ԳԼՈՒԽ 1
Գիշերվա դեմ «Մենըր» ֆերմայի տեր Ջոնզը կողպեց հավաբները, սակայն չափից դուրս հարբած էր, որպեսզի հիշեր գոմերը փակել։ Շորորալով, լապտերի լույսը դեսուդեն պար տալով, նա ետնամուտքի մոտ դեն շպրտեց սապոգները եւ, լվացքասենյակի տակառից մի վերջին կուժ գարեջուր քաշելով, դիմեց վեր, ուր արդեն խռմփում էր միսիս Ջոնզը։
Ննջասենյակի լույսը մարելուն պես՝ ֆերմայի կառույցներով մեկ իրարանցում սկսվեց։ Ցերեկով խոսք էր տարածվել, թե ծեր Գնդապետը, մրցանակակիր ճերմակ կինճը, նախորդ գիշեր արտասովոր մի երազ է տեսել եւ ուզում է այն հաղորդել մնացած անասուններին։ Որոշվել էր հավաքվել մեծ ամբարում, հենց որ միստր Ջոնզը բարով խերով քաշվի մի կողմ։ Ծեր Գնդապետը (նրան միշտ այդպես էին կոչում, չնայած նա ցուցադրվում էր ուրիշ անվան տակ՝ Վիլինգդոնյան Հրաշք) ֆերմայում այնքան մեծ հարգանք էր վայելում, որ ամեն ոք հոժարաբար զոհեց իր մեկ ժամվա քունը՝ նրա ասելիքը լսելու համար։
Ամբարի մի ծայրում, հեծանից կախված լապտերի տակ, Գնդապետն արդեն թիկն էր տվել ծղոտին, բեմի նման մի հարթակի վրա։ Նա տասներկու տարեկան էր եւ վերջերս բավական գիրացել էր, բայց եւ այնպես դեռեւս սքանչելի տպավորություն գործող մի խոզ էր, իմաստուն ու բարյացակամ տեսքով, չնայած այն հանգամանքին, որ նրա ժանիքները երբեք չէին կտրվել։ Շատ չանցած սկսեցին ժամանել նաեւ մյուս անասունները եւ իրենց հարմար ձեւով տեղավորվել։ Առաջինը երեք շներն էին՝ Զանգակը, Ջեսին ու Փինչըրը, ապա՝ խոզերը, որոնք ծղոտին փռվեցին անմիջապես հարթակի կողքին։ Հավերը թառեցին պատուհաններին, աղավնիները թեւածելով ծվարեցին կտուրի հեղ գերաններին, ոչխարներն ու կովերը պառկեցին խոզերի հետեւում ու սկսեցին որոճալ։ Երկու գրաստները՝ Դմբուզն ու Երեքնուկը, ներս մտան միասին, դանդաղ ու զգուշորեն գցելով իրենց փրչոտ սմբակները, որ հանկարծ հարդի մեջ մի մանր էակի չտրորեն։ Երեքնուկը կյանքի կեսը բոլորող պարարտ մի զամբիկ էր, որն իր չորրորդ քուռակից հետո այդպես էլ չէր վերականգնել նախկին կեցվածքը։ Դմբուզը հսկա մի գազան էր, համարյա տասնութ թիզ բարձրությամբ՝ երկու սովորական ձիու ուժի տեր։ Քթով իջնող սպիտակ բիծը նրան փոքր֊ինչ տխմար տեսք էր տալիս․ ինչեւէ, նա օժտված չէր առաջնակարգ բանականությամբ սակայն համատարած հարգանք էր վայելում որպես կայուն նկարագրի եւ անսահման աշխատունակության տեր։ Ձիերից հետո ներս մտան Մյուրիելը՝ սպիտակ այծը, եւ Բենիամինը՝ էշը։ Բենիամինը ֆերմայի ամենաերկարակյաց անասունն էր եւ՝ ամենադժվարահաճը։ Նա սակավախոս էր, իսկ խոսելիս սովորաբար ցինիկ մի դիտողություն էր անում, օրինակ, ասում էր, որ Աստված իրեն պոչ է պարգեւել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։ Նա միակն էր ֆերմայի անասուններից, որը երբեք չէր ծիծաղում։ Պատճառը հարցնելիս, նա պատասխանում էր, որ ծիծաղելու առիթ չի տեսնում։ Բայց եւ այնպես, առանց բացեիբաց այդ ընդունելու, նա նվիրված էր Դմբուզին, եւ հաճախ երկուսը կիրակիներն անց էին կացնում միասին՝ բոստանի հետեւից փոքրիկ ցանկապատած հողամասում կողք֊կողքի լուռ կանգնելով։
Հազիվ էին երկու ձիերը տեղավորվել, երբ ամբար լցվեց մորը կորցրած բադիկների մի երամ՝ կամացուկ ծվծվալով, նրանք դես ու դեն էին անում, որ ոտքի տակ չընկնեն։ Երեքնուկն իր հսկա ոտքով նրանց պատսպարեց, եւ բադիկները տեղնուտեղը պառկեցին ու քուն մտան։ Վերջին րոպեին, մի կտոր շաքարը բերնին, կոտրատվելով ներս ճեմեց Մոլլին, սիրունիկ ու հիմար զամբիկը, որը քաշում էր միստր Ջոնզի երկանիվ կառքը։ Նա տեղ գրավեց առջեւում եւ սկսեց տարուբերել իր ճերմակ ճերմակ բաշը՝ հուսալով ուշադրություն հրավիրել մազերին հյուսված կարմիր ժապավենին։ Կատուն եկավ ամենավերջում, սովորականի պես նայեց շուրջը՝ ամենատաքուկ տեղը փնտրելով, եւ վերջապես խցկվեց Դմբուզի եւ Երեքնուկի միջեւ, ինքնագոհ մռմռալով Գնդապետի ճառի ամբողջ ընթացքում՝ առանց ականջ դնելու վերջինիս եւ ոչ մի խոսքին։
Հիմա արդեն ներկա էին բոլոր անասունները, բացի Մովսեսից, ձեռնասուն ագռավից, որը քնում էր ետնամուտքի կողքի ցցին թառած։ Համոզվելով, որ բոլորը, հարմար դիրք ընդունած, ուշադիր սպասում են, Գնդապետը կոկորդը մաքրեց եւ սկսեց․
— Ընկերներ, դուք արդեն լսել եք անցյալ գիշեր իմ տեսած արտասովոր երազի մասին։ Սակայն դրան ես կանդրադառնամ ավելի ուշ։ Նախքան այդ ես ուրիշ ասելիք ունեմ։ Ես չեմ կարծում, ընկերներ, որ դեռ շատ ամիսներ ունեմ ձեզ հետ անցկացնելու, բայց նախքան մեռնելը ես իմ պարտքն եմ համարում ձեզ փոխանցել ունեցած֊չունեցածս փորձը։ Բավական երկար ապրելով՝ ես շատ ժամանակ եմ ունեցել գոմում մենակ պառկած մտածելու եւ, թերեւս, իրավունք ունեմ հավակնելու, որ աշխարհիս կյանքը հասկանում եմ ցանկացած այլ կենդանուց ոչ պակաս։ Եվ այդ մասին է ահա, որ այժմ կցանկանայի խոսել ձեզ հետ։
Ուրեմն, ընկերներ, ի՞նչ է իրենից ներկայացնում մեր այս կյանքը։ Եկեք ծուռ նստենք, բայց շիտակ խոսենք․ մեր կյանքը ողորմելի է, տքնաջան եւ կարճատեւ։ Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, եւ այն նույն պահին, երբ մեր պիտանիությունը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։ Մեկ տարին բոլորած եւ ոչ մի կենդանի Անգլիայում չգիտե, թե ինչ է երջանկությունը կամ հանգիստը։ Անգլիայում եւ ոչ մի կենդանի ազատ չէ։ Կենդանու կյանքն անցնում է թշվառության եւ ստրկության մեջ՝ ահա զուտ եղելությունը։
Սակայն արդյո՞ք սա է իրերի բնական ընթացքը։ Մի՞թե մեր այս երկիրն այնքան աղքատիկ է, որ ի վիճակի չէ ապահովել իր բնակիչների պատշաճ կյանքը։ Ոչ, ընկերնե՛ր, հազար անգամ ոչ։ Անգլիայի հողը բերրի է, եղանակը՝ նպաստավոր։ Մեր երկիրն այժմ կարող է պարենով լիուլի ապահովել իրեն բնակեցնող կենդանիներից բազմապատիկ ավելիին։ Հենց միայն մեր ֆերման կկերակրեր տասնյակ ձիերի, քսան կովի, հարյուրավոր ոչխարների եւ այն էլ՝ կյանքի այնպիսի հարմարավետ ու արժանավայել պայմաններում, որոնք այժմ գրեթե վեր են մեր երեւակայությունից։ Ապա ինչո՞ւ է, ուրեմն, շարունակվում մեր այս ողորմելի վիճակը։ Որովհետեւ մեր աշխատանքի համարյա ամբողջ արդյունքը բռնագրավվում է մարդկային ցեղի կողմից։ Ահա, ընկերներ, մեր բոլոր հարցերի պատասխանը։ Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։
Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետեւից։ Եվ չնայած դրան, նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար, եւ յուրացնում մնացածը։ Մեր ջանքերով հողը մշակվում է, մեր թրիքով՝ պարարտացվում, բայց մեզանից եւ ոչ մեկը չի տիրում ոչնչի, սեփական կաշվից բացի։ Ահա դուք, կովեր, որ նստած եք իմ առջեւ, քանի՞ հազար լիտր կաթ եք տվել թեկուզ հենց վերջին տարում։ Իսկ ի՞նչ եղավ այդ կաթը, որը պիտի ժիր հորթուկներ սներ։ Դրա ամեն մի կաթիլ լցվեց մեր թշնամիների կոկորդը։ Իսկ դուք, հավեր, քանի՞ ձու եք ածել այս տարում, եւ քանիսի՞ց են երբեւէ ճտեր դուրս եկել։ Մնացածը տարվեց շուկա, որ Ջոնզի ու իր մարդկանց համար փող բերի։ Իսկ դու, Երեքնուկ, որտե՞ղ են քո բերած չորս քուռակները, որ ծերության օրոք պիտի քո զորավիգն ու մխիթարությունը լինեին։ Նրանցից ամեն մեկը տարին չբոլորած հանվեց վաճառքի՝ դու նրանց էլ երբեք չես տեսնի։ Եվ ի՞նչ ես դու ստացել քո քուռակի երկունքի ու չարքաշ աշխատանքի դիմաց՝ ոչի՛նչ, չնչին օրաբաժնից ու գոմից բացի։
Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափոսում։
Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։
Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի՛ լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։
Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։
— Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում են հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։
Տեղնուտեղը քվեարկելով, ճնշող մեծամասնությամբ որոշվեց, որ առնետները բարեկամ են։ Այլախոհներն ընդամենը չորսն էին՝ երեք շներն ու կատուն, որն, ինչպես պարզվեց հետագայում երկու կողմից էլ քվեարկել է։ Գնդապետը շարունակեց․
— Ես ուրիշ ասելիք համարյա չունեմ։ Պարզապես կրկնում եմ՝ երբեք չմոռանաք մարդու եւ նրա հետ կապված ամեն ինչի հանդեպ թշնամության պատգամը։ Ամեն երկոտանի թշնամի է։ Ամեն չորքոտանի կամ թեւավոր՝ ընկեր է։ Հիշեցեք նաեւ, որ Մարդու դեմ պայքարելով, մենք չպետք է նմանվենք նրան։ Անգամ նրան նվաճելով, մի՛ որդեգրեք նրա արատները։ Ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է ապրի տան մեջ, կամ քնի անկողնում, հագուստ կրի, գործածի ոգելից խմիչքներ, ծխի, շփվի փողի հետ կամ առեւտուր անի։ Մարդու բոլոր սովորույթները չարիք են։ Եվ, ամենից կարեւորը՝ ոչ մի կենդանի երբեւէ չպե՛տք է բռնանա իր նմանների վրա։ Ուժեղ, թե տկար, խելոք, թե միամիտ, մենք բոլորս եղբայրներ ենք։ Ոչ մի անասուն երբեւէ չպե՛տք է սպանի մի ուրիշ անասունի։ Բոլոր կենդանիները հավասար են։
Իսկ այժմ, ընկերներ, ես կպատմեմ երեկվա իմ երազը։ Ես չեմ կարող այն ձեզ նկարագրել։ Դա մի երազ էր այն երկրի մասին, որը կլինի, երբ վերանա Մարդը։ Այդ երազն ինձ հիշեցրեց վաղուց մոռացված մի բան։ Շատ տարիներ առաջ, երբ ես փոքրիկ մի խոճկոր էի, մայրս եւ ուրիշ մերունները մի հին երգ էին երգում, որի միայն մեղեդին գիտեին եւ առաջին երկու բառը։ Ես էլ էի իմացել այդ մեղեդին, բայց այն վաղուց արդեն ջնջվել էր իմ հիշողությունից։ Բայց եւ այնպես անցյալ գիշեր երազում ես նորից այն գտա։ Դեռ ավելին՝ խոսքերը նույնպես վերադարձան։ Վստահ եմ, որ կենդանիներն անհիշելի ժամանակներից են երգել այդ երգը, բայց հետագա սերունդները կորցրել են խոսքերը։ Ընկերներ, հիմա ես ձեզ համար կերգեմ այդ երգը։ Ես ծեր եմ եւ իմ ձայնը՝ խռպոտ, բայց երբ ես ձեզ մեղեդին սովորեցնեմ, դուք ավելի լավ կերգեք։ Երգը կոչվում է «Անգլիայի գազաններ»։
Ծեր գնդապետը մաքրեց կոկորդն ու սկսեց երգել։ Ձայնը, ինչպես եւ նա զգուշացրել էր, խռպոտ էր, բայց նա բավական լավ էր երգում, իսկ մեղեդին հուզիչ էր՝ «Clementine»֊ի եւ «La Cucuracha»֊ի միջեւ ընկած մի բան։ Բառերը հետեւյալն էին․
Օ՜, գազաններ Անգլիայի
Եվ գազաններ ողջ աշխարհի,
Ավետի՜սն եմ բերել ես ձեզ
Մեր գալիքի ոսկեդարի։
Շուտով անդարձ կտապալվի
Բռնակալ Մարդը չարանենգ,
Եվ բերրի հողն Անգլիայի
Մենք, միայն մենք կկոխկրտենք։
Կընկնի լուծը մեր ուսերից,
Կժանգոտեն սանձ ու լկամ,
Կփշրվե՜ն բիրտ մտրակներն
Ու շղթաները ստրկական…
Այդ օրը մերը կլինեն
Լափն ու կերը ողջ աշխարհի —
Առվույտ լինի, թարմ ճակնդեղ,
Թե անհատնում խոտ ու գարի…
Ազատության այդ մեծ տոնին
Ջրերն ուրախ կկարկաչեն,
Լույսն ավելի վա՜ռ կշողա,
Դաշտ ու արոտ կկանաչեն։
Կովեր, ձիեր, սագ ու հավեր,
Առա՜ջ հանուն ազատության,
Եթե անգամ մարտում զոհվենք,
Չտեսած օրն այդ փրկության։
Օ՜, գազաններ Անգլիայի
Եվ գազաններ ողջ աշխարհի,
Ավետիսն եմ բերում ես ձեզ
Մեր նոր կյանքի ոսկեդարի։
Երգն ալեկոծեց կենդանիներին։ Գնդապետը դեռ չէր հասցրել վերջացնել, երբ նրանք իրենք սկսեցին երգել։ Նույնիսկ ամենից տխմարներն ընկալել էին մեղեդին եւ որոշ խոսքերը, իսկ խելացիները՝ ինչպես, օրինակ, խոզերը կամ շները, ամբողջ երգն արդեն անգիր էին արել։ Ի վերջո, մի քանի նախնական փորձից հետո, ամբողջ ֆերման միաձայն պոռթկաց «Անգլիայի գազանները»։ Կովերն այն բառաչում էին, շները՝ կաղկանձում, ոչխարները՝ մայում, ձիերը՝ խրխնջում, բադերը՝ կռկռում։ Երգն այն աստիճան բոլորի սրտովն էր, որ այն երգեցին հինգ անգամ անընդմեջ, եւ թերեւս շարունակեին ամբողջ գիշեր, եթե նրանց չընդհատեին։
Դժբախտաբար աղմուկն արթնացրել էր միստր Ջոնզին, որն անկողնուց վեր էր ցատկել, միանգամայն վստահ, թե սակն աղվես է մտել։ Նա ճանկեց ննջարանի անկյունում մշտապես դրված իր հրացանն ու 6 համարի կոտորակը պարպեց մթության մեջ։ Գնդակները մխրճվեցին ամբարի պատը, եւ ժողովը շտապ կարգով ցրվեց։ Ամեն մեկը պատսպարվեց իր քնելու տեղում։ Թռչունները ցատկեցին իրենց թառերին, անասունները թաղվեցին հարդի մեջ, եւ քիչ անց ամբողջ ֆերման խորը քուն մտավ։
