ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԱՍ
ԻՄ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԾՈՎԻ ՎՐԱ
Գլուխ XXII
Ինչպես սկսվեցին իմ արկածները ծովի վրա
Ավազակները չվերադարձան։ Նույնիսկ ոչ մեկը նրանցից չկրակեց անտառից։ «Նրանք այսօրվա բաժինն ստացել են», արտահայտվեց նրանց մասին նավապետը։ Մենք կարող էինք հանգիստ կերպով կապել վիրավորների վերքերը և ճաշ պատրաստել։ Այս անգամ ճաշ պատրաստեցինք ես և կալվածատերը։ Չնայելով վտանգին, մենք գերադասեցինք ճաշ պատրաստել բակում, որ չլսենք, թե ինչ սարսափելի են հառաչում մեր վիրավորները։
Առվում վնասված ութ հոգուց միայն երեք հոգի էին կենդանի մնացել․ հրակնատի մոտ խփված ծովահենը, Գենտերը և նավապետ Սմոլետը։ Առաջին երկուսի դրությունն անհուսալի էր։ Ծովահենը շուտով մեռավ վիրահատության ժամանակ։ Գենտերը, չնայած մեր ջանքերին, գիտակցության չեկավ։ Նա ամբողջ օրը կենդանի մնաց, բարձր շնչելով, ինչպես շնչում էր զարկի ժամանակ այն ծերունի ծովահենը, որ ապրում էր մեր պանդոկում։ Սակայն նրա կողերը և գանգը ջարդված էին, և նա հետևյալ գիշերը, առանց հառաչելու, առանց գիտակցոլթյան գալու, վախճանվեց։
Նավապետի վերքերը տանջող էին, բայց ոչ վտանգավոր։ Ոչ մի տեղը լուրջ վնասված չէր։ Էնդերսոնի գնդակը, որ առաջին անգամ դիպավ նավապետ Ջոբին, ծակել էր նրա թիակը և թեթև կերպով դիպել թոքերին։ Երկրորդ գնդակը դիպել էր սրունքին և կտրել մի քանի կապեր։
Բժիշկը հավատացնում էր, որ նավապետն անպայման կառողջանա, սակայն մի քանի շաբաթ չպետք է ման գա, ձեռքը շարժի և շատ խոսի։
Պատահաբար ստացած մատիս վերքը դատարկ բան էր։ Բժիշկ Լիվսին քերծվածքի վրա սպեղանի դրեց և քնքշաբար ականջս տրորեց։
Ճաշից հետո կալվածատերն ու բժիշկը նստեցին նավապետի մոտ և սկսեցին խորհրդակցել։ Խորհրդակցությունը վերջացավ կեսօրից հետո։ Բժիշկը վերցրեց իր գլխարկը, ատրճանակները, թուրը խրեց գոտկատեղը, քարտեզը դրեց գրպանը, հրացանը կախեց ուսից, հյուսիսային կողմից անցավ ցցապատը և անհետացավ անտառում։
Ես ու Գրեյը նստած էինք ամրոցի հեռու անկյունում, որ չլսենք, թե ինչ են խոսում մեզնից մեծերը։ Գրեյն այնպես հուզված էր բժշկի տարօրինակ վարմունքից, որ ծխամորճը բերանից հանեց և մոռացավ, որ էլի բերանը դնի։
— Ի՜նչ հիմար բան է,— ասաց նա։— Բժիշկը խելքը չի՞ կորցրել արդյոք։
— Չեմ կարծում,— պատասխանեցի ես։— Ամենից ուշ նրա խելքը կպակասի։
— Գուցե այդպես է,— ասաց Գրեյը։— Բայց եթե նրա խելքը պակաս չէ, ուրեմն խելագարը ես եմ։
— Ո՛չ, բժիշկը երևի մի պլան ունի,— բացատրեցի ես։— Իմ կարծիքով նա գնաց Բեն Գանի հետ տեսնվելու։
Ինչպես հետո պարզվեց, ես ճիշտ էի։
Մինչ այդ ամրոցում շոգն անտանելի էր դառնում։ Կեսօրվա արեգակը շիկացնում էր բակի ավազը, և իմ գլխում մի տարօրինակ միտք է պտտվում։ Ես սկսեցի նախանձել բժշկին, որ անցնում էր զով անտառով, ներշնչում էր եղևնու խեժոտ հոտը, այն ժամանակ, երբ ես տապակվում էի այս անիծված դժոխքում, որտեղ շորերս թրջվել էին քրտինքից, որտեղ մարդկային արյուն էր թափված, որտեղ շուրջս մեռելներ էին թափված։ Զզվանքը, որ պատճառում էր մեր ամրոցը, համարյա նույնքան մեծ էր, ինչքան երկյուղը։
Ես լվանում էի հատակը, լվանում էի ամանները, և ամեն րոպե զզվանքը դեպի այս տունը, նախանձը դեպի բժիշկը, ավելանում էր։ Վերջապես պատահաբար հայտնվեցի պաքսիմատի պարկի մոտ։ Ինձ ոչ ոք չէր տեսնում։ Ես սկսեցի պատրաստվել փախուստի․ բաճկոնիս երկու գրպանն էլ պաքսիմատ լցրեցի։
Դուք կարող եք ինձ հիմար անվանել։ Ես անխոհեմ էի վարվում, կյանքս վտանգի էի ենթարկում, այնուամենայնիվ, ես ձեռք առա զգուշության բոլոր միջոցները, որ կային իմ ձեռքի տակ։ Այս պաքսիմատը առնվազն երկու օր չի թողնի, որ ես սովից մեռնեմ։
Հետո վերցրի երկու ատրճանակ։ Վառոդ, ու գնդակ ինձ մոտ վաղուց կար, և ես ինձ հիանալի զինված էի զգում։
Իմ պլանը, ըստ էության, այնքան էլ վատ չէր։ Ես ուզում էի գնալ ավազոտ ցամաք, որն արևելյան կողմից բաժանում էր մեր նավահանգիստը բաց ծովից, գտնել սպիտակ ժայռը, որ երեկ երեկոյան նկատեցի, և նայել՝ նրա տակ չի՞ թաքցնում արդյոք Բեն Գանը իր նավակը։ Այս գործն իմ կարծիքով արժեքավոր գործ էր։ Բայց ես հաստատ գիտեի, որ ինձ ամրոցից բաց չեն թողնի, և ես վճռեցի փախչել։ Իհարկե, այդպես վարվել պետք չէր, բայց մի մոռացեք, որ ես երեխա էի և չէի կարողանում ցանկությունս հաղթահարել։
Շուտով փախչելու համար հարմար առիթ եղավ։ Կալվածատերն ու Գրեյը նավապետի վերքերը կապում էին։ Ճանապարհն ազատ էր։ Ես ցցապատն անցա և անհետացա անտառի մեջ։ Մինչ իմ բացակայությունը կհայտնաբերվեր, ես արդեն այնքան էի հեռացել, որ ոչ մի կանչ չէի կարող լսել։
Այս իմ երկրորդ անմիտ արարքն առաջինից վատ էր, որովհետև ամրոցում միայն երկու առողջ մարդ էին մնացել։ Այնուամենայնիվ, ինչպես և առաջին փախուստը, օգնեց, որ մենք փրկվենք։
Ես ճանապարհ ընկա դեպի կղզու արևելյան ափը, որովհետև ցանկանում էի գնալ ցամաքալեզվի դեպի ծովի կողմը դարձված ափով, որ ինձ նավից չնկատեն։
Երեկոյան դեմ էր, թեև արեգակը դեռ շատ բարձրում էր գտնվում։ Անտառով անցնելիս, ես առջևից լսում էի ոչ միայն ալեկոծության անընդհատ դղրդոցը, այլև ճյուղերի շարժվելու ձայնը և տերևների շրշյունը։ Սա նշանակում էր, որ այսօր ծովի ալեկոծությունն ավելի ուժեղ էր, քան սովորաբար լինում է։ Շուտով զով փչեց։ Էլի մի քանի քայլ, և ես դուրս եկա անտառի եզրը։ Իմ առաջ, մինչև հորիզոնը, տարածվում էր արեգակի լույսով լուսավորված ծովը, իսկ ափի մոտ եռում ու փրփրում էր ալեկոծությունը։
Ես երբեք չտեսա, որ ծովը Գանձերի կղզու մոտ հանդարտ լինի։ Մինչև անգամ պարզկա օրերին, երբ արեգակը շլացնելու չափ փայլում էր և օդն անշարժ էր լինում, հսկա ալիքները թնդյունով վազում են դեպի այդ ափը։ Հազիվ թե կղզու վրա մի տեղ գտնվի, որտեղ կարելի լինի պատսպարվել ալեկոծության աղմուկից։
Ես անցնում էի ափով, զբոսանքից հաճույք զգալով։ Վերջապես, վճռելով, որ արդեն բավականաչափ դեպի հարավ եմ գնացել, զգուշությամբ, խիտ թփերի պաշտպանությամբ, բարձրացա դեպի վեր՝ ցամաքալեզվի լեռնաշղթայի վրա։
Առջևում նավահանգիստն էր, ետևում՝ ծովը։ Ծովային քամին, կարծես հոգնած իր սեփական կատաղությունից, հանդարտվում էր։ Նրան փոխարինում էին հարավից և հարավ-արևելքից եկող օդի հոսանքները, որոնք իրենց հետ խիտ մշուշ էին բերում։ Նեղուցում, որ պաշտպանված էր Կմախքի կղզիով, նույնիսկ անշարժ մուգ կապարագույն ջուր էր, ինչպես այն օրը, երբ մենք առաջին անգամ տեսանք։ Ողջ «Իսպանոլան», կայմի ծայրից մինչև ջրագիծը, կախ ընկած սև դրոշակի հետ միասին, արտացոլված էր ինչպես հայելու մեջ։
Նավի մոտ ես տեսա մի մակույկ։ Մակույկի առջևի մասում նստած էր Սիլվերը։ Նրան ես կճանաչեի, որքան էլ հեռու լիներ։ Նա խոսում էր երկու ծովահենների հետ, որոնք նավի եզրից ծռվել էին դեպի Սիլվերը։ Նրանցից մեկի գլխին կարմիր թասակ կար։ Սա այն սրիկան էր, որ քիչ առաջ անցավ ցցապատից։ Նրանք խոսում էին ու ծիծաղում, բայց ես նրանցից մի ամբողջ մղոն հեռու էի և հասկանալի է, որ նրանց խոսակցությունը լսել չէի կարող։ Հետո լսեցի մի սարսափելի, ոչ մարդկային ձայն։ Սկզբում վախեցա, բայց հետո ճանաչեցի նավապետ Ֆլինտի՝ թութակի ձայնը։ Մինչև անգամ ինձ թվաց, որ ես չալիկ թռչունին տեսա Սիլվերի ուսին։
Մակույկը ճանապարհվեց դեպի ափը, իսկ կարմիր թասակով մարդն իր ընկերոջ հետ նավաստիների սենյակն իջան։
Արեգակը ծածկվեց Հեռադիտակի ետևում, մշուշը խտացավ, արեգակը մթնեց։ Ես հասկացա, որ ոչ մի րոպե չի կարելի կորցնել, եթե ցանկանում եմ այսօր գտնել նավակը։
Սպիտակ ժայռը լավ երևում էր մացառուտի միջից, բայց չափազանց հեռու էր, և ես քիչ ժամանակ չկորցրի, մինչև հասա։ Ես չորեքթաթ անցնում էի թփերի միջով։ Համարյա թե գիշեր էր, երբ ձեռքս քսեցի ժայռի անհարթ կողքին։ Ժայռի տակ մի փոքրիկ հովիտ կար, որտեղ կանաչ մամուռ էր աճում։ Այդ հովիտը պաշտպանված էր հայացքներից ավազակույտերով և հազիվ ծնկներիս հասնող ցանցառ թփուտով։ Հովտի խորքում տեսա այծի մորթիներից պատրաստված վրան։ Անգլիայում այդպիսի վրաններ գնչուներն են ունենում։
Ես անցա հովիտը, վրանի փեշը բարձրացրի և այնտեղ գտա Բեն Գանի նավակը․ բոլոր ինքնագործ նավակներից, այսպես ասած, սա ամենաինքնագործն էր։ Ամուր փայտից Բենը ծռկող շրջանակ էր պատրաստել, ներսից այծի մորթիներ խփել՝ ահա ամբողջ նավակը։ Չգիտեմ, թե ինչպես էր նավակը դիմանում մեծահասակ մարդուն, քանի որ ես դժվարությամբ էի տեղավորվում։ Ներսում կար մի նեղ նստարան, ոտների համար նեցուկ և մի թիակ։
Առաջ ես երբեք ձկնորսական հյուսված նավակներ չէի տեսել, որ գործ էին ածում հին բրիտանացիք։ Բայց հետագայում ես ծանոթացա նրանց։ Որպեսզի դուք պարզ պատկերացում ունենաք Բեն Գանի նավակի մասին, կասեմ, որ նման էր առաջին և ամենաանհաջող նավակին։ Բայց, այնուամենայնիվ, ուներ մի մեծ առավելություն հին նավից՝ թեթև էր և ազատ կերպով կարելի էր տեղից տեղ փոխադրել։
Այժմ ինձ մնում էր ամրոց վերադառնալ։ Բայց այդ ժամանակ գլխումս մի նոր պլան հայտնվեց, և ես այնպես գոհ էի այդ պլանից, որ ոչ մի նավապետ Սմոլետ չէր կարող ինձ ստիպել, որ հրաժարվեմ։ Ես մտածեցի, օգտվելով գիշերվա մթությունից, նավակով մոտենալ «Իսպանոլային» և կտրել խարիսխի ճոպանը։ Թող հոսանքը նավին ափ դուրս գցի։ Ես համոզված էի, որ ավազակները, որ առավոտյան այնպիսի դիմադրության էին հանդիպել, պատրաստվում էին խարիսխը բարձրացնել և ծով դուրս գալ։ Պետք էր խանգարել, քանի ուշ չէր։ Նավի վրա, հերթապահների տրամադրության տակ, ոչ մի մակույկ չէր մնացել, հետևապես ճոպանը կարելի էր կտրել առանց վտանգի ենթարկվելու։
Սպասելով, որ վերջնականապես մթնի, ես նստեցի ավազի վրա և սկսեցի պաքսիմատ կրծել։ Դժվար է պատկերացնել մի ավելի հարմար գիշեր մտածածս կատարելու համար։ Ողջ երկինքը պատած էր թանձր մշուշով։ Երբ մարեցին ցերեկվա վերջին ճառագայթները, խոր խավարը պատեց Գանձերի կղզուն։ Եվ երբ վերջապես նավակն ուսիս գցած, դուրս եկա հովտից և սայթաքելով մոտեցա ջրին, խոր խավարի միջից միայն երկու լույս էին փայլում, առաջինը մի մեծ խարույկ էր ափին, ճահճի վրա, որի մոտ ծովահենները հարբեցողությամբ էին զբաղված, երկրորդ լույսն իսկապես ծածկված էր ինձանից. դա նավի առջևի մասի պատուհանն էր։ Ես տեսնում էի միայն լույսի մի բիծ մշուշի մեջ։
Տեղատվությունն արդեն սկսվել էր, ափի և ջրի մեջ կազմելով թաց ավազի մի լայն շերտ։ Շատ անգամ ես խրվեցի տիղմի մեջ, մինչև որ հասա նահանջող ջրին։ Մի քանի քայլ ծանծաղուտով անցնելով, ես արագ և ուժեղ կերպով նավակը դրեցի ջրի մակերևույթի վրա։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34
