Գլուխ XXV
Ես իջեցնում եմ «Ուրախ Ռոջերը»
Հենց բարձրացա բուշպրիտի վրա, ծածանվող եռանկյունի առագաստը խլացուցիչ ձայնով չխկաց, կարծես թնդանոթի կրակոց, ուռավ և ուղղությունը փոխեց։ Նավը, մինչև իջվածքը ցնցվեց։ Իսկ մի վայրկյան հետո, թեև մնացած բոլոր առագաստներն ուռած էին, սակայն եռանկյունի առագաստը կրկին չխկաց ու կախվեց։
Անակնկալ հարվածից քիչ էր մնում ջուրն ընկնեի։ Ժամանակ չկորցնելով, սողալով բարձրացա բուշպրիտով և գլխիվայր ընկա տախտակամածի վրա։
Ես գտնվում էի ջրամբարի քամոտ կողմում։ Միջնակայմը ծածկում էր ինձնից նավախելի մի մասը։ Ես ոչ մի կենդանի արարած չտեսա։ Տախտակամածը, որ խռովության օրից չէր լվացվել, ապականված էր կեղտոտ ոտների հետքերով։ Բերանը կոտրված մի դատարկ շիշ ետ ու առաջ էր գլորվում ինչպես կենդանի։
Հանկարծ «Իսպանոլան» նորից գնաց քամու ուղղությամբ։ Եռանկյունի առագաստները չխկացին իմ ետևին։ Ղեկը շրջան կատարեց և նավը ցնցվեց։ Այդ վայրկյանին միջնակայմը, ճախարակները ճռնչացնելով, մի կողմ ընկանք և ես տեսա նավի ետևի կողմը։
Երկու ծովահենն էլ այնտեղ էին։ «Կարմիր թասակն» անշարժ պառկած էր մեջքի վրա։ Նրա ձեռքերը տարածված էին, ինչպես խաչված, ատամները բաց էին։ Իզրայել Հենդսը նստած էր գլուխը կրծքին խոնարհած։ Ձեռքերն անօգնական կախվել էին, երեսը, չնայած արևառության, ճարպե մոմի պես սպիտակ էր։
Նավը կատաղած ձիու նման ծառս էր լինում ու վեր-վեր նետվում։ Առագաստներն ուռել էին, առագաստափայտերն այնպես ուժեղ էին շարժվում, որ կայմը բարձր հառաչում էր։ Ժամանակ առ ժամանակ նավի քիթը խրվում էր ալիքի, մեջ, և այն ժամանակ ջրակաթիլների թեթև ամպերը թռչում էին զբոսարանի վրա։ Իմ այժմ խորտակվածք ինքնագործ շարժուն նավակն ավելի լավ էր պայքարում ալիքների դեմ, քան այս մեծ նավը։
Նավի յուրաքանչյուր թռիչքի հետ կարմիր թասակով ավազակը ցատկոտում էր։ Սակայն ինձ սարսափեցրեց այն հանգամանքը, որ նրա երեսի արտահայտությունը չէր փոխվում՝ առաջվա նման ատամները բացած ծիծաղում էր։ Իսկ Հենդսը յուրաքանչյուր ցնցումից սահում էր հեռու, դեպի նավախելը։ Քիչ-քիչ հասավ նավի եզրին և ոտը կախվեց հրի վրա։ Ես տեսնում էի միայն նրա մի ականջը և գանգրահեր բակենբարդի մի մասը։
Այդ ժամանակ ես նկատեցի, որ նրանց մոտ, տախտակների վրա արյան շերտեր են սևին տալիս և վճռեցի, որ հարբած դրությամբ կռվելիս, իրար սրախողխող են արել։
Եվ հանկարծ, երբ նավը մի քանի ակնթարթ կանգ առավ, Իզրայել Հենդսը թեթև հառաչելով շարժվեց դեպի իր առաջվա տեղը։ Այս տանջալից հառաչանքը, որ վկայում էր չափազանց հոգնածության մասին, մի վայրկյան կարեկցություն առաջացրեց իմ մեջ։ Բայց ես հիշեցի այն խոսակցությունը, որ լսել էի խնձորի տակառի մեջ նստած ժամանակ, և կարեկցությունն իսկույն անցավ։
Ես մոտեցա միջնակայմին։
— Ա՛յ, ես էլի նավի վրա եմ, պարոն Հենդս,— ասացի ես հեգնաբար։
Նա դժվարությամբ աչքերը դեպի ինձ դարձրեց, սակայն այնպես հարբած էր, որ զարմանք էլ չարտահայտեց։ Նա միայն մի բառ արտասանեց․
— Բրենդի։
Ես հասկացա, որ ժամանակ կորցնել չի կարելի։ Անցնելով կայմի տակից, որը փակում էր իմ ճանապարհը, պարանե սանդուղքով վազեցի նավասենյակը։
Դժվար էր պատկերացնել, թե ինչպիսի ավերում էր տիրում այնտեղ։ Բոլոր արկղերի կողպեքները կոտրված էին։ Ավազակները, երևի, քարտեզն են որոնել։ Հատակը պատած էր կեղտի շերտով, որ ավազակները ոտներով բերել էին այն ճահճոտ տեղից, որտեղ հարբեցողությամբ էին զբաղված։ Սպիտակ գույնով ներկված և ոսկե շքաձողով զարդարված միջնորմների վրա կեղտոտ մատների հետքեր էին մնացել։
Տասնյակ դատարկ շշեր, ենթարկվելով տատանումին, զրնգալով անկյունից անկյուն էին գլորվում։ Բժշկի բժշկական գրքերից մեկը բաց ընկած էր սեղանին։ Թերթերի կեսը պոկված էր, երևի ծխախոտի համար։ Այս բոլոր այլանդակությունների մեջ առաջվա պես էր մռայլ ու մթին լամպը։
Ես նայեցի մառանը։ Տակառները դատարկ էին և անհամար քանակությամբ դատարկ շշեր թափված էին հատակին։ Հասկացա, որ բոլոր ծովահենների խռովության սկզբից հարբելուց գլուխ չեն թափել։
Այնուամենայնիվ, գտա մի կիսատ օղու շիշ Հենդսի համար։ Ինձ համար վերցրի մի քիչ պաքսիմատ, մի քիչ չոր միրգ, մի բուռ չամիչ և մի կտոր պանիր։ Բարձրանալով տախտակամած, ես այդ բոլորը դասավորեցի ղեկի մոտ, ավագ նավաստուց հեռու, որ ձեռքը չհասնի։ Հետո գնացի ու կուշտ ջուր խմեցի և միայն այդ ժամանակ շիշը պարզեցի Հենդսին։
Նա խմեց կեսից ոչ պակաս և միայն այն ժամանակ շիշը հեռացրեց բերանից։
— Երդվում եմ որոտով,— ասաց նա,— որ հենց այդ էր ինձ հարկավոր։
Ես նստեցի մի անկյունում և սկսեցի ուտել։
— Ծա՞նր եք վիրավորված,— հարցրեցի նրան։
Նա ինչ-որ հաչոցի ձայնով պատասխանեց․
— Եթե բժիշկը այստեղ լիներ, ես արագ կբուժվեի։ Սակայն, ինքդ տեսնում ես, գործերս հաջող չեն գնում։ Իսկ սա մեռավ,— ավելացրեց նա, գլուխը թեքելով դեպի կարմիր թասակ դրած մարդու կողմը։— Վատ ծովագնաց էր։ Իսկ դու որտեղի՞ց եկար։
— Ես եկել եմ այստեղ, որ վարեմ այս նավը, պարոն Հենդս,— ասացի ես։— Այսուհետև, մինչև հետևյալ կարգագրությունը, ինձ ձեր նավապետը համարեցեք։
Նա մռայլ նայեց ինձ, բայց ոչինչ չասաց։ Նրա թշերը թեթևակի կարմրեցին։ Բայց նրա տեսքը հիվանդագին էր, և նավի յուրաքանչյուր տատանումից ընկնում էր կողքի վրա։
— Ի միջի այլոց,— շարունակեցի ես,— այս դրոշակն ինձ դուր չի գալիս, պարոն Հենդս, եթե թույլ կտաք, ես կիջեցնեմ։ Ավելի լավ է դրոշակ չունենալ, քան այսպիսին։
Ես վազեցի կայմի մnտ, քաշեցի համապատասխան պարանը և իջեցնելով անիծված սև դրոշակը, ծովը շպրտեցի։
— Կորչի նավապետ Սիլվերը,— գոչեցի ես, գլխարկս թափահարելով։
Նա ուշադրությամբ դիտում էր ինձ՝ չբարձրացնելով գլուխը, և նրա դեմքը նենգություն էր արտահայտում։
— Ես կարծում եմ,— ասաց նա վերջապես,— ես կարծում եմ, նավապետ Հոկինս, որ դուք կուզենայիք ափ իջնել։ Եկեք այդ մասին խոսենք։
— Ինչու չէ,— պատասխանեցի ես,— հաճությամբ, պարոն Հենդս։ Շարունակեցեք։— Եվ ես կրկին վերադարձա իմ ուտելիքի մոտ և շարունակեցի մեծ ախորժակով ուտել։
— Այդ մարդը,— սկսեց նա, թույլ կերպով թափ տալով գլուխը դեպի դիակը։— Նրան Օ’Բրայեն էին անվանում․․․ Իռլանդացի էր։ Մենք նրա հետ առագաստները պարզեցինք և ուզում էինք վերադառնալ նավահանգիստ։ Սակայն նա մեռավ և գարշահոտություն է արձակում՝ ինչպես հոտած ջուրը նավամբարում։ Չգիտեմ, թե ով պետք է այժմ վարի նավը։ Առանց իմ ցուցմունքների դու այս նավը վարել չես կարող։ Լսի՛ր, ինձ ուտելու և խմելու բան տուր, վերքս փաթաթիր իմ հին շարֆով, դրա փոխարեն ես քեզ ցույց կտամ, թե ինչպես պետք է նավը վարել։ Համաձա՞յն ես։
— Միայն նկատի ունեցեք,― ասացի ես,— նավապետ Կիտի նավակայանը վերադառնալ չեմ ուզում։ Ես ուզում եմ նավը տանել Հյուսիսային նավահանգիստը և այնտեղ հանդարտ մոտենալ ափին։
— Լա՛վ,— բացականչեց նա։— Մի՞թե ես այնպես ապուշ եմ։ Մի՞թե չեմ հասկանում։ Շատ լավ եմ հասկանում, որ ես տանուլ եմ տվել, և որ դու ես տարել։ Ի՞նչ կա որ։ Դու ուզում ես հյուսիսային նավահանգի՞ստը գնալ։ Բարեհաճի՛ր։ Ես ընտրություն չեմ անի։ Երդվում եմ որոտով, որ ես կօգնեմ քեզ նավը տանել թեկուզ իմ կախաղանի տախտակամածը։
Նրա խոսքերը ինձ անմիտ չթվացին։ Մենք պայման կապեցինք։ Երեք րոպեից հետո «Իսպանոլան» արդեն գնում էր Գանձերի կղզու ափով։ Ես հույս ունեի հասնել մինչև կեսօր Հյուսիսային հրվանդանին, որ մինչև մակընթացությունը Հյուսիսային նավահանգիստը մտնենք։ Այն ժամանակ մենք, ոչ մի վտանգի չենթարկվելով, «Իսպանոլան» կմոտեցնենք ափին, կսպասենք մինչև ջուրը նստի և ցած կիջնենք։
Ես իջա ներքև, որոնեցի իմ սեփական սնդուկը և նրա միջից հանեցի այն մետաքսյա փափուկ թաշկինակը, որ նվիրել էր ինձ մայրս։ Իմ օգնությամբ Հենդսն այդ թաշկինակով կապեց ազդրի մեջ եղած խոր վերքը, որից արյուն էր հոսում։ Նախաճաշելուց և մի քանի ումպ անգլիական օղի խմելուց հետո նա զգալիորեն աշխուժացավ, ավելի ուղիղ նստեց, սկսեց ավելի արագ ու պարզ խոսել, ուրիշ մարդ դարձավ։
Բարեհաջող քամի փչեց։ Նավը թռչնի նման սլանում էր։ Ափերը երևում ու անհետանում էին։ Նրանց տեսքն ամեն րոպե փոխվում էր։ Կղզու բարձր մասը մնաց մեր ետևում։ Մենք սլանում էինք նոսր եղևնիներով պատած ցածր ավազոտ ափով։ Բայց այդ էլ վերջացավ։ Մենք շրջանցեցինք ժայռոտ բլուրը՝ կղզու ամենահյուսիսային մասը։
Նավ վարելն ինձ դուր եկավ։ Ես հիանում էի հրաշալի արևոտ եղանակով և գեղատեսիլ ափերով։ Ուտելիք ու խմելիք շատ ունեի, այլևս խղճի խայթոց չէի զգում նրա համար, որ փախել էի ամրոցից, որովհետև այդպիսի խոշոր հաղթանակ տարա։ Ես ամեն ինչով գոհ կլինեի, եթե ավագ նավաստու աչքերը չլինեին։ Նա ամենածաղրական ձևով աննահանջորեն հետևում էր ինձ, և նրա երեսի վրա ժամանակ առ ժամանակ տարօրինակ ժպիտ էր երևում։ Այդ ժպիտի մեջ ինչ-որ անզորություն ու տանջանք կար՝ ծերունու մռայլ ժպիտ։ Միաժամանակ նրա մեջ ինչ-որ ծաղրական, ինչոր դավաճանական բան կար։ Ես աշխատում էի, իսկ նա նենգամտությամբ քմծիծաղ էր տալիս և հետևում, հետևում, հետևում ինձ։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34
