Գլուխ հինգերորդ
5.1. Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Գուն-յե Չանգի մասին.
― Նա պիտանի Է ամուսնության համար։ Թեև բանտում եղել է, բայց ոչ իր մեղքով։
Եվ իր դստերը տվեց նրան կնության։
5.2. Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Նան Ռունի մասին.
— Եթե մի երկիր լավ կառավարչության տակ է, նրանից հրաժարվել պետք չէ։
Վատ կառավարչությունից է, որ նա ամեն կերպ ձգտում է խուսափել հալածանքից։
Եվ նա իր ավագ եղբոր դստերը տվեց նրան կնության։
5.3. Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Ցզի-յանի մասին.
— Նա իսկապես ազնվական մարդ է։ Երբ Լու պետության մեջ այլևս ազնվականներ չլինեն, ինչ է անելու նա։
5.4. Աշակերտ Ցզի-գունը հարցրեց.
― Մարդիկ ի՞նչ կարծիքի են իմ մասին։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Դու անոթ ես։
— Ի՞նչ անոթ,— ցանկացավ իմանալ Ցզի-գունը։
— Թանկարաժեք անոթ՝ զոհաբերման համար,— պատասխանեց Կոնֆացիոսը։
5.5. Ինչ-որ մեկն ասաց.
― Աշակերտ Ռան Յուն թեև լավ մարդ է, բայց պերճախոս չէ։
Կոնֆուցիոսը նկատեց.
— Ինչի՞ է պետք մարդուն լեզվական ճարտարությունը։ Ով շատ է խոսում, դառնում է անտանելի։ Ով ոչինչ չգիտի բարոյականության և վարքի օրենքներից, բոլորովին էլ պետք չի, որ պերճախոս լինի։
5.6. Կոնֆուցիոսը ցանկանում էր, որ իր աշակերտ Ցի-դիաո Կայը մի հասարակական պաշտոն ունենա։
— Ես այդ բանի համար դեռ պատրաստ չեմ,— ընդդիմացավ աշակերտը։
Կոնֆուցիոսը շատ ուրախացավ այս պատասխանից։
5.7. Կոնֆուցիոսն ասաց.
— Աշխարհը ճիշտ ճանապարհով չի գնում։ Երանի հիմա մի լաստ ունենայի և դուրս գայի բաց ծով։ Այդ ժամանակ Ցզի-լուն միակր կլիներ, որ կուղեկցեր ինձ։
Լսելով այդ՝ Ցզի-լուն շատ ուրախացավ։ Բայց Կոնֆուցիոսը նկատեց.
— Չնայած նա ինձ գերազանցում է քաջությամբ, բայց դեռ չի կարող մարդկանց համար օրինակ ծառայել։
5.8. Մեն Ու-բոն հարցրեց Կոնֆուցիոսին, թե արդյոք մարդասե՞ր է Ցզի-լուն։ Ուսուցիչը պատասխանեց․
― Չգիտեմ։
Քիչ անց Մեն Ու֊բոն կրկնեց հարցը։ Կոնֆուցիոսն ասաց․
― Նրան կարելի է վստահել հազար մարտակառք ունեցող մի պետության ռազմական գործը։ Բայց մարդասեր է, թե ո՞չ՝ չգիտեմ։
Մեն Ու-բոն շարունակեց հարցնել.
― Իսկ ինչպիսի՞ն է Ռան ՉԻն։
― Ռան Չիին կարելի է հազար ընտանիք ունեցող մի բնակավայրի կառավարիչ կարգել կամ մի պետության ղեկավար, որն ունի հարյուր մարտակառք, բայց մարդասեր է, թե ո՞չ՝ չգիտեմ։
― Իսկ Ցզի-հուա՞ն։
Կոնֆացիոսը պատասխանեց.
— Եթե Ցզի-հուան հագնի գոտի և կանգնի պալատում, ապա նրան կարելի է վստահել օտարերկրյա մարդկանց զբաղեցնելու գործը, բայց մարդասե՞ր է, թե ո՞չ՝ չգիտեմ։
5.8. Կոնֆուցիոսն ասաց աշակերտ Ցզի-գունին.
— Յան Հուին և դու՝ ո՞վ է ձեզանից ավելի լավը։
Ցզի-գունը պատասխանեց.
— Ինչպե՞ս կարող եմ ես համեմատվել Հուիի հետ։ Հուին, երբ լսում է մի բան որևէ առարկայի մասին, կարող է հասկանալ ամբողջությամբ։ Ես, ընդհակառակը, կարող եմ սոսկ մի տեսակետից հանգել մեկ այլ տեսակետի։
Դրան Ուասցիչը պատասխանեց.
― Դու նրան հավասար չես։ Ես համաձայն եմ քեզ հետ, դու նրան չես հասնի։
5.10. Ցզաի Վոն քնում էր օրը ցերեկով։ Կոնֆուցիոսն ասաց.
— Փտած ծառը չեն կտրատում։ Կեղտածեփ ու աղբաշեն պատը չեն հարդարում։ Ինչ իմաստ ունի Ցզաի Վոին կշտամբել։
Եվ ապա շարունակեց.
— Նախկինում ես մտերմանում էի այն մարդկանց հետ, որոնց լսում էի։ Հիմա, ընդհակառակն, ես լսում եմ մարդկանց, բայց նաև դիտում եմ նրանց արարքները։ Ցզաի Վոն ինձ առիթ տվեց փոխվելու։
5.11. Կոնֆուցիոսն ասաց.
— Ես դեռ չեմ հանդիպել մի մարդու, որն իրոք լիներ կայուն և անդրդվելի։
— Իսկ Շեն Չե՞նը,— հարցրեց ինչ-որ մեկը։
— Չենը իր կրքերի զոհն է, ինչպե՞ս կարող է նա կայուն և անդրդվելի մարդ համարվել։
5.12. Ցզի֊գունն ասաց.
― Այն ինչ ուրիշները ինձ չպետք է պատճառեն, ես չպետք է պատճառեմ ուրիշներին։
Կոնֆուցիոսը նկատեց.
— Բայց այդպես վարվել դու դեռ չես կարող։
5.13. Ցզի-գունն ասաց.
— Մենք սովորում ենք Ուսուցչի արտաքին բարեմասնություններից։ Բայց նա դեռ ոչինչ չի ասել մեզ մարդու բնության և երկնքի օրենքների մասին։
5.14. Ցզի-լուն մշտապես երկյուղ ուներ, որ նոր գիտելիքներ ստանալով, հները այլևս չի կարող գործածել։
5.15․ Ցզի-գունը հարցրեց.
― Ինչո՞ւ էին Կուն Վեն-ցզիին անվանում կիրթ։
Ուսուցիչը պատասխանեց.
― Նա արագ էր մտածում և սիրում էր ուսումը։ Նա չէր խորշում ցածր խավի մարդկանցից խորհուրդ հարցնել։ Ահա թե ինչու էին անվանում կիրթ։
5.16. Ցզի-չանի մասին Կոնֆուցիոսն ասաց.
― Նա ուներ ազնվականի չորս հատկանիշ. նրա վերաբերմունքը քաղաքավարի էր, հավատարմորեն ծառայում էր իր թագավորին, պատրաստ էր կյանքը տալու իր ժողովրդի համար, արարքների մեջ շիտակ էր ու ազնիվ։
5.17. Կոնֆուցիոսն ասաց.
— Յան Պին-չժունը շատ հաշտ ու խաղաղասեր մարդ էր։ Եթե նույնիսկ մեկին ճանաչում էր վաղուց, ապա միևնույն է, անտեղի բաներ չէր անում նրա ներկայությամբ։
Նա միշտ մնում էր քաղաքավարի։
5.18. Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզյուն վեն-չժանը մի մեծ կրիա ուներ։ Եվ այս կրիայի համար նա կառուցել էր սեփական տուն՝ շքեղ սյուներով և շատ ճարտար զարդարանքներով։ Ինչ եք կարծում, դա խելո՞ք մարդու արարք է։
5.19. Աշակերտ Ցզի-չժանը հարցրեց.
— Ցզի-վենը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը առանց ուրախանալու և երեք անգամ էլ թողել է այն՝ առանց դժգոհության։ Ընդ որում, ամեն անգամ իր պարտքն է համարել փոխարինողին աշխատանքի մասին բացատրություններ տալ։ Ի՞նչ կարելի է ասել այդ մարդու մասին։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Նա լի էր հնազանդությամբ։
— Նա բարոյակա՞ն մարդ էր,— հարցը շարունակեց Ցզի-չժանը։
Դրան Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Չգիտեմ, ինչո՞ւ պետք Է մենք նրան համարենք բարոյական մարդ։
Ցզի-չժանը շարունակեց.
— Երբ Ցույ-ցզին սպանեց Ցիի իշխանին, նրա ծառայող Շին Վեն-ցզին թողեց այն ամենը, ինչ աներ և հեռացավ Ցի երկրից։ Գալով մի ուրիշ երկիր, նա ասաց. «Այստեղ էլ մարդիկ իրենց պահում են այնպես, ինչպես մեզ մոտ՝ Ցույ-ցզին»։ Ապա գնալով հարևան երկիրը, նա նորից ասաց. «Այստեղ Էլ մարդիկ նույնն են, ինչ մեզ մոտ՝ Ցույ-ցզին»։ Ու նա հեռացավ նաև այս երկրից։ Ի՞նչ կարծիք ունեք այս Շին Վեն-ցզիի մասին։
Ուսուցիչը պատասխանեց.
— Նա ուզում Էր մաքուր մնալ։
— Իսկ նա բարոյակա՞ն մարդ Էր։
— Չգիտեմ,— ասաց իմաստասերը,— մենք կարո՞ղ ենք նրան բարոյական համարել։
5.20. Լա պետության բարձրաստիճան ծառայող Հի Վեն-ցզին որևէ բան ձեռնարկելիս երեք անգամ նախապես կշռադատում էր անելիքը։ Կոնֆուցիոսը լսեց այդ մասին և ասաց.
— Երկու անգամն էլ լիուլի բավական է։
5.21. Կոնֆուցիոսն ասաց.
― Քանի դեռ երկրի գործերը լավ էին գնում, նախարար, Նին Վու-ցզին ամենախելոքն էր, բայց երբ երկրում սկսվեցին անարգությունները, նա հիմարացավ։ Իմաստության մեջ ուրիշները կարողանում էին հավաստվել նրան։ Հիմարության մեջ նա մնաց անհասանելի։
5.22. Երբ Կոնֆուցիոսը Շեն պետության մեջ էր, ասաց.
― Պետք է վերադառնալ, պետք է վերադառնալ։ Իմ աշակերտները թեև լի են եռանդով ու ոգևորությամբ, ինչպես և դաստիարակված են, սակայն իրենք իրենց չեն կարող բարեկրթության դասեր տալ։
5.23. Կոնֆուցիոսն ասաց.
― Շան հարստության երկու իշխանները՝ Բո-ին և Շու-ցին հիշաչար չէին և մոռացել էին հին թշնամանքը, այդ պատճառով էլ մարդիկ նրանց դիմավորում էին ուրախությամբ։
5.24. Կոնֆուցիոսն ասաց.
— Ո՞վ կպնդի, որ Վայ-շեն Գաոն անկեղծ է։ Երբ մեկը նրանից քացախ է խնդրում, նա նախ դիմում է հարևանին և ետ վերադարձնելու պայմանով քացախ է փոխ առնում նրանից, ասես թե իր սեփականը լինի։
5.25. Կոնֆուցիոսն ասաց.
— Չժուո Ցյու-մինի համար գեղեցիկ խոսքեը, շողոքորթ դեմքն ու քծնանքը անհաճո էին։ Ինձ համար՝ նույնպես։
Չժուո Ցյու-մինը մերժում էր հակակրանքը որևէ մեկի նկատմամբ թաքցնելը և այնպես ձևացնելը, կարծես թե նա քո բարեկամն է։ Ինձ մոտ էլ այդպես է։
5.26. Երբ աշակերտներ Ցան Հուին և Ցզի-լուն մոտն էին, ասաց Կոնֆուցիոսը.
— Ձեզանից ո՞վ ինչ ցանկություններ ունի։
Ցզի-լուն պատասխանեց.
— Ես շատ կուզենայի կառք ունենալ, ձիեր և նուրբ մորթիներ՝ հագնելու համար։ Ես կկիսեի դրանք իմ բարեկամների հետ, և եթե նույնիսկ այդ պատճառով դրանք կիսով չափ պակասեին, չէի վշտանա։
Ցան Հուին այսպես պատասխանեց Ուսուցչի հարցին.
— Կցանկանայի, որ ինքս ինձ երբեք չգովեի և չպարծենայի ինքս ինձնով ու իմ ծառայություններով։
Ապա ասաց Ցզի-լուն.
— Մենք էլ հաճույքով կուզենայինք իմանալ Ուսուցչի ցանկությունները։
Կոնֆուցիոսն ասաց.
— Ծերերին հանգիստ և խաղաղ կյանք շնորհել, անկեղծ և մտերիմ լինել բարեկամներիս հետ և պահպանել իմաստություն՝ պատանիներին սովորեցնելու համար՝ ահա իմ ցանկությունները [Ցզի-լուի համար կարևոր են նյութական պայմանները, իսկ Յան Հուի համար՝ մարդկային բարձր հատկանիշները։ Ինչ վերաբերվում է Կոնֆուցիոսին, ապա նա ձգտում է օգտակար լինել ուրիշներին]։
5.27. Կոնֆուցիոսն ասաց.
— Սուտ է ըմբռնողությունը։ Ես դեռ չեմ հանդիպել մեկին, որ տեսնի իր սեփական սխալները և դրանց համար մեղադրի իրեն։
5.28. Կոնֆուցիոսն ասաց.
— Փոքրիկ գյուղերում, որտեղ անգամ տաս ընտանիք են ապրում, անպայման կգտնվեն մարդիկ հավատարմությամբ և անկեղծությամբ ինձ հավասար։ Սակայն նրանցից ոչ մեկը այնպես չի ցանկանա սովորել, ինչպես ես։
