Գլուխ իններորդ
9.1. Շահի, ճակատագրի և մարդկային սիրո մասին Ուսուցիչը խոսում էր ամենից հազվադեպ։
9.2. Դա-սյան գյուղից մի մարդ ասաց․
― Ուսուցիչը հիրավի նշանավոր մարդ է։ Նա մեծ խելք ունի, բայց դժբախտաբար չունի այն շնորհքը, որով կարող է հռչակավոր դառնալ։
Այս բանը լսեց Կոնֆուցիոսը և ասաց աշակերտներին․
― Հիմա Ի՞նչ անեմ ես։ Զբաղվեմ նետաձգությա՞մբ, թե՞ դառնամ կառապան։
Ինձ թվում է, պետք է զբաղվեմ կառապանությամբ [Կոնֆուցիոսի պատասխանը հեգնական շեշտ ունի]։
9.3. Կոնֆուցիոսն ասաց.
― Ծիսակատարությունների ժամանակ ամենաճիշտը գլխին կտավե ապարոշ կրելն է։ Բայց հիմա օգտագործում են սև մետաքս։ Այդպես ավելի հարմար է, և ես հետևում եմ ընդհանուրին։
Ծիսակատարական կարգի համաձայն իշխանին հարգալից խոնարհումով պետք է դիմավորեն նախնիների տաճարի աստիճանների մոտ, սակայն այսօր նրան դիմավորում են այն բանից հետո, երբ արդեն մտնում է տաճար։ Սա հանդգնություն է։ Եվ եթե ես այդ դեպքում ընդհանուրին հակառակ եմ գնում, ապա խստորեն հետևում եմ ավանդույթին։
9.4. Ուսուցիչը բոլորովին հեռու էր կանխակալությունից, կասկածի տեղիք տալուց, կասկածներ չընդունող անառարկելիությունից, թանձրամիտ համառությունից և եսասիրությունից։
9.5. Երբ մի անգամ Կուանգ նահանգում վտանգվեց Ուսուցչի կյանքը, նա ասաց.
— Արքա Վենը այլևս չկա, մի՞թե ես չեմ ժառանգելու բարոյականության և կարգուկանոնի սկզբունքները։ Եթե երկինքը ցանկանա, որ խորտակվեն դրանք, ուրեմն ես չեմ կարող դրանք ժառանգել, իսկ եթե երկինքը չկամենա, ի՞նչ կարող են ինձ անել Կուանգ Նահանգի մարդիկ։
9.6. Վարչապետը Ցզի-գունին հարցրեց.
— Ձեր ուսուցիչը չէ՞, որ այդքան իմաստուն ու կատարյալ է։ Ինչպե՞ս է, որ միայն նա այդքան ընդունակություններ ու տաղանդ ունի։
Ցզի-գունը պատասխանեց.
— Անքննելի է երկնքի կամքը, որ նրան դարձրել է այդպես իմաստուն ու կատարյալ։ Ահա թե որտեղից են նրա ընդունակությունները։
Այդ մասին լսելով՝ Ուսուցիչը նկատեց.
— Ուրեմն ինձ ճանաչո՞ւմ է վարչապետը։ Ես ծանր երիտասարդություն եմ ունեցել։ Այդ պատճառով ստիպված եմ եղել շատ սովորական բաներ իմանալ, որ բնավ էլ հիացմունքի արժանի չեն։ Սակայն պարտադի՞ր է ազնվականի համար ամեն ինչ իմանալ։ Բանն էլ հենց այդ է, որ՝ ոչ։
9.7. Աշակերտ Լաոն ասաց.
— Ուսուցիչն այսպես խոսեց մի անգամ իր մասին. «Քանի որ ես պետական ծառայության համար պետք չեկա, ուստի ինձ նվիրեցի այլ հմտություններ յուրացնելուն։
9.8. Կոնֆուցիոսն ասաց.
— Ես շա՞տ գիտեմ։ Ոչ, բոլորովին ոչ։ Պատահում Է, հասարակ գյուղացի մարդը ինձ որևէ բան է հարցնում, և ես նրա հարցին պատասխանելու համար ինձ բոլորովին կորցնում եմ։ Հետո միայն, երբ խնդիրը քննում եմ բոլոր կողմերից, և կարողանում եմ պատասխանել նրան, ինձ լավ եմ զգում։
9.9. Կոնֆայիոսն ասաց.
― Փյունիկ թռչունը [Փյունիկ թռչունը խաղաղության, երջանկության և ուրախության նշան էր։ Նրա երևալը նշանակում էր, որ շուտով գալու է մի իմաստուն թագավոր և աշխարհը կարգավորվելու է] չի գալիս, գետն էլ նշաններ չի ուղարկում [Ակնարկում է չինական մի հին հավատալիք]։ Վախենամ թե՝ վերջս եկել է [Կոնֆուցիոսը կասկածում է, որ ինքը չի կարող գտնել այն թագավորին, որը պատրաստ լինի իր ուսմունքին տեր կանգնելու]։
9.10. Տեսնելով սգո կամ տոնական զգեստներ հագած մի մարդու և կամ կույրի, Ուսուցիչը վեր էր կենում տեղից և կանգնում։ Ճանապարհին նրանց հանդիպելիս նույնպես դառնում էր ուշադիր ու հարգալից։
9.11. Խոր հառաչելով՝ Ցան Հուին ասաց.
— Որքան վերև եմ նայում, այնքան ավելի նա վեր է բարձրանում։ Որքան ավելի շատ եմ ձգտում թափանցել ներսը այնքան ավելի անթափանց է դառնում։ Պարզ տեսնում ես, որ առջևդ է, բայց մեկ էլ հանկարծ հայտնվում է հետևումդ։ Թեև Ուսուցչի ուսմունքը դժվարամատչ է, այնուամենայնիվ նա կարողանում է մարդկանց ինչ-որ կախարդանքով իր կողմը ձգել ու քայլ առ քայլ առաջ տանել։
Կրթելով՝ նա ընդլայնում է իմ գիտելիքները, ուսուցանելով՝ մշակում իմ վարքը ծիսակատարությունների ու պատշաճության օրենքների համաձայն։
Դա իմ սրտով է, և այլևս չեմ կարող չխորանալ նրա ուսմունքի մեջ։
Ես լարում եմ իմ բոլոր ուժերը, և ինձ մի պահ թվում է, թե ամեն ինչ պարզ է արդեն։ Բայց որքան էլ ձգտում եմ հասնել նրան, չեմ կարողանում։
9.12. Երբ Ուսուցիչը ծանր հիվանդացավ, Ցզի-լուն ասաց, որ աշակերտները պետք է սպասավորի ու ծառայողի պաշտոն կատարեն, որ նրանք պետք է հոգ տանեն թաղման արարողության ու ընթացքի մասին՝ ի նշան մեծ հարգանքի։
Եվ երբ հիվանդությունն անցավ և Ուսուցիչն արդեն լավանում էր, ասաց.
— Ես վաղուց արդեն գիտեի, որ Ցզի-լուն կեղծ մարդ է։ Չունենալով ծառայողներ պահելու իրավունք, ես պետք է ցույց տափ, թե իբր ունե՞մ այդպիսիք։ Ո՞ւմ էինք խաբելու դրանով, երկնքի՞ն։
Բացի դրանից, ավելի լավ չէ՞ մեռնել աշակերտներիս թևերի վրա, քան սպասավորների։ Եվ եթե նույնիսկ ճոխ թաղման չարժանանայի, միևնույն է, ինձ հո փողոցում չէի՞ն թաղելու։
9.13. Ցզի-գունն ասաց.
— Մի գեղեցիկ ադամանդ ունեմ։ Ի՞նչ անեմ այն։ Դնեմ սնդուկը ու լավ պահպանե՞մ, թե՞ մի վաճառական գտնեմ ու լավ գնով վաճառեմ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Վաճառի՛ր, վաճառի՛ր, գնորդ ես կգտնեմ [Այստեղ «թանկագին քար» արտահայտությունը պետք է հասկանալ իբրև ընդունակություններ։ Կոնֆուցիոսը այն կարծիքին է, որ «վաճառելով» ընդունակությունները, մարդը կարող է օգուտ բերել հասարակությանը]։
9.14. Ուսուցիչն ուզում էր գնալ բարբարոսների մեջ ապրելու։ Ինչ-որ մեկն ասաց.
— Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ նրանք անկիրթ են։
Բայց Կոնֆուցիոսը նկատեց.
— Երբ այնտեղ մի ազնվական կա, ինչպե՞ս կարող են նրանք անկիրթ լինել։
9.15. Կոնֆուցիոսն ասաց.
— Վեյ երկրից Լու երկիր իմ վերադառնալուց հետո երաժշտությունը կարգավորվել է, նորից իրենց ճիշտ տեղում են հնչում տոնական երգերը և ներբողները [Սրանք «Երգերի գրքի» մասերն են]։
9.16. Կոնֆուցիոսն ասաց.
― Դրսում հպատակվել իշխանատանը, իսկ ընտանիքում՝ հորը և ավագ եղբայրներին։
Բարեխիղճ լինել հանգուցյալների հանդեպ և թաղման ու սգի ժամանակ կատարել բոլոր պարտականությունները։
Հեռու մնալ գինուց։
Այս ամենից հիմա ինձ ո՞ր մեկն է հաջողվել։
9.17. Մի անգամ, երբ կանգնած էր գետի ափին ասաց.
— Այս ջրերի նման ամեն ինչ հոսում է ու կորչում։ Անկասելի է շարժումը գիշեր ու ցերեկ։ Եվ այսպես անվերջ անցնում է ժամանակը։
9.18. Կոնֆուցիոսն ասաց.
— Ես դեռ չեմ տեսել մեկին, որ ներքին գեղեցկություն սիրի այնպես, ինչպես արտաքին սիրունությունը։
9.19. Կոնֆուցիոսն ասաց.
— Սովորելը նման է հողը մի տեղ կուտակելուն։ Երբ բլուրն արդեն պատրաստ է, բացի մի զամբյուղ հողից, զարմանքով տեսնում ես, որ պակասողը հենց այն տեղի հողն է, որտեղ դու՝ մեղավորդ, կանգնած ես։ Եվ որպեսզի այդ մի զամբյուղ հողը տեղ հասցնես, քայլ ես անում մի կողմ։ Իսկ դա հենց առաջընթացն է։ Չէ՞ որ դու ինքդ քեզ ես առաջ տանում [Ակնարկում է անհատի բարոյական պատասխանատվության մասին]։
9.20. Կոնֆուցիոսն ասւսց.
— Երբ զրուցում էր մարդկանց հետ, շատ ուշադիր լսում էր նրանց։ Երբեք չէր հոգնում կամ մտացրիվ չէր լինում։ Այդպիսին էր Յան Հուին։
9.21. Ուսուցիչը եկավ Յան Հուիի մասին խոսելու և ասաց.
— Ցավալի է, որ նա մեռավ։ Ես տեսնում էի, որ նա միշտ ու միմիայն առաջ է գնում։ Ոչ մի անգամ չտեսա նրան, որ իր ձեռքբերածով մնար բավարարված։
9.22. Կոնֆուցիոսն ասաց.
— Բույսեր կան, որ ծլարձակում են, աճում, բայց չեն ծաղկում։
Կան նաև, որ ծաղկում են, բայց պտուղ չեն տալիս։
9.23. Կոնֆուցիոսն ասաց.
— Երիտասարդներին պետք է վերաբերվել զգույշ ու խելամիտ։ Ինչ իմանաս, ապագայում նրանք չե՞ն գերազանցի մեզ։ Բայց նրանցից, ովքեր արդեն քաոասուն, հիսուն տարեկան են և ոչ մի բանով աչքի չեն ընկել, երկյուղ կրել պետք չէ։
9.24. Կոնֆուցիոսն ասաց.
— Ո՞վ կարող է չընդունել խելոք խրատները։ Բայց միայն ընդունելը բավական չէ։ Սեփական վարքը խրատների համաձայն բարեփոխել և ճշտել սխալները՝ դա է կարևորը։
Ո՞վ չի ուրախանում հաճելի խոսքերից։ Բայց պետք է նրանց ներքին իմաստը հասկանալ՝ դա Է կարևորը։ Ինչպե՞ս կարելի Է գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր ուրախանամ են հաճելի խոսքերից՝ առանց հասկանալու դրանց իմաստը և ընդունում են խրատները՝ առանց իրենց վարքը բարեփոխելու։
9.25. Կոնֆուցիոսն ասաց.
— Եղիր միշտ հավատարիմ, վստահելի և անկեղծ։ Քեզ անարժան բարեկամներ մի ունեցիր։ Եթե սխալ ես թույլ տվել, ապա մի ամաչիր այն ուղղելուց։
9.26. Կոնֆուցիոսն ասաց.
— Հրամանատարին կարելի է հեռացնել իր բանակից բայց անհնար է որևէ սովորական մարդուց խլել նրա կամքը։
9.27. Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզի-լուն ասում է. «Նա չի ամաչում կանգնել թանկարժեք մուշտակ հագած մարդու կողքին, երբ իր վրա միայն աղքատիկ ու հնամաշ շորեր են։ Երգերի գրքում ասված է՝ «Ով նախանձ ու ագահ չէ, ինչպե՞ս կարող է անարդարություն գործել»։
Այս խոսքերը Ցզի–լուն միշտ կրկնում է։
Եվ ապա նկատեց.
— Միայն այս բառերով բարի ու առաքինի դառնալ չի կարելի։
9.28. Կոնֆուցիոսն ասաց.
— Միայն ձմռանն ենք նկատում, որ սոճին ու կիպարիսը կանաչ են մնացել։
9.29. Կոնֆուցիոսն ասաց.
— Իմաստունը չի կասկածում, բարոյական մարդը չի հուսահատվում, քաջարին՝ չի վախենում։
8.30. Կոնֆուցիոսն ասաց.
— Ում հետ սովորում ես, դեռ այն մարդը չէ, որի հետ կարելի է գտնել նաև ճշմարիտ ճանապարհը։
Ուղեկիցդ, որ առաջնորդվում է բարոյական սկզբունքներով, դեռ այն մարդը չէ, որ կարող է նաև պայքարել այդ սկզբունքների համար։
9.31. Մի հին երգի մեջ ասված է.
«Տեսնում եմ ոնց է ծաղիկը թեքվում,
Կարո՞ղ եմ արդյոք ես քեզ մոռանալ,
Բայց հեռու ես դու»։
Կոնֆուցիոսն այդ մասին ասաց.
— Դա ճիշտ գաղափար չէ, և ոչ էլ ճշմարիտ թախիծ։ Քանզի սերը հեռավորություն չի ճանաչում։
