Զրույցներ

Գլուխ երրորդ

 

3.1. Հի ընտանիքի ավագի մասին Կոնֆուցիոսն ասաց.

― Ծիսական երաժշտության և պարերի համար նա պահում է ութ երգչախումբ։

Եթե նա ուժ ունի այդ բանն անելու, ուրեմն էլ ի՞նչ չի կարող անել [Ութ երգչախումբ պահելու իրավունք ուներ միայն Լու երկրի թագավորը]։

3.2. Լու պետության ազնվական երեք տոհմեր, իրենց նախնիներին զոհ մատուցելուց հետո, երգեր կատարեցին «Ներբողների գրքից», որ Չժոու հարստության տիրակալների մենաշնորհն էր։

Այդ մասին Կոնֆուցիոսն ասաց.

― Չէ որ «Ներբողների գրքում» ասված է՝ «Զոհաբերման ծեսը ղեկավարում է ինքը՝ թագավորը, երկնքի որդին, լուրջ ու տոնական, շրջապատված իշխաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի այդ երգերը հնչեցնել երեք տոհմերի զոհարանում։

3.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է ծիսական օրենքներն ու վարվելաձևերը պահպանել։

Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է հասկանալ երաժշտությունը։

3.4. Լին Ֆանգը հարցրեց տոնական սովորությունների և ծեսերի օրենքների մասին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Դա շատ կարևոր է իմանալ։ Տոնական ծեսերն ավելի շատ անպաճույճ պետք է լինեն, քան շքեղ։ Իսկ թաղման ժամանակ ավելի կարևոր է վիշտը, քան արարողության օրենքները բծախնդրորեն կատարելը։

3.5. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե բարբարոսները թագավոր ունենան, ապա միևնույն է, նրանք ոչնչով չեն կարող համեմատվել մեր մեծ պետության հետ, եթե անգամ նա թագավոր չունենա։

3.6. Հի ընտանիքի ավագը, հավակնելով չափվել Չժոու հարստության տիրակալների հետ, կամեցավ զոհ մատուցել Թաի լեռան [Հին Չինաստանի հինգ սուրբ լեռներից մեկն է] ոգուն։ Ուսուցիչն ասաց Ռան Յուին.

— Դու դա չե՞ս կարող խափանել։

Ռան Յան պատասխանեց.

— Ոչ, չեմ կարող։

Այդ Ժամանակ Կոնֆուցիոսն ասաց.

— Ափսոս Թաի լեռան ոգուն, հակառակ բարոյականությանը, նա ինչպե՞ս պետք է ընդունի այդ զոհաբերությունը։

3.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդիկ ոչ մեկի հետ մրցման մեջ չեն մտնում, բայց եթե դա անհրաժեշտ է, ապա միայն նետաձգությամբ։ Սակայն այստեղ էլ մրցողները սկզբում միմյանց գլուխ են տալիս, իսկ նետաձգությունից հետո նստում և խոնարհ ողջույնների ներքո գինի են խմում։ Այդպես մրցելը պատշաճ է միայն ազնվականներին։

3.8. Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց.

— Ի՞նչ են նշանակում «Երգերի գրքի» այս տողերը.

«Կախարդանք է նրա ժպիտը գեղեցիկ,
Հրապուրիչ է փայլը աչքերի,
Որ զարդեր են կարծես ճերմակ հիմնաներկի վրա»։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Նախ ճերմակ հիմնաներկն է ստեղծվում, հետո միայն գույնզգույն զարդերը։

Ցզի-սյան դրան պատասխանեց.

— Ուրեմն վարվելակերպի կանոններն ու վարքի օրենքները նո՞ւյնպես հետո են ստեղծվում։

Ուսուցիչն ասաց.

— Ցզի-սյան արտահայտում է իմ մտքերը։ Ես արդեն կարող եմ նրա հետ խոսել «Երգերի գրքի» մասին։

3.9. Կոնֆուցիոսն ասաց.

― Ես կարող էի խոսել Սյա հարստության բարքերի, սովորույթների մասին, սակայն նրանց հետնորդները Հի պետության մեջ դրա համար բավարար տեղեկություններ չեն թողել։

Կարող էի խոսել նաև Ին հարստության բարքերի և սովորույթների մասին, բայց Շան պետության մեջ նրանց հետնորդները նույնպես շատ քիչ տեղեկություններ են թողել։ Նրանք շատ քիչ փաստաթղթեր ու տեղեկություններ են թողել, այլապես ես դրանք որպես ապացույցներ կօգտագործեի։

3.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Մեծ զոհաբերությունների ժամանակ գինու հեղումից հետո ինձ համար այլևս հաճելի չէ նայել մյուս արարողությունները։

3.11. Մեկը խնդրեց Կոնֆուցիոսին մեկնաբանել մեծ զոհաբերությունը։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ես դա չեմ կարող անել, իսկ նա, ով հասկանա մեծ զոհաբերության իմաստը, նույնքան հեշտությամբ կկառավարի երկիրը, որքան և այս բանն անելը,— և նա ցույց տվեց ձեռքի ափը։

3.12. Կոնֆուցիոսը զոհ էր մատուցում իր նախնիներին այնպես, ասես թե նրանք կանգնած են իր առաջ։

Նա ոգիներին զոհ էր մատուցում այնպես, ասես թե նրանք մասնակից են զոհաբերությանը։

Կոնֆուցիոսն ասում էր. «Եթե ես չմասնակցեմ գոհաբերությանը անձամբ, ապա կնշանակի, որ ես ոչ մի զոհաբերություն էլ չեմ կատարել։ Չի կարելի թույլ տալ, որ մեր փոխարեն ուրիշ որևէ մեկը ներկա լինի արարողությանը։

3.13. Վան-սու Ցզյան՝ վայ պետության մի բարձրաստիճան ծառայող, հարցրեց.

― Ի՞նչ են նշանակում այս բառերը՝ «Ավելի լավ է օջախի ոգու համակրանքը վայելել, քան թե տան ներսի ոգու»։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Այդ բառերը կեղծ են։ Նա, ով մեղանչել է երկնքի կամքի դեմ, չունի այլևս որևէ մեկը, որին կարողանա աղոթել։

3.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Չժոու հարստությունն հաջորդեց նախորդ երկու հարստություններին՝ Սիա և Շան։ Բայց տեսեք, թե ինչ մշակված ու ազնիվ օրենքներ ունի։ Ես Չժոու հարստության հետնորդն եմ։

3.15. Մտնելով նախնիների մեծ տաճար, Կոնֆուցիոսը բոլորից մեկ աո մեկ հետաքրքրվեց, թե ի՞նչ ծես և արարողություն է կատարվում։ Ինչ-որ մեկը նկատեց.

— Ինչպե՞ս կարելի է ասել, որ ցզոուցի [Խոսքը Կոնֆուցիոսի հոր մասին է] մարդու որդին լավ գիտի ծեսերն ու արարողությունները։ Նա մեծ տաճար է մտնում և ամեն մեկից հարցնում այդ մասին։

Ուսացիչը լսեց այդ և պատասխանեց.

— Դա նույնպես ծեսի օրենքներից մեկն է։

3.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Նետաձգության ժամանակ կարևորն այն չէ, որ խփեն ծակեն նշանակետը, քանի որ մարդկանց ուժերն անհավասար են։ Այնուամենայնիվ դա պահպանվել է հին ժամանակներից։

9.17. Ցզի-գունը ցանկանում էր վերացնել այն ծիսակատարությունը, որի համաձայն յուրաքանչյուր ամսի առաջին օրը նախնիներին պետք է զոհաբերվեր մի խոյ։

Կոնֆուցիոսն ասաց.

― Դու խղճում ես խոյին, իսկ ես՝ ծիսական օրենքը։

3.18. Կոնֆուցիոսն ասաց.

― Երբ մեկը ծառայում է թագավորին և խստորեն պահպանում ծառայության օրենքները, չգիտես ինչու մարդիկ նրան անվանում են շողոքորթ։

3.19. Դին-գունը՝ Լու պետության տիրակալներից մեկը, հարցրեց Կոնֆուցիոսին․

— Ինչպե՞ս պետք է թագավորը ծառայի իր հպատակներին, իսկ նրանք էլ ինչպես պետք է ծառայեն իրենց թագավորին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Թագավորը պետք է իր հպատակներին վերաբերվի վայելչորեն և քաղաքավարի։

Պաշտոնյաները պետք է ծառայեն իրենց թագավորին հավատարիմ հնազանդությամբ։

3.20. Կոնֆուցիոսն ասաց.

«Երգերի գրքից» «Գուան Յու» երգը արտահայտում է ուրախության առանց սանձարձակության և հավատարմության՝ առանց ստորաքարշության։

3.21. Աի-գունը՝ Լու պետության տիրակալը, Ցզաի Վոին հարցրեց այն զոհասեղանի մասին, որը նվիրված է հայրենիքի պահպանությանը։ Ցզաի Վոն պատասխանեց.

— Ժողովրդին սարսափի մեջ պահելու համար Սիա հարստության թագավորները այնտեղ սոճի տնկեցին, Ինյան արքաները՝ կիպարիսներ, իսկ Չժոուները՝ շագանակենի։

Կոնֆուցիոսը լսեց այդ և ասաց.

— Կարիք չկա բողոքել այն գործերից, որոնք արդեն կատարվել են։ Պետք չէ անցյալի մեջ մեղքեր որոնել։

3.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Գուան Չժունը՝ Քյուի երկրի կառավարիչը, միայն զզվելի ընդունակություններ ուներ։

— Բայց չէ՞ որ նա ժուժկալ էր,— հարցրեց ինչ-որ մեկը։

Կոնֆուցիոսը նկատեց.

— Ինչպես կարելի է նրան ժուժկալ համարել, երբ երեք կին ուներ և յուրաքանչյուր պաշտոնում՝ մի քանի ծառայող։

— Այնուամենայնիվ նա գլուխ հանո՞ւմ էր վարվելակերպի և ծեսերի օրենքներից։

Ուսուցիչը պատասխանեց.

— Միայն իշխաններին էր իրավունք տրված իրենց պալատների դարպասների վրա շքոցներ կառուցել, բայց Գուան Չժունը, չափվելով իշխանների հետ, իր դարպասի դասի վրա նույնպես կառուցեց այդպիսի շքոց։

Իշխանները իրավունք ունեին առանձնահատուկ սեղաններ ունենալ, որ օգտագործում էին հավաքույթների ժամանակ գինի խմելու համար։ Գուան Չժունը նույնպես ունեցավ այդպիսի սեղան, հանդգնելով անել այն, ինչի իրավունքը չուներ։ Եթե Գուան Չժունը այդպես էր հասկանում վարվելակերպի և ծեսերի օրենքների իմաստը, ապա ո՞վ կարող էր նրան չընդունել։

3.23. Կոնֆուցիոսը Լա պետության պալատական երաժշտի հետ խոսում էր երաժշտության մասին։ Նա ասաց.

― Ձայնամուտդ համաչափ արա։ Այնուհետև հնչեցրու բոլոր ձայները ներդաշնակորեն, պարզ ու հասկանալի և այդպես անդադար մինչև երգի ավարտը։

3.24. Յիից մի սահմանապահ խնդրում էր, որ իրեն թայլատրեն տեսակցելու և զրուցելու Կոնֆուցիոսի հետ։

― Երբ որպես ազնվական ես այստեղ եմ եկել, ոչ մի անգամ ինձ չեն մերժել նրան տեսնելու համար,– ասաց նա։ Եվ նրան տարան Կոնֆուցիոսի մոտ։

Դուրս գալով, ասաց Կոնֆուցիոսի աշակերտներին.

― Ինչու եք տխրել, ձեր ուսուցիչը կորցրել է իր պաշտոնը։ Վաղուց ի վեր աշխարհն անտեղյակ էր ճշմարտության ձայնին։ Հիմա երկնքի կամքն է՝ արթնացնել այն Ձեր ուսուցչի ձայնով՝ ինչպես զանգի։

3.25. Շուն հարստության ծեր կայսեր երաժշտության մասին Կոնֆուցիոսն ասաց.

— Այն կատարելապես բարեհնչուն է և միաժամանակ ազնիվ բանականության իսկական արտահայտություն։

Պատերազմասեր թագավոր Վուի երաժշտության մասին նկատեց.

― Այն նույնպես շատ բարեհնչուն է, սակայն բարձրագույն չափով չի արտահայտում ազնիվ բանականություն։

3.26. Կոնֆուցիոսն ասաց.

Բարձր դիրք ունենալ և չլինել մեծահոգի, ծիսական օրենքները կատարել առանց ակնածանքի, թաղման և վշտի արարողությունը կատարել առանց ներքին ցավի՝ ես անկարող եմ նման բաները հասկանալ։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10

Թողնել մեկնաբանություն