Գլուխ XXVI
Իզրայել Հենդսը
Քամին, կարծես ուզենալով սիրաշահել մեզ, հարավայինից դարձավ արևմտյան։ Մենք առանց դժվարության անցանք կղզու հյուսիս-արևելյան ծայրից մինչև Հարավային ծովախորշի մուտքը։ Սակայն վախեցանք մտնել ծովախորշը մակընթացությունից առաջ, որովհետև խարիսխ չունեինք։ Պետք է սպասեինք։ Ավագ նավաստին սովորեցնում էր ինձ, թե ինչպես պետք է վարել նավը, և շուտով ես մեծ հաջողություն ունեցա։ Հետո երկուսս էլ լուռ նստեցինք և սկսեցինք ուտել։
— Նավապետ,— ասաց նա վերջապես էլի նույն չարամիտ հեգնանքով։— Այստեղ ընկած է իմ հին ընկեր O’Բրայենը։ Ծովը չե՞ս գցի արդյոք։ Ես այնքան էլ փափկանկատ մարդ չեմ և խղճի խայթ չեմ զգում, որ նրան այն աշխարհն ուղարկեցի։ Սակայն, իմ կարծիքով, նա քիչ է զարդարում մեր նավը։ Իսկ քո կարծիքով ինչպե՞ս է։
— Ուժս չի պատի։ Բացի դրանից, այդ աշխատանքն իմ ճաշակով չէ։ Իմ կարծիքով թող պառկած մնա,— ասացի ես։
— Ի՜նչ դժբախտ նավ է այս «Իսպանոլան», Ջիմ,— շարունակեց նա, աչքով անելով։— Որքա՜ն մարդ է սպանվել այս «Իսպանոլայի» վրա և որքա՜ն խեղճ ծովագնացներ մեռան այն օրից, երբ ես ու դու հեռացանք Բրիստոլից։ Ես այսպիսի անհաջող ծովագնացություն երբեք չեմ տեսել։ Ահա Օ’Բրայենն էլ մեռավ։ Նա իսկապես մեռե՞լ է։ Ես անգետ մարդ եմ, իսկ դու կարդալ ու համրել գիտես։ Ասա ինձ ճիշտը ուղղակի․ մեռածն այնպես էլ մեռա՞ծ է մնում, թե երբևիցե հարություն է առնում, ինչպես բացատրում են տերտերները։
— Դուք կարող եք սպանել մարմինը, պարոն Հենդս, և ոչ թե հոգին,— ասացի ես։— Այսպես են սովորեցրել ինձ մեր եկեղեցում։ Իմացեք, որ Օ’Բրայենն այս րոպեիս կենդանի է և այն աշխարհից հետևում է մեզ։
— Ա՜խ,— ասաց նա։— Ի՜նչ վիրավորական է։ Ուրեմն ես իզուր եմ ժամանակ կորցրել։ Ասենք, ոգիները, իմ կարծիքով, մեծ վնաս տալ չեն կարող։ Ես ոգիների հետ գործ ունեցել եմ, Ջիմ։ Լսիր, ես ուզում եմ խնդրել քեզ, որ իջնես նավասենյակը և բերես․․․ Սատանան տանի, ես մոռացել եմ, որ հարկավոր է․․․ Հա՛, ինձ համար մի շիշ գինի բերես, Ջիմ։ Բրենդին շատ թունդ է ինձ համար։
Ավագ նավաստու մոռացկոտությունն ինձ կասկածելի թվաց։ Ճիշտն ասած, ես չհավատացի, որ գինին նրան ավելի է դուր գալիս, քան անգլիական օղին։ Այդ ամենը միայն պատրվակ է։ Գործը պարզ էր․ նա ուզում էր, որ ես տախտակամածից հեռանամ։ Բայց ինչի՞ համար էր ուզում։ Նա խուսափում էր իմ աչքերին նայելուց։ Նրա հայացքը շարունակ այս ու այն կողմն էր թափառում՝ երբեմն երկինքն էր նայում, երբեմն մեռած Օ’Բրայենին։ Նա ամբողջ ժամանակ ժպտում էր, մինչև անգամ խորամանկության առատությունից լեզվի ծայրը բերանից հանում էր։ Սրանից ծծկեր երեխան էլ գլխի կընկներ, որ նա ինչ-որ բան է մտածում։ Այնուամենայնիվ, ես ցույց չավի, որ կասկածում եմ։
— Գինի՞,— հարցրի ես։— Շատ լավ։ Ինչպիսի՞ գինի՝ սպիտա՞կ, թե՞ կարմիր։
― Միևնույն է, բարեկամս,— պատասխանեց նա։— Միայն թե թունդ լինի և շատ։
— Լա՛վ․․․ Ես ձեզ համար պորտվեյն կբերեմ, պարոն Հենդս։ Բայց հարկավոր է որոնել։
Ես վազեցի ներքև, աշխատելով, որ կոշիկներս որքան կարելի է պինդ զարկեմ գետնին։ Հետո կոշիկներս հանեցի, անձայն անցա պահեստի միջանցքով դեպի նավաստիների սենյակը, այնտեղից պարանե սանդուղքով բարձրացա, գլուխս պատուհանից հանեցի և սկսեցի նայել դեպի տախտակամածը։ Հենդսը երբեք գլխի չէր ընկնի, թե ես դիտում եմ նրան։ Այնուամենայնիվ, ես բոլոր միջոցները ձեռք առա, որ նրա ուշադրությունը դեպի ինձ չգրավեմ։
Եվ առաջին իսկ հայացքից համոզվեցի, որ իմ ամենավատ կասկածներն էլ ճշմարիտ են։
Նա չորեքթաթ արած արագ մագլցում էր տախտակամածի վրայով, թեև, երևի, նրա վիրավոր ոտը չափազանց ցավում էր, որովհետև յուրաքանչյուր շարժումից հետո բարձր հառաչում էր։ Կես րոպեի ընթացքում նա հասավ ջրատար խողովակին, որի մոտ ընկած էր նավի ճոպանը, օղաձև ծալված և այնտեղից մի մեծ դանակ, ավելի ճիշտ մի կարճ դաշույն հանեց, որը մինչև կոթը ներկված էր արյունով։ Նա դիտեց դաշույնը, դուրս գցելով ներքևի ծնոտը, ձեռք տվեց դաշույնի բերանին և արագ կռնատակին դնելով, կրկին իր հին տեղը սողաց։
Ես իմացա, ինչ ինձ պետք էր։ Իզրայելը կարող է շարժվել, նա զինված է։ Քանի որ նա աշխատում էր հեռացնել ինձ տախտակամածից, ուրեմն, ես նրա զոհը կլինեմ։ Իսկ ի՞նչ էր պատրաստվում անել իմ մահից հետո՝ ամբողջ կղզու երկարությամբ հյուսիսային ծովախորշից մինչև ծովահենների ճամբարը քարշ գալ կամ թնդանոթ արձակել և ընկերներին օգնության կանչել՝ այդ, իհարկե, ես չգիտեի։
Ես կարող էի վստահել Հենդսին միայն մի բանում, որովհետև այդ բանում մեր շահերը համապատասխանել էին․ մենք երկուսս էլ ուզում էինք նավը մի անվտանգ տեղ հասցնել, որ հետո կարելի լիներ հեշտ ու անվտանգ հանել։ Քանի որ այդ բանը չի արված, իմ կյանքն անվտանգ է։
Խորհելով, ես ժամանակ չկորցրի։ Գաղտագողի անցա նավասենյակը, կոշիկներս հագա, վերցրի մի շիշ գինի և տախտակամած վերադարձա։
Հենդսը նույն դրության մեջ պառկած էր։ Նրա աչքերը կկոցված էին, իբրև թե այնքան թույլ էր, որ պայծառ լույսը տանել չէր կարող։ Նա նայեց ինձ, սովորական կերպով կոտրեց շշի բերանը և միանգամից համարյա թե շիշը դատարկեց, ասելով, ինչպես սովորաբար ասում են․
— Քո կենացը։
Հետո, քիչ հանգստանալով, գրպանից մի ծամելու ծխախոտ հանեց և խնդրեց մի կտոր կտրել։
— Բարի եղիր։ Կտրիր,— ասաց նա,— թե չէ ես դանակ չունեմ, ուժս էլ չի պատում։ Ա՜խ, Ջիմ, Ջիմ, ես բոլորովին քայքայվել եմ։ Մի կտոր կտրիր։ Սա վերջին բաժինն է, որ ես պիտի ծամեմ իմ կյանքի ընթացքում։ Երկա՞ր կապրեմ արդյոք։ Շուտով ես այն աշխարհում կլինեմ։
— Լա՛վ,— ասացի ես։— Կկտրեմ։ Սակայն եթե ես ձեր տեղը լինեի․․․ Ինձ այդպես վատ զգալիս, ես կաշխատեի մահից առաջ ապաշխարել։
— Ապաշխարե՞լ,— հարցրեց նա։— Ի՞նչ խոստովանել։
— Ինչպե՞ս թե ինչ,— բացականչեցի ես։— Չգիտե՞ք, թե ինչ ապաշխարել։ Դուք դավաճանեցիք ձեր պարտականությանը։ Ողջ կյանքներդ անց եք կացրել ստի և արյան մեջ։ Ահա ձեր ոտների տակ ընկած է մի մարդ, որին քիչ առաջ սպանել եք դուք և ինձ հարցնում եք, թե ի՞նչ ապաշխարեմ։ Ահա թե ինչ, պարոն Հենդս։
Ես խոսում էի ջերմագին, ինչպես հարկավոր է, որովհետև մտածում էի կռնատակին թաքնված դաշույնի մասին և այն մասին, որ նա մտածել է ինձ սպանել։ Իսկ նա շատ գինի էր խմել, այդ պատճառով էլ ինձ պատասխանում էր արտասովոր հանդիսավորությամբ։
— Երեսուն տարի ես նավարկել եմ ծովերի վրա,— ասաց նա։— Տեսել եմ լավ բան էլ, վատ բան էլ, և՛ մրրիկ, և՛ ալեկոծություն, և՛ սով, և՛ էլի շատ բան։ Բայց, հավատա ինձ, ոչ մի անգամ չեմ տեսել, որ առաքինությունը մարդուն որևէ օգուտ տա։ Ճշմարիտը նա է, ով առաջինն է խփում։ Մեռածները չեն կծում։ Ահա իմ ողջ հավատը։ Ամե՛ն։ Լսի՛ր,― ասաց նա, հանկարծ բոլորովին ուրիշ ձայնով,— բավական է հիմար բաներ խոսենք։ Մակընթացությունը վաղուց է սկսել։ Լսիր իմ հրամաննները, նավապետ Հոկինս, և մենք քեզ հետ նավը ծովախորշ կմտցնենք։
Իսկապես որ մենք պետք է անցնեինք միայն երկու մղոնից ոչ ավել։ Սակայն ճանապարհը դժվար էր։ Պարզվեց, որ հյուսիսային ծովախորշի մուտքը ոչ թե միայն նեղ ու սակավաջուր է, այլև շատ ոլորապտույտ։ Ուշադրություն էր հարկավոր։ Ես բանիմաց կատարող էի, իսկ Հենդսը՝ հրաշալի հրամանատար։ Մենք այնպես վարպետորեն խոտորանավեցինք, այնպես անցանք բոլոր ծանծաղուտները, որ նայողի քեֆը կգար։
Երբ երկու հրվանդաններն էլ անցանք, մեզ չորս կողմից շրջապատեց ցամաքը։ Ինչպես հարավային, այնպես էլ հյուսիսային ծովախորշի ափերը ծածկված էին խիտ անտառով։ Սակայն ծովախորշը երկար էր, նեղ և, ճշմարիտն ասած, ավելի գետաբերանի էր նման, քան ծովախորշի։ Ուղիղ մեր առջև, հարավային անկյունում, մենք տեսանք մի ջարդված նավի կիսով չափ կիսափտած կմախք։ Դա մի մեծ, երեք կայմանի նավ էր։ Նա այնքան երկար ժամանակ էր մնացել այնտեղ, որ ջրաբույսերը չորս կողմից շրջապատել էին։ Տախտակամածի վրա թփեր էին աճել, որոնց մեջ վառ գույնի ծաղիկներ կային։ Տեսարանը տխուր էր, բայց ապացուցեց, որ այս ծովախորշը կանգ առնելու համար միանգամայն հարմար է։
— Նայի՛ր,— ասաց Հենդսը,— ահա ափին մոտենալու մի լավ տեղ։ Հարթ, մաքուր ավազ, երբեք ոչ մի ալիք չի լինում, չորս կողմն անտառ, այն նավի վրա, ինչպես այգում, ծաղիկներ են բուսնում։
— Իսկ նավը ծանծաղուտի մեջ չի՞ խրվի, եթե ափին մոտենանք,— հարցրեցի ես։
— Ծանծաղուտից դժվար չի լինի հանել, պատասխաններ նա։— Տեղատվության ժամանակ ճոպանը քաշիր մյուս ափը, փաթաթիր մեծ եղևնիներից մեկին, ծայրը քաշիր ետ ու փաթաթիր կայմին։ Հետո սպասիր մակընթացության։ Երբ մակընթացությունը կսկսվի, հրամայիր ողջ անձնակազմին միանգամից բռնել ճոպանը և քաշել։ Եվ նավը, ինչպես երիտասարդ գեղեցկուհի, ինքը դուրս կգա ծանծաղուտից։ Իսկ այժմ, որդիս, ժամակակ մի կորցնի։ Մենք ծանծաղուտի մոտ ենք, իսկ նավը չափազանց արագ է գնում։ Քիչ դեպի աջ․․․ ձախ․․․ ուղիղ․․․ ուղիղ։
Նա հրամաններ էր տալիս, իսկ ես շտապ ու ճիշտ կատարում էի։
Հանկարծ նա բացականչեց․
— Վարիր քամու ուղղությամբ, սրտակից բարեկամ։
Ես բոլոր ուժով ընկա ղեկի վրա։ «Իսպանոլան» շրջվեց և արագ մոտեցավ ափին, որ պատած էր ցածրիկ անտառով։ Ես այնպես տարվել էի այդ մանևրներով, որ մոռացել էի, թե մտադրվել էի ուշադրությամբ հետևել ավագ նավաստուն։ Ինձ հետաքրքրում էր միայն մի բան, թե երբ նավի հատակը կդիպչեր ավազին։ Ես մոռացա, թե ինչ վտանգ է սպառնում ինձ և նավի աջ եզրից կռացած, նայում էի, թե ինչպես նավի քթի տակ փրփրում է ջուրը։ Եվ առանց որևէ պայքարի կկորչեի ես, եթե հանկարծ անհանգստությունը չստիպեր ինձ ետ նայել։ Գուցե ես խշշոց լսեցի կամ աչքերիս տակով շարժվող ստվեր նկատեցի։ Գուցե իմ մեջ մի բնազդ զարթնեց, կատվի բնազդի նման։ Բայց շրջվելով, ես տեսա Հենդսին։ Նա ինձ բոլորովին մոտ էր՝ դաշույնն աջ ձեռքին։
Մեր հայացքները հանդիպեցին իրար, և երկուսս էլ բարձր գոռացինք։ Ես գոռացի սարսափից։ Նա, որպես կատաղած եզ, մռնչաց կատաղությունից և հարձակվեց ինձ վրա։ Ես թռա դեպի նավի քիթը և ձեռքիցս բաց թողի ռումպելը, որն իսկույն ուղղվեց։ Այս ռումպելն իմ կյանքը փրկեց, դիպավ Հենդսի կրծքին, և նա վայր ընկավ։
Մինչև Հենդսը ոտի կանգնեց, ես դուրս թռա այն անկյունից, որտեղ նա ինձ քշել էր։ Այժմ ամբողջ տախտակամածն իմ տրամադրության տակ էր, և ես կարող էի նրանից խուսափել, որքան կարող էի։ Միջնակայմի առաջ ես կանգ առա, ատրճանակը գրպանիցս հանեցի, նշան առա և կրակեցի։ Հենդսն ուղիղ դեպի ինձ էր գալիս։ Շնիկը չրթաց, բայց չպայթեց։ Պարզվեց, որ հրանցքում վառոդը թրջվել է։ Ես անիծեցի ինձ և իմ անփութությունը։ Ինչո՞ւ ես կրկին չլցրի ատրճանակը։ Չէ՞ որ ժամանակ շատ ունեի։ Այն ժամանակ ես անզեն չէի կանգնի, ինչպես ոչխարը մսագործի առաջ։
Չնայած իր վերքին, Հենդսը զարմանալի արագ էր շարժվում։ Նրա սպիտակ մազերն ընկել էին կատաղությունից կարմրած դեմքի վրա։ Ես ժամանակ չունեի երկրորդ ատրճանակս հանելու։ Բացի դրանից, ես համոզված էի, որ այդ ատրճանակն էլ առաջինի նման թրջվել է։ Մի բան միայն պարզ էր․ ես պետք է ծլկեի Հենդսից, թե չէ ինձ կքշեր դեպի նավի քիթը, ինչպես քիչ առաջ քշեց դեպի նավի ետևի կողմը։ Եթե այս բանը նրան հաջողվեր, արյունոտ դաշույնի ամբողջ ինը կամ տասը վերշոկը կխրվեր իմ մարմնի մեջ։ Ես բռնեցի գլխավոր կայմը, որը բավականին հաստ էր և յուրաքանչյուր մկան լարած, սպասում էի։
Տեսնելով, որ ես պատրաստվում եմ ծլկելու, նա կանգ առավ։ Մի քանի վայրկյան այնպես էր ձևացնում, թե իսկույն կհարձակվի ինձ վրա կամ աջից, կամ ձախից։ Եվ ես հազիվ-հազ շրջվում էի երբեմն դեպի ձախ, երբեմն դեպի աջ։ Պայքարը նման էր այն խաղին, որ ես այնքան խաղացել էի տանը, Սև Բլրին մոտիկ ժայռերի մեջ։ Սակայն, իհարկե, խաղի ժամանակ երբեք սիրտս այդպես վայրի կերպով չէր տրոփում։ Այնուամենայնիվ, այդ խաղը հեշտ էր խաղալ երեխայի համար, քան մի ծեր ծովագնացի, որն ազդրին վերք ունի։ Ես քիչ համարձակ դարձա և մինչև անգամ սկսեցի մտածել, թե ինչով կվերջանա խաղը։ «Իհարկե,— մտածում էի,— ես կարող եմ երկար ժամանակ դիմանալ, բայց վաղ թե ուշ, այնուամենայնիվ նա ինձ վերջ կտա»։

Երբ մենք կանգնած էինք իրար դեմ ու դեմ, «Իսպանոլան» անսպասելի կերպով խրվեց ավաղի մեջ։ Զարկից նավն ուժեղ կերպով կողքի վրա ծռվեց։ Տախտակամածը կանգնեց քառասունհինգ աստիճան անկման վրա, ջրատար խողովակներից սկսեց ջուր հոսել, տախտակամածի վրա լայն ջրափոս գոյացավ։
Մենք երկուսս էլ մեր հավասարակշռությունը կորցրինք և համարյա գրկված գլորվեցինք ուղիղ դեպի ջրատար խողովակները։ Կարմիր թասակ դրած մեռելն էլ, տարածած ձեռքերով, ինչպես առաջ, գլորվեց այնտեղ։ Ես այնպես ուժեղ գլուխս խփեցի ավագ նավաստու ոտին, որ ատամներս կրճտացին։ Սակայն, չնայելով ջարդվածքին, ես առաջինը ոտի ելա, իսկ մեռելն ընկավ Հենդսի վրա։ Նավի հանկարծակի ծռվելը տախտակամածի վրա վազվզելն անկարելի դարձրեց։ Պետք է փրկվելու ուրիշ միջոց որոնել, առանց մի վայրկյան կորցնելու, որովհետև թշնամիս իսկույն կհարձակվեր ինձ վրա։ Կայմապարանները կախված էին գլխիս վրա։ Ես նրանցից բռնեցի, բարձրացա վերև և ոչ մի անգամ շունչ չառա, մինչև որ չնստեցի առագաստափայտի վրա։ Արագաշարժությունը փրկեց ինձ։ Ոտներիցս կես ֆուտ տարածության վրա դաշույնը փայլեց։ Անհաջողությունից վրդովված, Իզրայել Հենդսը, զարմանքից բերանը լայն բացած, նայում էր վերև, դեպի ինձ։
Ես մի քիչ շունչ առա։ Ժամանակ չկորցնելով, ես նորից լցրի ատրճանակը, հետո էլ երկրորդ ատրճանակը։
Հենդսն անզոր չարությամբ դիտում էր ինձ։ Նա սկսեց հասկանալ, որ նրա դրությունը շատ վատացավ։ Մի քիչ մտածելուց հետո, նա դժվարությամբ բռնեց կայմապարանից և, դաշույնն ատամներով բռնած, դանդաղ դեպի վեր սողաց, խոր հառաչանքով իր ետևից քարշ տալով վիրավորված ոտը։ Ես ժամանակ ունեցա կրկին լցնել երկու ատրճանակն էլ, մինչև որ նա անցավ մեր մեջ եղած տարածության մի երրորդ մասը։ Այն ժամանակ զույգ ձեռքերումս ատրճանակները բռնած, ես խոսեցի նրա հետ․
— Եթե էլի մի քայլ անեք, պարոն Հենդս, ես ձեր ուղեղը դուրս կթափեմ։ Մեռելները, ինչպես հայտնի է ձեզ, չեն կծում,— ասացի ես հեգնանքով։
Նա միանգամից կանգ առավ։ Նրա դեմքից երևում էր, որ ինչ-որ բան է մտածում։ Բայց մտածում էր այնքան ծանր ու այնքան դանդաղ, որ ես ուրախանալով իմ անվտանգության վրա, բարձր ձայնով ծիծաղեցի։ Վերջապես, մի քանի անգամ թուք կուլ տալուց հետո, նա խոսեց։ Նրա երեսին առաջվա նման, իրեն կորցնելու արտահայտություն կար։ Նա հանեց բերանից դանակը, որը խանգարում էր խոսել, բայց տեղից չշարժվեց։
— Ջիմ,— ասաց նա,— մենք երկուսս էլ ավելորդ բան շատ արինք, և դու, և ես։ Մենք պետք է զինադադարի պայման կապենք։ Եթե այն հարվածը չլիներ, ես քեզ վերջ կտայի։ Բայց ինձ երբեք չի հաջողվում, երբեք, ինչ արած, ես՝ ծերունի ծովագնացս, քեզ, Ջիմ, նավի փոքրավորիդ պետք է զիջեմ։
Նրա խոսքերին վստահելով, ես ուրախ ծիծաղեցի, ինչպես ցանկապատի վրա թռած աքաղաղ, երբ հանկարծ նա աջ ձեռքը թափ տվեց։ Ինչ-որ մի բան օդում նետի պես սուլեց։ Ես հարված և սաստիկ ցավ զգացի։ Ուսս մեխված էր կայմին։ Սարսափելի ցավից ու անսպասելիությունից, չգիտեմ, մտածելով արդյոք, թե անգիտակցաբար, ես երկու, շնիկն էլ քաշեցի։ Ատրճանակներս պայթեցին և ձեռքիցս ընկան։ Բայց մենակ նրանք չընկան, սարսափելի գոռոցով ավագ նավաստին բաց թողեց պարանները և գլխիվայր ընկավ ուղիղ ջրի մեջ։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34
