Գանձերի կղզին

Գլուխ XXXIII

 

Առաջնորդի անկումը

 

Կարծում եմ, աշխարհի ստեղծումից մինչև այսօր այս տեսակի մեծ հույսերի հանկարծակի խորտակում չի եղել։ Բոլոր վեցն էլ կանգնել էին կայծակնահար եղածի պես։ Առաջինը Սիլվերն սթափվեց։ Բոլոր հոգով նա ձգտում էր այդ փողերին։ Եվ ահա մի վայրկյանում ամեն ինչ խորտակվեց։ Այնուամենայնիվ, նա գլուխը չկորցրեց, իրեն տիրապետեց և կարողացավ փոխել իր ապագա գործողությունների պլանը, նախքան մյուսների հասկանալը, թե ինչ դժբախտություն է պատահել իրենց։

— Ջի՛մ,— շշնջաց նա,— վերցրո՛ւ և պատրաստ եղիր։

Եվ տվեց ինձ մի երկփողանի ատրճանակ։

Միաժամանակ նա սկսեց հանգիստ շարժվել դեպի հյուսիս, այնպես որ փոսը մնաց մեր երկուսի և ավազակների միջև։ Հետո Սիլվերը նայեց և ինձ գլխով արավ, կարծես ասում էր․ «դրությանը թեթև չէ», և ես նրա հետ միանգամայն համաձայն էի։ Այժմ նրա հայացքը նորից սիրալիր դարձավ։ Խոստովանում եմ, որ այդ երկերեսանիությունը վրդովեց ինձ։ Ես համբերել չկարողացա և շշնջացի.

— Այնպես որ դուք նորից դավաճանեցիք ձերոնց։

Բայց նա ինձ պատասխանելու ժամանակ չունեցավ։

Ավազակները, գոռգոռալով և հայհոյանքով, թռան փոսի մեջ և ձեռքերով փորփրեցին, տախտակներն այս ու այն կողմ շպրտելով։ Մորգանը մի ոսկե դրամ գտավ։ Նա դրամը վերցրեց և սկսեց բոլորին հայհոյել։ Դրամը երկու գինեյանոց էր։ Մի քանի վայրկյան դրամը ձեռքից ձեռք էր անցնում։

— Երկու գինեյ,— մռնչաց Մերին,— մեկնելով դրամը Սիլվերին։— Ա՞յս է քո յոթ հարյուր հազարը։ Դու, կարծեմ, պայմաններ կապելու սիրահար ես։ Ահա թե ինչ է դուրս գալիս քո պայմաններից, փայտե գլուխ։

— Փորեցե՛ք, տղե՛րք, փորեցե՛ք,— ասաց Սիլվերը սառն հեգնանքով,— գուցե, երկու-երեք գետընկույզ գտնեք, որոնք խոզերի սիրելի կերակուրն են կազմում։

— Երկու-երեք ընկո՜ւյզ,— կատաղությամբ գոռաց Մերին։— Ընկերնե՛ր, լսեցի՞ք, թե ինչ ասաց։ Ես ձեզ ասում եմ, որ նա վաղուց գիտեր։ Նայեցեք նրա երեսին։ Այնտեղ պարզ կերպով գրված է։

— Էխ, Մերի,— նկատեց Սիէվերը։— Դու, կարծեմ, մտադիր ես կրկին նավապետ դառնալ։ Դու, ինչպես տեսնում եմ, պնդերես տղա ես։

Այս անգամ բոլորն էլ Մերիին կողմնակից էին։ Ավազակները, կատաղությամբ նայելով մեզ վրա, սկսեցին փոսից դուրս գալ։ Ասենք, մեր բախտից, նրանք գտնվում էին հակառակ կողմում։

Այդպես կանգնած էինք մենք, երկուսս հնգի դիմաց, և մեզ բաժանում էր փոսը։ Կողմերից ոչ մեկը սիրտ չէր անում առաջին զարկը տալ։ Սիլվերն անշարժ կանգնած էր։ Նա սառնարյուն կերպով ու հանգիստ հսկում էր թշնամիներին, իր հենակի վրա հենված։ Նա իսկապես համարձակ մարդ էր։

Վերջապես Մերին որոշեց իր կողմնակիցներին ճառով ոգևորել։

— Ընկերներ,— ասաց նա,— նայեցե՛ք, նրանք ընդամենը երկու հոգի են. մեկը՝ ծեր հաշմանդամ, որը մեզ բերել է այստեղ կործանելու, մյուսը՝ շան ձագ, որի սիրտը վաղուց եմ ուզում կտրատել։ Եվ այժմ․․․

Նա ձեռքերն ու ձայնը բարձրացրեց, պատրաստվելով իր խումբը հարձակման տանելու։ Եվ հանկարծ՝ տրա՜խկ, տրա՜խկ, տրա՜խկ, անտառում հրացաններ պայթեցին։ Մերին գլխիվայր ընկավ ուղիղ փոսի մեջ։ Ճակատը փաթաթած մարդը հոլի նման պտտվեց և ընկավ նրա կողքին։ Նա բավական ժամանակ ցնցվում էր, սակայն արդեն մեռած էր։ Մնացած երեք հոգին փախան։

Այդ վայրկյանին Երկարահասակ Ջոնն իր ատրճանակի երկու փողով էլ կրակեց դեպի Մերին, որը փորձում էր դուրս սողալ փոսից։ Մեռնելիս Մերին նայեց իրեն սպանողի երեսին։

― Զորջ,— ասաց Սիլվերը,— այժմ, ես կարծում եմ, մեր հաշիվները վերջացան։

Մուսկատի ընկույզի թփուտներում մենք տեսանք բժշկին, Գրեյին և Բեն Գանին։ Նրանց հրացանները ծխում էին։

― Հառա՜ջ,— գոչեց բժիշկը։— Շտապեցե՛ք, տղե՛րք։ Մենք պետք է նավակներից կտրենք նրանց։

Եվ մենք առաջ սլացանք, մինչև կուրծքներս թփուտի մեջ սուզելով։

Մեզանից ետ չմնալու համար, Սիլվերն ուժասպառ եղավ, նա այնպես էր աշխատում իր հենակով, որ կարծես թե կրծքի մկաններն այս րոպեիս պետք է մաս-մաս լինեն։ Բժշկի ասելով, առողջ մարդն էլ այդպիսի աշխատանքի չէր դիմանա։ Երբ հասանք զառիվայրին, նա մեզանից ամբողջ երեսուն յարդ ետ մնաց և բոլորովին ուժասպառ, եղավ։

― Բժիշկ,— կանչեց նա,–— նայեցեք, շտապելու կարիք չկա։

Իսկապես որ շտապելու կարիք չկար։ Մենք բացատը դուրս եկանք և տեսանք, որ կենդանի մնացած երեք ավազակները վազում են դեպի Բիզանկայմ ժայռը։ Այդպիսով, մենք արդեն գտնվում էինք փախստականների և նավակների միջև և կարող էինք հանգստանալ։ Երկարահասակ Ջոնը, երեսի քրտինքը սրբելով, կամաց մոտեցավ մեզ։

— Սրտանց շնորհակալ եմ ձեզանից, բժիշկ,— ասաց նա։— Դուք ժամանակին հասաք, և մեզ երկուսիս էլ ազատեցիք․․․ Ա՜, այդ դո՞ւ ես, Բեն Գան,— ավելացրեց նա։— Դու, ինչպես տեսնում եմ, կտրիճ երիտասարդ ես։

— Այո՛, ես Բեն Գանն եմ,— շփոթված պատասխանեց նախկին ծովահենը, Սիլվերի առջև օձաձուկի պես գալարվելով։— Ինչպե՞ս եք, պարոն Սիլվեր, կարծեմ վատ չեք,— հարցրեց նա երկար լռությունից հետո։— Կարծում եմ, վատ չեք։

— Բե՛ն, Բե՛ն,— փնթփնթաց Սիլվերը,— մի հլա մտածիր, թե ինչ օյին խաղացիր գլխիս։

Բժիշկը Գրեյին ուղարկեց, որ ավազակների ետևից վազելիս դեն գցած քլունգը բերի։ Մինչև մենք առանց շտապելու իջնում էինք զառիվայրից դեպի մեր նավակները, բժիշկը մի քանի խոսքով պատմեց, թե վերջին օրերում ի՛նչ է պատահել։ Սիլվերն ագահությամբ լսում էր յուրաքանչյուր խոսքը։ Կիսախելագար անապատական Բեն Գանը պատմվածքի գլխավոր հերոսն էր։

Բժշկի ասելով, կղզու վրա երկար, մենակ թափառումների ժամանակ, Բենը գտել է և՛ կմախքը, և՛ գանձը։ Նա է դատարկել կմախքի գրպանները և հողի տակից հանել գանձը, նրա բահի կոթն ենք տեսել մենք փոսի մեջ։ Նա իր ուսերի վրա դրած փոխադրել է ողջ ոսկին բարձր սոճու տակից երկգագաթ լեռան այրը, կղզու հյուսիսարևելյան մասում։ Այս ծանր աշխատանքը, որ երկար ժամանակ քայլել է պահանջում, վերջացրել էր «Իսպանոլայի» գալուց միայն երկու ամիս առաջ։

Այս բոլորը բժիշկն իմացել էր նրանից՝ նրա հետ ունեցած առաջին իսկ տեսակցության ժամանակ, մեր ամրոցի վրա գրոհելու օրը։ Հետևյալ առավոտ, տեսնելով, որ նավն անհետացել է, բժիշկը գնացել էր Սիլվերի մոտ, տվել էր քարտեզը, որն այժմ ոչ մի նշանակություն չուներ և ամրոցն իր բոլոր պաշարեղենով հանձնել էր նրան, որովհետև Բեն Գանի այրում բավականաչափ աղած այծի միս կար, որ պատրաստել էր Գանը իր ձեռքով։ Այս հանգամանքի շնորհիվ իմ բարեկամները հնարավորություն են ստացել վտանգի չենթարկվելով, ամրոցից փոխադրվել երկգլխանի սարը, մալարիայի ճահիճներից հեռու, և պահպանել գանձը։

— Իհարկե, ես նախատեսել էի, սիրելի Ջիմ,— ավելացրեց բժիշկը,— որ մեր գաղթը քեզ վատ ծառայություն կմատուցի, և այդ հանգամանքը շատ էր վշտացնում ինձ, բայց ես ամենից առաջ պետք է մտածեի այն մարդկանց մասին, որոնք իրենց պարտքը բարեխղճորեն կատարեցին։ Վերջապես դու ես մեղավոր, որ մեզ հետ չէիր գտնվում։

Բայց այն առավոտյան, երբ նա ինձ տեսավ գերի ծովահենների մոտ, հասկացավ, որ իմանալով գանձի անհետացման մասին, նրանք ինձնից վրեժ կլուծեն։ Այդ պատճառով նա թողեց կալվածատիրոջը, որ պահպանի նավապետին, վերցրեց իր հետ Գրեյին և Բեն Գանին և կղզու միջով ուղղվեց դեպի մեծ սոճին։ Ճանապարհին, տեսնելով, որ խումբն իրենից առաջ է անցել, նա Բեն Գանին ուղարկեց առաջ, որովհետև Բեն Գանը չափազանց արագաշարժ էր։ Նա իսկույն մտածեց օգտվել իր նախկին ընկերների սնոտիապաշտությունից և նրանց այնպես վախեցրեց, որ Գրեյն ու բժիշկը կարողացան թաքնվել սոճու մոտ, մինչև գանձ որոնողների գալը։

— Ի՜նչ լավ էր,— ասաց Սիլվերը,— որ Հոկինսն ինձ հետ էր։ Եթե նա ինձ հետ չլիներ, դուք, բժիշկ, ձեր ունքն էլ չէիք չարժի, եթե ինձ մաս-մաս անեին։

— Իհարկե,— պատասխանեց բժիշկ Լիվսին ծիծաղելով։

Այդ ժամանակ մենք մոտեցանք նավակներին։ Նրանցից մեկը բժիշկն իսկույն քլունգով ջարդեց, որ ավազակների ձեռքը չընկնի, իսկ մյուսի մեջ բոլորս տեղավորվեցինք և կղզու շուրջը պտտվելով, գնացինք դեպի հյուսիսային ծովախորշը։

Մենք անցանք ութ կամ ինը մղոն։ Սիլվերը, չնայած իր չափազանց հոգնածության, մեզ հետ հավասար թիավարեց։ Մենք դուրս եկանք նեղուցից դեպի բաց ծով։ Ծովը խաղաղ էր։ Մենք անցանք կղզու հարավարևելյան կողմի դուրս ցցված մասը, որը չորս օր առաջ բոլորապատել էր «Իսպանոլան»։

Անցնելով երկգլխանի լեռան մոտով, մենք տեսանք Բեն Գանի այրի մութ մուտքը և նրա մոտ մի մարդ, որ հրացանի վրա հենված, կանգնած էր։ Դա կալվածատերն էր։ Մենք թաշկինակ թափահարեցինք և երեք անգամ «ուռա» գոչեցինք, ընդ որում Սիլվերը բոլորից բարձր էր գոռում։

Էլի երեք մղոն անցնելով, մենք մտանք Հյուսիսային ծովախորշը և տեսանք «Իսպանոլան»։ Նա առանց ղեկի ու առագաստների տարուբերվում էր ջրի վրա։ Մակընթացությունը նրան ծանծաղուտից հանել էր։ Եթե այդ օրը քամի լիներ, կամ եթե Հյուսիսային ծովախորշում այնպիսի ուժեղ հոսանք լիներ, ինչպես Հարավայինում, մենք կարող էինք միանգամայն զրկվել նավից։ Լավագույն դեպքում մենք նրա բեկորները կգտնեինք։ Սակայն, բարեբախտաբար, նավը ողջ էր, եթե կոտրված միջնակայմը չհաշվենք։ Մենք պահեստի խարիսխը ջրի մեջ գցեցինք։ Հետո նավակով ուղևորվեցինք դեպի Հարբած ծովախորշը՝ Բեն Գանի գանձատան պմենամոտ կետը։ Այնտեղ ցած իջանք և Գրեյին նավն ուղարկեցինք, որ գիշերվա ընթացքում հսկի։

Թեթև զառիվայրով այրը բարձրացանք։ Վերևում մեզ դիմավորեց կալվածատերը։ Նա ինձ հետ սիրալիր վերաբերվեց։ Իմ փախուստի մասին ոչ մի խոսք չասաց, չգովեց և չհայհոյեց։ Իսկ երբ Սիլվերը նրան քաղաքավարի կերպով զինվորական պատիվ տվեց, նա վրդովմունքից կարմրեց։

— Ջոն Սիլվեր,— ասաց նա,— դուք գարշելի անզգամ եք և խաբեբա։ Հրեշային խաբեբա։ Ինձ համոզեցիք չհետապնդել ձեզ, ես էլ խոստացա։ Սակայն մեռելները ջրաղացի քարի նման կախված են ձեր վզից։

— Սրտանց շնորհակալ եմ ձեզանից, պարոն,— պատասխանեց Երկարահասակ Ջոնը, կրկին պատիվ տալով։

— Մի՛ համարձակվեք ինձ շնորհակալություն հայտնել,— գոչեց կալվածատերը։— Ձեր պատճառով ես խախտում եմ իմ պարտքը։ Հեռացե՛ք ինձանից։

Մենք այր մտանք։ Այրն ընդարձակ էր և թարմ օդով լիքը։ Գետնի տակից մաքուր ջրի աղբյուր էր բխում և թափվում մի փոքրիկ լճի մեջ, որը պատած էր խիտ ձարխոտերով։ Հատակն ավազոտ էր։ Բոցավառվող կրակի առաջ պառկած էր նավապետ Սմոլետը, իսկ հեռու անկյունում աղոտ փայլում էր ոսկե դրամների և ձուլաձողերի մի հսկա դեզ։ Սա նավապետ Ֆլինտի գանձն էր, այն գանձը, որի համար մենք այնպիսի երկար, հոգնեցուցիչ ճանապարհ կտրեցինք, որի պատճառով «Իսպանոլա» նավի անձնակազմից տասնյոթ հոգի մեռան։ Իսկ քանի՜ մարդկային կյանք, որքա՜ն տանջանք ու արյուն արժեր այդ հարստությունը։ Քանի՜ փառավոր նավ էր կործանվել, որքա՜ն քաջ մարդիկ էին տանջվել, որքա՜ն ռմբակոծություն նավերից, որքա՜ն խայտառակություն, սուտ, անգթություններ։ Սակայն դեռևս կղզու վրա գտնվում էին երեք հոգի՝ Սիլվերը, ծեր Մորգանը և Բենը, որոնք մի ժամանակ մասնակցել էին այդ բոլոր սարսափելի չարագործություններին և այժմ ապարդյուն կերպով հույս ունեին իրենց բաժինն ստանալու այդ հարստությունից։

— Մտի՛ր, Ջիմ,— ասաց նավապետը։— Դու, քո կարծիքով, գուցե և վատ տղա չես, բայց խոսք եմ տալիս, որ այլևս երբեք քեզ ծովային ճանապարհորդության չեմ տանի, որովհետև դու սիրվածների ցեղից ես․ ամեն ինչ քո ուզածի պես ես անում… Ա՜, այդ դո՞ւ ես, Ջոն Սիլվեր։ Ի՞նչն է բերել քեզ մեզ մոտ։

— Վերադարձա, որ պարտականություններս կատարեմ,— պատասխանեց Սիլվերը։

— Ա՜,— ասաց նավապետը։

Եվ ուրիշ ոչ մի ձայն։

Ինչպե՜ս փառավոր ընթրեցի ես այդ երեկո, շրջապատված իմ բոլոր բարեկամներով։ Ի՜նչ համեղ թվաց ինձ Բենի աղած այծի միսը, որի վրայից խմում էինք «Իսպանոլայից» բերած հին գինին։ Երբեք դեռ մեզ նման ուրախ և երջանիկ մարդիկ չեն եղել։ Սիլվերը, նստել էր բոլորից ետև, լույսից հեռու, սակայն չափազանց շատ էր ուտում, թափով վեր էր թռչում, երբ հարկավոր էր մի բան բերել, և մեզ հետ միասին ծիծաղում էր, երբ կատակ էինք անում, մի խոսքով նորից սիրալիր, քաղաքավարի, պատրաստակամ խոհարար դարձավ, ինչպես մեր ճանապարհորդության ժամանակ։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34

Թողնել մեկնաբանություն