Գլուխ XVIII
Բժիշկը շարունակում է իր պատմությունը։ Կռվի առաջին օրվա վերջը
Մենք ամբողջ ուժով փախչում էինք անտառի միջով, որը բաժանում էր մեզ ցցապատից, և ամեն վայրկյան ծովահենների ձայները մոտենում էին։ Շուտով մենք լսեցինք նրանց ոտնաձայնը և ճյուղերի չրթչրթոցը։ Նրանք անցնում էին անտառի միջով։
Ես հասկացա, որ մենք լուրջ ընդհարում պետք է ունենանք, այդ պատճառով էլ ստուգեցի հրացանը։
― Նավապետ,— ասացի ես։— Տրելոնին անվրեպ է կրակում, իսկ նրա հրացանը թրջվել է։ Տվեք նրան ձեր հրացանը։
Նրանք հրացանները փոխեցին, և Տրելոնին, առաջվա պես լռակյաց ու սառնարյուն, մի վայրկյան կանգ առավ, լիցքն ստուգելու։ Այս ժամանակ միայն ես նկատեցի, որ Գրեյն առանց զենքի է և տվի նրան իմ թուրը։ Գրեյն ուրախացած, թքեց ձեռքին, ունքերը կիտեց և թուրը ճոճեց այնպիսի ուժով, որ բերանը սուլոցով օդը ճեղքեց։ Եվ թրի յուրաքանչյուր ճոճումը հաստատում էր, որ մեր նոր զինակիցը մինչև արյան վերջին կաթիլը պիտի կռվի։
Էլի քառասուն քայլ վազելուց հետո մենք հասանք անտառի ծայրը և հայտնվեցինք ցցապատի առաջ։ Մենք մոտեցանք ուղիղ ցցապատի հարավային կողմի մեջտեղին։ Միաժամանակ յոթ ավազակները, ավագ նավաստի Ջոբ Էնդերսոնի գլխավորությամբ, բարձր աղաղակելով, դուրս եկան անտառից, ցցապատի հարավարևմտյան անկյունից։
Նրանք շվարված կանգ առան։ Ես և կալվածատերը, նրանց սթափվելու ժամանակ չտալով, կրակեցինք։ Ամրության մեջ եղող Գենտերն ու Ջոյսն էլ կրակեցին։ Չորս ատրճանակներ թնդացին միանգամից, և կրակոցն իզուր չանցավ․ թշնամիներից մեկն ընկավ, մնացածներն շտապով թաքնվեցին ծառերի ետևում։
Նորից հրացանները լցնելով, մենք զգուշությամբ մոտեցանք ցցապատին, որ տեսնենք ընկած թշնամուն։ Նա սպանված էր տեղնուտեղը՝ գնդակը դիպել էր ուղիղ սրտին։
Հաջողությունը մեզ ուրախացրեց։
Բայց հանկարծ թփերի մեջ մի ատրճանակ չրթաց, ականջիս վրայից գնդակը սուլելով անցավ, և խեղճ Թոմ Ռեդրետը տատանվեց ու ամբողջ հասակով ընկավ։ Ես ու կալվածատերը կրակեցինք դեպի թփերը։ Սակայն մեր կրակոցները հաջող չանցան, և, երևի, մեր լիցքերն անտեղի անցան։ Կրկին լցնելով հրացանները, մենք վազեցինք խեղճ Թոմի մոտ։
Նավապետն ու Գրեյն արդեն դիտում էին։ Ես միայն աչքիս ծայրով նայեցի և միանգամից նկատեցի, որ անհույս գործ է։
Երևի, մեր կրակոցներն ստիպեցին նահանջել, որովհետև մեզ հաջողվեց անարգել անցկացնել ցցապատի վրայով խեղճ ծերունի հրացանաձգին և տանել ամրոցի կտուրը։
Խե՜ղճ հին ընկեր։ Նա ոչ մի բանի վրա չէր զարմանում, ոչ մի բանից չէր գանգատվում, ոչ մի բանից չէր վախենում, մինչև անգամ մեր արկածների առաջին օրից մինչև այսօր ոչ մի բանի վրա չէր տրտնջացել։ Նա, որպես տրոյացի, հերոսաբար պաշտպանում էր նավի նախասենյակը։ Բոլոր հրամանները կատարում էր լուռ, բարեխիղճ ու հնազանդ։ Նա բոլորից քսան տարով մեծ էր։ Եվ ահա այդ մռայլ, ծեր, հավատարիմ ծառան մեռնում էր մեր աչքերի առաջ։
Կալվածատերը նրա առջև ծունկ չոքեց, ձեռքը համբուրեց և փոքրիկ երեխայի նման լաց եղավ։
— Բժի՛շկ, ես մեռնում եմ,— ասաց նա։
— Այո՛, բարեկամս,— ասացի ես։
— Ուզում եմ մահվանից առաջ մի գնդակ էլ ուղարկեմ նրանց։
— Թոմ,— ասաց կալվածատերը,— ասա, որ ներում ես ինձ։
— Ինձ համար անպատշաճ է, պարոն, ներել կամ չներել իր տիրոջը,— պատասխանեց ծերունի ծառան։— Թող լինի, ինչ լինելու է։ Ամեն։
Նա լռեց, ապա խնդրեց, որ որևէ մեկն աղոթք կարդա։
— Այդպիսի սովորություն կա, պարոն,— ավելացրեց նա և քիչ հետո մեռավ։
Այդ ժամանակ նավապետը, որին ես զարմանքով դիտում էի, սնդուկից և իր լիքը գրպաններից զանազան իրեր հանեց՝ բրիտանական դրոշակ, մի կապ պարան, գրիչ, թանաք, նավի օրագրության մատյանը և մի քանի ֆունտ ծխախոտ։ Նա գտավ մի երկար եղևնու ձող և Գենտերի օգնությամբ ամրացրեց ամրոցի վրա։ Հետո, կտուրը բարձրանալով, բրիտանական դրոշակն ամրացրեց վրան։
Այս բանը, ըստ երևույթին, մեծ բավականություն պատճառեց նրան։ Հետո նա իջավ և սկսեց հետազոտել և հաշվել պաշարեղենը, երբեմն նայելով Թոմի վրա։ Եվ երբ Թոմը մեռավ, նա մի ուրիշ դրոշակ հանեց ու մեռելին ծածկեց։
— Մի՛ վշտացեք, պարոն,— ասաց նա, սեղմելով կալվածատիրոջ ձեռքը։— Նա մեռավ իր պարտականությունը կատարելիս։
Հետո ինձ մի կողմ տարավ։
— Բժիշկ Լիվսի,— հարցրեց նա,— դուք և կալվածատերը քանի՞ շաբաթից հետո եք սպասում այն նավին, որը պետք է մեզ օգնության ուղարկեն։
Ես պատասխանեցի, որ դա երկարատև գործ է։ Շաբաթներ չի պահանջում, այլ ամիսներ։ Եթե մենք օգոստոսի վերջին չվերադառնանք, Բլենդին մեզ օգնելու համար նավ կուղարկի ոչ ուշ և ոչ շուտ։
— Դե՛, հաշվեցեք, թե այդ նավը երբ կլինի այստեղ,— վերջացրի ես։
— Այդ դեպքում, պարոն,— ասաց նա,— եթե մենք մեծ հաջողություն էլ ունենանք, մենք նեղ վիճակում կլինենք։
— Ինչո՞ւ,— հարցրեցի ես։
— Շատ ափսոս, պարոն, որ նավակի մեջ եղած ամբողջ բեռը փչացավ։ Ահա թե ինչու,— պատասխանեց նա,— վառոդ ու գնդակ բավականին ունենք։ Բայց մթերքը քիչ է։ Շատ քիչ։ Թերևս չենք ափսոսա, որ ավելորդ բերանից ազատվեցինք։
Եվ նա ցույց տվեց բրիտանական դրոշակով ծածկված մեռելին։
Այդ րոպեին տանիքի վրայից սուլոցով թռավ ռումբը և ընկավ հեռու, մեր ետևի անտառը։
— Օհո՜,— ասաց նավապետը։— Ռմբակոծություն։ Բայց չէ՞ որ նրանք վառոդ քիչ ունեն։
Երկրորդ անգամ նշան առնելն ավելի հաջող էր։ Ռումբը ցցապատից անցավ և ընկավ մեր ամրոցի առջև, ավազի ամպ բարձրացնելով։
— Նավապե՛տ,— ասաց կալվածատերը,— ամրոցը նավից չի երևում։ Նրանք, երևի դրոշակին են նշան առնում։ Լավ չի՞ լինի, որ դրոշակն իջեցնենք։
— Դրոշակն իջեցնե՞լ,— վրդուվվեց նավապետը։— Ո՛չ, պարոն։ Ով ուզում է, թող իջեցնի, բայց ես չե՛մ իջեցնի։
Եվ մենք իսկույն նրա հետ համաձայնեցինք։
Ծովային հպարտ սովորությունը թույլ չի տալիս իջեցնել դրոշակը կռվի ժամանակ։ Բացի դրանից, մենք ուզում էինք ապացուցել թշնամիներին, որ նրանց ռմբակոծությունը մեզ համար բոլորովին սարսափելի չէ։
Ամբողջ երեկո թնդանոթով մեզ ռմբակոծում էին։ Ռումբերից մեկն անցավ մեր գլխի վրայով, մյուսն ընկավ ցցապատի առջև, երրորդը՝ ավազի մեջ, ամրության առջև։ Ծովահենները բարձր նշան էին վերցնում, ռումբերն իրենց ուժը կորցնում էին և խրվում ավազի մեջ։ Բեկորներից էլ չէինք վախենում։ Եվ, թեև, մի ռումբ ծակեց մեր տանիքն ու հատակը, սակայն շուտով ընտելացանք ռմբակոծությանը և դրան վերաբերվում էինք անտարբեր, ինչպես ծղրիդի ճռռոցին։
— Այս գործը լավ կողմ էլ ունի,— նկատեց նավապետը։— Բոլոր ծովահենները երևի այժմ նավի վրա են։ Տեղատվությունն ուժեղացել է, և մեր մթերքները, երևի, ջրի տակից դուրս են եկել։ Է՜յ, կամավորներ չե՞ն լինի արդյոք, որ վազեն խոզի միսը բերեն։
Գրեյն ու Գենտերը բոլորից առաջ պատրաստակամություն հայտնեցին։ Լավ զինված, նրանք ցցապատից թռան։ Սակայն խոզի միսը նրանց բաժին չընկավ։ Ծովահեններն ավելի քաջ էին, քան մենք սպասում էինք։ Բացի դրանից, նրանք Իսրայել Հենգսի թնդանոթի վրա մեծ հույս էին դնում։ Հինգ ավազակ եռանդուն կերպով հանում էին մթերքը մեր խորտակված նավակից և տեղափոխում մոտիկ կանգնած մակույկի մեջ։ Մակույկների մեջ նստածներն ստիպված էին շարունակ թիավարել, որովհետև հոսանքը մակույկը մի կողմ էր տանում։ Սիլվերը, մակույկի ետևում կանգնած, կարգադրություններ էր անում։ Նրանք բոլորն էլ զինված էին ատրրճանակներով, որ, երևի, ձեռք էին բերել ինչ-որ գաղտնի պահեստից։
Նավապետը նստեց գերանի վրա և սկսեց գրանցել նավի օրագրական մատյանում․ Ալեքսանդր Սմոլետ՝ նավապետ, Դևիդ Լիվսի՝ նավի բժիշկ, Աբրահամ Գրեյ՝ հյուսնի օգնական, Ջոն Տրելոնի՝ նավատեր, Ջոն Գենտեր և Ռիչարդ Ջոյս՝ նավատիրոջ ձառաներ ու համաերկրացիներ, ահա բոլոր նրանք, ովքեր իրենց պարտականությանը հավատարիմ են մնացել։ Մեզ հետ պաշար վերցնելով, որ կբավի տասն օրից ոչ ավելի, նրանք այսօր ափ իջան և Գանձերի կղզում, ամրոցի վրա բրիտանական դրոշակ բարձրացրին։ Թոմ Ռեդրետին, նավատիրոջ ծառային ու համաերկրացուն ավազակներն սպանեցին։ Ջիմ Հոկինս՝ սպասավոր։
Ես մտածեցի խեղճ Ջիմ Հոկինսի վիճակի մասին։
Հանկարծ անտառում մի կանչ լսվեց։
— Ինչ-որ մեկը մեզ կանչում է,— ասաց Գենտերը, որ պահակ էր կանգնել։
— Բժիշկ, կալվածատեր, նավապետ։ Է՜յ, Գենտեր, դո՞ւ ես,— լսեցինք մեկի ձայնը։
Ես վազեցի դեպի դուռը և տեսա Ջիմ Հոկինսին։ Ողջ ու առողջ նա անցնում էր մեր ցցապատով։
Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34
