Զրույցներ

Գլուխ վեցերորդ

 

6.1. Կոնֆուցիոսն ասաց.

― Ռան Յունին կարելի է երկիր վստահել։

6.2. Աշակերտ Ռան Յունը հարցրեց Ցզի-սան Բո-ցզիի մասին։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

― Նա շատ բարի է, սակայն չափից դուրս ներողամիտ է։

Ռան Յունը նկատեց.

― Եթե մեկը երկիր կառավարի ներողամտությամբ, որն իր ներքին բնությունից է և դրանով իսկ հարգի օրենքներն ու սկզբունքները, ապա դա թույլատրելի է։

Բայց համոզմունքների մեջ լայնախոհ և միաժամանակ արարքների մեջ ներողամիտ լինել՝ մի՞թե դա ավելորդ լայնախոհություն չէ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Դու իրավացի ես։

6.3. Աի-գունը՝ Լու պետության տերը, հարցրեց, թե աշակերտներից ո՞վ է ավելի ուսումնասեր։

Ուսուցիչը պատասխանեց.

— Ուսումնասեր էր Յան Հուին։ Նա չէր բարկանում ուրիշների վրա։ Ոչ մի սխալ երկրորդ անգամ չէր կրկնում։ Միայն ափսոս, որ շուտ մահացավ։ Ես այլևս չեմ հանդիպել այնպիսի մեկին, որ լիներ այնքան ուսումնասեր, որքան նա էր։

6.4. Կոնֆուցիոսի աշակերտ Ցզի-հուան դեսպան էր նշանակվել Ցի երկրում։ Ուսուցչի աշակերտներից մեկ ուրիշը՝ Ռան Ցզին եկավ հաց խնդրելու Ցզի֊հուանի մոր համար։

— Տուր նրան մեկ ֆու,— ասաց Կոնֆուցիոսը։

Ռան ցզին խնդրեց ավելացնել։

— Տուր նրան մեկ յա,— ասաց Կոնֆուցիոսը;

Բայց Ռան Ցզին խնդրեց հինգ բին [Հացահատիկ չափելու միավորներ են Հին Չինաստանում։ Մեկ ֆուն հավասար է մոտ 32 լիտրի, մեկ յուն՝ մոտ 80 լիտրի, մեկ բին՝ մոտ 800 լիտրի]։

Դրան Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Երբ Ցզի-հուան մեկնում էր Ցի երկիր, մի գեր ձի ուներ լծած իր կառքին և հագին էլ շքեղ մորթե վերարկու էր։ Ես թեև լսել էի, որ ազնվական մարդը կարիքավորին է օգնում, բայց պարզվում է, որ նա նաև հարուստին է ավելի հարստացնում։

6.5. Աշակերտ Յուան Սինը դարձավ ոստիկանապետ, և դրա համար պետք է ստանար ինն հարյուր չափ ցորեն, բայց որոշել էր մերժել։ Դրա վրա Կոնֆուցիոսն ասաց.

— Մի մերժիր։ Եթե դու շատ ունես, ապա տուր ուրիշներին, քո հարևաններին և գյուղացիներին։

6.6. Ուսուցիչը եկավ իր աշակերտ Չժուն-գունի մասին բարեխոսելու, որի հայրը մի վատ մարդ էր։

— Ընդունենք,— ասաց նա,— որ հորթը կարմրաթուխ գույն և հավսաարաչափ եղջյուրներ ունի, բայց մարդիկ չեն ուզում զոհ մատուցել, քանի որ հորթը խայտաբղետ կովից է։ Բայց մի՞թե դրա համար լեռների և գետերի ոգիները կմերժեն նման զոհաբերությունը [Չժոու հարստության օրենքների համաձայն զոհաբերվող հորթը պետք է կարմրաթուխ գույն ունենար]։

6.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Յան հուին ի վիճակի էր երեք ամիս շարունակ ոչ մի սխալ թույլ չտալ։ Մինչդեռ մյուսներին սխալվելու համար մեկ օրն էլ բավական է, կամ ամենաշատը մեկ ամիսը։

6.8. Հի Կան-ցզին հարցրեց, արդյոք կարելի՞ է վստահել Ցզի-լուին մասնակցելու երկրի կառավարմանը։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ցզի-լուն վճռական մարդ է։ Ի՞նչ մի դժվար բան է նրա համար երկրի կառավարմանը մասնակցելը։

— Իսկ Ցզի-գո՞ւնը,— շարունակեց հարցնել Հի Կան-ցզին,— կարելի՞ է նրան վստահել մասնակցելու երկրի կառավարմանը։

Դրան Ուսուցիչը պատասխանեց.

— Ցզի-գունը փայլում է իր գործերով, ուրեմն չի՞ կարող այդպիսին լինել նաև երկրի կառավարման մեջ։

Հի Կան-ցզին նորից հարցրեց.

— Իսկ Ռան Չի՞ն։

Ուսուցիչը պատասխանեց.

— Ռան Չին տաղանդավոր մարդ է։ Նա անպայման պետք կգա կառավարման գործերում։

6.9. Հի տոհմի ավագը սուրհանդակ ուղարկեց աշակերտ Մին Ցզի-ցիանի մոտ՝ առաջարկելով նրան Բի նահանգի ոստիկանապետի պաշտոնը։ Մին Ցզի–ցիանը չհամաձայնվեց։

— Ձեռք քաշեք ինձնից, խնդրում եմ։ Իսկ եթե որևէ մեկը մի անգամ էլ փորձի ինձ անհանգստացնել այդ գործով, ապա կթողնեմ, կգնամ ուրիշ երկիր։

6.10. Աշակերտ Բո-նյուն հիվանդ էր։ Կոնֆուցիոսն ուզում էր տեղեկանալ նրա հիվանդության մասին, բռնելով պատուհանից նրա դուրս հանված ձեռքը, ասաց.

— Նրա վերջը եկել է։ Դա ճակատագրի կամքն է, որ մարդ ունենա այսպիսի հիվանդություն, այսպիսի հիվանդություն [Հավանաբար աշակերտ Բո-նյուն վարակիչ հիվանդություն է ունեցել]։

6.11. Կոնֆուցիոսն ասաց.

— Բայց ի՜նչ իմաստուն մարդ էր Յան Հուին։ Նա բավարարվում էր մի պնակ բրնձով և մի դդմակեղև ջրով՝ չունենալով ապրուստի ուրիշ ոչ մի միջոց։ Այսպիսի տխուր կյանքը ուրիշները դժվար թե տանեին, իսկ նա դեռ պահպանում էր իր զվարթությունը։ Ի՜նչ իմաստուն մարդ էր Յան Հուին։

6.12. Ռան Չին ասաց.

— Ուսուցչի ուսմունքից բավականություն չստանալուս պատճառը այն չէ՞, որ ուժերս չեն բավարարում այն հասկանալու համար։

Լսելով այդ, Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե ուժերը չեն բավարարում, ապա կանգ են առնում կես ճանապարհին։ Բայց չէ՞ որ դա նոր միայն սկսում ես։

6.13. Դիմելով Ցզի-սյաին, Կոնֆուցիոսն ասաց.

— Եղիր իմաստուն և ազնվական։ Մի հետևիր հասարակ մարդկանց ցածր հակումներին։

6.14. Երբ Ցզի-յոուն Վա-շեն նահանգի կառավարիչն էր, Կոնֆուցիոսը հարցրեց.

— Գտե՞լ ես այդտեղ քեզ համար պիտանի մարդիկ։

— Մեկը կա այստեղ Թան-թաի Մի֊մին անունով,— պատասխանեց Ցզի-յոուն,— որ հեռու է պալատական մեքենայություններից։ Իմ տուն եկել է առայժմ միայն ծառայական գործերով։

6.15. Կոնֆացիոսն ասաց.

— Մեն Չժի-ֆանը պարծենկոտ չէր։ Երբ մեր զորքերը մի տանուլ տված ճակատամարտում ստիպված էին նահանջել, նա գնում էր վերջից։ Երբ զորքերը քաղաքային դարպասից ներս մտան, նա առաջ եկավ և ասաց. «Ես վերջինը չեմ գալիս նրա համար, որ ամենաքաջն եմ։ Պարզապես ձիս էր հոգնած»։

6.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Առանց պերճախոսության և միայն գեղեցկությամբ հազիվ թե կարողանա մարդ գոյության ունենալ մեր ժամանակներում։

6.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Ո՞վ կարող է առանց դռնից դուրս գալու տնից դուրս գալ։ Բայց ինչու մարդիկ այդ ճիշտ ճանապարհով չեն գնում։

6.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբ մարդ ավելի շատ բնական է, քան կրթված, ուրեմն անբարեկիրթ է։

Երբ կրթվածությունը ավելին է, քան բնականությունը, ուրեմն փոքրոգի է։

Կրթվածության և բնականության համամասնությունից է միայն, որ ստեղծվում է ազնվական մարդը։

6.19. Կոնֆուցիոսն ասաց.

— Մարդու կյանքը հիմնվում է անկեղծության և շիտակության վրա։ Առանց դրանց այն կախված է երջանիկ պատահականություններից։

6.20. Կոնֆուցիոսն ասաց.

― Ավելի լավ է մի բան կամենալ, քան այդ բանը սոսկ ճանաչել։

Առավել ևս լավ է, երբ ճանաչման մեջ հաճույք ես տեսնում։

6.21. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով բարձր է կանգնած միջակությունից, նրա հետ կարելի է խոսել բարձր երևույթների մասին։ Նման բաների մասին ինչպե՞ս խոսես մի մարդու հետ, որի ընդունակությունները միջինից ցածր են։

6.22. Աշակերտ Ֆան Չին հարցրեց, թե ի՞նչ բան է իմաստությունը։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Գիտակցել այն պարտականությունները, որ մարդ ունի իր ժողովրդի հանդեպ, և ապա հարգել ոգիներին՝ հեոու մնալով նրանցից՝ սա է իմաստնությանը։

Հետո հարցրեց Ֆան Չին, թե ո՞րն է բարոյական վարքը։

— Նախ տառապանքը, հետո միայն օգուտը՝ ահա թե որն է բարոյական վարքը,— պատասխանեց Կոնֆուցիոսը։

6.23. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով ձգտում է արտաքին աշխարհի ճանաչման, սիրում է հանգստանալ ջրերի ափին։

Ով ձգտում է բարոյական կատարելության, իրեն լավ է զգամ լեռներում։

Առաջինը մշտապես շարժուն է, երկրորդը լի է ներքին խաղաղությամբ:

Մեկը զվարճություններ է գտնում, մյուսին բաժին է ընկնում երկար կյանքը։

6.24. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե մի քայլ էլ Ցի պետությունը առաջ գնար, ապա կհավասարվեր Լա պետությանը։

Եթե Լա պետությունս մի քայլ ևս առաջ ընթանար, ապա կկանգներ ճշմարիտ ճանապարհի վրա։

6.25. Կոնֆուցիոսն ասաց.

― Ասում ենք՝ քառանկյուն աման, բայց չէ՞ որ այն արդեն չորս անկյուններ չունի [Նկատի ունի զոհաբերման անոթներից մեկը, որ ժամանակին եղել է քառանկյուն, սակայն հետո փոխել է իր տեսքը]։

6.26. Աշակերտ Ցզաի Վոն հարցրեց.

― Մեկին, որ ձգտում է բարոյական մաքրության, եթե ասեն, թե քո իդեալը ահա այստեղ է, ջրհորում, ուրեմն նա պետք է անմիջապես իրեն նետի ջրհո՞րը։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ինչո՞ւ պետք է նետվի ջրհորը։ Ազնվականին կարելի է այնպիսի տեղ ուղարկել, որ նա այլևս չվերադառնա։ Բայց նրա դեմ որոգայթ լարել՝ չի կարելի։ Թեև նրան կարելի է խաբել, բայց հիմարացնել՝ երբեք։

6.27. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը, եթե լավ կրթություն ունի և ենթարկվում է ծեսի ու վարքի օրենքներին, ի վիճակի է նաև խուսափելու սխալներից։

6.28. Կոնֆուցիոսն այցելեց վեյ նահանգի իշխանուհուն՝ Նան-ցզիին։ Նրա աշակերտ Ցզի-լուն դժգոհ էր դրանից և ընկել էր ուժեղ մտածմունքի մեջ։

Ուսուցիչն ասաց.

— Եթե ես սխալ արարք եմ կատարել, թող երկինքը պատժի ինձ, թող երկինքը պատժի ինձ [Վեյ նահանգի իշխանուհին է, որ արատավորված կնոջ համարում ուներ]։

6.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Չափն ու միջավայրը պահպանել՝ ահա ամենաբարձր առաքինությունը:

Այդ հատկությունները հազվադեպ են ծնվում և արդեն վաղուց չկան մարդկանց մեջ։

6.30. Աշակերտ Ցզի-գունը հարցրեց.

— Ընդունենք՝ կա մի մարդ, որը շատ բարի գործեր է կատարում իր ժողովրդի համար և բոլորին ցալց տալիս իր օգնությունը։ Ինչպիսի՞ն է նա։ Կարելի՞ է նրան համարել մարդասեր։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ինչո՞ւ միայն մարդասեր։ Չե՞նք կարող ասել, որ նա բարոյական կատարելության ամենաբարձր աստիճանն է։ Մի աստիճան, որին չհասան անգամ իրենք՝ հնամենի կայսրեր Յաոն և Շունը։

Ով հետևում է բարոյական վարքի հիմնական օրենքներին, ձգտում է դրանցով ոգևորել իրեն էլ, մյուսներին էլ։ Նա ձգտում է, որ այդ օրենքները հասանելի լինեն ոչ միայն իրեն, այլև ուրիշներին։

Նման մարդիկ կարող են արարքներ գործել և օրինակ լինել ուրիշների համար՝ հենց դա է ճշմարիտ վարքը։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10

Թողնել մեկնաբանություն