Գանձերի կղզին

Գլուխ XXIV

 

Մակույկի մեջ

 

Երբ զարթնեցի, բոլորովին լույս էր արդեն։ Ես տեսա, որ հոսանքն ինձ տանում է Գանձերի կղզու հարավարևմտյան ափով։ Արեգակն արդեն դուրս էր եկել, բայց Հեռադիտակի հսկա զանգվածը, որ իջնում էր դեպի ծովն անառիկ ժայռերով, նրա առաջը փակել էր։

Քարշակի գլուխը և Միջնակայմ ժայռը գտնվում էին իմ կողքին։ Ժայռը մերկ էր ու սև, իսկ Գլուխը շրջապատված էր քառասուն-հիսուն ֆուտ բարձրություն ունեցող ապառաժներով և թափված ժայռերի կույտերով։ Ինձնից մինչև կղզին քառորդ մղոնից ոչ ավելի տարածություն կար։ Ես որոշեցի հագցնել թիակը և թիավարել։

Սակայն շուտով ստիպված էի հրաժարվել այդ մտադրությունից։ Փուլ եկած ժայռերի միջից կատաղած մռնչում էր ալեկոծությունը։ Հսկա ալիքները մեկը մյուսի ետևից գոռուն-գոչյունով դեպի վեր էին բարձրանում փրփրած։ Ես տեսա, որ մոտենալով ափին կամ կկորչեմ այդ ալիքների մեջ, կամ անտեղի ուժ կգործադրեմ, բարձրանալու անառիկ ապառաժների վրա։

Բայց միայն այս չէր, որ վախեցնում էր ինձ: Սեղանի նման տափակ ժայռերի վրա սողում էին ինչ-որ ահագին լպրծուն հրեշներ, ինչ-որ անհավատալի չափի կակղամորթներ։ Երբեմն նրանք թռչում էին ջրի մեջ և սուզվում։ Կակղամորթները հաչում էին, և ժայռերի խլացուցիչ արձագանքը կրկնում էր նրանց վայրի հաչոցը։

Հետագայում ես իմացա, որ դրանք ծովային առյուծներ են, միանգամայն անվնաս կենդանիներ ծովաշան ցեղից։ Սակայն նրանց տեսքը սարսափելի էր, ափն անմերձենալի էր, մակընթացությունն ուժեղ խփում էր ժայռերին և իմ՝ ափին մոտենալու ցանկությունը կորավ։ Ավելի լավ է սովից մեռնել բաց ծովում, քան երես առ երես այդպիսի վտանգների հանդիպել։

Այդ ժամանակ փրկվելու մի այլ հնարավորություն պատկերացրի։ Քարշակի Գլխից դեպի հյուսիս ես տեսա տեղատվության ժամանակ մերկացող մի երկար ավազոտ ծանծաղուտ, իսկ ավելի հյուսիսում՝ մի ուրիշ հրվանդան, այն հրվանդանը, որ մեր քարտեզի վրա նշանակված էր Անտառոտ հրվանդան անունով։ Այդ հրվանդանի վրա աճել էին կանաչ հսկա եղևնիներ, որոնք մինչև ջուրն էին իջնում։

Ես հիշեցի Սիլվերի խոսքերը, թե կղզու արևմտյան ափի երկարությամբ կա մի հոսանք, որ գնում է դեպի հյուսիս։ Հասկացա, որ այդ հոսանքի մեջ եմ ընկել և որոշեցի Քարշակի գլուխն անցնելուց հետո, փորձեմ իջնել Անտառոտ հրվանդանի մոտ, որն ինձ ավելի սիրալիր էր թվում։

Ծովի վրա մեռյալ ալեծածանություն էր։ Հարավից համառ ու սիրալիր քամի էր փչում և ինձ հոսանքով տանում։ Ալիքները համաչափ բարձրանում և իջնում էին։

Եթե ուժեղ քամի լիներ, ես վաղուց խեղդված կլինեի։ Սակայն մեղմ քամու ժամանակ կարելի էր զարմանալ միայն, թե ինչքան ճարպիկ էր իմ պստլիկ, թեթև նավակը։ Պառկած լինելով նավակի հատակին և չորս կողմը նայելով, ես շատ անգամ տեսա հսկա ալիքի կապտավուն գավաթն իմ գլխի վրա։ Բայց իմ նավակը թռչկոտելով, թեթև պարելով, թռչում էր ալիքների կատարի վրա և թռչնի նման սահուն իջնում։

Կամաց-կամաց այնպես համարձակ դարձա, որ մինչև անգամ փորձեցի թիավարել։ Սակայն հավասարակշռության ամենափոքր խախտում ազդում էր իմ նավակի վրա։ Հենց որ շարժվում էի, նավակը փոխում էր իր սահունությունը, արագ իջնում էր ալիքների կատարից դեպի ջրային փոսը, այնպես որ գլուխս պտտվում էր և ջրակաթիլներ բարձրացնելով, խրվում էի հետևյալ ալիքի մեջ։

Վախեցած, թրջված, ես նորից պառկեցի հատակին։ Թվում էր, թե նավակը միանգամից սթափվեց և առաջվա զգուշությամբ տարավ ինձ, ալիքների միջով։ Ինձ համար պարզ էր, որ թիավարել չէր կարելի։ Բայց ինչպե՞ս ափ հասնեի։

Ես վախեցա, բայց գլուխս չկորցրի։ Ամենից առաջ իմ նավաստիական գլխարկով սկսեցի զգուշորեն ջուրը դուրս թափել, ապա, դիտելով նավի ընթացքը, աշխատեցի հասկանալ, թե ինչու է նավակն այդպես թեթև սահում ալիքների վրայով։ Ես նկատեցի, որ յուրաքանչյուր ալիք, որ ափից կամ նավից պատկերանում է որպես հսկա և հարթ սար, իսկապես, ավելի շուտ, նման է անհարթ բլուրների շղթայի, սրածայր գագաթներով, լանջերով ու հովիտներով։ Նավակը դյուրությամբ խուսանավում էր, յուրաքանչյուր անգամ ընտրում հովիտներ, խուսափելով սեպ լանջերից և բարձր գագաթներից։

«Շատ լավ,— որոշեցի ես,— գլխավորն այն է, որ հանգիստ պառկեմ և հավասարակշռությունը չխախտեմ։ Բայց հարմար դեպքում կարելի է երբեմն թիավարել դեպի ափը»։

Այդպես էլ արեցի։ Արմունկների վրա, անհարմար դրությամբ պառկած, երբեմն թիակը թափահարում էի և նավակը դեպի ափ էի ուղղում։

Սա մի անտանելի, դանդաղ աշխատանք էր, սակայն ես որոշ հաջողության հասա։ Այնուամենայնիվ, հավասարվելով Անտառոտ հրվանդանին, ես հասկացա, որ անպատճառ կսլանամ նրա մոտով, թեև իսկապես ափն ինձանից այժմ միայն մի քանի հարյուր յարդ էր հեռու։ Ես տեսա ծառերի կանաչ, զով կատարները։ Նրանց տարուբերում էր թեթև քամին։ Ես հավատացած էի, որ հետևյալ հրվանդանը բաց չեմ թողնի։

Ժամանակն անցնում էր, և ես սկսեցի ծարավից տանջվել։ Արեգակը շլացուցիչ կերպով փայլում էր, արտացոլելով ալիքների մեջ։ Ջրակաթիլները չորանում էին իմ երեսի վրա և մինչև անգամ շրթունքներս ծածկվեցին աղի շերտով։ Կոկորդս չորացել էր, գլուխս ցավում էր։ Ծառերն այնքան մոտիկ էին, այնպես հրապուրում էին իրենց ստվերով, բայց հոսանքն արագ սլացրեց ինձ հրվանդանի մոտով։ Եվ այն, ինչ որ տեսա, կրկին հայտնվելով բաց ծովում, իմ բոլոր պլանները փոխեցին։

Առջևիս, կես մղոն, գուցե և պակաս, տարածության վրա ես տեսա «Իսպանոլան», որ արագ առաջ էր գնում։ Անկասկած ինձ կտեսնեն և կվերցնեն։ Ծարավն այնպես տանջում էր ինձ, որ ես մինչև անգամ չգիտեի ուրախանալ, թե տխրել։ Սակայն երկար մտածել չվիճակվեց, որովհետև սաստիկ զարմացա։ «Իսպանոլան» առաջ էր գնում միջնակայմով և երկու եռանկյունի առագաստներով։ Նրա արտասովոր գեղեցկություն ունեցող առագաստները շլացուցիչ կերպով փայլում էին։ Երբ առաջին անգամ նավը տեսա, բոլոր առագաստներն ուռած էին։ Նավն ուղղված էր դեպի հյուսիս-արևմուտք։ Ես մտածեցի, որ նավի վրա գտնված մարդիկ որոշել էին շրջել կղզու չորս կողմը և վերադառնալ նախկին կանգնած տեղը։ Հետո նավն սկսեց ավելի ու ավելի դեպի արևմուտք ծռվել, և ես մտածեցի, որ ինձ արդեն նկատել են և ուզում են վերցնել։ Հանկարծ նավը ծռվեց ուղիղ դեպի քամու հակառակ կողմը և անօգնական կերպով կանգ առավ կախված առագաստներով։

— Արջեր,— ասացի ինքս ինձ։— Երևի այնքան խմել, են, որ անզգայացել են։ Կստանային նրանք նավապետ Սմոլետից նավն այդպես ղեկավարելու համար։

Այդ ժամանակ նավը դեսուդեն թեքվելով, լրիվ շրջան կատարեց, նորից կանգնեց քիթը քամու դեմ և նորից կանգ առավ։ Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ «Իսպանոլան» գնում էր երբեմն դեպի հարավ, երբեմն՝ հյուսիս, երբեմն դեպի արևելք, երբեմն՝ արևմուտք, առագաստները թափահարելով և անդադար դառնալով դեպի այն ուղղությունը, որից քիչ առաջ հեռացել էր։ Ինձ համար պարզ էր, որ նավը ոչ ոք չի վարում։ Իսկ ի՞նչ եղան մարդիկ։ Նրանք կամ սարսափելի հարբած են, կամ նավից հեռացել են։ Եթե ես բարձրանամ նավի վրա, գուցե կարողանամ նավը վերադարձնել նավապետին։

Հոսանքը նավակը տանում էր դեպի նավը միատեսակ արագությամբ, բայց նավն այնպես արագ էր փոխում իր ուղղությունը, այնքան հաճախ կանգ էր առնում, որ համարյա առաջ չէր շարժվում։ Եթե կարողանայի նստել նավակի մեջ և թիավարել, անկասկած կհասնեի նավին։ Եվ հանկարծ իսկապես ցանկացա հասնել։ Նոր արկածների ծարավը պատեց ինձ, իսկ անուշ ջրի մասին մտածելն իմ անմիտ վճռականությունը կրկնապատկեր։

Ես վեր կացա, և իսկույն ալիքը ոտից մինչև գլուխ թրջեց ինձ։ Բայց այդ բանն ինձ չսարսափեցրեց։ Ես նստեցի և, ժողովելով բոլոր ուժերս, սկսեցի թիավարել։ Սկսեցի հետապնդել «Իսպանոլային», որը ոչ ոք չէր վարում։ Երբեմն ալիքներն այնպես էին շպրտում ինձ, որ իմ սիրտը թպրտում էր ինչպես թռչուն։ Հաճախ կանգնում էի և նավակի մեջ հավաքված ջուրը թափում։ Այնուամենայնիվ, շուտով ես ընտելացա նավակին և սկսեցի այնպես զգույշ ուղղություն տալ կատաղած ալիքների միջով, որ միայն երբեմն փրփուրի մանր կտորներ էին խփում երեսիս։

Իմ և նավի մեջ եղած տարածությունը հետզհետե քչանում էր։ Ես արդեն կարողանում էի տեսնել ղեկի կոթի պղնձե փայլը։ Տախտակամածի վրա ոչ ոք չկար։ Ավազակները, երևի, փախել էին։ Իսկ եթե չէին փախել, ուրեմն նավաստիների սենյակում խոր քուն են մտել։ Ես նրանց կփակեմ այդ սենյակում և նավն ինչ կուզենամ կանեմ։

Հանկարծ բախտը ժպտաց ինձ։ Քամին մի քանի վայրկյան հանդարտվեց։ Ենթարկվելով հոսանքին, «Իսպանոլան» կամաց պտտվեց իր առանցքի շուրջը։ Ես տեսա նրա ետևի կողմը։ Նավաստիների սենյակի պատուհանը բաց էր։ Սեղանի վրա տեսա վառվող լամպ, թեև վաղուց ցերեկ էր։ Միջնակայմը դրոշակի նման կախված էր։ Նավն իր ընթացքը դանդաղեցրեց, որովհետև շարժվում էր միայն հոսանքի հետ։

Ես քիչ ետ էի մնացել նավից։ Սակայն այժմ, ջանքերս կրկնապատկելով, կարող էի կրկին հասնել նրան։

Ես արդեն նրանից ընդամենը հարյուր յարդ տարածության վրա էի գտնվում, երբ քամին նորից ուռեցրեց նրա առագաստները։ Նավը դարձավ դեպի ձախ և կրկին սահելով սլացավ ալիքների վրայով, ինչպես ծիծեռնակ։

Սկզբում ես հուսահատվեցի, հետո ուրախացա։ Նավը շրջան կատարեց և սկսեց ուղիղ դեպի ինձ լողալ։ Ահա նա անցավ մեզ բաժանող տարածության կեսը, հետո երկու երրորդը, ապա երեք քառորդը։ Ես տեսա, թե ինչպես էին փրփրում ալիքները նրա եզրերի տակ։ Իմ փոքրիկ նավակից նավը մի հսկա էր երևում։

Հանկարծ ես հասկացա, թե ինչ վտանգ էր սպառնում ինձ, եթե նավը դիպչեր իմ նավակին։ Մտածելու համար ժամանակ չէր մնում։ Պետք է փորձեի ազատվել։ Ես գտնվում էի մի ալիքի կատարի վրա, երբ նավի քիթը ճեղքեց հարևան ալիքը։ Ոտքի կանգնեցի և վեր ցատկեցի, նավակն ընկղմելով ջրի մեջ։ Ձեռքով բռնեցի բուշպրիտի վերի ծայրը, իսկ ոտս ընկավ պարանների արանքը։ Եվ սարսափահար եղած, կախված էի օդում։ Ներքևից տված թեթև զարկն ինձ իմաց ավեց, որ նավն ընկղմեց իմ նավակը և «Իսպանոլայից» այժմ ոչ մի կերպ չի կարելի հեռանալ։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34

Թողնել մեկնաբանություն