Գլուխ XXVII
«Պիաստրներ»
Նավն այնքան սաստիկ թեքվել էր, որ կայմերն ուղղակի կախված էին ջրի վրա։ Ես նստած էի առագաստափայտին, ինչպես թառի վրա, և իմ տակին ծովախորշի ջուրն էր։ Հենդսը, բարձրացած լինելով ոչ այնքան բարձր, որքան ես, նավին ավելի մոտ էր և ընկավ ջուրը իմ և զբոսատեղու արանքից։ Միայն մի անգամ դուրս եկավ նա ջրի երեսը, արյունոտ փրփուրի մեջ և հավիտյանս խորասուզվեց ջրի մեջ։ Երբ ջուրը հանդարտվեց, ես տեսա նրան։ Նա ընկած էր մաքուր լուսավոր ավազի վրա, նավի ստվերում։ Երկու ձուկ լողում էին նրա մարմնի վրա։ Երբեմն ջրի տատանման շնորհիվ, թվում էր, որ նա շարժվում է և փորձում է վեր կենալ։ Ասենք, նա կրկնակի մեռել էր, և գնդակահարված էր և խեղդված։ Նա ձկների կերակուր դարձավ այնտեղ, որտեղ պատրաստվում էր սպանել ինձ։
Ես զգում էի սրտխառնոց, գլխապտույտ, երկյուղ։ Արյան տաք շիթերը հոսում էին իմ մեջքով և կրծքով։ Դաշույնը, որ իմ ուսը մեխել էր կայմին, շիկացած երկաթի նման այրում էր ինձ։ Բայց ցավը չէր սարսափեցնում ինձ, այդպիսի ցավ ես կարող էի տանել և առանց հառաչանքի։ Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ ես կարող եմ դուրս պրծնել առագաստափայտից և ընկնել այս հանդարտ կանաչ ջրի մեջ, այնտեղ, ուր պառկած է մեռած ավագ նավաստին։
Ես երկու ձեռքով այնպես էի կպել առագաստափայտին, որ եղունգներս ցավում էին։ Աչքերս փակեցի, որ վտանգը չտեսնեմ։ Կամաց կամաց գլուխս թարմացավ, սիրտս սկսեց ավելի հանդարտ խփել և ինքնազսպումս վերադարձավ։
Ամենից առաջ ես փորձեցի դաշույնը հանել։ Սակայն, կամ նա չափազանց խորն էր ցցվել կայմի մեջ, կամ ջղերս էին չափազանց քայքայվել, բայց դաշույնը հանել ոչ մի կերպ չկարողացա։ Դողը պատեց ինձ։ Եվ որքան էլ տարօրինակ է, այդ դողն օգնեց ինձ։ Դաշույնը խրվել էր միայն կաշվիս մի փոքրիկ կտորի մեջ և երբ դողացի, կաշին պատռվեց։ Արյունն առաջվանից ավելի ուժեղ հոսեց, բայց դրա փոխարեն ես ազատվեցի։ Ասենք, իմ բաճկոնն ու շապիկը դեռ մեխված էին կայմին։
Ես առաջ նետվեցի և լրիվ ազատվեցի։ Տախտակամած վերադարձա աջ նավեզրի պարաններով։ Ոչ մի ուժ չէր ստիպի ինձ իջնել այն պարաններով, որոնցից քիչ առաջ պոկվեց Իզրայելը։
Ես իջա նավասենյակը և փորձեցի կապել վերքս։ Նա ինձ սաստիկ ցավ էր պատճառում։ Արյունը դեռ հոսում էր։ Սակայն վերքը խոր չէր, անվտանգ էր և ձեռքերս շարժելուն չէր խանգարում։ Այժմ նավը միայն ինձ էր պատկանում և ես սկսեցի մտածել, թե ինչպես ազատվեմ վևրջին ճանապարհորդից՝ մեռած Օ’Բրայենից։
Ես արդեն ասացի, որ նա գլորվել էր և հասել նավի եզրին։ Աարսափելի անճոռնի տիկնիկի նման, նա ընկած էր այնտեղ։ Մի ահագին տիկնիկ, այն հասակի, ինչ որ կենդանի մարդը, սակայն զրկված կյանքի բոլոր գույներից և հրապույրից։ Նրա հախից գալն ինձ համար դժվար չէր․ իմ ողբերգական արկածների ժամանակ ես մեռելներին ընտելացել էի ու էլ նրանցից չէի վախենում։ Ես նրա գոտուց բռնեցի, բարձրացրի, ինչպես թեփի տոպրակ, և նավեզրից շպրտեցի։ Նա բարձր զրմփոցով ընկավ։ Կարմիր թասակը թռավ գլխից և լողաց ջրի երեսին։ Երբ որ դիակի ընկնելուց առաջացած պղտորությունն անցավ, ես պարզ տեսա նրանց երկուսին էլ՝ Օ’Բրայենին և Իզրայելին։ Նրանք պառկած էին կողք կողքի։ Ջուրը շարժվելով, օրորում էր նրանց։ Օ’Բրայենը, չնայելով իր երիտասարդությանը, բոլորովին ճաղատ էր։ Նա պառկած էր, ճաղատ գլուխը դրած իրեն սպանողի ծնկանը։ Արագավազ ձկները սլանում էին նրանց երկուսի վրայով էլ։
Ես նավի վրա մենակ մնացի։ Հենց նոր սկսվեց տեղատվությունը։ Արեգակն արդեն այնքան ցածր էր, որ արևմտյան ափի եղևնիների ստվերները կտրում էին ծովախորշը և հասնում տախտակամածին։ Փչում էր երեկոյան մեղմ քամին, և թեև արևելքից ծովախորշը պահպանում էր երկգագաթանի բլուրը, ճոպաններն սկսեցին սուլել, իսկ առագաստները՝ տատանվել ու ծփալ։
Ես տեսա, որ նավին վտանգ է սպառնում։ Արագ փաթաթեցի եռանկյունի առագաստները և իջեցրի տախտակամածի վրա։ Սակայն միջնակայմի առագաստներն իջեցնելն ավելի դժվար էր։ Երբ նավը թեքվել էր, ճոպանն ընկել էր եզրի այն կողմը, և նրա ծայրը, երկու-երեք ֆուտ առագաստներով, մինչև անգամ ջրի տակն էր գնացել։ Սրանից դրությունն ավելի վտանգավոր էր դարձել։ Փորձանքը կարող էր գալ ամեն կողմից, և ես ոչ մի բանի չէի համարձակվում ձեռք տալ, որ իմ դրությունը չվատթարացնեմ։ Վերջապես դանակս հանեցի և առագաստի պարանները կտրեցի։ Գաֆելը միանգամից իջավ, և կախված առագաստը լողաց ջրի երեսին։ Ինչքան էլ չարչարվեցի, չկարողացա նիրալը քաշել։ Դա իմ ուժերից վեր էր։ Ի՞նչ արած։ Ստիպված էի «Իսպանոլան» բախտի քմահաճույքին թողնել։ Չէ՞ որ ես էլ բախտի քմահաճույքին էի թողնված։
Այդ ժամանակ մթնշաղը պատեց ծովախորշը։ Արեգակի վերջին ճառագայթները, անցնելով անտառի բացատի միջով, շողում էին պայծառ, ինչպես թանկագին քարեր, կործանված նավի փառահեղ պատմուճանի վրա։ Եղանակը ցրտում էր։ Տեղատվության պատճառով ջուրը քաշվում էր դեպի ծովը և նավն ավելի էր պառկում կողքի վրա։
Ես գնացի նավի քիթը և նայեցի ներքև։ Քթի տակ ջուրը ծանծաղ էր, և ես համենայն դեպս, երկու ձեռքով բռնելով պարանը, զգուշությամբ անցա նավեզրից։ Ջուրը հազիվ մինչև գոտիս էր հասնում։ Ավազը խիտ է. ալիքների հետքերով ես դուրս եկա ափ, թողնելով, որ «Իսպանոլան» պառկի կողքի վրա և իր առագաստը ողողի ջրի մեջ։ Արևը մայր մտավ, և սոճիների մեջ քամին աղմկեց։
Եվ այդպես, իմ ծովային արկածները վերջացան։ Անկասկած, հաջողությամբ վերջացան։ Նավը բանդիտների ձեռքից խլված է, և մենք կարող ենք, թեկուզ հիմա, ճանապարհվել դեպի օվկիանոս։ Ես երազում էի շուտով վերադառնալ տուն, մեր ամրոցը և պարծենալ իմ քաջագործություններով։ Երևի ինձ մի քիչ կհանդիմանեն ինքնակամ հեռանալու համար, սակայն «Իսպանոլայի» զավթելը կհարթի ամեն ինչ և մինչև անգամ ինքը, նավապետ Սմոլետը ստիպված կլինի խոստովանել իմ քաջագործությունները։
Այսպես մտածելով, հիանալի տրամադրությամբ ճանապարհ ընկա դեպի ցցապատը, որի ետևում, ինչպես ենթադրում էի, բարեկամներս ինձ սպասում էին։ Ես լավ հիշում էի, որ արևելյան կողմում գտնվող ամենավերջին գետը, որ թափվում է նավապետ Կիդի ծովախորշը, սկսվում է երկգլխանի բլրի մոտից։ Եվ ես ծռվեցի դեպի ձախ, դեպի այդ բլուրը, ենթադրելով անցնել գետն ամենանեղ տեղից։ Անտառը բավականին ցանցառ էր։ Քայլելով սարալանջի վրայով, շուտով ծռվեցի դեպի բլրի ծայրը և ծանծաղուտով գետն անցա։
Այստեղ էր, որ պատահեցի Բեն Գանին։ Ես սկսեցի առաջ գնալ զգուշությամբ, աչալուրջ դիտելով չորս կողմս։ Բոլորովին մթնեց։ Անցնելով ճեղքվածքի միջով, որ գտնվում էր երկու բլրի կատարների արանքում, ես երկնքի վրա տեսա խարույկի տատանվող ցոլք։ Որոշեցի, որ երևի Բեն Գանը բոցավառ խարույկի վրա իր համար ընթրիք է պատրաստում, և հոգուս խորքում զարմացա նրա անզգուշության վրա։ Եթե այդ ցոլքը ես տեսնում եմ, կարող է տեսնել նաև Սիլվերն իր ճամբարից, որ գտնվում էր ճահճի վրա։
Գիշերն ավելի խավար էր դառնում։ Ես դժվարությամբ էի ճանապարհը գտնում։ Երկգլխանի բլուրը ետևից և հեռադիտակի կատարն աջից իմ միակ ուղենիշներն էին, սակայն նրանց գծագրություններն ավելի ու ավելի էին ցրտում մթության մեջ։ Նոսր աստղերը մռայլ առկայծում էին։ Մթության մեջ ես դիպչում էի թփերի և ընկնում ավազի փոսերի մեջ։
Հանկարծ քիչ լուսացավ։ Ես վերև նայեցի։ Գունատ ճաճանչը լուսավորում էր հեռադիտակի գագաթը։ Ներքևում, խիտ ծառերի միջից, ես տեսա մի ինչ-որ մեծ արծաթե բան և դժվարությամբ գլխի ընկա, որ լուսինը դուրս եկավ։
Գնալն ավելի հեշտացավ, և ես քայլերս արագացրի։ Ժամանակ առ ժամանակ մինչև անգամ վազում էի՝ համբերությունս հատել էր․ ուզում էի շուտ հասնել ցցապատին։ Սակայն, մոտենալով այն պուրակին, որը շրջապատել էր մեր ամրոցը, ես հիշեցի զգուշության մասին և սկսեցի մի քիչ կամաց գնալ։ Տխուր վախճան կունենային իմ արկածները, եթե ինձ, իմ բարեկամները, թշնամու տեղ ընդունելով, գնդակահարեին։
Լուսինը լողում էր բա՜րձր ու բա՜րձր։ Անտառի բոլոր բացատները ողողված էին նրա լույսով։ Բայց ուղիղ իմ առջև, ժայռերի մեջ ես նկատեցի ինչ-որ ցոլք, որ լուսնի ցոլքին բոլորովին նման չէր։ Այդ ցոլքը տաք էր, կարմիր և ժամանակ առ ժամանակ կարծես մթնում էր։ Երևի դա խարույկ էր, որ մխում էր և ծածկվում մոխրով։
Այդ ի՞նչ է, սատանան տանի։
Վերջապես ես հասա բացատին։ Ցցապատի արևմտյան ծայրը լուսավորված էր լուսնի լույսով։ Մնացած ցցապատը և տունը գտնվում էին մթության մեջ, տեղ-տեղ երկար արծաթագույն շերտերով կտրտված։ Իսկ տան ետևը մի ահագին խարույկ էր վառվում։ Խարույկի ծիրանագույն շողերը ցայտուն կերպով տարբերվում էին լուսնի քնքուշ և գունատ ցոլքից։ Ոչ մի տեղ մարդ չկար։ Ո՛չ մի ձայն։ Միայն ճյուղերի մեջ թեթև քամին էր աղմկում։
Ես զարմացած կանգ առա, գուցե, մի քիչ էլ վախեցած։ Մենք երբեք մեծ խարույկ չէինք վառում։ Նավապետի հրամանով մենք միշտ վառելիքը խնայում էինք։ Եվ ես սկսեցի երկյուղ կրել, թե իմ բացակայության ժամանակ մի բան չի՞ պատահել արդյոք իմ բարեկամներին։
Ես հասա ցցապատի արևելյան ծայրին, ամբողջ ժամանակ անցնելով ստվերի միջով և ցցապատն անցա այն տեղից, ուր խավարն ավելի թանձր էր։
Որպեսզի տագնապ չբարձրացնեմ, ես չորեքթաթ և անձայն մագլցեցի դեպի տան անկյունը։ Եվ հանկարծ թեթևացած շունչ քաշեցի։ Ես խռմփոցը տանել չեմ կարող․ ես հաճախ տառապել եմ այն մարդկանցից, որոնք քնած ժամանակ խռմփում են։ Բայց այս անգամ իմ բարեկամների բարձր ու խաղաղ խռմփոցն ինձ համար երաժշտություն թվաց։ Այդ խռմփոցը հանգստացրեց ինձ, ինչպես ծովի վրա հանգստացնում է հերթապահի գիշերային հիանալի կանչը՝ «Ամեն ինչ կարգին է»։
Մի բան ինձ համար պարզ էր, նրանք քնած են առանց մի պահակի։ Եթե իմ փոխարեն նրանց մոտ մտներ Սիլվերն իր ավազակախմբով, նրանցից ոչ մեկն արշալույսը չէր տեսնի։ Երևի, մտածում էի ես, այդ բոլորը նրանից է, որ նավապետը վիրավոր է։ Եվ նորից ես կշտամբեցի ինձ, որ այնպիսի վտանգի ժամանակ, երբ պահակ դնելու մարդ էլ չունեին, թողեցի բարեկամներիս։
Ես մոտեցա դռանը և ներս նայեցի։ Ներսն այնպես խավար էր, որ ոչինչ տեսնել չկարողացա։ Բացի խռմփոցից մի ինչ-որ տարօրինակ ձայն էլ էր լսվում, չգիտես թևերի թափահարո՞ւմ, թե թխկթխկոց։
Ձեռքերս առաջ պարզած, ես տուն մտա․ «Կպառկեմ իմ սովորական տեղում,— մտածեցի ես ժպտալով,― իսկ առավոտյան, նրանց զարմացած դեմքերին նայելով, կզվարճանամ»։
Ես դիպա մեկի ոտին։ Քնածը շրջվեց մյուս կողքի վրա, հառաչեց, բայց չզարթնեց։
Այդ ժամանակ մթության մեջ հանկարծ մի սուր ձայն լսվեց․ «Պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր, պիաստրնե՛ր» և այլն, առանց շունչ առնելու, առանց ձայնը փոխելու, ինչպես լարված Ժամացույց։
Դա նավապետ Ֆլինտն էր, Սիլվերի կանաչ թութակը։ Նա էր թևերը թափահարում և կտցով թխկթխկացնում, փորելով ծառի կեղևի մի կտոր։ Ահա թե ով էր պահպանում քնածներին պահակից լավ, ահա թե ով իր միապաղաղ, ձանձրացուցիչ կանչով հայտարարեց իմ գալստյան մասին։
Ես ժամանակ չունեի թաքնվելու։ Լսելով թութակի սուր ու զիլ ձայնը, քնածները զարթնեցին ու վեր թռան։ Ես լսեցի Սիլվերի ձայնը։ Նա հայհոյեց ու աղաղակեց։
— Ո՞վ է գալիս։
Ես սկսեցի վազել, բայց ընկա մեկի վրա։ Մեկին հրելուց հետո, մի ուրիշի ձեռքն ընկա։ Այդ մեկն ամուր բռնեց ինձ։
— Ապա մի կերոնը բեր, Դի՛կ,— ասաց Սիլվերը, երբ պարզվեց, որ ես էլ գնալ չեմ կարող։
Ավազակներից մեկը տնից դուրս եկավ և վերադարձավ վառվող խանձողը ձեռքին։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34
