկրորդ կողմնացույցը պաշտպանված լինի ամեն տեսակ արկածներից։
Մինչև այժմ, բացի այդ դեպքից, ամեն ինչ լավ էր ընթանում «Պիլիգրիմի» վրա։
Տիկին Ուելդոնը, տեսնելով Դիկ Սենդի սառնասրտությունը, նորից համակվեց վստահությամբ։ Չի կարելի ասել, թե նա կորցրել էր հույսը և հուսահատվել։
Դիկ Սենդը աշխատանքն այնպես դասավորեց, որ ղեկի մոտ մնա գիշերվա ընթացքում։ Նա ցերեկը քնում էր հինգ կամ վեց ժամ, և այդքանը բավական էր համարում, քանի դեռ իրեն հոգնած չէր զգում։ Թոմը կամ նրա որդին՝ Բաթը, նրան փոխարինում էին ղեկանիվի մոտ և, շնորհիվ իր տված խորհուրդների, հետզհետե բավարար ղեկակալներ էին դառնում։
Հաճախ տիկին Ուելդոնը և պատանին զրուցում էին։ Դիկ Սենդը հոժարակամ խորհրդակցում էր քաջարի և խելացի կնոջ հետ։ Ամեն օր նա նավի քարտեզի վրա ցույց էր տալիս անցած ճանապարհը, որը հաշվում էր մոտավորապես, հիմնվելով նավի ուղղության և արագության վրա։
— Տեսեք, տիկին Ուելդոն,— կրկնում էր նա հաճախ,— այս նպաստավոր քամիներով մենք անպայման կհասնենք հարավային Ամերիկայի ծովափը։ Ես չեմ ուզում պնդել, սակայն կարծում եմ, որ երբ մեր առագաստանավը ցամաք տեսնի, ապա, ուրեմն, հեռու չի լինի Վալպարեզոյից։
Տիկին Ուելդոնը չէր կասկածում, թե նավը ճիշտ ճանապարհի վրա էր գտնվում, մանավանդ, որ հետևից փչում էր հյուսիս-արևմտյան քամին։ Բայց «Պիլիգրիմը» դեռևս ինչքա՜ն հեռու էր թվում ամերիկյան մայրցամաքից։ Ինչքա՜ն վտանգներ էին դեռևս սպասում նրանց, չհաշված եղանակի փոփոխություններից առաջացած վտանգները։
Ջեկը անհոգ, ինչպես իր տարիքի բոլոր երեխաները, վերսկսել էր սովորական խաղերը, վազելով տախտակամածի վրա, զվարճանալով Դինգոյի հետ։ Նա անկասկած նկատում էր, որ Դիկն առաջվա նման իրենով չէր զբաղվում, բայց մայրը նրան հասկացրել էր, որ պետք էր պատանուն թողնել հանգիստ, որ նա ամբողջովին զբաղվի իր գործով։ Փոքրիկ Ջեկը համակերպվել էր և այլևս չէր անհանգստացնում «նավապետ Սենդին»։
Այդպես էր իրերի դրությունը առագաստանավում։ Նեգրերը խելացիորեն կատարում էին իրենց աշխատանքը և օրեցօր ավելի վարժվում ծովային աշխատանքներին։ Թոմը, բնականորեն, ավագ նավաստի էր, քանի որ մյուս չորս ընկերները հենց նրան կընտրեին այդ պաշտոնի համար։ Նա էր ղեկավարամ հերթափոխությունն այն ժամերին, երբ պատանին հանգստանում էր, իր հետ ունենալով իր որդի Բաթին և Օստինին, իսկ Ակտեոնն ու Հերկուլեսը հաջորդ հերթափոխին էին պատկանում՝ Դիկ Սենդի ղեկավարության տակ։ Այդ ձևով, երբ մեկը ղեկի մոտ էր կանգնում, մյուս երկուսը հսկում էին նավաքթում։
Թեև այս մասերում ծովն ամայի էր, և որևէ բախում սպասելի չէր, այնուամենայնիվ, պատանին խիստ աչալուրջ էր գիշերվա ժամերին։ Երբեք չէր նավարկում առանց կողային երկու լապտերների, կանաչը աջ կողմում, կարմիրը՝ ձախում և խելացի էր վարվում։
Սակայն այն գիշերները, երբ Դիկ Սենդը ամբողջ ժամանակ անց էր կացնում ղեկանիվի մոտ, երբեմն անդիմադրելի ուժասպառություն էր զգում։ Այդպիսի դեպքերում նրա ձեռքը աշխատում էր լոկ բնազդով։ Այդ հետևանք էր հոգնածության, որին, սակայն, նա չէր ուզում ուշադրություն դարձնել։
Եվ ահա այնպես պատահեց, որ փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը, խիստ հոգնած լինելով, Դիկ Սենդը ստիպված եղավ մի քանի ժամ հանգստանալ, և ղեկանիվի մոտ նրան փոխարինեց ծերունի Թոմը։
Երկինքը ծածկված էր թանձր ամպերով, որոնք ցածրացել էին երեկոյան ցրտի ազդեցությամբ։ Այդպիսով՝ շատ մութ էր, և անկարելի էր որոշակի տեսնել բարձր առագաստները, որոնք կորչում էին խավարի մեջ։ Հերկուլեսն ու Ակտեոնը հերթապահում էին նավաքթում։
Նավախելում կողմնացույցի արկղիկը թույլ լույս էր արձակում և մեղմորեն ճառագայթում ղեկի մետաղե անիվի վրա։ Կողային նշանատու լապտերները լուսավորում էին նավից դեպի ծովն ընկած տարածությունը՝ տախտակամածը թողնելով խոր մթության մեջ։
Առավոտյան Ժամը երեքի մոտ տեղի ունեցավ հիպնոսի երևույթ։ Ծերունի Թոմը, աչքերը երկար ժամանակ սևեռած լինելով կողմնացույցի արկղիկի լուսավոր մի կետի, միանգամից կորցրեց տեսողության զգացողությունը և ընկավ կատարյալ թմրության մեջ։
Նա ոչ միայն ոչինչ չէր տեսնում, այլև, եթե նրան դիպչեին կամ ուժեղ կսմթեին, հավանական է, որ ոչինչ չէր զգա։
Հետևապես չնկատեց, թե ինչպես մի ստվեր անցավ տախտակամածի վրայով։

Դա Նեգորոն էր։
Հասնելով նավախել, խոհարարը կողմնացույցի արկղիկի մեջ դրեց ինչ-որ ծանր բան, որը բռնել էր ձեռքում։
Այնուհետև, մի րոպե նայելով կողմնացույցի լուսավոր շրջանակին, հեռացավ առանց որևէ մեկից նկատվելու։
Եթե հաջորդ օրը Դիկ Սենդը նկատեր կողմնացույցի արկղի տակ դրած իրը, անկասկած իսկույն կվերցներ այնտեղից։
Բանն այն է, որ Նեգորոյի դրած իրը երկաթի կտոր էր, որի ազդեցության տակ կողմնացույցը սխալ նշաններ սկսեց ցույց տալ։ Մագնիսական սլաքը շեղվել էր և, փոխանակ ցույց տալու հյուսիս, ցույց էր տալիս հյուսիս-արևելք։ Այդպիսով, առաջացել էր 45° անկյան շեղում։
Թոմը, գրեթե անմիջապես սթափվեց թմրությունից։ Հայացքը հառեց կողմնացույցին․․․ նրան թվաց (և իսկապես այդպես պետք է թվար), որ «Պիլիգրիմը» ուղիղ ճանապարհի վրա չէր։
Թոմը մի շարժումով շրջեց ղեկանիվը, որպեսզի նավի ուղղությունը վերադարձնի դեպի արևելք։ Ինքը գոնե այդպես էր մտածում։
Սակայն սլաքի շեղումով, որի մասին նա չէր կարող կասկածել, նավի ուղղությունը հարավ-արևելք դարձավ։
Այդպիսով, նպաստավոր քամու ազդեցության տակ «Պիլիգրիմը» փոխանակ առաջադրված ուղղությամբ ընթանալու, առաջ էր գնում քառասունհինգ աստիճանի շեղումով։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38
