Գլուխ չորրորդ
4.1. Կոնֆուցիոսն ասաց.
— Կյանքը գեղեցիկ է այն գյուղում, որտեղ իշխում է սերը։ Եթե մենք գտնենք նման բնակավայր, որտեղ մարդիկ բարի են իրար նկատմամբ և բնակություն չհաստատենք, էլ որտե՞ղ կարող ենք սովորել իմաստություն։
4.2. Կոնֆուցիոսն ասաց.
— Ով բարոյականություն չունի, աղքատության մեջ երկար ապրել չի կարող։ Նա նաև չի կարող ուրախության մեջ երկար ապրել։
Ընդհակառակը, ով բարի է մարդկանց նկատմամբ, դրա մեջ բավականություն է գտնում։ Ահա թե ինչու իմաստունները ձգտում են միշտ այդպիսին լինել։
4.3. Կոնֆուցիոսն ասաց.
— Միմիայն նա, ով բարի է, ունի մյուսներին սիրելու և ատելու ճշմարիտ չափը։
4.4. Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե բոլորը ձգտեին Բարուն, ապա Չարը ոչինչ չէր ունենա անելու։
4.5. Կոնֆուցիոսն ասաց.
— Հարստություն և պատիվ՝ ահա թե ինչի են մշտապես ձգտում մարդիկ։ Բայց եթե չեն կարող հասնել դրանց վայելուչ ճանապարհով, ապա չպետք է տանջել իրեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի համար։
Աղքատություն և ստորադաս դիրք՝ ահա թե ինչից են խորշում մարդիկ մշտապես։ Բայց եթե դրանք բնական ճանապարհով են ստեղծվել, ապա դրանցից չպետք է ընկճվել։
Եթե ազնվականը հեռանա բարոյական վարքի օրենքներից, ինչպե՞ս կարող է ծառայել նրանց։ Նա դրանք չի մոռանում նույնիսկ ուտելու ժամանակ և կրում է իր մեջ որքան կարող է։
4.6. Կոնֆուցիոսն ասաց.
— Ես դեռ չեմ տեսել մեկին, որն իրոք սիրի բարին և չեմ տեսել մեկին, որն իրոք ատի չարը։
Ով իրոք սիրում է բարին, իրեն բարձր է զգում բոլորից։ Ով իրոք ատում է չարը, գործում է բարոյականության և վարքի օրենքներով, այսինքն հեռու է պահում իրեն այն ամենից, ինչ հակառակ է այդ օրենքներին։
Սակայն ես չեմ տեսել մեկին, որի ուժը չբավարարի գոնե մեկ օր տևողությամբ պայքարելու բարու համար։ Երևի կան այդպիսի մարդիկ, բայց ես այդպիսիք չեմ տեսել։
4.7. Կոնֆուցիոսն ասաց.
— Մոլորությունները, որոնք կատարվում են, համապատասխան են այն մարդկանց, որոնք կատարում են դրանք։ Սխալների վրա կարելի է ճանաչել մարդկանց։
4.3. Կոնֆուցիոսն ասաց.
— Ով առավոտյան կարողանա ճանաչել ճշմարտությունը, երեկոյան կարող է հանգիստ խղճով մեռնել։
4.9. Կոնֆուցիոսն ասաց.
— Բավականություն չի կարող պատճաոել զրույցը այն մարդու հետ, որը թեև ճիշտ ճանապարհի ձգտում ունի, սակայն ամաչում է իր վատ հագուստներից և հասարակ ուտելիքներից։
4.10. Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը անաչառորեն կանգնած է այս աշխարհի հետ դեմ առ դեմ։ Միայն իրավունքն է նրա կողմը։
4.11. Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականի համար կարևորը ներքին, հոգևոր արժեքն է, իսկ հասարակ մարդը բավարարվում է նաև նյութականով։
Ազնվականը մշտապես ձգտում է ճշմարտության, հասարակ մարդը՝ օգտակարության։
4.12. Կոնֆուցիոսն ասաց.
— Ով մշտապես սեփական շահն է որոնում, կհանդիպի անախորժությունների։
4.13. Կոնֆուցիոսն ասաց.
— Անհնար է դժվարությունները հաղթահարել այն երկրում, որտեղ կառավարվում ու մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես ձեռնտու է։
Այն տիրակալը, ով չի հասկանում սա, ուրեմն էլ նրա ինչին են պետք պատշաճությունը, քաղաքավարությունը, և ընդունված վարքի օրենքները։
4.14. Կոնֆուցիոսն ասաց.
— Ինձ չի վշտացնում այն, որ ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ աստիճան։
Ավելի շուտ ինձ մտահոգում է այն, որ ընդունակությունների ու սեփական աժի պակաս եմ զգում։
Չեմ վշտանում նաև անհայտ մնալուց։
Մտածում եմ միայն այնպիսին լինել, որ մարդիկ ինձ ճանաչեն։
4.15. Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզեն Շեն, մի միտք կա, որ կարմիր թելի պես անցնում է իմ ուսմունքի միջով։
Ցզեն Շենը համաձայնվեց։ Երբ ուսուցիչն հեռացավ, աշակերտներն հարցրեցին.
— Ո՞րն է դա։
Ցզեն Շենը պատասխանեց.
— Հավատարիմ լինել և ճշմարտասեր։ Սա է Ուսուցչի ճանապարհը։
4.16. Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը հավատարիմ է իր պարտքին, մինչդեռ հասարակ մարդը տեսնում է միայն սեփական շահը։
4.17. Կոնֆուցիոսն ասաց.
— Արժանավոր մարդու հանդիպելիս ձգտիր նմանվել նրան։ Իսկ եթե հանդիպել ես անարժան մեկին, ապա հույսդ դիր քեզ վրա և քննիր ինքդ քեզ։
4.18. Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե հնազանդորեն ծառայում ես ծնողներիդ, ապա կարող ես անհրաժեշտ զսպվածությամբ նաև առարկել նրանց։ Բայց իմացիր, որ նրանք կարող են համաձայն չլինել քեզ հետ։ Այդ դեպքում նույնպես եղիր հարգալից և մի հակառակվիր։
Ծառայիր նրանց առանց տրտնջալու։
4.10. Կոնֆուցիոսն ասաց.
— Քանի դեռ ողջ են ծնողներդ, չպետք է հեռանաս նրանցից։ Բայց եթե, կյանք է, հեռացել ես, ապա աշխատիր ապրելու համար շատ տեղից տեղ չփոխվել։
4.20. Կոնֆուցիոսն ասաց.
— Ով երկար ժամանակ հայրական ճանապարհից չի շեղվում, կարելի է ասել, որ նա իրեն պահում է հարգալից և մարդավայել։
4.21. Կոնֆուցիոսն ասաց.
— Ծնողների տարիքը մշտապես պետք է հիշեն զավակները։ Դա մի կողմից հիմք է ուրախության, մյուս կողմից՝ շարժառիթ հոգատարության։
4.22. Կոնֆուցիոսն ասաց.
— Հին ժամանակներում մարդիկ անխոհեմ չէին վարվում բառերի հետ, որովհետև կասկած ունեին, թե կարող են չկատարել այն, ինչ պահանջում է արտասանված բառը։
4.23. Կոնֆուցիոսն ասաց.
— Ով կարողանում է ինքն իրեն տիրապետել, հազվադեպ է սխալվում։
4.24. Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը խոսքի մեջ խոհուն է ու դանդաղ, իսկ գործի մեջ՝ արագ և խելացի։
4.25. Կոնֆուցիոսն ասաց.
― Առաքինությունը երբեք միայնակ չի կարող լինել։ Ով արդար բան է անում, անպայման բարեկամներ կգտնի։
4.26. Ցզի–յուն ասաց.
― Ով թագավորին հանդիմանի, կշնորհազրկվի։
Ով իր ընկերներին մշտապես կշտամբանքներ տա, կմնա միայնակ։
