Զրույցներ

Գլուխ ութերորդ

 

8.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Թաի-բոի մասին կարելի է ասել, որ նրա վարքը բարձրագույն բարոյականության օրինակ է։ Երեք անգամ նա հնարավորություն ունեցավ իշխանություն ձեռք բերելու, սակայն երեք անգամ էլ հրաժարվեց։ Եվ քանի որ նա իր վեհանձն գործերի մասին բարձրաձայն չէր խոսում, ուստի դրանք մնացին անհայտ, և նա իր մասին գովասանքի պտուղներ չճաշակեց։

8.2. Կոնֆուցիոսն ասաց.

— Անտանելի է այն քաղաքավարությունը, որ ոչ չափ և ոչ էլ սահմաններ է ճանաչում։

Չափից դուրս զգուշավորությունը կարող է վերածվել վախի, արիությունը՝ ըմբոստության և անհնազանդության։

Արդարացիությունը կարող է դառնալ վիրավորական, եթե անցնի պատշաճության սահմանը։

Եթե իշխանը իր մարդկանց հետ վարվի այնպես, ինչպես պատշաճ է, ապա նրանից օրինակ կվերցնի ժողովուրդը և բարի գործեր կկատարի։ Եթե իշխանը բարի սովորությունները չմերժի և հին բարեկամներին չմոռանա, ապա ժողովրդին նույնպես խորթ կլինի ստորությունն ու անարգ վարքը։

8.3. Հիվանդանալով, Ցզեն-ցզին իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց.

― Նայեք իմ ոտքերին ու ձեռքերին, տեսեք, թե ինչ անվնաս են դրանք։ «Երգերի գրքում» գրված է՝ «Զգույշ և ուշադիր եղեք, երբ կանգնած եք խոր անդունդի առաջ, երբ քայլում եք բարակ սառույցի վրայով»։ Ես միայն հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է իրեն փորձանքներից պահպանելը [Փոքր-ինչ դժվար է մեկնաբանվում այս զրույցը։ Հավանաբար նկատի ունի այն, որ ծնողների նկատմամբ պարտականությունները պահանջում են զավակներից, որ սրանք անվնաս պահեն իրենց մարմինները, քանի որ դրանք գոյացել են ծնողներից]։

8.4. Երբ Ցզեն-ցզին հիվանդ էր, նրան այցի եկավ Մեն Յին-ցզին՝ առողջության մասին հարցնելու։

Ցզեն-ցզին ասաց նրան.

― Տխուր է լինում մեռնող թռչունի երգը։ Երբ մարդը մոտ է մահվանը, ասում է իր վերջին խոսքերը։ Եվ ահա ես ասում եմ՝ աստիճան և արժանապատվություն ունեցող մարդիկ պետք է ուշադիր լինեն երեք բանում.

Իրենց վարքի մեջ նրանք երբեք չպետք է լինեն անզգույշ և կոպիտ։

Նրանց դիմախաղերը պետք է լինեն ներդաշնակ և վստահություն արթնացնող։

Նրանց խոսքի և ձայնի մեջ չպետք է զգացվի թաքուն ու անպատեհ ոչ մի բան։

Եվ այդ ամենի հետ մեկտեղ նրանք չպետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն ամեն տեսակ մանրուքների վրա։

8.5. Ցեն-ցզին ասաց.

— Տարիներ առաջ ես մի այսպիսի բարեկամ ունեի, մեծ ընդունակություններ ունենալով հանդերձ՝ սովորության ուներ հարցնել նրանցից, ովքեր քիչ բան գիտեին։ Նա շատ բան գիտենալով, սովորում էր նաև նրանցից, ովքեր ավելի քիչ գիտեին։ Նա միշտ պահպանում էր չափը։ Լիքը լինելով գիտելիքներով, նա իրեն սովորական մարդու պես էր պահում։ Եվ շատ վիրավորվում էր, երբ փոքր-ինչ նեղացնում էին։

8.6. Ցեն-ցզին ասաց.

― Ազնվակա՞ն է արդյոք այն մարդը, որին պետությունը կարելի է վստահել ճիշտ այնպես, ինչպես որբ երեխան են վստահում, և որը բռնության դեպքում անգամ հետ չի կանգնում իր համոզմունքներից։

Այո՛, այդպիսի մարդը ազնվական է։

8.7. Ցեն-ցզին ասաց.

— Գիտնական մարդը չի կարող սահմանափակ լինել։ Նրան անհրաժեշտ են հաստատակամություն և քաջություն։ Նրա հոգսը ծանր է և ճանապարհը՝ երկար։

Մի՞թե ծանր հոգս չէ նվիրվել աշխարհում մարդասիրության տարածման դժվարին պարտականությանը։

Եվ մի՞թե երկար ճանապարհ չէ այն, երբ լոկ մահվամբ են ընդհատվում երազներդ։

8.8. Կոնֆուցիոսն ասաց.

— Բանաստեղծությունը վեհացնում է մարդուն։

Ծեսերը պարգևում են անդորրություն։

Երաժշտությունը նրան դարձնում է կատարյալ։

8.9. Կոնֆուցիոսն ասաց.

— Ժողովրդին կարելի է հնազանդ դարձնել, բայց իմաստուն՝ երբեք։

8.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Խռովության աղբյուր է քաջությունն ու խիզախությանը սիրելը և աղքատությունն արհամարհելը։

Խռովության աղբյուր է նաև այն, երբ սաստիկ ատում ես նրանց, ովքեր անարդար բան են կատարել։

8.11. Կոնֆուցիոսն ասաց.

— Ձժոու-գունի զարմանալի ընդունակությունները և տաղանդն ունեցող մարդն անգամ, եթե գոռոզ է ու ժլատ, ապա նրա բոլոր առաքինությունները ոչ մի արժեք չունեն։

8.12. Դժվար թե հնարավոր լինի հանդիպել մեկին, որը երեք տարի սովորելուց հետո չմտածի պաշտոն ստանալու մասին։

8.13. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվորեն սովորիր քայլել ճշմարիտ ճանապարհով և հավատարիմ մնալ նրան մինչև քո կյանքի վերջը։

Մի գնա այն երկիրը, որտեղ անհաստատ կարգեր են իշխում։

Մի մնա այն պետության մեջ, որտեղ խառնակություն կա։ Աչքի ընկիր այն ժամանակ, երբ պետության մեջ կարգուկանոն կա, հակառակ դեպքում զուսպ պահիր քեզ։

Եթե մի երկիր գնում է ճշմարիտ ճանապարհով և իշխում է կարգ ու կանոնը, ապա ամոթ է, որ մարդ այնտեղ ապրի աղքատ և ամենացածր դիրք անգամ չունենա։

Ընդհակառակը, եթե մի երկիր ճշմարիտ ճանապարհի վրա չէ, ապա ամոթ է այնտեղ հարուստ ապրելն ու պատիվներ ունենալը։

8.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ամեն մի գործի մասին հետաքրքրվում է նա, ով այդ գործից բան է հասկանում։

8.15. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբ մեծ երաժիշտ Չժին անցավ ծառայության, Խուան-Յու-Լիդի վերջին օրերը լցրեց երաժշտությամբ:

8.16. Կոնֆուցիուսն ասաց.

― Ես չեմ կարող ընդունել, երբ վճռականությունը ցուցադրում են, իսկ անկեղծությանը՝ թաքցնում։

Երբ հիմար են լինում և դրա հետ էլ ոչնչով չեն հետաքրքրվում։

Չեմ կարող ընդունել այն, երբ մեկն անձամբ ոչինչ չգիտի, բայց չի հավատում նաև ուրիշներին։

8.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Սովորեք այնպես, ասես վախենալով, որ ոչնչի չեք հասնի, որ կկորցնեք այն ամենը, ինչ սովորել եք։

8.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Ի՜նչ մեծ ու բարձր էին Շուն ու Յու հարստության հին կայսրերը։

Նրանք կառավարում էին աշխարհը, առանց մտածելու իրենց անձի մասին, առանց իշխանատենչության ու շահի։

8.19. Կոնֆուցիոսն ասաց.

— Ի՜նչ մեծ էր Յաոն որպես տիրակալ, ինչ բարձր։

Մեծ է միայն երկինքը, և միայն Յաոն է համապատասխանում նրան։ Նրա մեծությունն այնքան անչափելի է, որ ժողովուրդը չի կարողացել գտնել նրա ճիշտ անունը։

Անհասանելիորեն բարձր է այն ամենը, ինչ կատարել է նա, և վսեմ են այն օրենքները, որոնցով նա կյանքի մեջ կարգ ու կանոն էր մտցնում։

8.20. Ծեր կայսր Շունը ուներ հինգ պաշտոնյա, և երկնքի տակ իշխում էր կարգուկանոնը։

Արքա Վուն ասում էր. «Ես տաս գործիմաց պաշտոնյաներ ունեմ»։

Կոնֆուցիոսն ասաց.

― Այսինքն, ընդունակ մարդիկ դժվար են գտնվում, այնպէս չէ՞։ Բայց երբ ապրում էին Յաո և Շուն կայսրերը, զարգանում էին ընդունակությունները, ծաղկում էին տաղանդները։ Ինչ վերաբերում է Վու արքայի տաս պաշտոնյաներին ապա նրանցից մեկը կին էր, այնպես որ միայն ինն էին գործիմաց տղամարդիկ։ Չժուի արքա Վենը թեև արդեն տիրում էր աշխարհի երկու երրորդին, բայց շարունակում էր հավատարմորեն ծառայել Ին հարստությանը։

Չժոու հարստության արքաների առաքինությունը իսկական բարոյականություն է։

8.21. Կոնֆուցիոսն ասաց.

— Հին կայսր Յույի մոտ ես չեմ տեսնում ոչ մի թերություն։ Ուտելու և խմելու մեջ նա շատ չափավոր էր, դրան հակառակ ոգիներին առատորեն զոհ էր մատուցում։ Նրա հագուստը պարզ էր, իսկ զոհաբերման զգեստները՝ թանկարժեք։ Նա ինքն անձամբ ապրում էր մի հասարակ տան մեջ, քանզի նա իր բոլոր ջանքերը գործադրում էր ընդհանուրի բարօրության համար։

Իրոք, Յուի մոտ ես չեմ կարողանում ոչ մի արատ գտնել։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10

Թողնել մեկնաբանություն