Զրույցներ

Գլուխ յոթերորդ

 

7.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես միջնորդ եմ հնի ու նորի միջև, բայց ես անձամբ ոչ մի նոր բան չեմ ստեղծում։ Ես հավատում եմ հնին և սիրում եմ այն։ Դրանով ես նման եմ մեր Լաո Պենին։

7.2. Կոնֆուցիոսն ասաց.

― Ներքին խաղաղությամբ լի՝ պահապան լինել գիտությանը, սովորել՝ առանց ձանձրույթ զգալու, լույս տալ ուրիշներին՝ առանց հոգնության, հետաքրքիր է իմանալ՝ սրանցից ո՛ր մեկն է ինձ արդեն հաջողվել։

7.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Բարոյականությունը և բնավորությունը արհամարվում են։ Անհասկանալի է մնում այն, ինչ սովորում ենք։ Գիտակցում ենք պարտականությունները, բայց արհամարում ենք դրանք։ Երբ մեկի թերությունը մատնացույց ես անում, նա բոլորովին էլ չի աշխատում փոխվել։

Սրանք մտահոգում են ինձ։

7.4. Ազատ ժամերին Ուսուցիչը ներգործում էր հանգստությամբ և զվարթությամբ։

7.5. Կոնֆուցիոսն ասաց.

— Սարսափելի ընկճված եմ։ Վաղուց է, ինչ երազումս չեմ տեսնում Չժոու-Գունին [Չժոու-գունը Լու պետության թագավորն էր։ Կոնֆուցիոսը շատ բարձր է գնահատում նրան]։

7.6. Կոնֆուցիոսն ասաց.

— Ձգտեք ճշմարտությանը, եղեք մարդասեր, բարիք գործեցեք և զբաղվեք արվեստներով։

7.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբևիցե ես չեմ հրաժարվել որևէ մեկին ուսուցանելուց, եթե անգամ նա իր հետ բերել է ամենացածր վարձը [Պետք է նկատի ունենալ, որ Հին Չինաստանում ուսման վարձը ավելի շատ քաղաքավարական ժեստ էր, քան իսկական վարձատրություն]։

7.8. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով ձգտում չունի, ես նրա առաջ չեմ կարող բացել ճշմարտությունը։ Ով ինքն անձամբ չի փնտրում ճշմարտությունը, ես չեմ կարող ուսուցանել նրան։ Ասենք, եթե ես մեկին ցույց եմ տալիս մի անկյուն, իսկ նա դրա հիման վրա չի կարողանում դատել նաև մյուս անկյունների մասին, այդ դեպքում ես այդ բանը նրա համար այլևս չեմ կրկնում։

7.9. Երբ սգավոր մարդ էր լինում կողքին նստած, Ուսուցիչը ոչ մի անգամ կուշտ չէր ուտում։

7.10. Եթե պատահում էր, որ արտասվում էր, ապա նույն օրն այլևս չէր երգում։

7.11. Կոնֆուցիոսն ասաց Ցան Հուին.

— Հասարակության նկատմամբ պարտքը կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ պիտանի ես որևէ բանում։ Եթե ոչ մի տեղ քո կարիքը չկա, ավելի լավ է՝ թողնես, հեռանաս։ Բայց այդպես վարվել կարող ենք միայն ես և դու։

Ցզի-լուն հարցրեց.

— Ուսուցիչ, եթե ունենայիք մի մեծ բանակ, ո՞ւմ կուզենայիք, որ Ձեր կողքին լիներ։

— Չէի ուզենա իմ կողքին լիներ նա, ով մերկ ձեռքերով նետվում է վագրի վրա, և նա, ով առանց նավակ ունենալու, փորձում է գետն անցնել, բայց խեղդվում է։

Դա պետք է լիներ այնպիսի մեկը, որ գործում է զգույշ, խնամքով կանխատեսելով ամեն ինչ և վերջապես հասնում է այն նպատակին, որը ծրագրել է։

7.12. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե հնարավոր լիներ արդար ճանապարհով հասնել հարստության, ապա ես ինքս էլ դա կուզենայի, անգամ որպես ձիապան ծառայելու պայմանով։ Բայց քանի որ դա հնարավոր չէ, ուրեմն ես կզբաղվեմ այն հետաքրքրություններով, որոնք ունեմ։

7.13. Ծիսական օրենքների, պատերազմների և հիվանդության նկատմամբ Ուսուցիչն առանձնահատուկ վերաբերմունք ուներ։

7.14. Այն բանից հետո, երբ Ցի պետության մեջ Ուսուցիչը լսել Էր հին կայսր Շունի երաժշտությունը, երեք ամիս շարունակ չէր կարողանում զգալ մսի համը։

— Ես չէի կանխատեսել, որ երաժշտությունը կարող է այդքան ազդել ինձ վրա [Շուն կայսեր երաժշտությունը, որ հետնորդն էր առասպելական Յաո կայսրի, աչքի էր ընկնում բարոյական կատարելությամբ ու գեղեցկությամբ ըստ Կոնֆուցիուսի]։

7.15. Աշակերտ Ռան Սյուն հարցրեց.

— Ուսուցիչը հավանո՞ւմ է Վեյի իշխանին։

Ցզի-գունը խոստացավ հարցնել Ուսուցչին և մտնելով նրա մոտ, ասաց.

— Ի՞նչ մարդիկ էին Բո-ին և Շու-ցին։

— Հնադարյան երկու իմաստուններ,— եղավ պատասխանը։

Ցզի-գունը շարունակեց.

— Չէ՞ որ նրանք երկուսն էլ հրաժարվեցին իշխանությունից։ Եվ այդ պատճառով էլ դժգոհ էին իրենց ճակատագրից։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Նրանք ձգտեցին ճշմարտության և հասան նրան։ Ուրեմն ինչո՞ւ պետք է դժգոհ լինեին իրենց ճակատագրից։

Ցզի-գունը դուրս եկավ Ուսուցչի մոտից և ասաց.

— Նա Վեյի իշխանին չի հավանում։

7.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Մի կտոր հաց՝ ուտելու համար, մի պատ ջուր՝ խմելու և որպես բարձ՝ քո սեփական թևը՝ գլխատակիդ դրված, ահա դրանցով էլ կարող է մարդ բավարարվել և երջանիկ զգալ իրեն։ Դրան հակառակ շատ բարիքներ ու շնորհներ, որ ձեռք են բերվում անարդար ճանապարհով, ինձ վրա սոսկ ամպի տպավորություն են թողնում, որ անցնում են երկնքով։

7.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե կյանքս երկարեր ևս մի քանի տարով, ապա ես հիսուն անգամ ևս կկարդայի «Թափառումների գիրքը»՝ մեծ սխալներից խուսափելու համար։

7.18. Ինչի՞ մասին էր ավելի հաճախ խոսում Ուսուցիչը՝ երգերի, պատմական դեպքերի և ծեսերի մասին։ Դրանք նրա սիրած թեմաներն էին։

7.19. Շեի կառավարիչը հարցրեց աշակերտ Ցզի-լուին, թե ինչպիսի մարդ է Կոնֆուցիոսը։ Սակայն Ցզի-լուն ոչ մի պատասխան չտվեց։

Դրա վրա Ուսուցիչն ասաց Ցզի-լուին.

— Ինչու նրան ուղղակի չասացիր՝ «Նա մի մարդ է, որ տարերքի մեջ մոռանում է քաղցը, իսկ ուրախության մեջ՝ հոգսերը. մի մարդ է նա, որ չի նկատում, թե ինչպես է մոտենում ծերությունը»։

7.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես իմաստուն չեմ ծնվել, բայց ես սիրում եմ անցյալը և եռանդագին ուսումնասիրում եմ այն։

7.21. Ինչի՞ մասին չէր ուզում խոսել Ուսուցիչը՝ հմայությունների, ֆիզիկական ուժի, խռովությունների և ոգիների։

7.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Յուրաքանչյուր երեք մարդու մեջ կա մեկը, որից ես կարող եմ սովորել։ Ես նկատում եմ լավ հատկանիշները և հետևում դրանց։ Ես նկատում եմ նաև վատ հատկանիշները և ձգտում դրանք լավացնել։

7.23. Կոնֆուցիոսն ասաց.

— Երկինքն արդեն ինձ շնորհել է բարոյական ուժ, ուրեմն էլ ի՞նչ կարող են ինձ հետ անել թշնամիները։

7.24. Կոնֆուցիոսն ասաց.

— Զավակներս, կարծում եք, թե ես ձեզանից որևէ բա՞ն եմ թաքցնում։ Ես ձեզանից ոչ մի գաղտնիք չունեմ։ Այն ամենը, ինչ ես կատարում եմ, կատարում եմ Ձեր աչքերի առաջ։ Դա է իմ վարվելակերպը։

7.25. Չորս բան էր սովորեցնում Ուսուցիչը՝ ճանաչել հին այբուբենը, ճիշտ գործել, հավատարիմ և կայուն լինել, լինել արդարացի և հավատացյալ։

7.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Մինչև օրս ինձ չի վիճակվել տեսնելու իմաստունի։ Ուրախ կլինեի նաև, եթե երբևիցե հանդիպեի մի ազնվականի։

Ապա շարունակեց.

— Մինչև օրս ինձ չի վիճակվել տեսնելու իրոք մի բարի մարդ։ Եթե գտնեի մեկին, որն համառորեն ձգտում է բարուն, ապա արդեն երջանիկ կլինեի։

Բայց ինչպես կարող է մարդը հաստատակամորեն դեպի բարին ձգտել, եթե ոչինչ չունի, բայց ներկայանում է, թե ամեն ինչ ունի, եթե լիքն է ներկայացնում այն, ինչ ամբողջովին դատարկ է, եթե աղքատ է, բայց ձևացնում է, թե հարուստ է։

7.27. Ուսուցիչը ձուկը որսում էր ոչ թե ցանցով, այլ կարթով։ Թոչուններ նույնպես որսում էր, բայց ոչ նրանց, որ արդեն իջել են գետնին։

7.28. Կոնֆուցիոսն ասաց.

— Հավանաբար կան մարդիկ, որ գործեր են անում, չիմանալով ինչի համար։ Ես այդպիսին չեմ։

Շատ լսել, ընտրել դրանցից բարին և հետևել դրան, շատ տեսնել և տեսածը պահել հիշողության մեջ՝ ահա թե որն է գիտելիքներ ձեռք բերելու բանալին։

7.29. Հու-սիանցիների հետ դժվար էր զրույցի բռնվել, քանի որ քչախոս մարդիկ էին։ Այդ պատճառով էլ Ուսուցչի աշակերտները զարմացան, երբ այդ կողմերից մի տղա ցանկացավ տեսնել Կոնֆուցիոսին։

Բայց Ուսուցիչն ասաց.

— Թողեք թող ներս գա, մի մերժեք նրան։ Ինչո՞ւ դաժան լինել։ Եթե նա ինձ մոտ է գալիս հոգեպես մաքրվելու համար, ուրեմն պետք է օգնել նրան։ Նման դեպքերում ավելի լավ է մոռանալ, թե նա ինչպիսին է եղել նախկինում։

7.30. Կոնֆուցիոսն ասաց.

— Մի՞թե մարդասիրությունն այդքան հեոու է մեզնից։ Բայց մենք անպայման կհասնենք նրան, եթե իսկապես ցանկանանք։

7.31. Չեն պետության արդարադատության նախարարը հետաքրքրվեց, թե արդյոք Լուի իշխան Չժաո-գունը գիտե՞ պատշաճության և վարքի օրենքները։ Կոնֆուցիոսը դրական պատասխան տվեց։

Երբ Ուսուցիչը հեռացավ, նախարարը խոնարհվեց աշակերտ Ու-մա Ցիին և հրավիրեց իր մոտ։ Ապա նա պատմեց աշակերտին. «Ես լսել եմ, որ ազնվականը անաչառ և անկողմնակալ է լինում։ Բայց միթե նրանք էլ իրենց վճիռների մեջ երբեմն սխալվում են։ Լուի իշխանը ամուսնացավ մի աղջկա հետ, որ Վու պետությունից էր և պատկանում էր նույն տոհմին։ Ընդդեմ օրենքների կատարված այդ զանցանքը ծածկելու և ամուսնությունը գլուխ բերելու համար նա պարզապես փոխեց աղջկա անունը։

Ուրեմն էլ ինչպե՞ս կարոդ է Չժաո-գունը պատշաճության և վարքի օրենքներն իմանալ։

Ու-մա Ցին այդ մասին պատմեց Կոնֆուցիոսին։ Ուսուցիչն ասաց.

— Երբ ես սխալներ եմ կատարում, ապա դրանք նկատում են բոլորը։ Դա իմ երջանկությունն է։

7.32. Երբ Ուսուցիչը լինում էր մեկի հետ, որը լավ երգում էր, ապա խնդրում էր նրան երգել նորից և ինքն էլ երգում էր հետը։

7.33. Կոնֆուցիոսն ասաց.

― Ճիշտ է, կրթվածությամբ և գիտելիքներով ես մյուսներից ետ չեմ մնում։ Բայց ես դեռ չեմ հասել նրան, որ մարդկանց մեջ ինձ պահեմ այնպես, ինչպես ազնվականը։

7.34. Կոնֆուցիոսն ասաց.

― Ինչ վերաբերվում է կատարելությանն ու ճշմարիտ բարոյականությանը, ապա ես ինչպե՞ս կարող եմ համարձակվել դրանցով պարծենալ։ Ես ձգտում եմ դրանց՝ առանց ընկճվելու։ Ես սովորեցնում եմ ուրիշներին՝ առանց հոգնելու։ Այսպես կարելի է ասել իմ մասին, բայց ոչ ավելին։

Գուն-ցի Հուան նկատեց.

— Այսինքն դա հենց այն է, ինչ մենք՝ աշակերտներս ի վիճակի չենք տովորել։

7.35. Ուսուցիչը ծանր հիվանդ էր։ Աշակերտ Ցզի-լուն ցանկանում էր աղոթել նրա համար։

Կոնֆուցիոսը հարցրեց.

— Ի՞նչ իմաստ ունի դա անել։

— Ունի,— ասաց Ցզի-լուն,— աղոթքի մեջ ասվում է. «Դիմում ենք ձեզ՝ երկնքի և երկրի ոգիներ…»։

Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն ես աղոթում եմ ի սկզբանե։

7.36. Կոնֆուցիոսն ասաց.

— Շռայլությունը ծնում է անհնազանդություն, իսկ ժուժկալությունը տանում է պարզության։ Ուստի պարզությունն ավելի լավ է, քան անհնազանդությունը։

7.37. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը հավասարակշռված է և հոգեպես հանգիստ։ Ընդհակառակը, հասարակ մարդը հոգեպես անհանգիստ է և մշտապես ապրում է կարիքի ու վախի մեջ։

7.38. Ուսուցիչը սիրալիր էր, բայց լի արժանապատվությամբ, պատկառանք ներշնչող էր, բայց ոչ դաժան, նա քաղաքավարի էր, բայց ներքուստ հավասարակշռված:

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10

Թողնել մեկնաբանություն