Բարոն Մյունխհաուզենի արկածները

Կայծեր աչքերիցս

 

Պետերբուրգում ես շատ լավ էի ապրում։ Հաճախ որսի էի գնում և հիմա հաճությամբ հիշում եմ այն ուրախ ժամանակը, երբ ամեն օր այնքան դեպքեր էին պատահում։

Մի դեպք շատ զվարճալի էր։

Իմ ննջարանի պատուհանից երևում էր մի մեծ լիճ, որի մեջ ամեն տեսակ որս կար։

Մի անգամ առավոտյան, մոտենալով պատուհանիս, լճի մեջ վայրի բադեր նկատեցի։

Իսկույն հրացանս առա և արագ դուրս եկա տնից։

Շտապ-շտապ սանդուղքներից ցած իջնելիս գլուխս այնպես ուժեղ խփեցի դռանը, որ աչքերիցս կայծեր թափվեցին։

Բայց ես չկանգնեցի, առաջ վազեցի։ Ահա և լիճը։ Նշան բռնեցի ամենաչաղ բադերին, ուզում եմ կրակել և հանկարծ սարսափով նկատում եմ, որ հրացանս կայծքար չունի։ Իսկ առանց կայծքարի կրակել չի կարելի։

Ի՞նչ անեի։ Վազեի տուն կայծքար բերելու։

Չէ՞ որ բադերը կարող էին թռչել։

Տխուր ցած առա հրացանս՝ անիծելով իմ բախտը, և հանկարծ գլխումս մի հրաշալի միտք ծագեց։ Բռունցքովս ուժգին խփեցի աջ աչքիս, աչքիցս, իհարկե, կայծեր դուրս թռան, և վառոդն իսկույն բոցավառվեց։ Այո, վառոդը բոցավառվեց, հրացանը կրակեց, և ես մի զարկով տասը հրաշալի բադ սպանեցի։

Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, որ ամեն անգամ կրակ վառելիս՝ օգտվեք այդպիսի կայծերից։

Էջեր` 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38

Թողնել մեկնաբանություն