Գանձերի կղզին

Գլուխ XXX

 

Ազնիվ խոսքով

 

Ինձ արթնացրեց, ավելի ճիշտ, մեզ բոլորիս արթնացրեց, որովհետև վեր թռավ մինչև անգամ ժամապահը, որ ննջում էր դռան մոտ, մի պարզ, բարձր ձայն, որ լսվեց անտառի եզրից։

— Էյ, կայազոր, վեր կաց։ Բժիշկը գալիս է։

Իսկապես բժիշկն էր։ Նրա ձայնը լսելով, ես ուրախացա, բայց իմ ուրախությանը խառնված էին հուզմունք և ամոթանք։ Ես հիշեցի իմ դասալքությունը, այն դավաճանությունը, որ ես կատարեցի։ Եվ այդ բոլորն ի՞նչ բանի հասցրեց։ Նրան, որ ես գերի եմ ավազակների մոտ, որոնք ամեն րոպե կարող են ինձ կյանքից զրկել։ Ես ամաչում էի նայել բժշկի երեսին։ Բժիշկը, երևի, վեր էր կացել դեռ լույսը բացվելուց առաջ, որովհետև օրը նոր էր սկսվում։ Ես վազեցի հրակնատի մոտ և նայեցի։ Նա կանգնած էր ներքևում, մինչև ծնկները սողացող մառախուղի մեջ, ինչպես մի ժամանակ կանգնած էր հենց այս ամբարի մոտ Սիլվերը։

— Բարև, բժիշկ։ Բարի լույս, պարոն,— բացականչեց Սիլվերը, սիրալիր ժպիտով։— Ինչ շուտ եք վեր կացել։ Վաղ զարթնող թռչունը շատ ուտելիք կգտնի, ինչպես ասում է առակը։ Ջորջ, սթափվիր, որդիս, և օգնիր բժիշկ Լիվսիին, որ նավը բարձրանա։ Ամեն ինչ կարգին է, բժիշկ։ Ձեր պացիենտները առաջվանից ավելի ուրախ և կայտառ են։

Այսպես նա զվարճախոսում էր, բլրի գագաթին կանգնած, հենակը կռնատակին, մի ձեռքով հենված պատին, միանգամայն առաջվա Ջոնը և՛ ձայնով, և՛ բռնելակերպով, և՛ ծիծաղով։

— Մեզ մոտ անակնկալ բան կա ձեզ համար, պարոն,— շարունակեց նա։— Մի փոքրիկ եկվոր, հա՜, հա՜։ Նոր կենվոր, այն էլ ինչպիսի կենվոր։ Արջամկան պես է քնած, աստված վկա։ Ամբողջ գիշերը քնած էր Ջոնի հետ կողք կողքի։

Այդ ժամանակ բժիշկ Լիվսին անցավ ցցապատից և մոտեցավ խոհարարին։ Եվ ես նկատեցի, թե ինչպես նրա ձայնը ղողաց, երբ հարցրեց.

— Մի՞թե Ջիմն է։

— Նա ինքը,— պատասխանեց Սիլվերը։

Բժիշկը հանկարծ կանգ առավ։ Կարծես թե տեղից շարժվելու հնարավորության չուներ։

— Լա՜վ,— ասաց նա վերջապես։— Առաջ գործ, հետո ուրախություն։ Կարծեմ առակն այսպես է։ Առաջ հիվանդներին նայենք։

Բժիշկը մտավ տուն և սառնությամբ ինձ գլխով անելով, զբաղվեց իր հիվանդներով։ Նա իրեն պահում էր հանդարտ ու հասարակ կերպով, թեև ես չէի կարող չգիտենալ, որ նրա կյանքն այս նենգ մարդկանց մեջ մազից է կախված։ Նա շաղակրատում էր բուժվողների հետ այնպես, որ կարծես թե հրավիրել են հիվանդի մոտ, անգլիական խաղաղ ընտանիքում։ Ինձ թվաց, որ նրա վերաբերմունքը ծովահենների վրա ուժեղ ազդեցություն էր թողնում։ Նրանք այնպես էին իրենց պահում, որ կարծես թե ոչինչ չի պատահել, կարծես թե նա առաջվա նման նավի բժիշկ է և իրենք առաջվա պես փութաջան և անձնվեր նավաստիներ են։

— Դու առողջանում ես, բարեկամս,— ասաց նա գլուխը փաթաթած մարդուն։— Քո տեղը, եթե ուրիշը լիներ, չէր ապրի։ Բայց քո գլուխը չուգունի կաթսայի պես պինդ է։ Իսկ ինչպե՞ս են քո գործերը, Ջորջ։ Դու ամբողջովին դեղին ես։ Քո փայծաղը կարգին չէ։ Դեղ ընդունե՞լ ես։ Ասացե՛ք, նա դեղ ընդունե՞լ է։

— Ինչպես չէ, պարոն, ինչպես չէ։ Ընդունել է, պարոն,— ձայն տվեց Մորգանը։

— Այն ժամանակից, երբ ես բանդիտների կամ, ավելի ճիշտ, բանտի բժիշկ դարձա,— ասաց բժիշկ Լիվսին բարեսիրտ ժպիտով,— ես իմ պարտականությունն եմ համարում պահել ձեզ անվնաս, հանգույցի համար։

Ավազակներն իրար նայեցին, բայց լռությամբ կուլ տվին բժշկի կատակը։

— Դիկն իրեն վատ է զգում, պարոն,— ասաց մեկը։

— Վա՞տ,— ասաց բժիշկը։— Դե՛, մի այստեղ եկ տեսնեմ, Դիկ, լեզուդ ցույց տուր։ Օ՜, ես չեմ զարմանում, որ նա իրեն վատ է զգում։ Այդպիսի լեզվով կարելի է վախեցնել և ֆրանսիացիներին։ Նա էլ է սկսել ջերմել։

— Ահա թե ինչ է պատահում այն մարդու հետ, որը փչացնում է սուրբ գիրքը,— ասաց Մորգանը։

— Պատահում է նրա հետ, որ իշի նման հիմար է,— առարկեց բժիշկը։— Նրա հետ, ում խելքը պակաս է ու չի տարբերում թարմ օդը վարակված օդից, չոր գետինը թունավոր և գարշելի ճահճից։ Դուք բոլորդ էլ վարակվել եք ջերմով, բարեկամնե՛րս, և շատ ժամանակ կանցնի, մինչև որ ազատվեք։ Տեղավորվել ճահճի վրա՞։ Սիլվեր, դուք ինձ զարմացրիք, աստված վկա։ Դուք այնպիսի հիմար չեք, ինչպես մյուսները, սակայն ամենափոքր հասկացողություն անգամ չունեք, թե ինչպես պետք է պահպանել ձեր ստորադրյալների առողջությունը։— Շատ լավ, ասաց բժիշկը, նայելով իր պացիենտներին և մի քանի բժշկական խորհուրդներ տալով, որ նրանք լսեցին այնպիսի հեզությամբ, որ կարծես արյունարբու ավազակներ չլինեին, այլ բարեգործական դպրոցի սաներ։— Այսօր բավական է։ Իսկ հիմա, եթե թույլ կտաք, ես կուզենայի զրուցել այս պատանու հետ։— Եվ նա անփույթ կերպով ինձ գլխով արավ։

Ջորջ Մերին կանգնած էր դռան մոտ և, կնճռոտվելով, ինչ-որ դառը դեղ էր ընդունում։ Լսելով բժշկի խնդիրը, նա ամբողջովին կարմրեց, դարձավ դեպի նա և գոռաց․

— Ո՛չ մի կերպ։

Եվ վատ հայհոյանքներ տվավ։

Սիլվերը ձեռքը խփեց տակառին։

— Լռի՛ր,— մռնչաց նա և կատաղած առյուծի նման նայեց չորս կողմը։— Բժիշկ,— շարունակեց նա քաղաքավարի կերպով,— ես համոզված էի, որ դուք կցանկանաք խոսել Ջիմի հետ, որովհետև գիտեի, որ այս տղան ձեր սրտովն է։ Մենք բոլորս այնպես շնորհակալ ենք ձեզանից, մենք, ինչպես տեսնում եք, այնպես վստահում ենք ձեզ, մենք ձեր դեղերն օղու պես խմում ենք։ Ես իսկույն ամեն բան կանեմ։ Հոկինս, դու կարո՞ղ ես ինձ ջենտլմենի ազնիվ խոսք տալ, որովհետև, թեև քո ծնողներն աղքատ են, բայց դու ջենտլմեն ես, որ ոչ մի տեղ չես փախչի։

Ես հոժարությամբ նրան ազնիվ խոսք տվի։

— Այդ դեպքում, բժիշկ,― ասաց Սիլվերը,– դուք ցցապատից անցեք։ Երբ որ անցնեք, ես Ջիմին ներքև կբերեմ։ Դուք կլինեք ցցապատի մի կողմում, իսկ նա՝ մյուս կողմում և այդ հանգամանքը չի խանգարի ձեզ, որ սրտանց խոսեք։ Ցտեսություն, պարոն։ Բարևեցեք կալվածատիրոջը և նավապետ Սմոլետին։

Հենց որ բժիշկը դուրս եկավ, ծովահենների զայրույթը, որ պահում էին Սիլվերի երկյուղից, պայթեց։ Նրանք մեղադրում էին Սիլվերին, որ նա կրկնակի խաղ է խաղում, որ նա ուզում է իրեն պաշտպանել, իսկ մյուսներին մատնել։ Մի խոսքով, նրանք իմացան Սիլվերի մտադրությունը։ Ես չէի կարծում, որ նա այս անգամ կարող է դուրս պրծնել։ Բայց նա բոլորից երկու անգամ խելոք էր, և նրա երեկվա հաղթությունը մեծ իշխանություն էր տվել։ Նա նրանց հիմար անվանեց, հայտնեց, որ առանց իմ և բժշկի խոսակցության յոլա գնալ չի կարելի, ցույց էր տալիս նրանց քարտեզը և հարցնում․ մի՞թե նրանք ուզում են խախտել պայմանն այն օրը, երբ կարելի է սկսել գանձերի որոնումը։

— Ո՛չ, երդվում եմ որոտով,— գոռում էր նա։— Կգա ժամանակ, որ մենք էլ նրանց քիթը կքաշենք, բայց մինչև այն ժամանակը ես պետք է փաղաքշեմ այդ բժշկին, մինչև անգամ եթե ստիպված լինեմ նրա կոշիկները ռոմով մաքրել։

Նա հրամայեց խարույկ վառել, հենակը վերցրեց, ձեռքը դրեց ուսիս և կաղալով ցած իջավ, ծովահեններին շփոթության մեջ թողնելով։ Զգացվում էր, որ նրա փաստերը նրանց վրա այնքան էլ չազդեցին։

— Մի՛ շտապիր, բարեկամս, մի շտապիր,— ասաց նա ինձ։— Նրանք միանգամից կհարձակվեն մեզ վրա, եթե նկատեն, որ երկուսս էլ շտապում ենք։

Մենք դանդաղ իջանք ավազոտ զառիվայրով այնտեղ, որտեղ ցցապատի ետևին սպասում էր բժիշկը։ Սիլվերը կանգ առավ։

— Թող Ջիմը պատմի ձեզ, բժիշկ, թե ինչպես ես ազատեցի նրա կյանքը, թեև դրա համար քիչ մնաց, որ նավապետի կոչումից զրկվեմ,— ասաց նա։— Ա՜խ, բժիշկ, երբ մարդ իր նավակը վարում է դեպի կործանումը, երբ նա մահվան հետ գիր ու արծիվ է խաղում, նա ուզում է թեկուզ մի ամենափոքր բարի խոսք լսել։ Նկատի ունեցեք, որ խոսքս վերաբերում է ոչ միայն իմ, այլև այս տղայի կյանքին։ Պաղատում եմ ձեզ, բժիշկ, խղճացեք ինձ, գոնե հույսի մի ստվեր տվեք։

Այժմ, ընկերներից հեռանալով և մեջքը դեպի ամրոցը կանգնած լինելով, Սիլվերը միանգամից ուրիշ մարդ դարձավ։ Նրա թշերը ներս ընկան, ձայնը դողում էր։ Իսկական մեռել դարձավ։

— Մի՞թե դուք վախենում եք, Ջոն,— հարցրեց բժիշկ Լիվսին։

— Բժիշկ, ես վախկոտ չեմ։ Ո՛չ, ես մինչև անգամ այսքան էլ վախկոտ չեմ,— և նա ցույց տվավ մատի ծայրը,— սակայն, ճիշտն ասեմ, երբ մտածում եմ կախաղանի մասինք մարմինս դող է ընկնում։ Դուք բարի և ճշմարիտ մարդ եք։ Ձեզանից լավը կյանքում չեմ տեսել։ Դուք չմոռանաք իմ արած լավությունները, թեև իհարկե, չարությունն էլ չեք մոռանա։ Տեսնո՞ւմ եք, ես մի կողմ եմ քաշվում և ձեզ Ջիմի հետ մենակ եմ թողնում։ Սա էլ դուք կհաշվեք իբրև լավություն, այնպես չէ՞։

Նա մի կողմ քաշվեց, ճիշտ այնքան տարածություն, որ մեզ չլսի, նստեց կոճղի վրա և սկսեց շվշվացնել։ Նա այս ու այն կողմ էր դառնում, նայում էր երբեմն ինձ, երբեմն բժշկին, երբեմն անզսպելի ծովահեններին, որոնք ավազի վրա փռված, խարույկ էին վառում, երբեմն էլ տանից բերում էին խոզի միս և հաց նախաճաշի համար։

— Եվ այդպես, Ջիմ,— տխուր ասաց բժիշկը,— դու այստեղ ես։ Ինչ որ ցանես, այն կհնձես, տղաս։ Ես չեմ կարողանում քեզ հայհոյել։ Միայն մի բան կասեմ. եթե նավապետ Սմոլետն առողջ լիներ, դու չէիր համարձակվի փախչել մեզանից։ Դու անազնիվ վարվեցիր, դու գնացիր, երբ նա հիվանդ էր և քեզ չկարողացավ ուժով պահել։

Պետք է խոստովանեմ, որ այս խոսքերը լսելուց հետո ես լաց եղա։

— Բժիշկ,— աղաչեցի ես,— խնդրում եմ ինձ չհայհոյեք։ Ես ինքս ինձ շատ եմ հայհոյել։ Իմ կյանքը մազից է կախված։ Ես այժմ էլ մեռած կլինեի, եթե Սիլվերն ինձ չպաշտպաներ։ Մահից ես չեմ վախենում, բժիշկ, ես միայն տանջանքից եմ վախենում։ Եթե նրանք սկսեն ինձ տանջել․․․

— Ջիմ,— ընդհատեց բժիշկը, և նրա ձայնը քիչ փոխվեց։— Ջիմ, այդ ես չեմ կարող թույլ տալ։ Ցցապատն անցիր, փախչենք։

— Բժիշկ,— ասացի ես,― չէ՞ որ ես ազնիվ խոսք եմ տվել։

— Գիտե՛մ, գիտե՛մ,— բացականչեց նա։— Ի՞նչ արած, Ջիմ։ Այդ մեղքը ես ինձ վրա կվերցնեմ։ Չէ՞ որ ես չեմ կարող քեզ այստեղ անօգնական թողնել։ Թռի՛ր։ Մի ոստյուն, և դու ազատության մեջ կլինես։ Քարայծի նման կսլանանք։

— Ո՛չ,— պատասխանեցի ես։— Չէ՞ որ դուք բոլորդ էլ այդպես չէիք վարվի։ Ո՛չ դուք, ո՛չ կալվածատերը և ո՛չ նավապետը տված խոսքը չէիք դրժի։ Սիլվերն ինձ վստահում է։ Ես նրան ազնիվ խոսք եմ տվել։ Բայց, բժիշկ, դուք ինձ մինչև վերջ չլսեցիք։ Եթե նրանք սկսեն ինձ տանջել, ես չեմ դիմանա և կասեմ, թե որտեղ եմ թաքցրել նավը։ Իմ գործը լավ գնաց, բժիշկ, բախտն ինձ ժպտաց, և ես նրանց նավը տարա։ Այժմ նավը գտնվում է Հյուսիսային ծովախորշի հարավային ափին։ Մակընթացություն ժամանակ կարելի է այնտեղից դուրս բերել։

— Նա՞վը,— բացականչեց բժիշկը։

Եվ ես մի քանի խոսքով պատմեցի նրան ինչ որ պատահել էր։ Նա լուռ լսեց ինձ։

— Դա ճակատագիր է,— նկատեց նա, երբ վերջացրի։— Ամեն անգամ դու ազատում ես մեզ մահից։ Եվ մի՞թե դու կարծում ես, որ մենք կթողնենք, որ դու այստեղ դանակով մեռնես։ Այդ վատ պարգև կլինի այն բոլորի համար, որ դու մեզ համար արել ես, տղաս։ Դու հայտնաբերեցիր դավադրությունը։ Դու գտար Բեն Գանին։ Ավելի լավ բան քո ամբողջ կյանքում չես անի, եթե հարյուր տարի էլ ապրելու լինես։ Այդ Բեն Գանը օ՛յ, օ՛յ, օ՛յ։ Ի դեպ Բեն Գանի մասին․․․ Սիլվեր,–– գոչեց նա։— Սիլվեր, ես ուզում եմ ձեզ խորհուրդ տալ,— շարունակեց նա, երբ խոհարարը մոտեցավ,— մի՛ շտապեք որոնել գանձը։

— Ես, պարոն, ամբողջ ուժով պետք է աշխատեմ ձգձգել այդ գործը,— ասաց Սիլվերը։— Բայց երդվում եմ, որ միայն գանձի որոնումով կարող եմ փրկել իմ և այս դժբախտ տղայի կյանքը։

— Լա՛վ, Սիլվեր,— ասաց բժիշկը,— եթե այդպես է, որոնեցեք։ Բայց ես ձեզ մի խորհուրդ էլ կտամ. գանձին մոտենալիս աղմուկից խուսափեցեք։

— Պարոն,— ասաց Սիլվերը,— դուք ինձ ասացիք կամ շատ բան, կամ չափազանց քիչ։ Ի՞նչ եք ուզում։ Ինչո՞ւ թողիք ամրոցը։ Ինչո՞ւ տվիք ինձ քարտեզը։ Ես այդ չհասկացա և այժմ էլ չեմ հասկանում։ Ես կուրորեն կատարեցի այն բոլորը, ինչ որ դուք պահանջեցիք, թեև մի փոքրիկ հույս անգամ չտվիք։ Իսկ այժմ նոր գաղտնիքներ։ Եթե այդ գաղտնիքներն էլ բաց չանեք, էլ ինչպե՞ս կարող եմ ձեզ օգնել։

— Ո՛չ,— մտախոհ պատասխանեց բժիշկը,— ես իրավունք չունեմ այդպիսի գործերի մասին ձեղ տեղյակ պահել։ Դա իմ գաղտնիքը չէ, Սիլվեր։ Այլապես, երդվում եմ իմ կեղծամով, որ ես բոլորը կպատմեի ձեզ։ Եթե ես մի խոսք անգամ ասեմ, նավապետը խիստ կպատժի ինձ։ Այնուամենայնիվ, ես ձեզ մի փոքրիկ հույս կտամ, Սիլվեր, եթե ես ու դուք դուրս պրծնենք այս գայլի փոսից, ես կաշխատեմ ձեզ փրկել կախաղանից։

Սիլվերի դեմքը վայրկենապես փայլեց։

— Հարազատ մայրս էլ չէր կարող դրանից լավ մխիթարել ինձ,— բացականչեց նա։

— Սա առաջինը, ինչ որ ես կարող եմ ասել ձեզ,— ավելացրեց բժիշկը։— Եվ երկրորդ․ այս տղային պահեցեք ձեզ մոտ և, եթե հարկավոր լինի օգնել, կանչեցեք ինձ։ Ես կաշխատեմ ձեզ ազատել, և այն ժամանակ դուք կտեսնեք, որ իմ ասածները դատարկ խոսքեր չեն… Մնաս բարով, Ջիմ։

Ցցապատի միջից բժիշկ Լիվսին սեղմեց իմ ձեռքը, Սիլվերին գլխով արավ և արագ քայլերով ուղղվեց դեպի անտառը։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34

Թողնել մեկնաբանություն