Գլուխ տասներորդ
10.1. Հայրենի գյուղում Կոնֆուցիոսը իրեն պահում էր այնքան քաղաքավարի ու զուսպ, ասես խոսել չէր կարող։ Նախնիների տաճարում և արքունիքում նա խոսում էր անպաճույճ բառերով, բայց մեկ առ մեկ ընտրելով դրանք։
10.2. Պալատում, ընդունելության ժամանակ, ցածր դասի ծառայողների հետ Կոնֆուցիոսը խոսում էր անկաշկանդ տոնով։ Բարձր դասի ծառայողների հետ նա խոսում էր ընդգծված քաղաքավարությամբ։ Իշխանի ներկայությամբ նա լի էր պատկառանքով և անթաքույց արժանապատվությամբ։
10.3. Ամեն անգամ, երբ թագավորի հրավերով Կոնֆուցիոսը արքունիքում ընդունում էր օտարերկրյա հյուրերի, փոխվում էր նրա դեմքի արտահայտությանը, դեմքը դառնում էր լուրջ, քայլերը՝ փաթկոտ։ Նա խոնարհում էր նրանց, ովքեր կանգնած էին իր շուրջը, իրար մոտեցրած ձեռնափերով ողջունելով աջ ու ձախ կողմում կանգնածներին։ Այդ ամենի հետ նաև հոգում էր, որ զգեստը կարգին լինի։
Նա շարժվում էր ասես այն թռչունի նման, որ պատրաստվում է թռչելու։
Եվ ամեն անգամ, երբ ավարտվում էր ընդունելությունը, Կոնֆուցիոսը զեկուցում էր. «Հյուրերը բավարարված են»։
10.4. Երբ նա պալատի դարպասներից մտնում էր ներս, քայլում էր արագ, փոքր ինչ թեքված, ասես վախենում էր ինչ-որ անպատշաճությունից։
Նա չէր մնում դարպասի մեջտեղում կանգնած և սեմի վրա ոտք չէր դնում ոչ մի անգամ։
Երբ անցնում էր գահի մոտով, փոխվում էր դեմքի արտահայտությունը, լրջանում էր, քայլերը դաոնում էին փութկոտ։ Ձայնը դառնում էր մեղմ, ասես կորցնում էր խոսելու ուժը։
Երբ բարձրանում էր ընդունելության դահլիճ, խնամքով վեր էր բարձրացնում զգեստը։ Քայլում էր ուշադրությամբ, առաջ թեքված, սիրտ չէր անում անգամ շնչել։ Եվ երբ ընդունելության դահլիճից կրկին դուրս էր գալիս և իջնում էր աստիճաններով, նրա դեմքն արտահայտում էր հանգստություն։ Նա թողնում էր ուրախ և գոհ տպավորություն։ Հեռանում էր արագ քայլերով։ Նա կարծես լողում էր թռչունի նման, որ թռիչքից առաջ քիչ-քիչ բացում է թևերը։ Եվ արժանապատվությամբ լի՝ կրկին վերադառնում էր իր տեղը։
10.5. Երբ որպես դեսպան պատրաստվում էր որևէ երկիր մեկնել, ապա վերցնում էր իշխանի գայիսոնը։ Այդ պահին նա խոնարհաբար, փոքր-ինչ առաջ թեքված կերպարանք էր ընդունում, ասես չափից դուրս հոգնած լիներ։
Գայիսոնը նա պահում էր ձեռքերի բարձրությամբ այն դիրքով, երբ խոնարհվելիս իրար են մոտեցնում ձեռքերը, և ոչ երբեք ավելի վեր, և չէր իջեցնում ավելի ցած այն դիրքից, որի մեջ գտնվում են ձեոքերը նվեր ընդունելիս։
Նրա դեմքն արտահայտում էր պատկառանք, քայլերը դառնում էին դանդաղ ու չափված։
Նա իր հետ վերցրած նվերները հանձնում էր բարի ժպիտով։
Եթե թույլ էին տալիս ընդունելու մասնավոր անձանց, ապա ընդունում էր սիրով և ուրախությամբ։
10.6. Վառ, աչքի ընկնող գույներով հագուստներ չէր հագնում։ Տնային հագուստների համար երբեք չէր օգտագործում բաց կարմիր կամ ծիրանագույն երանգի կտորներ։ Երբ շոգ եղանակ էր լինում, հագնում էր առանց աստառի հագուստ՝ կարված նուրբ կամ կոպիտ կտավից։ Սև գառան մորթի հագնում էր սև զգեստների հետ, այծյամի մորթի՝ սպիտակ զգեստների հետ և աղվեսի մորթի՝ դեղին զգեստների հետ։
Նա տանը ուներ մորթե երկար հանդերձներ, որոնց աջ թևքերը փոքր-ինչ կարճ էին։ Քնելիս ծածկվում էր իր մարմնից կիսով չափ երկար ծածկոցով։ Նստելու համար օգտագործում էր աղվեսի կամ փորսուղի փափուկ մորթիներ։ Կարող էր կրել ամեն տեսակ զարդարանքներ՝ բացի սգի օրերից։ Սովորական զգեստի համար ավելի քիչ կտոր էր վերցնում, քան տոնականի, որն ավելի լայն էր։ Ցավակցական այցելության ժամանակ չէր հագնում սև գառան մորթի և ոչ էլ մուգ գույնի ծածկոց էր դնում գլխին։
Յուրաքանչյուր ամսի աոաջին օրը նա հագնում էր իր տոնական զգեստները և այցելության էր գնում պալատ։
10.7. Պասի օրերին հատկապես նա իրեն պահում էր մաքուր։ Հագնում էր կտավե վայելուչ զգեստներ։
Չէր ուտում այն, ինչ սովորականի պես վերցնում էր իր հետ։ Այդ օրերին նաև չէր քնում իր կնոջ մոտ։
10.8. Չէր խորշում շատ նուրբ բրնձից և մանր կտրտված մսից։ Նա երբեք չէր ուտում այնպիսի բրինձ, որը վատ համ ուներ կամ դառնացած էր կամ հին, և միս, որը փչացած էր։ Եթէ ուտելիքը իր բնական տեսքը կորցնում էր, ապա այլևս չէր ուտում, և երբ գեշ հոտ էր ունենում կամ լավ եփված չէր լինում, նույնպես չէր ուտում։ Նա ուտում էր միայն այն, ինչ համապատասխան էր տարվա եղանակին։ Կենդանիների մսից պատրաստված որևէ բան, եթե այն ճիշտ մորթված և կտրատված չէր, չէր ուտում։ Չէր ուտում նաև այն ուտելիքները, որ չէին մատուցվում իրենց համապատասխան արգանակի մեջ։ Նա երբեք ավելի շատ միս չէր ուտում, քան բրինձ։ Միայն գինի խմելիս որոշակի չափ չուներ, թեև երբեք չէր անցնում այն սահմանը, երբ ոգին սկսում էր աշխուժանալ։ Երբեք չէր ճաշակում շուկայից բերված գինի և ապխտած միս։ Միշտ պղպեղ էր ունենում ճաշին օգտագործելու համար, բայց դրանից ուտում էր շատ քիչ։
10.9. Թագավորի համար արված Մեծ Զոհաբերման միսը նա երբեք թույլ չէր տալիս պահ տալ գիշերը։ Զոհաբերման մյուս արարողությունների ժամանակ երեք օրից ավելի չէր թույլատրում միսը պահել։ Երեք օրն անցած ուտելիքն առհասարակ չէր ուտում։
10.10. Ուտելիս բոլորովին չէր խոսում։ Չէր խոսում նաև անկողնում պառկած։
10.11. Եթե անգամ հասարակ բրնձից կամ բանջարեղենից ապուր էր ունենում, ապա անպայման մի քիչ վերցնում էր դրանից ընծա մատուցելու՝ ի նշան պասի։
10.12. Եթե խսիրը հարթ և ուղիղ փռոված չէր լինում, չէր նստում վրան։
10.13. Երբ հարևանների հետ նստում էր ճաշի, սպասում էր, մինչև որ ծերերը վեր էին կենում ու դուրս գալիս, հետո միայն ինքը դուրս էր գնում։
10.14. Երբ չար ոգիներին և դևերին քշելու համար հավաքվում էին հարևանները, նա տոնական հագնված կանգնում էր իր տան աստիճանների արևելյան կողմում և բարի գալուստ էր մաղթում նրանց։
10.15. Երբ սուրհանդակի միջոցով մեկին լուր էր ուզում ուղարկել, նրան ճանապարհ դնելիս երկու անգամ խոնարհվում էր։
10.16. Երբ մի անգամ Հի Կան-ցզին Կոնֆուցիոսին դեղ ուղարկեց, նա խոնարհվելով ընդունեց այն և ապա ասաց.
— Ես ճշգրիտ չգիտեմ, թե ինչ դեղ է սա, ուստի չեմ համարձակվում այն ընդունել։
10.17. Երբ մի անգամ Կոնֆուցիոսը պալատում էր, նրա ձիանոցն այրվեց։
Տուն հասնելով՝ հարցրեց.
— Ի՞նչ է եղել մարդկանց։
Իսկ ձիերի մասին ոչինչ չհարցրեց։
10.18. Եթե իշխանը նրան արդեն պատրաստ որևէ ուտելիք էր ուղարկում, ապա անմիջապես խսիրը փռում էր և սկսում ճաշակել։ Եթե ուղարկում էր հում միս, ապա այն եփում էր և զոհ մատուցում նախնիներին։ Եթե իշխանը որևէ կենդանի էր ուղարկում, ապա պահ էր տալիս այն և խնամում։
Իսկ եթե իշխանը նրան հրավիրում էր միասին ճաշելու ապա շատ ուշադիր էր դառնում՝ վարվելակարգը պահպանելու համար։
10.19. Երբ մի անգամ Կոնֆուցիոսը հիվանդ էր և իշխանը այցելության էր եկել նրան, նա պառկել էր գլուխը դեպի արևելք, պալատական հագուստն ու գոտին վրան [Այդպես վարվելը ընդունված էր Հին Չինաստանում]։
10.20. Երբ իշխանը կանչում էր նրան, չէր սպասում՝ մինչև ձիերը կլծեն, այլ անմիջապես ճանապարհ էր ընկնում։
10.21. Երբ մտնում էր նախնիների տաճարը, ապա ամեն մեկից և բոլորից հարցնում էր, թե ի՞նչ ծիսակատարություն է և ո՞վ է կատարում։
10.22. Երբ մահացավ ընկերներից մեկը, որ ոչ մի մերձավոր չուներ, Կոնֆացիոսն ասաց.
— Ես կթաղեմ նրան։
10.23. Եթե նրան որևէ մեկը ձի կամ կառք էր նվիրում, ապա չէր խոնարհվում։ Այդ անում էր միայն զոհի միս ընդունելիս։
10.24. Անկողնում նա չէր պառկում անշարժ մեռածի պես։ Տանը իրեն պահում էր բոլորովին ոչ այնպես, ինչպես հյուր ընդունելիս կամ երբ ինքն էր հյուր լինում։
10.25. Սգո զգեստներ հագած մեկին հանդիպելիս իրեն պահում էր արժանապատվորեն և հանդիսավոր։ Այդպես էր իրեն պահում նաև այն ժամանակ, երբ խոսում էին մեկի մասին, որին ինքը շատ մտերիմ էր։
Եթե հանդիպում էր կույրի կամ պալատական գլխարկ կրող մեկին, դառնում էր շատ քաղաքավարի։ Այդպես էր իրեն պահում նաև այն մարդու հետ, որին ցերեկը մի անգամ արդեն հանդիպել էր։
Կառքով անցնելիս երբ տեսնում էր սգո զգեստներ հագած մարդկանց, խոր խոնարհվում էր լայնակի կառափայտի վրա, որ ցավակցությունը տպավորիչ լինի։
Այդպես էր վարվում այն այն դեպքում, երբ կառքից նկատում էր պետական դրոշմ կրող որևէ բեռնակրի։
Ճոխ սեղանի մոտ նրա դեմքի արտահայտությունը փոխվում էր, և նա շուտ վեր էր կենում։
Դեմքի արտահայտությունը փոխվում էր նաև այն ժամանակ, երբ հանկարծակի կայծակ էր խփում, կամ փչում էր սաստիկ քամի [Քամին և կայծակը երկնքի նշաններն էին]։
10.26. Կառք բարձրանալուց առաջ նախ կանգնում էր ուղիղ ու ձգված, սանձը ձեռքին, հետո միայն բարձրանում էր կառք։
Կառքի մեջ կանգնած նա շուրջը չէր նայում, արագ չէր խոսում, ոչ էլ մատնացույց էր անում որևէ բան։
10.27. Կոնֆուցիոսը զբոսնում էր։ Մոտերքում վայրի թռչունների մի երամ տեսավ։ Երամը բարձրացավ օդ, պտտվեց մի շրջան ու էլի ցած իջավ։ Ուսուցիչը նկատեց.
— Սրանք վայրի փասիանների թխսամայրեր են, հիմա նրանց ժամանակն է, նրանց ժամանակն է։
Ցզի-լուն ձեռքերով ծափ տվեց։ Թռչունները թևին տվեցին, բարձրացան օդ և թռան, հեռացան [Անհասկանալի է, թե ինչ է ակնարկում]։
