Գանձերի կղզին

Գլուխ XXIII

 

Տեղատվության իշխանության տակ

 

Նավակը, ինչպես ենթադրում էի, իմ հասակի ու քաշի մարդու համար շատ համապատասխան էր։ Այն թեթև էր, շարժուն, սակայն դրա հետ միասին այնքան ծռակող ու արագաշարժ, որ վարելն անհնարին էր։ Ինչ ուզում ես արա, կաշվիցդ դուրս եկ, անվերջ պտտվում է։ Ինքը՝ Բեն Գանը հետո խոստովանեց, որ այդ նավակը կարող է գործածել նա, ով «արդեն սովոր է նրա քմահաճույքին»։

Իհարկե, ես դեռ նավակի քմահաճույքին սովոր չէի․ ինչ ուղղությամբ ասես սլանում էր, բացի քո ցանկացած ուղղությունից։ Ավելի հաճախ դառնում էր դեպի ափը, և եթե տեղատվություն չլիներ, հազիվ թե կարողանայի նավին հասնել։ Իմ բախտից տեղատվությունն ինձ դեպի «Իսպանոլան» էր տանում։

Նախ նկատեցի մի բիծ, որն իրեն շրջապատող խավարից ավելի սև էր։ Հետո տեսա նավի իրանն ու կայմերը։ Եվ մի ակնթարթից հետո (որովհետև ինչքան հեռու էի գնում, այնքան արագ էր քաշում տեղատվությունը), հասա խարսխի ճոպանին և բռնեցի։

Այնքան ուժեղ էր նավի ձգտումը խարսխից ազատվելու, որ ճոպանը լարի նման ձգված էր։ Նավի տակ տեղատվությունն ալեկոծվում ու աղմկում էր լեռնային գետակի նման։ Դանակիս մի զարկը, և «Իսպանոլան» կսլանա այնտեղ, ուր նրան կքաշի հոսանքը։

Սակայն ես ժամանակին գլխի ընկա, որ ամուր ձգված ճոպանը, եթե միանգամից կտրեմ, ձիու սմբակի ուժով կխփի ինձ, նավակը շուռ կգա, և ես ծովի հատակը կգնամ։

Ես կանգ առա և սկսեցի սպասել։ Եթե հաջող դեպք չլիներ, ես, երևի, վերջ ի վերջո հրաժարվեի իմ մտադրությունից։ Գիշերը մոտենալով, թեթև քամին, որ սկզբում փչում էր հարավ-արևելքից, ապա հարավից, դարձավ հարավարևմտյան։ Հանկարծակի վրա հասած փոթորիկը «Իսպանոլային» շուռ տվեց հոսանքի դեմ։ Ճոպանը թուլացավ և իմ ձեռքը, որով բռնել էի, ջրի մեջ մտավ։

Հասկանալով, որ ոչ մի վայրկյան չի կարելի բաց թողնել, հանեցի դանակս, ատամներովս բացեցի և սկսեցի մեկը մյուսի ետևից կտրտել ճոպանի մանրաթելերը։ Երբ միայն երկու մանրաթել մնաց կտրելու, ճոպանը նորից ձգվեց, և ես սկսեցի սպասել քամու հետևյալ թափին։

Նավասենյակից վաղուց բարձր ձայներ էին լսվում։ Բայց, ճշմարիտն ասած, ես այնպես տարված էի իմ գործով, որ նրանց վրա ուշադրություն չէի դարձնում։ Այժմ, երբ գործ չունեի, սկսեցի ականջ դնել։

Ես ճանաչեցի երկրորդ ավագ նավաստի Իզրայել Հենդսի ձայնը, նրա, ով մի ժամանակ Ֆլինտի մոտ հրաձիգ էր։ Երկրորդ ձայնն, անկասկած, պատկանում էր կարմիր թասակով բարեկամիս։ Նրանք երկուսն էլ սաստիկ հարբած էին և շարունակում էին խմել։ Նրանցից մեկը հարբածի ճիչով պատուհանը բացեց և ինչ-որ մի բան ջուրը շպրտեց, երևի դատարկ շիշ։ Ասենք, նրանք ոչ թե միայն խմում, այլև կատաղաբար վիճում էին։ Հայհոյանքները կարկտի նման թափվում էին, և երբեմն ինձ թվում էր, որ գործը տուրուդմբոցի է հասնում։ Սակայն ամեն անգամ ձայները հանդարտվում էին, և վեճը դադարում էր։ Հետո նորից էին սկսում, որ մի քանի րոպեից դադարեն։

Ափին, ծառերի բների միջից ես տեսնում էի խարույկի կրակը։ Այնտեղ ինչ-որ մեկը մի հին, տխուր, միապաղաղ նավաստու երգ էր երգում, որի յուրաքանչյուր տողից հետո ոռնոցի նման դայլայլ էր կրկնվում։ Մեր ճանապարհորդության ժամանակ ես այդ երգը շատ էի լսել։ Այն այնքան երկար էր, որ ոչ մի երգիչ մինչև վերջ չէր կարողանում երգել և ձգում էր մինչև այն ժամանակ, որքան համբերություն ուներ։ Ես այդ երգից միայն մի քանի բառ եմ հիշում.

։։Յոթանասունհինգն էլ չվերադարձան տուն,
։։Նրանք խեղդվեցին ծովի հորձանքում։

Ես մտածեցի, որ այդ տխուր երգը, երևի, միանգամայն համապատասխանում է այն տխրությանը, որ պատել է ծովահեններին, որոնք այսօր այնքան ընկեր կորցրին։ Սակայն շուտով համոզվեցի, որ իրականում այս ծովային բանդիտներն անզգա են այնպես, ինչպես ծովը, որի վրայով ճանապարհորդում էին։

Վերջապես քամին կրկին թափով փչեց։ Մթության մեջ նավը կրկին դեպի ինձ շարժվեց։ Ես զգացի, որ ճոպանը կրկին թուլացավ, և մի ուժեղ հարվածով կտրեցի վերջին մանրաթելը։

Իմ նավակի վրա քամին ոչ մի ազդեցություն չունեցավ, և ես անսպասելի կերպով հայտնվեցի «Իսպանոլայի» եզրի տակ։ Նավը, հողմահար եղած, կամաց պտտվում էր իր առանցքի շուրջը։

Ես ամբողջ ուժով թիավարում էի, րոպե առ րոպե սպասելով, որ նավակը կշրջվի։ Սակայն նավը նավակիս քաշում էր իր ետևից, և ես ոչ մի կերպ հեռանալ չէի կարողանում, այլ՝ միայն կամաց շարժվում էի քթից դեպի ետևի մասը։ Ասենք, վերջապես, նավակն սկսեց հեռանալ, և ես արդեն հույս ունեի բաժանվել վտանգավոր հարևանից։ Սակայն այդ ժամանակ ձեռքս ընկավ նավախելից կախված ճոպանի ծայրը։ Ես իսկույն բռնեցի։

Թե ինչո՞ւ բռնեցի, չգիտեմ։ Երևի, անգիտակցաբար։ Իսկ երբ ճոպանն իմ ձեռքին էր, և ես համոզվեցի, որ ամուր է կապված, հանկարծ հետաքրքրությունս բորբոքվեց և որոշեցի նայել նավասենյակի պատուհանից։

Ձեռքերով տնտղելով, ճոպանի օգնությամբ նավակս քաշեցի դեպի նավի ետևի կողմը։ Այս հանգամանքը սաստիկ վտանգ էր սպառնում․ նավակն ամեն վայրկյան կարող էր շուռ գալ։ Բարձրանալով, ես տեսա նավասենյակի մի մասն ու առաստաղը։

Այդ ժամանակ նավը և նրա ուղեկիցը՝ նավակը, արագ ընթանում էին հոսանքով։ Մենք արդեն հավասարվել էինք ափի խարույկին։ Նավը բարձրաձայն «խոսեց», ինչպես ասում են ծովագնացները, այսինքն սկսեց աղմուկով ճեղքել ալիքները, և մինչև ես չնայեցի պատուհանից, չկարողացա հասկանալ, թե ինչու պահպանության համար նավում թողնված ավազակները տագնապ չեն բարձրացնում։ Սակայն մի հայացքով նավասենյակը նայելով, բավական էր հասկանալ բոլորը։ Իսկ ես իմ երերուն նավակում կանգնած, իսկապես կարող էի միմիայն մի հայացք ձգել։ Հենդսը և նրա ընկերը, իրար կոկորդից բռնած, կռվում էին։

Ես ընկա նստարանի վրա։ Մի ակնթարթ ևս, նավը կշրջվեր։ Իմ առջև դեռևս երևում էին ծովահենների կատաղած, արյունալի դեմքերը, ծխացող լամպի աղոտ լույսի տակ։ Ես աչքերս փակեցի, որ նրանք կրկին մթությանն ընտելանան։

Անվերջ պարերգը վերջապես դադարեց, և խարույկի մոտ կերուխում անողները երգեցին ինձ ծանոթ երգ․

 

Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,
Յո-խո-խո և մի շիշ ռոմ,
Խմիր և սատանան քեզ մինչև վերջը կհասցնի,
Յո-խո-խո և մի շիշ ռոմ:

 

Մտածելով, թե ռոմն ու սատանան ինչ են անում այժմ «Իսպանոլայի» նավասենյակում, ես հանկարծակի ցնցում զգացի։ Նավակս սաստիկ թեքվել էր և ուղղությունը փոխել։ Հոսանքի արագությունը տարօրինակ կերպով արագացել էր։

Ես աչքերս բաց արի։ Շուրջս, թեթև ծծմբե լույսով կայծերի նման փայլատակելով, աղմկում, փրփրում էին մանրիկ ալիքները։ Թվում էր, որ «Իսպանոլան» էլ էր ուղղությունը փոխել։ Ես մռայլ կերպով տեսնում էի նավի կայմերը մութ երկնքում։ Այո՛, ինչքան շատ էի նայում, այնքան հաստատ էի համոզվում, որ նավը դեպի հարավ է գնում։

Ես ետ նայեցի և քիչ մնաց, որ սիրտս պայթի։ Այժմ խարույկը վառվում էր հենց իմ մեջքի ետևում։ Ուրեմն, հոսանքը ծռվել է դեպի աջ, տանելով իր հետ և՛ ծանր նավը, և՛ իմ թեթև, պարող նավակը։ Կատաղի հոսանքը նեղ նեղուցով մեզ դեպի բաց ծովն էր քաշում։

Հանկարծ նավը մի, առնվազն քսան աստիճանի, պտույտ էլ արավ, և այդ վայրկյանին ես լսեցի նախ մի ճիչ, ապա մյուսը։ Սանդուղքի վրայից անցնող ոտների ձայն լսեցի և հասկացա, որ հարբածները կռիվը դադարեցրել են։ Դժբախտությունը երկուսին էլ սթափեցրել է։

Ես պառկեցի իմ ողորմելի նավակի հատակին և հանձնվեցի ճակատագրի քմահաճույքին։ Նեղուցից դուրս գալով, ես պիտի ընկնեի գազազած ալեկոծության մեջ, որն արագությամբ կփրկեր ինձ բոլոր հոգսերից։ Մահից ես չէի վախենում, բայց տանջալից էր անգործ պառկել և սպասել մահվան։

Այդպես մի քանի ժամ պառկած մնացի։ Ալիքներն ինձ այս ու այն կողմն էին շպրտում և վրաս ջրի կաթիլներ թափում։ Յուրաքանչյուր նոր ալիք ինձ անխուսափելի մահ էր սպառնում։ Բայց կամաց-կամաց ես հոգնեցի։ Չնայած սարսափելի դրությանս, ես թմրեցի և անզգայացա։ Երբ քնեցի, երազումս տեսա իմ հայրենի վայրերը և հին «Ծովակալ Բենբոուն»։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34

Թողնել մեկնաբանություն