Գանձերի կղզին

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍ

 

ՆԱՎԱՊԵՏ ՍԻԼՎԵՐԸ

 

Գլուխ XXVIII

 

Թշնամիների ճամբարում

 

Խանձողի բոսորագույն լույսը լուսավորեց տան ներսը և հաստատեց իմ վատթարագույն երկյուղը։ Ծովահենները տիրել էին ամրոցը և մեր ամբողջ պաշարեղենը։ Ե՛վ կոնյակի տակառը, և՛ խոզի ապուխտը, և՛ պաքսիմատով լիքը տոպրակները գտնվում էին իրենց տեղերում։ Ես սարսափեցի, երբ տեսա, որ ոչ մի գերի չկա։ Երևի իմ բոլոր բարեկամները մեռել էին։ Վշտից սիրտս կծկվում էր։ Ինչո՞ւ ես էլ չմեռա նրանց հետ միասին։

Միայն վեց ծովահեն էր կենդանի մնացել, և նրանք բոլորն էլ այստեղ էին՝ իմ առջև։ Դրանցից հինգը, կարմիր, ուռած դեմքով, զարթնեցին քնից և արագ ելան ոտքի։ Վեցերորդը միայն տեղից բարձրացավ և հենվեց արմունկին։ Նա չափազանց գունատ էր։ Գլուխը փաթաթված էր արյունոտ փալասով։ Ուրեմն նա վիրավոր է և նոր է վիրավորվել։ Ես հիշեցի, որ գրոհի ժամանակ ծովահեններից մեկին վիրավորեցինք, որը հետո անհետացավ անտառում։ Երևի նա է։

Թութակը նստած էր Երկարահասակ Ջոնի ուսին և կտցով փետուրները մաքրում էր։ Ինքը՝ Սիլվերն, առաջվանից ավելի գունատ էր ու մռայլ։ Նա հագել էր շքեղ բաճկոնը, որը հագած եկավ մեզ մոտ բանակցելու։ Բայց այժմ այդ բաճկոնը կավոտ էր և պատառոտված։

― Էհե՜,― ասաց նա։― Սա Ջիմ Հոկինսն էր, սատանան տանի ինձ։ Հյո՞ւր ես եկել, հա՞։ Արի՛, արի՛։ Ես միշտ ուրախանում եմ, երբ հին բարեկամներ են գալիս ինձ մոտ։

Նա նստեց անգլիական օղու տակառի վրա և սկսեց իր ծխամորճը ծխախոտ լցնել։

— Մի կրակ բեր, Դիկ,― խնդրեց նա։

Եվ ծխելով, ասաց.

— Շնորհակալ եմ, բարեկամս։ Կարող ես խանձողը ցած դնել։ Իսկ դուք, պարոններ, պարծեցե՜ք, մի՛ ամաչեք։ Մենք բոլորս պարտավոր չենք պարոն Հոկինսի առջև զգաստ կանգնել։ Թող նա ների ձեզ, պատժի ինձ աստված։ Եվ այդպես, Ջիմ,— շարունակեց նա մեկնված,― դու այստեղ ես։ Ի՜նչ հաճելի անակնկալ բան է խեղճ ծերունի Ջոնի համար։ Ես առաջին իսկ հայացքից տեսա, որ դու ճարպիկ տղա ես, բայց այժմ տեսնում եմ, որ դու ուղղակի հերոս ես։

Իհարկե, ես ոչ մի բառով չպատասխանեցի։ Նրանք ինձ կանգնեցրին պատի մոտ և ես ուղիղ կանգնած, աշխատում էի որքան կարելի է հանդարտ նայել Սիլվերի երեսին։ Բայց ես հուսահատված էի։

Սիլվերն անվրդով մի քանի անգամ ձգվեց և կրկին խոսեց․

— Քանի որ դու մեզ մոտ հյուր ես եկել, Ջիմ,— ասաց նա,— ես քեզ բոլորը կպատմեմ ինչ որ մտքումս ունեմ։ Դու միշտ իմ սրտովն ես եղել, որովհետև ուսերիդ վրա գլուխ ունես։ Քեզ վրա նայելով, ես հիշում եմ այն ժամանակը, երբ ես այդպես երիտասարդ ու գեղեցիկ էի։ Ես միշտ ցանկացել եմ, որ դու միանաս մեզ, գանձից քո մասն ստանաս և մեռնես փարթամության մեջ, որպես հարուստ պարոն։ Եվ ահա, որդյակս, դու եկար, վերջապես։ Նավապետ Սմոլետը լավ ծովագնաց է, ես այդ միշտ հաստատել եմ, սակայն կարգապահության տեսակետից չափազանց պահանջկոտ է․ «Պարտականությունն ամենից առաջ», ասում է նա և միանգամայն ճիշտ է ասում։ Իսկ դու փախար նրանցից, քո նավապետից։ Մինչև անգամ բժիշկն էլ գոհ չէ քեզանից։ Նա «ապերախտ, անզգամ» անվանեց քեզ։ Մի խոսքով, դու ձերոնց մոտ էլ չես կարող վերադառնալ․ նրանք քեզ ընդունել չեն ցանկանում։ Եվ եթե չես ուզում երրորդ խումբ կազմակերպել, պետք է միանաս նավապետ Սիլվերին։

Ուրեմն գործն այնքան էլ վատ չէ։ Ուրեմն իմ բարեկամները կենդանի են։ Թեև ես պատրաստ էի հավատալ Սիլվերի ասածներին, որ նրանք իմ փախուստի պատճառով բարկացել են ինձ վրա, այնուամենայնիվ ես շատ ուրախացա։

— Ես էլ չեմ խոսում այն մասին, որ դու մեր իշխանության տակ ես,— շարունակեց Սիլվերը,— դու ինքդ այդ տեսնում ես։ Խելացի փաստերը ես սիրում եմ։ Ես սպառնալիքների մեջ երբեք ոչ մի օգուտ չեմ տեսել։ Եթե քեզ մեզ մոտ ծառայելը դուր է գալիս, կամավոր կերպով մտիր մեր շարքերը։ Իսկ եթե դուր չի գալիս, Ջիմ, պարզապես ասա՝ ո՛չ։ Տեսնո՞ւմ ես, ես քեզ հետ պարզ եմ խոսում, առանց որևէ խորամանկության։

— Դուք ուզում եք, որ ես պատասխանե՞մ,— հարցրեցի ես դողդոջուն ձայնով։

Նրա հեգնական շատախոսության մեջ ես զգում էի մահվան սպառնալիք։ Այտերս վառվում էին, սիրտս հուսահատորեն խփում էր կրծքումս։

— Ոչ ոք քեզ չի ստիպում, բարեկամս,— ասաց Սիլվերը։— Լավ մտածիր։ Մենք շտապելու բան չունենք։ Չէ՞ որ այնտեղ, որտեղ դու ներկա ես լինում, ձանձրալի չի լինում։

— Դե լավ,— ասացի ես, քիչ համարձակ,— քանի որ դուք ուզում եք, որ ես որոշեմ, թե ո՛ւմ կողմն եմ անցնում, պետք է բացատրեք ինձ, թե ինչ է կատարվում այստեղ, թե ինչու դուք այստեղ եք, թե ո՛ւր են իմ բարեկամները։

— Ի՞նչ է կատարվում,— մռայլ կրկնեց ծովահեններից մեկը։— Շատ բան կտայի իմանալու համար, թե ի՛նչ է կատարվում մեզ մոտ։

— Բերանդ կապիր, քանի որ քեզ չեն հարցնում,— բարկացած ընդհատեց նրան Սիլվերը, ապա նախկին քաղաքավարությամբ դիմեց ինձ։— Երեկ առավոտյան, պարոն Հոկինս,— ասաց նա,— բժիշկ Լիվսին եկավ մեզ մոտ սպիտակ դրոշակով։ «Դուք մնացիք ծանծաղուտի վրա,— ասաց նա․— նավը գնացել է»։ Երբ մենք ռոմ էինք խմում և երգեր երգում, նավը ձեռքից բաց թողինք։ Ես այդ չեմ ժխտում։ Մեզանից ոչ ոք նավը չէր հսկում։ Մենք վազեցինք ափը և, երդվում եմ որոտով, մեր հին նավն անհետացավ։ Մենք քիչ էր մնում թափվեինք տեղնուտեղը։ «Լա՛վ,— ասաց բժիշկը,— եկեք պայման կապենք»։ Մենք պայման կապեցինք՝ ես ու նա, և ահա մենք ստացանք ձեր պաշարեղենը, ձեր անգլիական օղին, ձեր ամրոցը, ձեր փայտը, որը դուք այնքան հեռատեսությամբ կտրատել էիք, բոլորը, այսպես ասած, ձեր նավակը, բոլորը։ Երեքն էլ գնացին։ Իսկ թե որտեղ են նրանք այժմ, չգիտեմ։

Նա կրկին հանդարտորեն ձգվեց։

— Իսկ քեզ պայմանի մեջ չեն մտցրել,— շարունակեց նա։— Բժիշկն ուղղակի ասաց ինձ այդ մասին։ «Ձեզանից քանի՞ հոգի են մնացել»,— հարցրի ես։ «Չորս հոգի,— պատասխանեց նա,— չորս հոգի, որոնցից մեկը վիրավոր է։ Իսկ թե որտեղ է այն անիծված երեխան, չգիտեմ և գիտենալ էլ չեմ ցանկանում,— ասաց նա։— Նրան հիշելը մեզ համար զզվելի է»։ Ահա նրա սեփական խոսքերը։

— Ա՞յդ է բոլորը,— հարցրի ես։

— Բոլորը, ինչ որ դու պետք է գիտենաս, որդիս,— պատասխանեց Սիլվերը։

— Իսկ հիմա ե՞ս պիտի ընտրեմ։

— Այո՛, հիմա դու պիտի ընտրես,— ասաց Սիլվերը։

— Շա՛տ լավ,— ասացի ես։— Ես այնքան հիմար չեմ և արածս գիտեմ։ Ինչ ուզում եք արեք, ինձ համար միևնույն է։ Այն ժամանակից, երբ հանդիպել եմ ձեզ, սովորել եմ նայել մահվան դեմքին։ Բայց նախ և առաջ ուզում եմ մի բանի մասին պատմել ձեզ,— շարունակեցի ես, ավելի ու ավելի հուզվելով։— Ձեր դրությունը շատ վատ է. նավը կորցրիք, գանձը կորցրիք, ձեր մարդկանց կորցրիք։ Ձեր բանը շատ վատ է։ Եվ, եթե ուզում եք իմանալ, թե ով է հանցավոր այդ ամենի համար, իմացեք, որ ես եմ, և ուրիշ ոչ ոք։ Այն գիշեր, երբ մենք մոտենում էինք կղզուն, ես նստած էի խնձորի տակառում և լսեցի այն բոլորը, ինչ որ ասացիք դուք՝ Ջոն, և դո՛ւ, Դիկ Ջոնսոն և ինչ ասաց Գենդսը, որն այժմ գտնվում է ծովի հատակում։ Եվ ինչ որ լսեցի, նույն ժամին հաղորդեցի նավապետ Սմոլետին։ Ես կտրեցի նավի խարսխի ճոպանը, ես սպանեցի այն մարդկանց, որոնց դուք թողել էիք նավի վրա, ես նավը թաքցրի, որ երբեք չեք գտնի։ Դուք եք հիմար դրության մեջ և ոչ թե ես, էլ ինչո՞ւ պետք է վախենամ ձեզանից։ Կարող եք ինձ սպանել կամ խնայել, ինչպես ձեր կամքն է։ Եթե խնայեք, ես անցյալը կմոռանամ և երբ ձեզ դատեն ծովահենության համար, կփորձեմ ազատել ձեզ հանգույցից։ Այժմ ընտրելու հերթը ձերն է։ Իմ մահը ձեզ ոչ մի օգուտ չի բերի։ Իսկ եթե կենդանի թողնեք, ես կաշխատեմ, որ ձեզ չկախեն։

Ես լռեցի։ Ես շնչասպառ էի լինում։ Ես ապշեցի, տեսնելով, որ ոչ ոք նույնիսկ տեղից չշարժվեց։ Բոլորն էլ ոչխարի նման նայում էին ինձ։ Պատասխանի չսպասելով, ես շարունակեցի.

— Ինձ թվում է, պարոն Սիլվեր, որ դուք այստեղ բոլորից լավ մարդն եք։ Իսկ եթե մեռնեմ, պատմեցեք բժշկին, որ անփառունակ մահով չմեռա։

— Նկատի կունենամ,— ասաց Սիլվերն այնպիսի տարօրինակ տոնով, որ ես չկարողացա հասկանալ ծաղրում է ինձ, թե իմ արիությունը նրան դուր եկավ։

— Մի՛ մոռացեք,— գոչեց Մորգան անունով, թուխ դեմքով մի նավաստի, որին ես տեսել էի Երկարահասակ Ջոնի պանդոկում՝ Բրիստոլի նավահանգստում,— մի՛ մոռացեք, որ այն ժամանակ նա ճանաչեց Սև Գամփռին։

— Այդ դեռ բոլորը չէ,— ավելացրեց Սիլվերը։— Սա, երդվում եմ որոտով, այն երեխան է, որը Բիլի Բոնսի սնդուկից քարտեզը հանեց։ Վերջապես Ջիմ Հոկինսը մեր ձեռքն ընկավ։

— Արյունը բաց թողնենք,— գոչեց Մորգանը և ուղղվեց։

Եվ դանակը դուրս քաշելով, ոտքի ելավ այնքան թեթև, որ կարծես քսան տարեկան լիներ։

— Տե՛ղդ,— գոչեց Սիլվերը։— Ո՞վ ես դու, Թոմ Մորգան։ Գուցե կարծում ես, որ դու այստեղ նավապե՞տ ես։ Երդվում եմ, որ ես կսովորեցնեմ քեզ լսել։ Միայն թե համարձակվիր ճանապարհս կտրել։ Վերջապես երեսուն տարվա մեջ ով որ կանգնել է իմ ճանապարհին, ընկել է կամ առագաստափայտի վրա, կամ ծովը՝ ձկներին նախաճաշ։ Այո՛։ Հիշիր, Թոմ Մորգան, դեռ չի եղել մի մարդ, որն ապրել է աշխարհում, երբ ինձ հետ հաշտ չի եղել։

Թոմը լռեց, սակայն մյուսները շարունակեցին մրթմրթալ։

— Թոմը ճշմարիտ է ասում,— ասաց մեկը։

— Ես հրամանատարներ շատ եմ ունեցել,— ավելացրեց մյուսը։— Եվ երդվում եմ կախաղանով, Ջոն Սիլվեր, ես չեմ թույլ տա, որ դու իմ քթից բռնած ման ածես։

— Ջենտլմեննե՛ր, ձեզանից ո՞վ է ուզում ինձ հետ գործ ունենալ,— ընդհատեց Սիլվերը։

Նա նստած էր տակառի վրա, և այժմ առաջ շարժվեց։ Նրա աջ ձեռքին գտնվում էր վառվող ծխամորճը։

— Դե՛, ի՞նչ եք ուզում։ Ուղղակի ասացեք։ Թե՞ համրացել եք։ Թող դուրս գա, ով ուզում է, ես սպասում եմ։ Ես այսքան տարի նրա համար չեմ ապրել երկրի վրա, որ որևէ հարբած հնդկահավ կտրի իմ ճանապարհը։ Դուք գիտեք մեր սովորությունները։ Դուք ձեզ համարում, եք հաջողության ջենտլմեններ։ Հապա ինչո՞ւ չեք դուրս գալիս, ես պատրաստ եմ։ Թող նա, ով սրտոտ է, դուրս քաշի իր սուրը, և ես, թեև հենակներով եմ, շատ շուտ կտեսնեմ, թե ինչ գույնի է նրա փորոտիքը, նախքան կհանգչի այս ծխամորճը։

Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք մի խոսքով անգամ չպատասխանեց։

— Ահա՛, այդպես եք բոլորդ միշտ,— շարունակեց նա, ծխամորճը բերանին դնելով։— Քաջ եք, խոսք չկա։ Կռվի մեջ այնքան էլ քաջ չեք։ Կամ թե ընդունակ չեք հասկանալու մարդկային հասարակ լեզուն․ չէ՞ որ ես այստեղ նավապետ եմ, ձեզանից ընտրված։ Ես ձեր նավապետն եմ, որովհետև ես մի ամբողջ ծովային մղոն խելոք եմ ձեր բոլորից։ Դուք չեք ուզում կռվել ինձ հետ, ինչպես վայել է հաջողության ջենտլմեններին։ Այն ժամանակ, երդվում եմ որոտով, որ դուք պետք է ինձ լսեք։ Այս տղան իմ սրտովն է։ Սրանից լավը ես երբեք չեմ տեսել։ Նա երկու անգամ ավելի է նման տղամարդու, քան այնպիսի առնետները, ինչպիսին դուք։ Դե՛, լսեցեք, ով ձեռք կտա նրան, ինձ հետ գործ կունենա։

Երկարատև լռություն տիրեց։

Ես ձգված կանգնած էի պատի մոտ։ Սիրտս դեռևս մուրճի նման խփում էր, սակայն կրծքիս մեջ հույս ծնվեց։ Սիլվերը ձեռքերը խաչած նստած էր, հենված պատին։ Նա ծծում էր ծխամորճը և հանգիստ էր, ինչպես եկեղեցում։ Միայն աչքերը շարժվում էին։ Նա գաղտագողի դիտում էր իր վայրագ խումբը։ Ծովահենները քաշվեցին մի հեռու անկյուն և սկսեցին շշուկով խոսել։ Երբեմն նրանք ետ էին նայում, և խանձողի կարմիր լույսն ընկնում էր նրանց հուզված դեմքին։ Սակայն նրանք ինձ չէին նայում, այլ Սիլվերին։

— Դուք, երևի, պատրաստվում եք ինչ-որ բա՞ն ասելու,— ասաց Սիլվերը և թքեց։— Ի՞նչ կա որ, ասացե՛ք, ես լսում եմ։

— Ներողություն եմ խնդրում, պարոն,— սկսեց ծովահեններից մեկը,— դուք հաճախ խախտում եք մեր սովորությունները։ Սակայն կա մի սովորություն, որը մինչև անգամ դուք խախտելու իրավունք չունեք։ Խումբը դժգոհ է, սակայն թույլ տվեք ասել, որ այս խումբն այնպիսի իրավունք ունի, որպիսին ունեն մյուսները։ Մենք իրավունք ունենք հավաքվելու և խոսելու իշխանության մասին։ Ներողություն եմ խնդրում, պարոն, որովհետև, այնուամենայնիվ, դուք մեր նավապետն եք։ Բայց ես ուզում եմ օգտվել իմ իրավունքներից և գնալ խորհրդի։

Զսպված կերպով Սիլվերին զինվորական պատիվ տալով, այդ բարձրահասակ, հիվանդոտ, դեղին աչքերով, երեսունհինգ տարեկան նավաստին հանդարտ գնաց դեպի ելքը և անհետացավ դռան ետևը։ Մյուսները դուրս եկան նրա ետևից։ Յուրաքանչյուրը Սիլվերին զինվորական պատիվ էր տալիս և իրեն արդարացնելու համար մի բան մրթմրթում։

— Համաձայն սովորության,— ասաց մեկը։

— Գնում ենք նավաստիական ժողովի,— ասաց Մորգանը։

Ես ու Սիլվերը մնացինք երկուսով վառվող խանձողի մոտ։

— Լսի՛ր, Ջիմ Հոկինս,— ասաց նա հազիվ լսելի հաստատուն շշուկով։— Դու միայն մի մազ հեռու ես մահից, և որ ամենավատն է, տանջանքից։ Նրանք ուզում են ինձ պաշտոնանկ անել։ Դու տեսար, տեսար, թե ինչպես ես քեզ պաշտպանեցի։ Սկզբում ես չէի ուզում քեզ պաշտպանել, բայց դու մի քանի խոսք ասացիր, և ես իմ պլանները փոխեցի։ Ես այն ժամանակ սարսափած էի իմ անհաջողություններից, կախաղանից, որ ինձ սպառնում է։ Լսելով քո խոսքերը, ինքս ինձ ասացի, հովանավորիր Հոկինսին, Ջոն, Հոկինսն էլ քեզ կհովանավորի։ Դու նրա վերջին խաղաթուղթն ես, Ջոն, իսկ նա, երդվում եմ որոտով, քո վերջին խաղաթուղթը։ Ծառայություն ծառայության փոխարեն, որոշեցի ես։ Դու քեզ համար վկա ես ազատում, երբ գործը դատարան հասնի, իսկ նա կազատի քո պարանոցը։

Ես աղոտ կերպով սկսեցի հասկանալ, թե բանն ինչ է։

— Դուք ուզում եք ասել, որ ձեր խաղը տանո՞ւլ եք տվել,— հարցրի ես։

— Այո՛, երդվում եմ սատանայով,— պատասխանեց նա։— Քանի որ նավը չկա, նշանակում է, մնում է միայն կախաղանը։ Ես համառ եմ, Ջիմ Հոկինս, սակայն երբ տեսա, որ ծովախորշում նավ չկա, ես հասկացա, որ մեր խաղը վերջացել է։ Իսկ նրանք թող խորհրդակցեն, նրանք բոլորն էլ անուղղելի վախկոտներ են։ Ես կաշխատեմ ազատել քո մորթը։ Բայց լսիր, Ջիմ, ծառայություն ծառայության փոխարեն. դու կազատես Երկարահասակ Ջոնին հանգույցից։

Ես ապշել էի։ Ի՞նչ ողորմելի ծղոտից է բռնում նա, խմբապետը։

— Ես կանեմ բոլորը, ինչ կարող եմ,— ասացի ես։

— Դե՛, ձեռք ձեռքի խփենք,— բացականչեց նա։— Դու էժան պրծար, ես էլ, երդվում եմ որոտով, փրկության հույս ստացա։

Նա կաղեկաղ շարժվեց դեպի խանձողը, որ վառվում էր փայտերի մոտ և նորից ծխեց իր ծխամորճը։

— Հասկացիր ինձ, Ջիմ,— շարունակեց նա վերադառնալով։— Դեռևս ուսերիս վրա գլուխ կա, և ես որոշել եմ կալվածատիրոջ կողմն անցնել։ Ես գիտեմ, որ դու նավը թաքցրել ես որևէ ապահով տեղ։ Թե ինչպես ես արել, ես չգիտեմ, սակայն ես համոզված եմ, որ, նավը ողջ ու անվնաս է։ Գենդսն ու Օ’Բրայենը հիմար դուրս եկան։ Նրանց վրա ես երբեք հույս չէի դնում։ Նկատիր, որ ես քեզ ոչինչ չեմ հարցնում և ուրիշներին էլ թույլ չեմ տալիս, որ հարցնեն։ Ես մեր խաղի կանոնները գիտեմ և հասկանում եմ, որ ես տանուլ եմ տվել։ Իսկ դու այնպես երիտասարդ ես, այնպես քաջ, որ եթե մենք իրար պահպանենք, շատ բանի կհասնենք։

Նա թիթեղյա գավաթի մեջ տակառից կոնյակ լցրեց։

— Չե՞ս ուզում խմել, բարեկամս,— հարցրեց նա։

Ես մերժեցի։

— Իսկ ես մի քիչ կխմեմ, Ջիմ,— ասաց նա։— Այնքան հոգս կա առջևս ո՜ր, հարկավոր է, որ խթանեմ ինձ։ Ի դեպ, հոգսերի մասին։ Ինչո՞ւ բժիշկն այս քարտեզն ինձ տվեց, սիրելի Ջիմ։

Իմ դեմքի վրա արտահայտվեց այնպիսի անկեղծ զարմանք, որ նա հասկացավ հետագա հարցերի անօգուտ լինելը։

— Այո՛, նա տվեց ինձ իր քարտեզը… Եվ այստեղ, անկասկած, մի բան կա։ Այստեղ, ինչ-որ մի բան է թաքնված, Ջիմ… լավ կամ վատ։

Նա նորից կոնյակ կուլ տվեց և իր մեծ գլուխը թափ տվեց այնպիսի մարդու նման, որն անխուսափելի փորձանքների է սպասում։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34

Թողնել մեկնաբանություն